Թորոս Թորամանյանի նամակներ/Ն․ Մառին, 6 դեկտեմբերի

Ն․ Մառին, 6 դեկտեմբերի


2. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1904, 6 դեկտեմբերի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ պ. բրոֆեսեոր,

Ներկայիս կփութամ Ձեզ իմացնել, որ վերջնականապես հաստատվեցա Ալեքսանդրապոլի մեջ[1] և սկսա ձմեռնային[2] աշխատություններուս երեք օրե իվեր։ Կհուսամ, որ մինչև հառաջիկա մայիս մի քանի լավ կտորներ դուրս բերեմ և մայիսեն հետո ալ՝ Անիի մեջ պակաս մնացած գործերս[3] ամբողջացնեմ։

Կրկին անգամ իմ խորին շնորհակալությունս կհայտնեմ այն մարդասեր հոգածության համար, որ ցույց տվիք ինձ. վերին աստիճանի հուսահատ դրության մատնված էի։ 100 ռուբլին[4] ինծի բավականին մեծ օգուտ տվավ. անմիջապես Թիֆլիզեն, մաս մ՚ալ այս տեղեն գործիս համար անհրաժեշտ պիտույքներս հոգացի, գեթ քիչ մը ժամանակվան համար միամտած` գործիս ձեռնարկեցի, միայն թե անկեղծ ըլլալու համար համարձակիմ ըսելու, որ ձմեռնային շորեղենի և սնունդի համար ոչինչ չի մնաց, ստիպված եմ համբերել մինչև ինձ բարերարել խոստացող ազնիվ անձնավորությանց խրկելիք գումարին. այս առթիվ Ձեր վեհանձն ներողամտություն<ը> խնդրելով՝ պիտի համարձակիմ աղաչել, որ եթե հնար է, միմիայն այս անգամին ալ, երկու ամսական միասին բարեհաճին խրկել, ովքեր որ են այդ բարերարներս, որպեսզի այս անգամ կարողանամ ձմեռվան դեմ ալ ինքզինքս ապահովել և ըստ կարելվույն ալ կարգի դնել ապրուստիս խնդիրը։ Անկեց անդին այլևս կդյուրանա և կհուսամ ալ, որ միշտ կբավականանամ խոստացյալ չափով, առանց զրկանքի, ուստի դարձյալ ներողամտություննիդ կխնդրեմ այս անտեղի համարձակությանս։ Ընդունեցեք շնորհակալիքս և երախտագիտությունս ընդմիշտ, նաև կրկին շնորհակալություն ինձ բարերարող անծանոթ անձնավորությանց։

Հայր սուրբը[5] մոտերս գալու է, Ձեր բնակության համար պիտի խորհրդակցեմ և ըստ կարելվույն պիտի ջանամ ամեն հնարավոր միջոցներ ի գործ դնել Ձեր հանգստությանը համար, սակայն նախքան հայր սուրբին գալը ես մտածել եմ, որ, եթե Դուք կբավականանաք մեծ սենյակով, այն ատեն հայր սուրբի տրամադրության տակ կդնեք 2–3 վրան՝ հասարակ ժողովրդյան համար, զորս շա<տ> հեշտությամբ և աժան վարձքով կարելի է ձեռք բերել այստեղեն, ժողովուրդը շատ գոհությամբ կպառկի վրանի տակ և ներսի սենյակներեն ալ շատ ավելի մարդ կարելի է զետեղել։ Արդեն իմացել եմ, որ վարդապետը մտադիր ալ է եղեր ետևի կողմի մեծ սենյակը երկուքի բաժնել, երբ այս ալ ըլլա, այն ատեն Ձեր սիրտը անհանգիստ ըլլալու ոչինչ պատճառ չեք ունենալու։ Ուստապաշ պ. Գևորգը կխնդրե, որ գրեմ Ձեզ իր խորին հարգանքները և կփափագի, որ եթե հնար ունենաք, իմացնեք իրեն, թե ի՞նչ արդյունք ունեցած է այն բանը, որ Դուք խոստացել եք կատարել։

Ընդունեցեք ի սրտե երախտագիտությունս,

խոնարհ ծառա՝

Թորոս Հ. Թորամանյան

Հ․ Գ. Եթե հանձնարարություններ ունիք, սիրով պատրաստ եմ կատարելու։


  1. 1904 թվականից Թորամանյանը բնակության մշտական վայր է ընտրում Ալեքսանդրապոլ քաղաքը (այժմ Լենինական), ուր ապրում է մինչև 1921 թվականը:
  2. Այս արտահայտության տակ պետք է հասկանալ ամռանը կատարած դաշտային աշխատանքների՝ հուշարձանների չափագրությունների մաքրագծումը, վերակազմումը և գրական աշխատանքների կատարումը։
  3. Խոսքը Թորամանյանի Անիում կատարած չափագրությունների և ուսումնասիրությունների մասին է։
  4. Հավանաբար նշված գումարը ուղարկվել է Ն. Մառի կողմից, որի մասին տե՛ս 1-ին նամակի № 2 ծանոթությունը։
  5. Խոսքը Անիի վանահայր Միքայել վարդապետ Տեր-Մինասյանի մասին է: