Ժամանակի ընթացքն իրերի մեջ

ԺԱՄԱՆԱԿԻ ԸՆԹԱՑՔՆ ԻՐԵՐԻ ՄԵՋ


Ես գնում եմ այն ուղիով, որ միակն է։ Եվ
մութը չեմ համարում մութ։ Դեռ իրար հետ ծանոթ չէին
ծնողներս, երբ ես որոշել էի
մի օր անպայման աշխարհ գալ։ Որոշել էի եւ՝ վերջ։

Ցավը սրտի տեղն այնպես է իմանում, ասես մասնակցել է
Աստծո հետ նրա արարչությանը։ Լույսի միջից
մութը չի երեւում, թեեւ
մութի միջից լույսը երեւում է առավել չքնաղ, քան լույսն է։

Ես հաճախ ապավինում եմ ոչ թե հույսին, այլ անհուսությանը։ Իսկ
Իսահակյանն ինչո՞ւ է հարցնում՝ քույրիկ, ասա, որն է ճամփան Բինգյոլի,
երբ իրենից լավ
աշխարհում ոչ ոք չգիտե այդ ճանապարհը։

Աշխարհի բոլոր աստղերը, որքան լսել եմ, երգում են նույն լեզվով։
Ճշմարտությունը շարունակում է մնալ ոտնատակված այն ուղին,
որով անցնում են արքաները՝
ասպատակելով ամենը, ինչ հնարավոր չէ ոչ մի լեզվով արտաբերել։

Գույներն անգունության դրսեւորում են։ Պոնին, անվերապահ գեղեցիկ եւ
անտեր խրխնջում է երկնքում՝ կղիմինդրե տանիքի վրա կապույտի,
մինչդեռ ֆոլքներն, ահա, իր համար
հանգիստ քնել է անեզրական մարգերի եզրին, առվի մոտ։

Չլինեին տարածքները ներքին, մարդ աշխարհում տեղ չէր ունենա
թեկուզ մի քայլ անելու համար։ Ոչ մի ճանապարհի վրա։ Նժարեցի
մութն ու լույսը, մութի նժարը քաշեց՝
որովհետեւ մութի մեջ հույսը շատ է ավելի։ Իսկ երազը լույսի հայցվոր է...