ԺԱՄԱՆԱԿԻՑ ԱՅՆԿՈՂՄ


Իմ եւ լեռան հարաբերությունը
ձյունն է։
Եվ՝ թռչունը, որ իջնում է ահա ափիս մեջ։

Իսկ դու մի արի՛, պարզապես միշտ հիշիր, որ
խոստացել ես մի օր գալ։

Վայրագ գույների տաք հետքեր-
այստեղով անցել է մայիսը,
ուղեպարկը, երեւի, ինչ որ տեղ քսելով փշոտ մասրենուն։

Անմութ գիշերներ։ Օրվա տեսադաշտից տխուր մի ամպ
շտապում է ժայռի թիկունքով դուրս սողալ։
Աղոտանշմար եզրակարերում ժամանակի
լռությունը սսկվել է։
Իմ ճամփան գիշերն է։ Քավարան են գնում միայն
անմեղները։ Սեւի հասնող մանուշակի կապույտ։

Համառորեն մոռանում ես։ Թեեւ ամեն ինչ աշխարհում
ենթակա է կորսվելու,
բայց կա մի բան, չգիտեմ ինչ, որ չի լքում հոգիս։ Իսկ
տարածությունը մեր միջեւ չի կայանում երբեք, քանզի
մենք չենք հեռանում եւ այն ժամանակ, երբ հեռանում ենք,
ահա թե ինչու
դժվար է այնքան վերադարձը եւ գրեթե՝ անկարելի։
Դու մի՛ արի, պարզապես միշտ հիշիր, որ
խոստացել ես մի օր գալ։

Բոլոր երգերն աշխարհի անհաս սերեր են,
հասանելի սերերը
շարունակություն են եւ երգեր չեն դառնում։
Անցած ժամանակը վերադառնալ կարող է՝ եթե,

իհարկե, տանուլ տրված չէ։
Իսկ եթե հանդիպել եք Սիլվիան Դյուպյուին, ապա
ձեզանից մեկը պիտի
լինի բանտում, որ մյուսն ազատության մեջ լինի։

Ծավալվող ստվերների թեւին լեռը հեռանում է եւ ինձ
ընդառաջ է գալիս ժամանակից ու տարածությունից
այն կողմ։ Արցախում հիմա ոչինչ չկա հարաբերական,
Արցախում ամեն ինչ բացարձակ է հիմա եւ անքննելի։