Այդ ուժն ահեղ գըտար ո՞ւր,
Ո՞վ դատավոր կարգեց ըզքեզ մեր վըրա,
Ո՞վ քեզ տըվավ երկաթեն կուռ, սուրեն սուր,
Իշխանության գավազան:
Եթե անզոր չըլլար մարդ,
Եվ կամ ըլլար գոնե նըվազ անարի,
Արդյեք քեզ դեմ չէ՞ր հռչակեր մահ ու մարտ
Բանակներով վիթխարի:
Մա՜րտ, ի՞նչ զենքով, անանուն
Անէություն քեզ դեմ, ոսին ուրվակա՛ն,
Հերոսներու, հանճարներու վեհագույն
Համայնակուլ գերեզման:
Ո՞ր շանթ, ամպրոպ բազմաբոց
Երկինքներու, աշխարհներու քենն ու վրեժ
Ըզքեզ անեծքն աստվածներու և մարդոց
Կրցան ընել գահավեժ
Դուն ապրեցար մընացիր
Որ ծովերը ցամքին, հատնին կյանքերն ալ,
Որ աստղերը մարին, իյնան ցան ու ցիր
Խոր փոսերուն մեջ մըռայլ:
Անհունին մեջ տարուբեր՝
Միտքս անզոր է պայքարելու քեզի դեմ.
Այլ քեզմե խոր, քեզմե անհուն, քեզմե վեր
Հոգվույս ուժը ես գիտեմ:
Ան է միայն որ ազատ,
Պիտի սլանա անցնի դարերն ապագա,
Թափանցելով խորհուրդներու միգապատ,
Պիտի տիրե անոնց վրա:
1931