Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության շրջափակումը
Թուրքիայի Հանրապետությունը 1993թ. հուլիսից Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացնում է դասական պատերազմական գործողություն (War Measure)[1] քանի որ միջազգային իրավունքը շրջափակումը դիտարկում է որպես այդպիսին: Առ այսօր Հայաստանի ձգտումը՝ ապաշրջափակել իր արևմտյան և հարավային սահմանը, ոչ մի արդյունք չի տվել: Քանի դեռ մեր արդարացի պահանջը չի խարսխվել միջազգային իրավունքի վրա, այսինքն՝ չեն գործադրվել որոշակի լծակներ, մեր լալահառաչ կոչերը Թուրքիային՝ բացելու, այսպես կոչված, «հայ-թուրքական սահմանը», շարունակվելու են արհամարհվել կամ պայմանագըրվելու են բացարձակապես անընդունելի նախապայմաններով: Իսկ միջազգային իրավունքի ընձեռած լծակներն առկա են: Այսպես.
1. Թուրքիայի Հանրապետությունն իր կնքած առաջին իսկ միջպետական փաստաթղթով՝ Լոզանի պայմանագրով (24 հուլիսի, 1923թ.), իր հավատարմությունն է հայտնել ազատ և ոչ խտրական տարանցիկ փոխադրումներն ապահովող Բարսելոնի կոնվենցիային (միջազգայնագրին), կանոնակարգին և առդիր արձանագրությանը (Բարսելոնի կոնֆերանս, ապրիլ, 1921թ.) (Convention, Statute and supplementary Protocol, Conference of Barcelona, April 1921):
Լոզանի պայմանագրի 101-րդ հոդվածն արձանագրում է.
- «Թուրքիան պարտավորվում է հավատարիմ մնալ Տարանցիկ փոխադրումների ազատության վերաբերյալ կոնվենցիային և կանոնակարգին, որոնք ընդունվել են Բարսելոնում
- կայացած կոնֆերանսի կողմից 1921թ. ապրիլի 14-ին, ինչպես նաև միջազգային հետաքրքրություն ներկայացնող ջրուղիների աշխատակարգի վերաբերյալ նույն կոնֆերանսում
- 1921թ. ապրիլի 19-ին ընդունված կոնվենցիային, կանոնակարգին և առդիր արձանագրությանը:»
Լոզանի պայմանագրի 101-րդ հոդվածում հիշատակվող Տարանցիկ փոխադրումների ազատության վերաբերյալ Բարսելոնի կանոնակարգի (Statute on Freedom of Transit, Barcelona) 2-րդ հոդվածը միանշանակորեն հայտարարում է, որ հանձնառու կողմը պետք է «նպաստի իր ինքնիշխանության (sovereignty) կամ իշխանության (authority) տակ գտնվող տարածքով՝ երկաթուղով, ջրային ճանապարհով կամ ցամաքային ուղով, միջազգային փոխադրումների իրականացմանը: Ոչ մի խտրականություն չպիտի դրվի անձանց քաղաքացիության, նավերի պատկանելության (flag), ապրանքի ծագման, մեկնակետի, մուտքի, ելքի կամ վերջնահասցեի, կամ որևէ այլ հանգամանքի պատճառով, որը վերաբերում է ապրանքների կամ նավերի սեփականությանը, բեռների պահեստավորմանը կամ բեռնափոխադրման եղանակին»:
Լոզանի պայմանագրի մեկ այլ՝ 104-րդ հոդվածով, Թուրքիան պարտավորվում է «հավատարիմ մնալ Բարսելոնի կոնֆերանսի կողմից միջազգային երկաթուղիների վերաբերյալ արված (20-ը ապրիլի, 1921թ.) հանձնարարականներին» (recommendations):
Թուրքիան վերահաստատել է Բարսելոնի Տարանցիկ փոխադրումների ազատության կոնվենցիային և կանոնակարգին հավատարիմ մնալու իր պարտավորությունը 1933թ. հուլիսի 27-ին՝ ուղղակիորեն միանալով վերոհիշյալ փաստաթղթերին:
2. ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովի #656 լիագումար նիստն (20 փետրվարի, 1957թ.) իր 1028(XI) բանաձևով առաջին անգամ անդրադարձել է Ծով ելք չունեցող երկրների խնդրին[2] և միջազգային առևտրի ընդլայնմանը (Land-locked countries and the expansion of international trade): Բանաձևը, ճանաչելով միջազգային առևտրի զարգացման համար անծով երկրներին համապատասխան տարանցիկ հնարավորությունների տրամադրման անհրաժեշտությունը, «կոչ է անում [ՄԱԿ-ի] անդամ երկրների կառավարություններին տարանցիկ առևտրի առումով լիակատար ընբռնում դրսևորել ծով ելք չունեցող անդամ երկրների կարիքներին, ուստի և տրամադրել համապատասխան տարանցիկ հնարավորություններ միջազգային իրավունքի և պրակտիկայի հիման վրա»:
3. Թուրքիայի Հանրապետությունը 1969թ. մայիսի 25-ին միացել է Ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առևտրի կոնվենցիային (Նյու Յորք, 8 հուլիսի, 1965թ.) (Convention on Transit Trade of Land-locked States): Սույն կոնվենցիայի 1-ին սկզբունքը ճանաչում է, որ «ծով ելք չունեցող երկրներից յուրաքանչյուրի համար դեպի ծով ազատ ելքը վճռորոշ սկզբունք է միջազգային առևտրի ընդլայնման և տնտեսական զարգացման համար»:
Նույն կոնվենցիայի 3-րդ սկզբունքը միանշանակորեն ճանաչում է անծով երկրների դեպի ծով ազատ ելքի իրավունքը. «Որպեսզի ծովեզերք չունեցող երկրները ծովեզերք ունեցող երկրների հետ հավասարապես օգտվեն ծովերի ազատությունից, նրանք պետք է ունենան ազատ ելք դեպի ծով»:
Ավելին, նշյալ կոնվենցիայի 4-րդ սկզբունքը հաստատակամորեն պնդում է, որ «տարանցիկ ապրանքների համար չպիտի գանձվի որևէ մաքս»: Իսկ «տարանցիկ փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցները չպիտի վճարեն հատուկ տուրքեր կամ ենթարկվեն գանձումների, որոնք ավելի բարձր են, քան վճարում են տարանցիկ երկրի տրանսպորտային միջոցները»: Ի դեպ, Վրաստանը ևս միացել է Ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առևտրի կոնվենցիային (2 հունիսի, 1999թ.): Հետևաբար վրացական իշխանությունները, վրացականի համեմատ հայկական բեռնափոխադրողներից կատարելով ավելի մեծ գանձումներ, աներկբայորեն ոտնահարում են իրենց իսկ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները:
Վերոհիշյալ սկզբունքներն ամրագրված են նշյալ կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներում: Հոդված 2-րդի 1-ին կետը նշում է. «Համաձայն սույն կոնվենցիայի պայմանների, ազատ տարանցման իրավունք պետք է տրվի փոխադրումներին և տրանսպորտի միջոցներին: (...) Համաձայն սույն կոնվենցիայի պայմանների, ոչ մի խտրականություն չպիտի դրվի ապրանքների ծագման, մեկնակետի, մուտքի, ելքի կամ վերջնահասցեի, կամ որևէ այլ հանգամանքի պատճառով, որը վերաբերում է ապրանքների կամ նավերի սեփականությանը, ցամաքային փոխադրամիջոցներին կամ տրանսպորտի այլ օգտագործվող միջոցներին»:
3-րդ հոդվածը վերաբերում է մաքսատուրքերին և տարանցման գանձումներին. «Տարանցիկ փոխադրումները տարանցման երկրի իշխանությունների կողմից չպիտի ենթարկվեն մաքսատուրքերի, որևէ ներմուծման կամ արտահանման հարկերի վճարման, կամ տարանցմանն առնչվող որևէ այլ հատուկ գանձման»:
Հայաստանի Հանրապետությունը առայժմ չի միացել Ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առևտրի կոնվենցիային: Որպեսզի մեր հանրապետությունը լիարժեքորեն ի վիճակի լինի իր շահերը պաշտպանել ազատ տարանցման հարցում, առաջին հերթին պետք է միանալ նշյալ և առդիր փաստաթղթերին:
Այսուհանդերձ, հաշվի առնելով այն, որ Թուրքիայի Հանրապետությունը, շրջափակելով Հայաստանի Հանրապետությանը, կոպտորեն ոտնահարում է.
