ԺԱՅՌ
Դրամա չորս գործողությամբ
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ՍԱՀԱԿ ԱՂԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ – ժամանակով հարուստ, այժմ աղքատացած կալվածատեր: Ծեր և նիհար: Հագնում է միշտ հնամաշ սյուրտուկ, տխուր, մելամաղձոտ. 60 տարեկան:

ՀՈՌՈՄՍԻՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ— Նրա կինը. պարզ հագուստ. թիֆլիսեցու գլխով. մաշված կին. 60 տարեկան:

ԱԼԵՔՍԱՆԴՐ– Նրանց որդին, նորավարտ իրավաբան. պարզ հագուստ. 25—28 տարեկան

ՄԱՐԳԱՐԻՏ– Նրա քույրը, գյուղական պարզ աղջիկ. 20 տարեկան

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ— Գյուղաքաղաքի հաշտարար դատավոր, գեր, առույգ և զվարճախոս. 45 տարեկան

ԳՐԻԳՈՐ ԱՂԱ ՎԱՐԱԿՅԱՆ— Գյուղաքաղաքի ամենահարուստ կալվածատեր, վաշխառու: Հագնում է արխալուղ՝ սև մետաքսյա և վրան պիջակ, կարտուզ, ոսկյա գոտի. 55 տարեկան

ՏԻԿԻՆ ՎԱՐԱԿՅԱՆ– Նրա կինը, շլյապայով, ցոլուն հագուստ, վարդեր. կոտրատվող կին. 40 տարեկան

ԹԵՐԵԶԱ— Նրանց աղջիկը, կրթված Թիֆլիս՝ պանսիոնի մեջ. հագնում է պարզ, բայց թանկ հագուստ. 20 տարեկան

ԱՐՇԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ— Գյուղաքաղաքի տանուտեր, կրթված երիտասարդ. 30 տարեկան

ԲԱՂԴԱՍԱՐ ԱՄԻ— Գյուղացի. 60 տարեկան, մտամոլոր, խեղճ. մեծ փափախ, արխալուղ, չուխա, ձեոքին գավազան

ԶԱՔԱՐ— 30 տարեկան, գյուղացի, նույն հագուստ, կարտուզով

ԳԱԼՈՒՍՏ— 25 տարեկան, գյուղացի, նույն հագուստը

ՄԱՐԳԱՐ— 50 տարեկան, գյուղացի. Բաղղասարի հագուստը

ՄԱՐԿՈՍ— 50 տարեկան, գյուղացի, նույն հագուստը

ՍԵՐՈԲ– 25 տարեկան. Զաքարի նման հագնված

ՀԱՅՐԱՊԵՏ— 30 տարեկան. նույն հագուստը

ՔԱՉԱԼ ՄԱՐՏԻՐՈՍ— Գյուղական աբլակատ, քաչալ. 30 տարեկան

ԿԻՐԱԿՈՍ– Մանուկյանների ծաոան. գյուղացի

ՍԵՐԳՈ— Վարակյանների ծառան, գյուղացի

ՄԻ ԵՍԱՈՒԼ— Պաշտոնական հագուստով

Մի քանի եսաուլներ՝ անխոս


Անցքը կատարվում է մեր օրերում, Կովկասի գավառական գյուղաքաղաքներից մեկում։

Բեմի աջ ու ձախը՝ հանդիսականների կողմից։

ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐՎԱԾ

Սահակ աղա Մանուկյանի տանը։ Հնամաշ, ծանր կահավորություն։ Մեծ սրահ, որի մեջտեղի ապակեպատ դուռը բաց է դեպի մի փոքրիկ պատշգամբ: Տեսնվում են ծառեր, հեռվում՝ լեռներ։ Ձախ կողմից երկու լուսամուտ։ Աջ կողմից մի դուռ՝ դրսի մուտքն է. խորքի աջ անկյունից երկրորդ դուռը՝ տանում է ներքին սենյակները։

1) Տիկին Մանուկյան, հետո՝ Սահակ աղա

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— (Վարագույրը բացվելիս տնային հագուստով կանգնած է պատշգամբի վրա, կռացել է դեպի ցած և խոսում է աղախնի հետ): Հինչ ա՞… (Լուռ)։ Բա ինչի՞, չե՞մ ասել քեզ, որ սահաթը հինգին պատրաստ ըլի… (Լուռ)։ Հի՞նչ… Դե, քիչ քյոմուրը շատ գցիր, էլի… Այ քոռանա՛ս դու, հա … Դե, փչի՚, փչի՛… Հի՞նչ… (Լուռ): Բա՛, աղջի՛, ես քեզ չասի՞ երեկ…

ՍԱՀԱԿ.— (Ներսի դռնից դուրս է գալիս, սյուրտուկի մի թևը հագած է, մյուսը հագնում է)։ Էլի՞ սկսեցիր գոռգոռոցը… (Գնում է դեպի նա

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ. — (Չի նկատում նրան, միշտ աղախնի հետ)։ Հի՞նչ… Դե մի քիչ բարձր խոսա, էլի … Շաքարը քի՞չ ա… Քու ի՞նչ բանն ա դա…

ՍԱՀԱԿ.— (Ավելի մոտենում է)։ Աղջի՛… Քիչ կամաց խոսե՜ս . Չե՞ս թողնելու, որ տղան քնի…

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— (Շարունակում է նույնը)։ Հի՞նչ… բո՛… ղո՞րդ… Սո՞ւդիան…

ՍԱՀԱԿ.— (Թևն է բոնում)։ Բո՜, աղջի՛… Բա քե՞զ հետ չեմ…

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— (Շտապ՝ դառնում է)։ Սո՛ւդիա ա գալիս։

ՍԱՀԱԿ.— Դե ի՞նչ անենք, որ գալիս է… Ի՞նչ ես գոռգոռում։

ՏԻԿ .ՄԱՆՈՒԿՅԱՆ.– Բա որ ես հագնված չե՞մ… էս ի՞նչ ա իմ հալը։

ՍԱՀԱԿ.— Լավ դե… Գնա հագնվիր… Մեկ էլ, որ ցած խոսաս ու թողնես Սաշային քնի՝ լավ կանես։

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— (Գնալով): Լա՛վ, լա՛ վ. էդ խոսքերը դու սուդյին ասա, որ առանց գոռգոռալու չի խոսում։ (Գնում է):

ՍԱՀԱԿ.— (Հագել է. վրան-գլուխն է շտկում. պատշգամբից նայում է մեկ, հետո գնում է դեպի մուտքի դուռը

2) Նույն, Մատվեյ Եգորիչ, հետո՝ տիկ. Մանուկյան

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Ամառվա հագուստ, կոկարդով գլխարկ։ Ներս է մտնում ծանր և դռան միջից)։ Դե՛հ աչքներդ լույս, Սահա՛կ… Ուզեցի ավելի շուտ գալ, բայց ասացի՝ քնած կլինի… (Ձեռք է տալիս): Ո՞նց է մեր Ալեքսանդրը… բա ո՞ւր է… (Գլխարկը հանում է, քրտինքը սրբում): Է… տղեդ էլ եկավ… Յո՛ւրիստ, հը՞… Հայ-գիդի–հա՜, յու՜րիստ… Խո ավարտե՞լ է…

ՍԱՀԱԿ.— (Ժպտուն)։ Համեցե՛ք… Շնորհակալ եմ… իհարկե ավարտել է. դեռ էլի՞ չավարտեր…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Դիպլոմով, հը՞… Ա՜յ կուռես, հա՜… (Լուրջ): Է՛հ, փա՜ռք աստուծո… (Նստում է)… Լա՛վ ժամանակին հասավ, է՛լ նեղություն չես քաշի… բա ո՞ւր է, մեկ գար տեսնեի՛նք էդ յուրիստին. ախր պաշտոնակից դարձանք հիմա…

ՍԱՀԱԿ.— Քնել է. հոգնած էր։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Ծիծաղով)։ Ո՛չ հավատամ սուտ-Քրիստոսի… Էն է Թիֆլիս մտած, օգնական գրվելիս լավ հանգստացած կլինի, է՛լի:

ՍԱՀԱԿ.— Չէ՛, Մատվե՛յ Եգորիչ, Թիֆլիս դեռ չի մտել, հետո է գնալու… Ասում է, որ փափագում էր առաջ ծնողներին գրկել, հայրենիքը տեսնել, նրա լեռնե՜րը… Չորս տարի էր, ախր, որ մեզ չէր տեսել…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Բաս ասա, որ էլի ֆանտազյոր է մնացել, էլի՜… Տո՛, «հայրենի լեռնե՞րս» որն է… Չե՞ս լսել, որ ասում են, թե՝ «Հիմա՛րը զհայրենիս խնդրին, իսկ իմաստունը՝ հանգիստ յուրյանց»… (Լուռ): Հոռոմսի՞մը բաս ուր է. գար մեկ նրան էլ աչքալուսանք անեինք… Խեղճը շա՛տ ուրախացած կլինի…

