Թրքուհին
Թրքուհին
Երեկո է, բոցավառ է հորիզոն.
Կառք մը կ՛անցնի դագաղի պես համրընթաց,
Գեղուհի մը ընկողմանած տրոփե հոն,
Վերջալույսի աղջի՞կ մէ սա, ո՛վ Աստված.
Եթե նայի՛,
Կ՛ըսես - հի՛մա կը մարի։
Մեղրամոմե անդրիանդի[1] մ՛է հանգույն.
Ի՜նչ դալկահար... կարծես հաջաղը վառե
Պատան մէ նուրբ ներա վարդիցը դժգույն.
Աստված ըզնե զույգ մաչերովն կը վառե.
Եթե ժպտի՛,
Կ՛ըսես - ո՜հ, հի՛մա կ՛անցնի։
Նայիլ կուզե, բայց ա՛վելի կնըվաղի,
Սիրտը խունկի պես կը մըխա սիրավառ,
Նե շողերու, բույրերու է թագուհի,
Խոնջ թիթեռնիկ մոր կը խնդրե ծաղկե թառ.
Եթե շարժի՛,
Կըսես - հի՛մա կը թռչի։
Լանջն է հուզյալ Օվկեանի մը նըման.
Կուզե սիրե՜լ... համբույրի մհետ նըվաղիլ,
Մա՚իլ, խամրիլ, խոնջած ընկնիլ գերեզման,
Քամել սիրո կրակե բաժկին հուսկ կաթիլ.
Եթե շիկնի՛,
Կըսես - հի՛մա կը բռընկի։
Սրտի մեղո՜ւ, ինչպես կոչեց Լամարթին,
Որուն ծըծած ծաղիկը՝ սիրտ, մեղրն է սերք
Ես կոչեմ զնե կո՚ւյս, որուն սիրտն է երկին
Անհուն սիրո, որ հորիզոն չունի դեռ.
Եթե խոսի՛,
Կ՛ըսես - հի՛մա կը հատնի։
Նե կը վառի, մի՜շտ կը վառի, չը հատնիր
Տընանկ կընոջ տաճարն վառած ճրագին պես,
Աստղերու նման գիշեր սիրե՝ փողփողիլ.
Կրակ մէ փրթած կողեն սիրո բոցագես...
Թե իսկ մեռնի՛,
Կ՛ըսես - հի՛մա կը ծընի։
Տողատակեր
խմբագրել- ↑ անդրիադրի ― արձան, անդրի