Սպասում Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ժամանակը)

Վարդան Հակոբյան

Հանդերը կանչում են
ԺԱՄԱՆԱԿԸ


Ժամանակը ձգվում է լարի պես.-
նվագը երգ է գտնում իր համար,
կարկաչն աղբյուր է գտնում իր համար,
առվակը ձոր է գտնում իր համար,
իսկ ես մաքառման անունն եմ փնտրում։

Ժամանակը աճում է ծառի պես.-
մոմը հավատ է գտնում իր համար,
շառաչն անտառ է գտնում իր համար,
մռունչն առյուծ է գտնում իր համար,
իսկ ես մաքառման անունն եմ փնտրում։

Ժամանակը զարկում է սրտի պես, -
տագնապը սիրտ է գտնում իր համար,
դողը կարոտ է գտնում իր համար,
ժպիտն աղջիկ է գտնում իր համար,
իսկ ես մաքառման անունն եմ փնտրում։

Ժամանակը թռչում է հավքի պես. -
երկինքը թեւ է գտնում իր համար,
թախիծը վարդ է գտնում իր համար,
հողը երազ է գտնում իր համար,
եւ ես անունն եմ դառնում մաքառման։