ՍԱՀԱԿ.— (Նստում է)։ Դե իհարկե… Հագնվում է, կգա… Մարգարիտա Օսիպովնան չի՞ գալու։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Կգա, եղբա՛յր, նա՛ էլ կգա… Կանանց բանը չգիտե՞ս… Մինչև հագնվեն, մինչև… Շատ ասաց, որ սպասեմ իրեն, բայց չհամբերեցի. ուզում էի մեկ ձեր ուրախությունը տեսնեմ… Բաս ասում ես ավարտել է, էլի՞… Առաջ, իհարկե, պամոշնիկ կգրվի մի քանի տարի, հետո, մեկ էլ տեսար, պորտֆելը թևի տակ, մի չաղ գործ պորտֆելի մեջ, մեզ նմանների առաջ կկանգնի ո՜ւ… Հարուրանոցները կգա՜ն ու կգան… (Ծիծաղ)։ Հը , ղո՞րդ չեմ ասում… Ի՞նչպես է մտադիր — Թիֆլի՞ս, թե՞ Բաքու։

ՍԱՀԱԿ.— Չգիտեմ… Ասում է, որ ամառս հանգստանալ է ուզում, հետո… գյուղական գործերով է ուզում զբաղված լինել, գյո՛ւղումը մնալ…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Զարմացած)։ Ինչպե՜ս… Խո քամիներ չկա՞ն գլխումը… Տո՞, գյուղումն էլ եղալի գո՞րծ կլինի… Լավ չե՛ս լսած լինի… Ա՛յ, թող մեկ զարթնի, տես ո՞նց ես նրան հնարքը ցույց տամ… Մենք փորձված ենք… Ըհը՜, էս ա Հոռոմսիմն էլ եկավ… (Ելնում է դիմավորելու

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— (Մտնում է հագնված, ժպտուն

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Գնում է դեպի նա)։ Է՞հ, աչքդ լույս, Հոոոմսի՛մ. հրեն Սաշա՛ն էլ եկավ… էլ քո քեֆին քեֆ չի հասնի… (Ձեռքն է թոթվում

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— Աչքդ լուսով մնա… Հա՛, բա՞ս… էսքան տարի աչքս ջուր կտրեց սպասելով։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Հիմի խո՛ ամեն ցավ կմոռանաս… Հանաք բան չիմանաս, հա՜… Հարուրանոցներն էնպե՛ս գան, որ ինքդ էլ զարմանաս… Չզարթնե՞ ց…

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— Զարթնեց, հիմի կգա… (Ամուսնուն)։ Սամավարը չբերի՞ն… Ասում ես՝ մի գոռա. բա չգռռա՜մ… Մեկ սհաթ ա՝ ասել եմ գցիր…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Շո՛ւտ է դեռ, ի՞նչ է եղել որ. սկի զանգերն էլ չեն խփել… Առաջի եկողն էլ խո ես եմ, հը՞…

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— Շնորհակալ ենք… բա Մարգարի՞տն ինչի չեկավ. չի՞ էլ գալու։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Ինչպե՞ս չէ. բա չե՞ս թողնի, որ մեկ զարդարվի…


3) Նույնք և Կիրակոս (ծառան)


ԿԻՐԱԿՈՍ.— (Ներս է բերում ինքնաեռը, դռան մոտ)։ Խանո՞ւմ, ըստե՞ղ դնեմ, թե՞ ներսը։

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— Ըը՞, հողե՞մ գլխներդ. լավ ա, որ բերիր…Ըստե՛ղ դիր. Մարգոյին էլ ասա՝ թող գա չայը շինի։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Նոր եկած եղբոր գլխովը պտտելիս կլինի ա՜յ…

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— Հա… Զահլեն տանում ա. կասես չաչանակ ըլի. խոսում ա, հա՛ խոսում։

ՍԱՀԱԿ.— Թող խոսա. խեղճը սկի մի շնորհքով ջահելի երես տեսնո՞ւմ է որ…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.- Բա ինչի՞, մենք պառավե՞լ ենք… (Ծիծաղ)։ Ապա՛, մեկ Սաշադ գա՝ տեսնենք ե՞ս եմ ջահել, թե նա։ Ո՞վ գիտի, Մոսկովի օդը ոնց դեղնացրած ըլի նրան։

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.– (Ցավելով)։ Հա… բայց դե առո՛ղջ ա երևում… Ասում ա, թե մեր գեղի օդն ու ջուրը կչաղացնի իրան մեկ ամսվա մեջ։

ԿԻՐԱԿՈՍ.— (Որ սեղանը լուսամուտի մոտ էր քաշել և ինքնաեռն էր դնում)։ Գրիգոր աղան ա գալիս…

ՍԱՀԱԿ.— (Վեր է կենում)։ Ի՞նչ… (Զարմացած է

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— Բո՜… Գրիգոր աղա՞ն…

ԿԻՐԱԿՈՍ.— (Միշտ նույն տեղից)։ Խանումի ու բարիշնի հետ…

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— (Վազելով դեպի լուսամուտը)։ Ղո՞րդ… (Ծառային)։ Էլ ու՞ր ես կանգնել… Վազիր ստաքանները բեր… Ամա, կա՛ց, ե՛ս կգնամ… Արի՛ ինձ հետ… (Շտապ՝ դուրս է գնում

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Սահակին)։ Էս լա՛վ նշան է, Սահա՛կ, Գրիգոր աղան էլ է գալիս աչքալուսանքի. էն էլ կնոջ ու աղջկա հետ… Կարծեմ շատ էլ մեկ չէր գալիս ձեր տուն։

ՍԱՀԱԿ.— Սկի՛ չէր եկել այդպես… ընտանիքով…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Տեսնո՞ւմ ես՝ ինչ է նշանակում յուրիստ որդի ունենալ…

4) Նույնք, Ալեքսանդր, Մարգարիտ, հետո՝ Գրիգոր աղա, տիկ. Վարակյան և Թերեզա

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Զվարթ և ժպտուն՝ մտնում է Մարգարիտի հետ. դռան մոտից)։ Մատվեյ Եգորիչին իմ մե՜ծ բարևներս…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Գնում է դեպի նա)։ Բո՛, էդ դո՞ւ ես, ա՛յ տղա… (Համբուրվում են)։ Ա՛յ թե մեծացել ես, հա … (Ձեռքերը դնում է ուսերին)։ Յուրիստ, հը՞… Դիպլոմո՜վ, հարուրանոցնե՜ր… Ա՛յ, սիրում եմ, երբ մարդիկ գիտեն լավ կարիերա ընտրել… Դե՛հ, ապա՛ մեկ արի այս կողմը… (Մարգարիտին): Բարև, Մա՛րգո, ո՞նց ես… Ամա էլ ի՞նչ խոսք… Տեսնում եմ, տեսնում, որ ուրախ ես… (Ալեքսանին)։ Ապա մեկ այս կողմն արի, եղբա՛յր, պատմի՛ր մեկ Մոսկվայից մեր alma-mater-ից…

ՍԱՀԱԿ. — (Որ մուտքի դուռն էր բացել, խոսում է դեպի դուրս)։ Համեցե՛ք, համեցե՛ք, Գրիգո՛ր աղա… Էս ո՞ր խաչիցը… Համեցե՛ք, տիկի՛ն…

ԳՐԻԳՈՐ.— (Դրսում, բայց լավ լսելի)։ Դե՛հ, ասացինք Սաշան եկել է, աչքալուսանքի գնանք… Աղջիկս էլ ուզեց…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Քրոջը)։ Թերեզան է, չէ՞…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Նո՛ւ, եղբա՛յր, այժմ մի շիկ աղջիկ կտեսնես, որ… Էն քո տեսած Թերեզան չէ. մե՜կ գեղեցկուհի է դարձել…

ՍԱՀԱԿ.— (Դեպի դուրս, ապա ներս գալով): Շնորհակա՛լ ենք, համեցեք… (Ներս են մտնում՝ Գրիգոր աղան, կինը՝ ցոլուն հագուստով, Թերեզան՝ պարզ, ծղոտե գլխարկ, ձեռնոցներ

ՄԱՐԳԱՐԻՏ.– (Վազում է դեպի Թերեզան, համբուրվում են)։ Բարև… Ախ ի՜նչ լավ արիր, որ եկար… Ա՛յ, Սաշան…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Լուռ մոտենում է և բարևում

ԳՐԻԳՈՐ.– Բարև ձեզ… Այ, դու բարի՛ ես եկել, Ալեքսա՛ն բեկ… Մեր աչքի-գլխի վրան եկել… (Թոթվում է ձեռքը

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Ընդունում է բարևը, ապա մոտենում է Թերեզային

ԹԵՐԵԶԱ.— (Ալեքսանին, ժպտուն և համարձակ)։ Բարև եք եկել… (Պարզում է ձեռքը)։ Ինձ ճանաչեցի՞ր…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ինչպե՞ս չէ, օրիո՛րդ… Բայց մի րոպե ապշել էի, թե որքա՜ն փոխված եմ գտնում ձեզ… (Լուռ խոսակցում են