- Լոզանի պայմանագրի (Treaty of Lausanne) (24 հուլիսի, 1923թ.) 101-րդ և 104-րդ հոդվածները;
- Բարսելոնի Տարանցման ազատության կանոնակարգի (Statute on Freedom of Transit) (20 ապրիլի, 1921թ.) 2-րդ հոդվածը;
- ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովի (Resolution of General Assembly of the UN) (20 փետրվարի, 1957թ.) №1028(XI) բանաձևը;
- Ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առևտրի կոնվենցիայի (Convention on Transit Trade of Land-locked States) (8 հուլիսի, 1965թ.) 1-ին, 3-րդ և 4-րդ սկզբունքները, ինչպես նաև 2-րդ և 3-րդ հոդվածները;
և նկատի ունենալով, որ
- ՄԱԿ-ի կանոնակարգը (հոդված 55, կետ <բ>) ՄԱԿ-ից պահանջում է խրախուսել այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կնպաստեն «միջազգային տնտեսական, ինչպես նաև սոցիալական, առողջապահական և հարակից խնդիրների լուծմանը և միջազգային մշակութային ու կրթական համագործակցությանը»;
- Հելսինկիի եզրափակիչ փաստաթուղթը (մաս 10, §1) հանձնառու երկրներից պահանջում է միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների «բարեխիղճ կատարումը, լինեն դրանք ածանցված միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներից և կանոններից, թե լինեն ածանցված պայմանագրերից կամ այլ համաձայնագրերից, որոնց այդ երկրները մաս են կազմում համաձայն միջազգային օրենքի»;
ուստի, Հայաստանի Հանրապետությունը կարող է և պարտավոր է միջազգային իրավունքի հիման վրա պաշտպանել իր շահերը. նպատակամղված ու հետևողական քայլեր իրականացնել Հայաստանն ապաշրջափակելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետությունը որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, ՄԱԿ-ի կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա, լիովին իրավասու է «Անվտանգության խորհրդի կամ Գլխավոր համաժողովի ուշադրությանը բերել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որն իր բնույթով համապատասխանում է [սույն կանոնակարգի] 34-րդ հոդվածում վկայակոչվածին»:
ՄԱԿ-ի կանոնակարգի 34-րդ հոդվածն արձանագրում է. «Անվտանգության խորհուրդը կարող է քննության առնել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որը կարող է հանգեցնել միջազգային դիմակայության կամ առաջ բերել վեճ՝ որոշելու համար, թե արդյոք տվյալ վեճի կամ իրավիճակի շարունակումը կարող է վտանգել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը»:
Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրության հրավիրումը Թուրքիայի կողմից միջազգային պարտավորությունների հետևողական չկատարման, հետևաբար միջազգային իրավունքի ակնհայտ, կոպիտ, բազմակի ու չարամիտ խախտումների վրա, լուրջ կռվան է Հայաստանի Հանրապետությունն ապաշրջափակելու քաղաքական գործընթացում:
Հղումներ և ծանոթագրություն
խմբագրել- ↑ Plano J.C., Oltan R. The International Relations Dictionary. Santa Barbara, 1988, p. 194.
- ↑ Այն ժամանակ այդ երկրները 5-ն էին, ներկայումս դրանք 32-ն են:
առաջին անգամ տպագրվել է ԱԶԳ օրաթերթում,
3 ապրիլի, 2007թ., էջ 4