Ժամը հասավ գիշերային

Ժամը հասավ գիշերային


Անտառի մեջ նստած մենակ,
Խոր վերքերով, մոտ գետնին,
Կլկլալով մաքուր գետակ,
Սլանում էր դեպ ծովին:

Գարնան քաղցր ժամանակն էր.
Ծառեր ծաղկած քնքուշիկ,
Ճլվլալով բյուր թռչուններ՝
Դիմում յուրյանց հայրենիք:

Տափը ծածկված կանաչով,
Օրորում էր մեղմ քամին,
Ծառ ու կանաչ արմատներով
Երջանիկ ապրում էին:

Ժամը հասավ գիշերային.
Եղնիկ, այծյամ՝ ձագերով,
Ամենքն իրենց բույն գնացին՝
Սար ու քար թռչկոտելով:

Երբ աստղերը երևացին,
Լուսինն էլ քիչ բարձրացավ,
Հիշեցնում էր մեջ գետակին՝
Հայրենիքիս վիշտն ու ցավ:

Սիրտս լցվավ, լալիս էի,
Հեռու տանից ու տեղից...
Միայնա՜կ... Ես օտար էի,
Հեռու, հեռու՝ իմ երկրից:

1900