ԳՐԻԳՈՐ.— (Սահակին)։ Աչքդ լույս, Սահա՛կ բեկ… Էս է տղեղ էլ եկավ ավարտած, դիպլոմո՜վ… Բաս Հոռոմսի՞մն ուր է:

ՍԱՀԱԿ.— Կգա. դուք համեցեք-նստեք։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— (Լուռ թոթվում է Սահակի ձեռքը, լուռ աչքալուսանքներ ու բարեմաղթություններ՝ խոնարհություններով

ԳՐԻԳՈՐ.— (Մոտենում է Մատվեյ Եգորիչին)։ Դուք արդեն այստե՞ղ եք, Մատվե՛յ Եգորիչ… Այսօր երկրորդ անգամն ենք պատահում միմյանց։ (Խոսակցում են միասին

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Ի՞նչ արած, եղբայր, մենք դեռ էլի շա՜տ կպատահենք… (Խոսակցում են միասին

ԹԵՐԵԶԱ.– (Ալեքսանին)։ Չորս տարի է… Երևի արդեն պառավել եմ, չէ՞…

ՄԱՐԳՈ.- Դե, լա՜վ, լա՜վ. քեզանից սիրունն ու ջահելը ո՞վ կա մեր գյուղումը։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Քույրս իրավացի է… Գեղեցկացել եք շատ։

ԹԵՐԵԶԱ.— (Ժպտուն)։ Շնորհակալ եմ կոմպլիմենտի համար… Բայց երևի մոռացել եք, որ 5-6 տարի առաջ ինձ տգեղ էլ եք կոչել, անճոռնի էլ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Բողոքող)։ Եթե արել եմ՝ հանցավոր եմ… (Շարունակում են լուռ խոսակցելՍԱՀԱԿ.— (Տիկին Վարակյանին)։ Ինչպե՞ս չէ, իհարկե կսկսի։ (Շարունակում են լուռ խոսակցությունը

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Գրիգորին)։ Նո՛ւ, եղբա՛յր… Դա արդեն օրենքի գործ է… Եթե թուղթ ունե՛ս… Կանոնավոր մուրհա՛կ… (Շարունակում են լուռ խոսակցություն

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— (Սահակին)։ Բա Հոռոմսի՞մն ինչու չի երևում… Չլինի՞ ներսում պատրաստություն է տեսնում… Ի՛հ, նա էլ.. Մենք խո չե՞նք եկել ուտել–խմելու։

ՍԱՀԱԿ.— Ա՞յդ ինչ խոսք է… Այս րոպեիս ասեմ գա… (Գնում է դեպի դուռը):

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.- (Դիմում է Սահակին)։ Գիտե՞ս ինչ, Սահա՛կ… Էն լավ տանձերիցը… Մի-մի րյումկա արաղ… Ընենց մեկ…

ՍԱՀԱԿ.— Իսկույն, անպատճառ… Մի քանի հատ էլ խիար…

ԳՐԻԳՈՐ.— Մատվեյ Եգորիչի ճաշակը խո գիտե՞ս։

ՍԱՀԱԿ.— (Ժպտալով նշան է անում և դուրս գնում

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Որ Թերեզայի, քրոջ ու տիկին Վարակյանի հետ մոտեցել են պատշգամբի բաց դռանը)։ Այնքա՜ն կարոտել էի մեր հայրենի լեռներին, դաշտերին ու ջրերին… (Ցույց է տալիս) Նայեցե՛ք մեկ… Ի՞նչ կա ավելի շքեղ ու գեղեցիկ, քան մեր այս անտառը, այդ լեռն ու ապառաժները, այդ կարկաչուն գետը…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Նստած տեղից՝ ծաղրով)։ Էլի՜ ինչ… Երևում է, որ Մոսկվայի շրջակայքը գնալու միջոց չես ունեցել… Տո՛, ես Պետրովսկի-Ռազումովսկի լիճը հենց սաղ հայրենիքիդ հե՛տ չեմ փոխիլ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Նրան)։ Դուք սխալվո՛ւմ եք, Մատվեյ Եգորիչ… Ի՞նչ կա այնտեղ, որ համեմատվի մեր երկրի այս բարձր ու շքեղ լեռներին, այս զվարթ, արևի տակ փայլփլող, վազուն ջրերին, այդ կանաչ-ժպտուն մարգագետիններին… Ա՛յ, նայեցե՛ք, օրիո՛րդ։ Նայեցեք հեռվի այդ սիրո՜ւն արտերին, հանդվորների այդ խմբին…

ԹԵՐԵԶԱ.— Դուք բանաստեղծ եք եղել, Ալեքսա՛նդր Սահակի՛չ… Երևի գրո՛ւմ եք, մինչև իսկ…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Նո՜ւ… Պրիսյաժնի՜ — և բանաստեղծ… Լա՛վ, Սաշա՛, թե աստված կսիրես… Զզվեցրե՛լ են մեզ այդ քո դաշտերը, լեռները, մշակներն ու հանդը…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Երբե՛ք… Երբեք ես չեմ զզվի… Ուրախությամբ կերթամ այդ լեռներն ի վեր մագլցելու. այդ արոտի, այդ նախիրների մոտ. և հետո՝ տեսնելու մեր թշվա՜ռ ու ճնշված գյուղացիների աշխատանքը։ ԳՐԻԳՈՐ.— Հը՜մ… Լա՜վ թշվառներ ես գտել։ Մե՛կ հուպ տան քեզ, որ իմանաս, թե ճնշողն ո՞վ է:

ՄԱՏՎԵՅ ԵԴՈՐՒՉ.— Ասենք՝ Սաշան ճիշտ է ասում — խե՞ղճ են մեր գյուղացիք. բայց էլի… Այս գյուղաքաղաքը ամենից հարուստն է. բա՜ղ, գինի՜… և հետո՝ գավառի կենտրո՜ն, միրավոյ սուդիա՜…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Թերեզային)։ Ձեզ մի՞թե չեն գրավում այս երկրի շքեղ անկյուններն ու այդ ծաղկավետ լեռները: Երևի դուք էլ զզվել եք արդեն։

ԹԵՐԵԶԱ.— Դե իհարկե։ Թեև մենք ձմեռը մեծ մասամբ Թիֆլիս ենք մնում, բայց երբ գալիս ենք գյուղ, միշտ միևնույն տեսարանները, միևնույն դեմքերն ու մարդիկ… Եվ հետո, եթե գիտենաք, թե որքա՜ն կոպիտ, կեղտոտ են մեր գյուղացիք։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Դուք մոռանում եք, օրիորդ, որ նրանք ամբողջ օրը գործում են. իրենց հանգամանքները չե՛ն ներում մեզ պես հագնվել, լա՜վ ապրել։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Նո՜ւ, ֆանտազյո՜ր կասեմ… Տո՜, մեկ հլա ինքդ էլ քննիր և տես, թե այդպե՞ս է։ Հազարների տեր գիտեմ, որ է՜լի ախոռի պես տան մեջ է ապրում, կեղտոտ հագնվում…


5) Նույնք, Տիկ. Մանուկյան, Սահակ և Կիրակոս

(Սրանք ներս են մանում, Սահակը՝ օղի, վարունգ և տանձ ձեռքին, տիկ. Մանուկյանը՝ մուրաբաներ, Կիրակոսը՝ մատուցարան բաժակներով և այլն)։


ԳՐԻԳՈՐ.— (Ելնում է և դիմավորում տանտիկնոջ)։ Ա՛յ բարի տեսանք, տիկի՛ն, աչքներդ լո՜ւյս, որդիդ էլ եկավ վերջապես…

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— (Շփոթված, մուրաբաները դնում է սեղանի վրա, ձեոք է տալիս, համբուրվում են տիկ. Վարակյանի և Թերեզայի հետ): Շնորհակալ եմ… բարով ձե՛զ էլ աչքալուսանք անենք… (Թերեզային)։ Դո՛ւ էլ մի լավ բախտի արժանանաս… (Բոլորին): Համեցե՛ք, համեցե՛ք, թեյը այս րոպեին… (Մարգոյին)։ Աղջի, հլա չայը չե՞ս շինել… (Ծառային)։ Գնա սուխարին էլ բեր… (Հյուրերին)։ Համեցեք նստեք… (Տղամարդկանց)։ Մի-մի արաղ… (Ամուսնուն): Բաս հաց ու պանի՞րն ուր ա… (Վազում է դեպի դուռը)։ Կի՚րակոս, հաց ու պանիրն էլ բեր հետդ…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Ա՜յ լավ տանտիկին… Սկի 10 րոպե չքաշեց– համ մուրաբա, համ խիար, արա՜ղ… (Տիկին Մանուկյանին)։ Տղիդ տեսնելուցը թևեր ես առել-թռչում ես, հա՜, Հոռոմսի՛մ։ ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— Դե բա ի՞նչ անեմ, ա՛ ձեզ մատաղ… Մեկ մինուճար տղա ունեմ, նրա գալո՞ւն էլ չուրախանամ… բա ո՞ւր ա ձեր տիկինը, Մատվե՛յ…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Դե ես ի՞նչ անեմ… Հալբաթ ուր որ է՝ կգա…

