Ժամն է հասել

Ժամն է հասել


Բավական է ստրկության
Օվկիանոսի մեջ լողանք,
Բավական է բյուրոկրատին
Խոնարհաբար գլուխ տանք.
Տանջված, մաշված ի՛մ եղբայրներ,
Հետևեցեք դուք նորան,
Ով որ կերթա այն շավիղով՝
Առանց ազգի խտրության:

Այն լուսաստղը մեզ է գալիս
Բարձր երկնակամարից,
Դե՛հ, պարզեցեք դրոշակներ,
Չխուսափեք նորանից.
Տեսեք, հսկան այն լուսաբեր
Արնծովեն դուրս թռած,
Աչքերն արցունք, սիրտը խոցոտ,
Աստղը ձեռքում պինդ բռնած:
Ահա եկավ հասավ մեզ մոտ,
Դիմավորենք մենք նորան.
Նա բանվորն է, որ կփշրե
Շղթաները բռնության:
Այն փառազարդ պալատները
Մեր ձեռքով են կառուցել,
Այն բարիքը, որ կվայելեն,
Մենք ենք ցանել ու քաղել:
Գիշեր-ցերեկ արյուն - քրտինք
Թափելով շղթա կռենք,
Այդ մեր կռած շղթաներով
Բավական է մեզ կապենք:
Դե՛հ, հետևենք, տանջված եղբայր,
Մեր առաջնորդ բանվորին,
Դե՛հ, շտապենք, ժամն է հասել
Մեր արյունը քամողին:

1905