ԿԻՐԱԿՈՍ.— (Վերադառնում է՝ բերելով մյուս բաները

ՍԱՀԱԿ.— (Լցնում է օղի, կինը թեյ է պատրաստում: Գրիգորը ժպիտը դեմքին՝ դիտում է Ալեքսանին և Թերեզային, որոնք Մարգարիտի ընկերակցությամբ՝ խոսում են և ծիծաղում

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Վերցնում է օղու բաժակը և հեռվից՝ Ալեքսանին)։ Թե աստվածդ կսիրես, Սա՛շա, շա՛տ ժամանակ ունես դեռ՝ ջահել աղջիկների հետ սիլիբիլի անելու, առաջ մեկ պառավներիս պատվիր, մեկ նրա՛նց հետ խոսիր… Թերեզան չի փախչի, մի վախենա… Երկուսդ էլ կրթված մարդիկ եք, իհարկե, շա՜տ կհանդիպեք դեռ, կխոսեք… Հալբա՛թ, Թերեզան գյուղի մեջ ո՞ւմ պիտի գտնի, որ հետը զրուցի, դու էլ գյուղի խլնքոտ աղջիկների հետ խո գլուխ չե՜ս դնի… Բայց առաջ մեկ դե՛սն արի… Այ, էս րյումկան վերցրու… (Տալիս է)։ Մոսկվա սովորա՛ծ կլինես կոնծելը… Ապա՛, քեզ հետ մեկ խմենք, շնորհավորե՛նք… Կոլլեգ ենք, ախր… Ես քո՛ ճանկը կընկնեմ, դու՝ ի՛մը… միմյանց լա՜վ կգզգզենք…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Լուռ ու ժպտուն՝ վերցնում է բաժակը

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐՒՉ.— Ա՜յ, ըտե՛նց… Դե՛հ, շնորհավո՛ր լինի… բարով լավ գործ ունենաս, չաղ պրակտիկա, սուդիաների դեմ լա՛վ խոսես, հարուրանոցներով ջիբդ տռզացնես, հորդ ու մորդ երախտիքը հատուցանես, նրանց էլ, այս ծերության օրերում միջո՛ց տաս հանգիստ ապրելու… Մի լավ, հարուստ, հազարներով աղջիկ էլ ճանկես՝ ու… мое почтение[1]

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Շնորհակա՛լ եմ… բայց երևի ձեր ասածներից միայն մեկը կլինի, այն է՝ ծնողացս հանգիստ ապրելու մասին հոգալ: Իսկ չաղ պրակտիկա, հարյուրանոցնե՜ր, հազարներով աղջի՜կ… Ո՛չ, չեմ կարծում, որ ընդունակ լինեմ ա՛յդ աստիճան փչանալու…

ՄԱՏՎեՅ ԵԳՈՐԻՉ.— (Որ ուզում էր խմել, իջեցնում է բաժակը և զարմացել է)։ Ո՞նց… Փչանալո՜ւ… Բա էլ ո՞ւր ես պրիսյաժնի[2] դարձել, իրավաբանություն սովորել, օրենքների գրքերի վրա մաշվել… Փաստաբանը որ կա՝ երեք երազ է ունենում.— չաղ պրակտիկա, հազարներով օժիտ ունեցող աղջիկ և շքեղ նիստուկաց… Հա՛մ էլ, ուզես–չուզես, պիտի լինի այդ… Քեզ պես խոսողներ շա՜տ ենք տեսել… Որ հարուրանոցները գան — հազարների կձգտես, հազարները գան…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Խելոք բաներ չեք խոսում, Մատվե՛յ Եգորիչ։ Ինչո՞ւ փաստաբանը պիտի ստեղծված լինի դրա համար։ Նա, ընդհակառակն, եղել է, որ պաշտպանի անմեղների, թիկունք դառնա հարստահարվածների…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Տա՛-տա՛-տա՛… Լսե՜լ ենք, լսե՜լ… Քո կենացը. հլա մեկ խմի՜ր… (Խմում է. մյուսներն էլ

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Գուցե և լսել եք, հուսախաբվել… Բայց եթե մի սուդիա[3] անպիտան է կամ կաշառակեր — դա չի նշանակում, որ բոլոր սուդիաներն էլ անպատճառ պիտի կաշառակեր լինեն ու անպիտան…

ԳՐԻԳՈՐ.— Ա՛յ թե բռնեցիր… (Ծիծաղում է)։ Հիմի եկեք թամաշա անենք, թե երկու յուրիստները ո ՞նց են իրար յախիցը քաշ տալիս… (Սահակին)։ Չէ , Սաշան զոռբա է եղել…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.—(Տաքանում է)։ Постой, постой[4]… Մե՛նք էլ ենք փաստաբանություն արել, ճառ խոսել… (Ալեքսանին): Չէ՛, մեկ դու է՛ն ասա, Սա՛շա. բաս որ չաղ պրակտիկան գա — կմերժե՞ս… Որ հազարներով աղջիկ սիրես— չե՞ս ամուսնանա, կամ փողը չե՞ս վերցնի… Հը՞… (Հաղթական)։ Ասա՛, է՛… Ե՞տ կտաս, կասես՝ չե՞մ ուզում…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Հանդարտ)։ Ես անիրավության կողմը չե՞մ լինի, զրկողին չե՞մ պաշտպանի — թեկուզ հազարներ տան։ Եվ աղջիկն էլ չե՛մ առնի, որովհետև նա հարուստ օժիտ ունի…

ԹԵՐԵԶԱ.— Բրա՛վո… Մատվեյ Եգորիչը հաղթվում է։

ԳՐԻԳՈՐ.— Այդպե՛ս, հա՜… Ապա՞, Սա՛շա, մեկ լա՜վ դրան…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Постой, ասում եմ, է՜է՜… Սահա՛կ, էդ րյումկաները մեկ լցրո՛ւ, բողազս չորացավ… (Կարմրած՝ Ալեքսանին)։ Ո՞նց թե հազարներ տան՝ անիրավի կողմը չես բռնի… Տո՞, որ ասենք, մի մարդասպան գա քեզ մոտ, որ դու էլ հաստատ գիտենաս, որ նա անիրավ է… Մի քանի հազար խոստանա, որ իրեն արդարացնես, պաշտպանես դատարանում— չե՞ս անի, կմերժե՞ս… Էլ ինչացո՞ւ պրիսյաժնի ես, հը՞… կմերժե՞ս։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.—Կմերժեմ: ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Բո՜ւյ… Բա դու քո թշնամին ե՞ս… Ե՞րբ է տեսնված, որ փաստաբանը փող շահի իրավացի կողմից, լավ վարձատրություն տալիս են միշտ անիրավները:

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Սաստի՛կ սխալվում եք… Անիրավների ձեռքով մեղադրվածներն ավելի շատ են, քան անիրավները, ավազակները… զրկվածներին պաշտպանե՛լն էլ փող է բերում։ Բայց— որը գլխավորն է — հոգեկան մեծ բավականություն է զգում մարդ, երբ հաջողվում է կորզել ավազակի, հարստահարողի ձեռքից մի անմեղ զոհ, մի ազնիվ աշխատավորի… Ա՛յ, երբ ինձ գործի մեջ տեսնեք հենց այստեղ, գուցե և ձե՛ր դատարանում…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Վախեցած)։ Ի՜նչ… չլինի՞ մեր գյուղումն ես ուզում փորձել դալլաքությունը…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Այո՛, ես վճռել եմ այստե՛ղ իսկ մնալ և գործել,.. Այսպիսի խուլ անկյուններում ավելի շատ են անիրավություններ ու հարստահարություններ, որոնց դեմ կռվել է պետք… Եվ ես, որ սովորե՛լ եմ և զինվել այդպիսի կռվի համար — պարտականություն եմ զգում նախ և առաջ ծառայել ի՛մ հայրենիքին, ի՛մ թշվառ եղբայրներին…

ԳՐԻԳՈՐ.— (Կնճռոտ)։ Ահա՛ թե ի՜նչ… Նոր բանե՛ր ենք լսում…

ԹԵՐԵԶԱ.— (Ալեքսանին)։ Դուք կատակ չե՞ք անում, ուզում եք գյո՞ւղը մնալ… Ձմե՞ռն էլ… և ո՞չ թե Թիֆլիս:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. — Կատակ չեմ անում։ Թիֆլիսում շա՛տ կան փաստաբաններ, իսկ գյուղերում ո՛չ ոք չկա. և զանազան խարեբա աբլակատներ, հաճա՛խ միացած վաշխառուների հետ, քամում են գյուղացոց, քանդում նրանց, թշվառացնում… Վճռել եմ իմ գիտությունով օգնել հայրենակիցներիս, հասկացնել օրենքն ու նրանից օգտվելու միջոցները… Ա՛յդ եմ երազել ես, երբ ուսանում էի, այդպե՛ս երազով էլ եկել եմ ու պիտի մնամ գյուղում գործելու։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— Ֆի՜հ… գյուղի փաստաբա՜ն… Մարդ երեք-չորս տարի Մոսկվա սովորի, դիպլոմ ունենա ծոցը — և գյո՜ւղ…

ԳՐԻԳՈՐ.– (Հեգնորեն): Եվ դեռ ուզում է գյուղի պրակտիկայով ի՛նքն էլ ապրել, ծնողների՛ն էլ օգնել… Կտեսնե՜նք… (Ալեքսանին)։ Դեռ դու աղ բերելո՛ւ ես գնում, որդի՛…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ես դրամի հարստության պետք չունեմ. մի կտոր հաց ունենք մեր այգուց — և դա մեզ բավական է… Այնպես չէ՞, հա՛յր, այնպես չէ՞, մայր… (Գնում է դեպի ԹերեզանՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— Ասենք, իհարկե, աստծով՝ քաղցած չենք մնա… բայց դե քաղաքումը փող կաշխատեիր, մեր…

ՍԱՀԱԿ.— (Արագ՝ միջահատում է)։ Լա՛վ, լա՛վ… Թո՛ղ, Սաշա, թո՛ղ այդ բոլորը։ Ի՞նչ ես շտապում… Քիչ հանգստացիր, ամառս մնա՛, կազդուրվի՛ր… Դեռ օր շա՛տ կա։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Նո՛ւ, իհարկե, իհարկե, եղբա՛յր։ Հո այս վերջին անգամը չէ՛, որ տեսնվում ենք։ Էլի՛ կհանդիպենք, էլի՛ կխոսենք… Ինքդ էլ մեկ աչքովդ կտեսնես, մեր գործերի ու մարդկանց հետ կծանոթանաս… (Վերցնում է տանտիկնոջ աոաջարկած թեյը և նստում

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Լուռ ժպտում է, հետո Թերեզայի և Մարգոյի հետ անցնում է դեպի լուսամուտը

ԳՐԻԳՈՐ.— (Թեյ խմելով)։ Գյո՜ւղ, գյո՜ւղ… Որ չե՞ն ասում: Ի՞նչ կա գյուղումը… (Սահակին)։ Եվ ո՞վ է դրա գլխի մեջ լցրել, թե գյուղում հարստահարում են, գյուղում օրենքը հասկացող չկա… Բաս Մատվեյ Եգորիչը օրե՞նք չգիտե. բաս մենք, որ կյանքներս դատարաններումն ենք անցկացրել… Հենց ամե՛ն մի գյուղացի… Օրե՞նք չգիտեն… Ապա՞, թե կարող ես, խաբի՛ր մեկ մի գյուղացու…

ՍԱՀԱԿ.— Դե իհարկե… (Քիչ կամաց)։ Ջահել է… Նո՛ր է ավարտել։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.—Հա՛, իհարկե, դեռ քամիներ կան… Գրքեր, լրագիրներ է կարդացել… Հա՜յ-հարա՜յ, գյուղերումը թալանո՛ւմ են, հարստահարո՜ւմ, փաստաբա՜ն չկա, սուդիեն կաշառակե՜ր է. չգիտեմ՝ օրենքը չե՜ն գործադրում, վաշխառունե՜ր կան… Թո՛ղ մեկ գան հենց մեր արխիվը քննեն, թե մի հատ վեքսիլ գտնեն՝ 40 տոկոսով գրա՜ծ… Բաս ես օրե՞նք չգիտեմ, թո՞ւյլ կտամ…


6) Նույնք և Արշակ (գյուղական տանուտերը)


ԱՐՇԱԿ.— (Երևում է դռան մեջ)։ Բարև ձեզ…

ՍԱՀԱԿ.— (Ելնում է, գնում դեպի նա)։ Ա՛յ, համեցեք, տանուտե՛ր… աչքներիս-գլխներիս վրա։

ԱՐՇԱԿ.— (Սեղմում է նրա ձեռքը և լուռ շնորհավորում):

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Ուռա՜, տանուտե՛րն էլ եկավ…

ԱՐՇԱԿ.— (Մոտեցող Ալեքսանին)։ Բարի եք եկել, պ. Ալեքսանդր։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Սաշա , մեր տանուտերն է, հա՛, էդպես ջահել… Դե՛հ, էլ ի՞նչ արած, աշխարհս հիմի ջահելներինն է… Ուսում առա՛ծ է, հաա՜… Ներսիսյանո՛ւմն է սովորել, մի քիչ էլ փիլիսոփա է… (ԾիծաղԱԼԵՔՍԱՆԴՐ.— Իրա՞վ, այժմ դո՞ւք եք մեր տանուտերը։ Շատ ուրախ եմ։ Մենք անցյալում քի՛չ ենք հանդիպել, բայց այսուհետև հույս ունեմ, որ հաճախ տեսնվենք։

ԱՐՇԱԿ.— Ուրախ կլինեմ։ (Դառնում է մոտեցող տանտիկնոջ, և, ձեռքը սեղմելով, լուռ շնորհավորում):

ՏԻԿ. ՄԱՆՈԻԿՅԱՆ.— (Փոխադարձ լուռ շնորհակալություններ

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Օղու բաժակներով մոտենում է)։ Ապա՞, տանուտե՛ր, առ մեկ այս. շնորհավորիր, աչքալուսանք արա…

ԱՐՇԱԿ.- (Ժպտուն)։ Շնորհակալ եմ. հացս նո՛ր կերա։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Ոչի՛նչ, սա կմարսեցնի։

ԱՐՇԱԿ.— Չէ՛, շնորհակալ եմ… (Ալեքսանին)։ Երևի երկար չեք մնա մեզ մոտ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ընդհակառակն, երկար կմնամ։

ԱՐՇԱԿ.— Ամառն, իհարկե, քաղաքում շատ շոգ է լինում, մեզ մոտ լավ է։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Այո՛, բայց ես ձմեռն էլ կմնամ։ Դեռ շա՛տ կձանձրացնեմ բոլորիդ, մանավանդ ձեզ։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Լսո՞ւմ ես, տանուտե՛ր. Սաշան ուզում է մեր գյուղումն սկսել իր պրակտիկան… Ասում է՝ գյուղում թալանում էն, պետք է օրենք հասկացնող… Էլ բան ու գործ չունենք, էլի …

ԱՐՇԱԿ.— (Զարմացած և հետաքրքրված)։ Իրա՞վ… Մեր գյուղո՞ւմն էք ուզում գործել… (Ուրախ)։ Հիանալի՜ բան կլինի։ Որ գիտենաք, թէ որքա՜ն պետք ունենք մի փաստաբանի, որ հասկանար, օգներ տանջվողներին։ (Խոսելով գնում է դեպի պատշգամբը

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Գրիգորին)։ Պրծա՜նք… Գտա՛վ իրեն պես ֆանտազյորը … Հմի երազնե՜ր կտեսնեն, պլաննե՜ր կսարքեն, որ էլ ասել չի լինի…

ԳՐԻԳՈՐ.— (Մռայլ)։ Հիմարությո՜ւն… Մի ամիս չի քաշի, կփախչի գյուղից։ Ախր գյո՞ւղն ինչ, փաստաբա՞նն ինչ… (Կռանում է դեպի նա և ավելի ցած)։ Մեկ էլ, գիտե՞ք, որ բա՛ն է, էդ գյուղացիները գործեր տան դրան, էլ դժվա՛ր կլինի ձեզ շուտ-շուտ վճռել ու կարճ կապել։ Էնքա՜ն կխոսի, կձգձգի, էնքա՜ն օրենքների հոդվածներ…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Կնճռոտ)։ Չէ՛, տեսնում եմ, որ գլխիս խաթաբալա է լինելու սա… Հազր մեզ-մեզ գործերը վերջացնում էինք:

ԳՐԻԳՈՐ. — Իհարկե… (Ավելի է կռանում և փսփսոցով խոսում

ԹԵՐԵԶԱ.— (Մարգոյին)։ Լա՛վ, գնանք տեսնե՞նք… Սաշային էլ ասենք… (Հեռվից՝ Ալեքսանին)։ Ալեքսա՛նդր Սահակիչ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Պատշգամբից քիչ ներս գալով)։ Ինձ հե՞տ եք, օրիո՛րդ։ ԹԵՐԵԶԱ.– Ուզում ենք պարտեզ իջնել.. Գնա՛նք, մեզ հետ պ. տանուտե՛րն էլ թող գա, այնտե՛ղ կխոսակցենք։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ինչու՞ չէ… (Արշակին)։ Կգա՞ք մեզ հետ, պ. Արշակ։

ԱՐՇԱԿ.— Ուրախությամբ, միայն մի քանի րոպեով, հետո ես այնտեղից կգնամ… քիչ գործեր ունեմ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Նրա հետ ներս է գալիս)։ Գնա՞նք ուրեմն… Մինչև իսկ մեր խոսակցությունը կարող ենք թողնել ուրիշ օրվան։ Ես կգամ ձեզ մոտ գուցե վա՛ղն իսկ: Դեռ շատ տեղեկություններ կուզեի ունենալ։

ԱՐՇԱԿ.— (Խոնարհվելով): Որքան ուզե՛ք՝ պատրաստ եմ. միայն թե դուք մեզ մոտ մնացեք…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Անշո՛ւշտ… (Թերեզային): Գնա՛նք, օրիո՛րդ։

ԹԵՐԵԶԱ.— (Հորը)։ Հայրի՛կ, մենք պարտեզ ենք իջնում… Եթե դուք ուզում եք գնալ՝ ինձ մի՛ սպասեք, ես հետո կգամ… (Ալեքսան, Թերեզա, Մարգո և Արշակ՝ գնում են

ԳՐԻԳՈՐ.— Հա՞… Գնացեք… (Մնացյալներին): Թող գնան, ջահել ենք, թող քիչ չանա խփեն…

(Դրսից լսվում են հեռավոր եկեղեցու զանգակեերի ձայներ

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— Ըհը՛, զանգերը խփեցին… (Խաչակնքում են ամենքը

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— (Ոտքի է ելնում)։ Չգնա՞նք, Գրիգո՛ր. Թերեզան երևի դեռ շա՛տ կմնա այստեղ։

ԳՐԻԳՈՐ.— (Ելնում է)։ Հա՞… Լավ, գնանք։ (Սահակին)։ Դե՛հ, մեզ մոտ կգաք դուք էլ, իհարկե։ Բարեկամություն անենք։ Սաշային ես շա՛տ սիրեցի… Դե իհարկե, էն որ ասում է, թե գյուղումը կմնա — շատ էլ հավատալու բա՛ն չի. դուք մի՛ տխրեք, գրքեր կարդացած կլինի, բանե՜ր լսած… Նրանց քամի՛ն է։ Էդ նոր ավարտածները բոլո՛րը սկզբում բոթբոթացնում են այդպես… Թող մի քիչ դեռ մնա, զզվի ամեն բանից… (Տանում է Սահակին մի կողմ և տաք–տաք խոսում հետը

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— (Տիկ. Վարակյանին)։ Ինչո՞ւ եք շտապում, մնացեք, երեկոյան մի լավ քեֆ կանենք… (Մատվեյ Եգորիչին) Տիկինդ էլ խո չեկավ…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Հա՞… Տեսնես էլի ինչ է պատահել… (Ելնում է)։ Մեկ գնամ տեսնեմ ինչո՞ւ չեկավ։

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— Վու՜յ, չէ՛, չէ՛, նստիր, ո՞ւր ես գնում… Ծառային կղրկենք։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Չէ՛, ես կերթամ… Համ էլ մի քիչ ման գամ, շոգ է այստեղ… Հետո է՛լի կգամ, միասին կգանք… (Վերցնում է գլխարկը)։ Թող Սաշան էլ մի քիչ մասլահաթ անի Թերեզի հետ… Ջահել են… (Գրիգորին՝ նշանակալից ակնարկով)։ Որ ճրագով փնտրեիր, է՜, այսպես փեսացու…

ԳՐԻԳՈՐ.— (Ծիծաղելով և իբրև թե նեղացած)։ Ի՞նչ եք հրամայում… Թողնե՛նք այդ խոսքերը…

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— Ի՛հ, Մատվե՛յ Եգորիչ, գյուղի աբլակա՜տ…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Գյուղի աբլակա՞տս որն է… Մարդը պրիսյաժնի է, հասկանո՞ւմ ես: Հազար աբլակատի մի ձեռքով հուպ կտա, ջեբը կդնի… (Սահակին)։ Դե՛հ, ցտեսություն, կգանք… Բաս մեկ լավ քեֆ ենք անում այս երեկո, հա՞, Հոռոմսի՛մ։

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— Անպատճառ։ Ասել եմ, որ մի լավ գառ մորթեն:

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.– Ա՜յ, շատ ապրես… Մե՜կ քեֆ անենք, որ սա՛ղ գեղը հավաքվի գլխներիս… (Գնում է ծիծաղելով


7) Մնացածները, վերջում՝ Կիրակոս։ (Քիչ լուռ է բեմի վրա։ Գրիգորը ու կինը՝ կանգնած։ Տիկին Մանուկյանը սեղանն է ժողովում, Սահակը՝ օղին)։


ԳՐԻԳՈՐ.— Էդպե՛ս… Տղա՛դ էլ եկավ… Հիմի էլ խո չե՞ս գանգատվի, որ դժվարության մեջ ես, Սահա՛կ բեկ։ Աստուծով լավ փող կաշխատի, պարտքդ էլ կտաս… (Մոտեցող Սահակին քիչ մի կողմ է տանում)։ Բայց գիտե՞ս, աշխատիր գլխիցը հանել գյուղում մնալու հիմար միտքը… Ախր գյուղը ի՞նչ եկամուտ կտա նրան։ Որ սաղ տարին աշխատի, սկի մի քանի հարյո՛ւր էլ չի ունենա։ Հետո՞, դրանով պարտքիցդ կպրծնե՞ս…

ՍԱՀԱԿ.— Իհարկե… Տեսնենք… Խենթություն է ասածը…

ԳՐԻԳՈՐ.— (Ձայնը ավելի է բարձրացնում)։ Իհարկե՝ խենթություն է… Ի՞նչ գործ պիտի ունենա գյուղումը։ Մեկը հենց ես, մի՞թե պետք ունեմ փաստաբանի… Սկի՛ էլ չէ։ Ողջ կենա քաչալ Մարտիրոսը, համ էժան, համ էլ օրենքը իմացող… Չէ՛, հիմարություն թող չանի. թող գնա Թիֆլիս. փող չունի՝ տամ. մի լավ կանտոր բաց անի… Ես խոսք եմ տալիս, որ մենակ հենց ինքս տարեկան նրան 2-3 հազարի գործ տամ… Այնքա՛ն կապեր ունեմ, բոլորին էլ կծանոթացնեմ. տղայիս պե՛ս նայեմ… Հը՞, սրա՞ն ինչ կասես, Հոռոմսի՛մ։

ՏԻԿ. ՄԱՆՈԻԵՅԱՆ.— Իհարկե, քե՛զ մատաղ, Գրիգո՛ր աղա… Դե՛հ, հլա նո՛ր ա եկել, ջահե՛լ էս… Ես գիտեմ, կերթա Թիֆլիս… Քաղաքի սովորը՝ գեղից շուտ կզզվի։ Թող հլա մեկ ամառս հանգստանա։

ԳՐԻԳՈՐ.— Թող հանգստանա, քե՛ֆ անի։ Իմ տո՛ւնս էլ առաջը բաց, իմ բաղերն էլ… Շուտ-շուտ ղրկեք մեզ մոտ. Թերեզան էլ հազր մի կրթված մարդու երես կտեսնի…

ՍԱՀԱԿ.– (Աղաչավոր): Մնացեք մեզ մոտ… ընթրեի՛նք…

ԳՐԻԳՈՐ.— Չէ՛, գործեր կան… Մարդի՛կ են գալու մոտս… Հա՛… (Էլի մի կողմ է տանում Սահակին)։ Մուրհակիդ ժամանակը մի-երկու ամիս է մնում, գիտե՞ս… Դե լավ, հոգս մի՛ անի, ես քեզ նեղություն տվողը չեմ… Չես կարող՝ ջա՛նդ սաղ ըլի… Հլա կուզես՝ պատռեմ-գցեմ։ Սաշա՛յին ղուրբան անեմ, նա էլ… Մի քանի հազարը ի՞նչ բան է, որ քեֆդ կոտրեմ… Ոչի՛նչ, թող մնա. երբ կարողանաս, Սաշան աշխատի…

ՍԱՀԱԿ.— (Ուրախ թոթվելով)։ Շնորհակալ եմ… Թազացնենք բաս մուրհակը:

ԳՐԻԳՈՐ.— Չէ՛, ի՞նչ հարկավոր է… քեզնից ուզո՛ղը չկա։ Երբ Սաշան աշխատի՝ կամաց-կամաց կտաք։

ՍԱՀԱԿ.— Ո՛ղջ մնաս… Թեթևացրիր ինձ. թե չէ՝ ի՞նչ պիտի անեի։ Մի մե՜ծ բեռից ազատեցիր ինձ…

ԳՐԻԳՈՐ.— Քեֆդ քյո՛ք պահիր… Հա՛, Սաշային էգուց մեր տո՛ւն բեր. դուք էլ եկեք մեզ մոտ ճաշենք, մի քիչ խոսենք… բարեկամանա՛նք… (Մոտենում է տիկիններին)։ Դեհ, գնա՛նք, Սաթենի՛կ… (Ձեռք է տալիս տանտիկնոջը)։ Մնա՛ք բարև…

(Իրար ձեռք են թոթվում, հայկական ձևերով բարևներ. ճանապարհ են դնում հյուրերին, դռան միջից՝ բարևներ)։

ՍԱՀԱԿ.— (Ներս է գալիս, ձեռքերն ուրախ շփում է, հետո՝ դեպի սեղանը գնացող կնոջը)։ Լսեցի՞ր, ա՛յ կնիկ… Սկի՛ չէի հավատա: Գիտե՞ս, մուրհակն ուզում էր պատռի, պարտքս ոչնչացնի։

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— (Ապշած)։ Բու՜յ… Հրա՞շք ես պատմում։

ՍԱՀԱԿ.— Բա՜ս… Ասում է՝ թող Սաշային ղուրբան լինի… Ասում է՝ չե՛մ ուզում, թող մնա, երբ Սաշան աշխատի… (Խորհրդավոր): Չէ՛, ինչպես տեսնում եմ, Սաշան կպավ աչքին։

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— (Սեղանին է մոտենում և սկսում հավաքել)։ Հա՛, ի՜նչ լավ կլիներ։ Թե՛ պարտքիցը կազատվեինք, մեր տունն ու բաղը կպրծացնեինք, թե՛ փող էլ կտար վրան… (Դառնում է դեպի ներքին դուռը և ձայնում)։ Կիրակո՛ս… (Ամուսնուն)։ Հը՞, ճիշտ չե՞մ ասում։ ԿԻՐԱԿՈՍ.— (Լուռ՝ մոտենում է

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— (Նրան)։ Հավաքի՛ր… Գառը մորթեցի՞ր։

ԿԻՐԱԿՈՍ.— Հրամանք ես. քերթում են։

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— Լավ, գնանք պատրաստություն տեսնենք… Սամավարը վերցրու… (Ինքն էլ բաժակներն է վերցնում)։ Հետո կգաս մնացածներն էլ կբերես… (Գնալիս՝ ամուսնուն)։ Հը՞, քեֆդ լավացավ, չէ՞… Ինչ ուզում են՝ ասեն. Գրիգոր աղան լա՛վ մարդ է: (Դռան միջից)։ Սաշան էլ, ինչպես տեսնում եմ, Թերեզի…

ՍԱՀԱԿ.— (Միջահատում է)։ Լա՛վ, լա՛վ, հերի՛ք է։ Ի՞նչ ես էլի ամենքին ասում։ Ձենդ փորդ քաշի՝ տեսնենք ի՞նչ կանենք։ (Տիկին Մանուկյանը գնում է

ՍԱՀԱԿ.— (Ձեռքերը շփելով՝ մի քանի քայլ է անում, հետո գնում դեպի պատշգամբ։ Փողոցից լսվում են հեռավոր երգի և երաժշտական գործիքի խուլ ձայներ։ Սահակը մի բան է հիշում, շտապով գնալ է ուզում, բայց դրսից լսվում են քրքիջների ձայներ։ Կանգ է առնում


8) Նույն, Թերեզա, Ալեքսանդր և Մարգո (ծիծաղելով ու քրքիջներով ներս են խուժում)։


ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Կիսովին դեպի դուրս)։ Այդ չեղա՛վ, օրիորդ, դուք խոսք տվիք ասելու… (Ներս է գալիս

ԹԵՐԵԶԱ.— (Ներս է մտնամ, կոկետությամբ)։ Չե՛մ ասի… Դա իմ գաղտնիքն է։

ՄԱՐԳՈ.— Թող չասի, ե՞ս կասեմ։ Քե՛զ համար էր, Սա՛շա, քե՛զ համար:

ԹԵՐԵԶԱ.— (Բողոքելով)։ Չհավատաք, սո՛ւտ է, դիտմա՛մբ է ասում, որ ինձ կարմրացնի… (Մարգարիտին, իբր թե բարկացած)։ Չա՛ր, չա՛ր… (Կարմրում է, հետո հարձակվում Մարգոյի վրա, բայց պինդ գրկում է և համբուրում

ՍԱՀԱԿ. — (Լրջացած)։ Վա՛, վա՛… Ի՞նչ է եղել, ինչո՞ւ եք կռվում… (Երբ տեսնում է վերջը՝ ծիծաղելով): Հա՛, համբուրվո՞ւմ եք… դա ուրիշ բան։

ՄԱՐԳՈ.— (Պոկ է գալիս Թերեզայի գրկից և հորը)։ Գիտե՞ս, հայրի՞կ…

ԹԵՐԵԶԱ.— (Արգելում է)։ Չասես, Մարգո՛, չասես, ամոթ է։

ՄԱՐԳՈ.— Ինչո՞ւ է ամոթ, կասեմ։

ԹԵՐԵԶԱ.— Չասե՛ս, չասե՛ս…

ՄԱՐԳՈ.— (Վազում է հոր մոտ)։ Կասեմ… գիտե՞ս, հայրիկ, էն օր խոտ կա, երեք թերթ ունի… Թերեզան քաղեց… (Թերեզային՝ որ ուզում է արգելել)։ Թո՛ղ, Թերեզա… Հա՛… Քաղեց, ամեն մի տերևի մի-մի տղամարդի անուն հիշեց մտքումը… Իհարկե, Սաշայինն էլ կար. հետո ասաց.— «Սիրո՞ւմ է ինձ»… և քաղեց։ Խոստացել էր եղածը ասելու, բայց չասաց:

ՍԱՀԱԿ.— (Ժպտալով)։ Բաս որ չի ասել, ուրեմն Սաշա՞ն կլինի։

ԹԵՐԵԶԱ.— Ո՛չ, ո՛չ, նա՛ չէ, նա՛ չէ… ուրի՛շն է։

ՍԱՀԱԿ.— (Շոյելով նրան): Դե լավ, ի՞նչ կա ամաչելու։ Ինչի՞, որ Սաշան լինի՝ չե՞ս ուզի… Ի՞նչ է, չե՞ս հավանում։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Հայրի՛կ, թո՛ղ…

(Երաժշտության ձայնը ավելի է մոտենամ)։

ՍԱՀԱԿ.— (Լրջանում է)։ Դե՛, հանա՛ք եմ անում…

ԹԵՐԵԶԱ.— Ինչ հանաքչի՞ն եք, Սահա՛կ Պետրովիչ… (Մոտենում է լուսամուտին)։ Սա՞ ինչ մուզիկա է։ (Նայում է)։ Նայեց՛ք, Ալեքսա՛նդր Սահակիչ, կույր աշուղներ են։

(Ամենքը մոտենում են լուսամուտներին: Թերեզան ու Ալեքսանդրը՝ մեկի առաջ, Սահակն ու իր աղջիկը՝ մյուսի)։

ՍԱՀԱԿ.— Քոռ Եղիկն է… Կուզես՝ ասեմ այս երեկո մեզ մոտ գա, Սա՛շա. լավ-լավ երգեր գիտի ասել։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Հայերե՞ն։

ՍԱՀԱԿ.— Այո՛. նոր-նոր խաղեր, լա՛վ էլ ձայն ունի, ամրողջ գիշեր կերգի, հյուրերին կզվարճացնի։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Դառնալով հորը)։ Ի՞նչ է, հյուրե՞ր կլինեն այս երեկո:

ՍԱՀԱԿ.– Մի ողջ գառն ենք մորթել. Մատվեյը կլինի, ուրիշներն էլ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Իսկ Գրիգոր աղան ու տիկինը։

ՍԱՀԱԿ.— Նրանք չուզեցին… Գրիգոր աղան ասաց, որ գործեր ունի։

ԹԵՐԵԶԱ.— Ուրեմն ե՛ս էլ գնամ։

ԱԼՔՍԱՆԴՐ.– Ինչո՞ւ, դուք մեզ մոտ մնացեք։

ՄԱՐԳՈ.– Այո՛, մնա՛, Թերեզ. հետո ծառան քեզ կտանի։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ինչո՞ւ, ես ինքս կտանեմ… Ուրեմն մնո՞ւմ եք…

ԹԵՐԵԶԱ. — (Ժպտալով նրան)։ Է՛լ ի՞նչ արած, որ այդպես եք ուզո՜ւմ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Շնորհակալ եմ… (Հորը)։ Հա՛յր, իմաց տուր երգչին, թող մեզ մոտ լինի այս երեկո։ (Թերեզային). Դուք է՞լ սիրում եք այդ երգերը։ Ես շա՛տ եմ սիրում և շա՜տ էլ կարոտել եմ… նրանց մեջ խոր զգացմու՛նք կա…

ԹԵՐԵԶԱ.— Ե՛ս էլ սիրում եմ. մի քանիսնե՞՛րն էլ ինքս երգում եմ… Բայց լսենք՝ տեսնենք ի՞նչ է երգում…

(Երգը մոտենում է։ Երգում են Հ. Հովհաննիսյանի «Արազն եկավ լափին տալով» երգը։ Բոլորը լուռ՝ լսում են։ Ալեքսանդրը համարյա սիրալեր՝ կպել է Թերեզային, և սա ետ չի քաշվում։ Սահակը մեկ-մեկ նայում է և ժպտում։ Մարգոն էլ նայում է, հետո բոթում հորը, որ նայի և լուռ ծիծաղում է։

Երգը շարունակվում է երաժշտության հետ, և վարագույրը կամաց-կամաց իջնում է)։

ՎԱՐԱԳՈՒՅՐ


ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐՎԱԾ

Մանուկյանների այգին. ամառվա վերջերն է։ Բեմի աջ կողմից մի քանի աստիճաններ և մի դուռ՝ տանում է դեպի ներսը։ Դռան երկու կողքին՝ ծառեր։ Սանդուղքի մյուս կողմից՝ ծաղկանոց, դեպի խորքը։ Բեմի առաջ՝ նստարան, քիչ հեռու, ձախ, մի սեղան, որի վրա կա ուտելիք, բաժակ։ Սեղանի մոտ՝ աթոռներ։ Խորքում մի կարճ ցանկապատ՝ մեջտեղը մեծ դարբաս։ Ցանկապատի մյուս կողմը փողոցն է։ Հորիզոնում երևում են անտառ ու լեռների ստվերագծեր։ Կեսօր է։


1) Բաղղասար-ամի, Զաքար, Մարգար, Սերոբ, հետո՝ Կիրակոս


ԲԱՂԴԱՍԱՐ.– (Հրում է այգու դուռը և զգույշ՝ ներս մտնում։ Ետևից երևում են մյուսները։ Չորս կողմն են նայում ամենքը, հետո ներս են գալիս)։ Ըստեղ չի… Նե՞րս գնանք…

ԶԱՔԱՐ.— (Առաջ է գալիս)։ Ինչի՞ չէ. խնդիրք ունենք, փո՛ղ ենք տալու… (Համարձակ գնում է դեպի տան դուռը

ՄԱՐԳԱՐ.— Կա՛ց, տո՛, Կիրակոսի՛ն ձեն տու… Էշ խո չե՞նք, որ բիրդան ներս ընկնենք։

ՍԵՐՈԲ.— (Քայլում է դեպի տան դուռը)։ Կացեք ես ձեն տամ…

ԿԻՐԱԿՈՍ.— (Տան դռնից երևում է սրճամանը ձեռքին։ Երբ տեսնում է գյուղացոց՝ խստությամբ)։ Հը՞, ի՞նչ ա. ի՞նչ եք ուզում:

ԶԱՔԱՐ.— Աղին մեկ ձեն տա՞ս, քե՛զ մատաղ:

ԿԻՐԱԿՈՍ.– Ո՞ր աղին:

ԲԱՂԴԱՍԱՐ.— Ալեքսան բեկին… Գործ ունենք։

ԿԻՐԱԿՈՍ.— Հրե՛ն ինքը կգա հիմի… Սուդո՞ւմը գործ ունիք:

ՄԱՐԳԱՐ.— Հա՛, իմը սո՛ւդի գործ ա։

ԲԱՂԴԱՍԱՐ.— Ես էլ եկա, հա՛նց որ… Ասում են, չանի, Ալեքսան բեկը… հանց որ… զակո՛ն ա գտել ասում են… որ բա՛ն ա, վերսիլով պարտքը կարանք չտանք։

ԿԻՐԱԿՈՍ.— (Ցած է դնում սրճամանը և ծիծաղում)։ Ո՞նց… Բա որ ըտենց ըլեր, առաջ հազր էդ զակոնովը ի՛մ վեքսի՛լը կոչնչացներ… Լա՛վ են էշացրել քեզ, ամի՛…

ԶԱՔԱՐ.— Դե ամին մեղավոր չի… Քյաչալ Մարտիրո՛սն ա ասել… Հալբաթ ծիծաղած կըլի:

ԲԱՂԴԱՍԱՐ.– Բա ինչպե՞ս անենք, քե՛զ մատաղ… Բա թողամ հանց որ… բա՞ղս էլ խլի… էս տարի խո բերքիս կե՛սն էլ կտանի։

ԿԻՐԱԿՈՍ.— Ո՞վ, Գրիգոր աղա՞ն… (Մոտենում է խորհրդավոր)։ Թե խելք ունես, ամի՛, անսա՛ս տեղդ գնա. Գրիգոր աղան ուզում ա Ալեքսան բեկին իրան փեսա շինի… իմացա՞ր…

ԲՈԼՈՐԸ.— Բո՛… Ղո՞րթ…

ԶԱՔԱՐ.— Լսել եմ։ Սրանց ասում էի՝ չէին հավատում… Տեսա՞ր, Բաղդասա՛ր ամի. դե հմի բա՛ղդ էլ գնաց, դու էլ հետը:

ԲԱՂԴԱՍԱՐ.— (Գլուխն է երերցնում): Բա ասում էին՝ Ալեքսան բեկը ուսում առած մարդ ա, գեղացու ցավը գիտի՛, արդարության կողմը կբռնի…

ՄԱՐԳԱՐ.— Դե արդարությունն էլ է՛ն ա, որ մարդ իր աներոջը դատաստանի չի քաշի, է՛լի… Բա չե՞ս իմանում, որ երկու տեսակ արդարություն կա։

ԲԱՂԴԱՍԱՐ.– Էդ խո աբլակատ Մարտիրոսը դառավ… Փող չունեցողի համար, ասում ա, ուրի՛շ արդարություն, հարուստի համար՝ ուրիշ։ (Գլուխն է երերցնում)։ Բա ինձ ասել են, թե օրենքը ամենքի համար մե՛կ ա…

ԿԻՐԱԿՈՍ.— Մեկ լինելը՝ մեկ ա, ամա արի տես, որ ինձ ու քեզ համար օրենքով շարժվողները մեկ չեն… Ամա դո՛ւ գիտես, կուզես՝ սպասիր. հմի աղեն կգա:

ՍԵՐՈԲ.— Ե՛ս էլ խնդիրք ունեմ…

ԿԻՐԱԿՈՍ.— Քոնը իմանում եմ… (Գնում է դեպի դուռը)։ Մի քիչ ըտեղ կացեք, էն ա՝ կգա…


2) Նույնք և Ալեքսանդր


ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Ամառվա հագուստով, գլուխը թաց, մտնում է տան դռնից)։ Հա՛… Գյուղացի՞ք են… (Մոտենում է)։ Բարև ձեզ։ Երևի ինձ հետ գործ ունեք։

ԲԱՂԴԱՍԱՐ.— Հրամա՛նք ես, Ալեքսան բեկ… Սո՛ւդի գործ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Լա՛վ… Համեցեք նստեք… (Կիրակոսին)։ Ո՞ւր ես գնում, ինձ համար կոֆե բերի՞ր։ ԿԻՐԱԿՈՍ.— Է՛ն ա բերել ե՛մ… Մարգարիտը կգա՝ կլցնի (Գնում է

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Նստում է նստարանի վրա): Համեցե՛ք, նստե՛ք։

ԶԱՔԱՐ.— Վնա՛ս չունի, աղա՛, սենց էլ լավ ա:

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Չէ՛, ինչո՞ւ… Ա՛յ, էն աթոռները առեք… Եվ կամ մեկդ հենց այստեղ, կողքիս նստեք… Ի՞նչ է, քաշվո՞ւմ եք… Ձեր գյուղացին չե՞մ, թե՞ ես յադ եմ ձեզ համար:

ՍԵՐՈԲ.— Ինչի՞ յադ, քեզ ղուրբան, մեր Սահակ բեկի տղան չե՞ս, մեր քուչեքումը, մեր տներումը քի՞չ ես խաղացել…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Հա՞… Ավելի լավ… Մենք բոլորս էլ մի երկրի զավակներ ենք և եղբայրներ: Ի՞նչ անենք, որ ես Մոսկով եմ գնացել… Խո էլ ըստեղացի՞ եմ, գյուղացի և ձեր ընկերը… Նստի՛ր, Բաղդասա՛ր ամի, դու խո յադ չե՞ս, հորս հասակի մարդ ես… Ա՛յ, այստեղ, կողքիս նստիր… Դո՞ւ էլ գործ ունէս սուդումը…

ԲԱՂԴԱՍԱՐ.— (Նստում է կողքին և սկսում է համարձակություն ստանալ)։ Դե ի՞նչ անենք, Ալեքսան բեկ, քեզ մատաղ… Դինջ թողնո՞ւմ են, որ… Ես սուդումը գործ չունեմ, չէ… Իմը ուրիշ բան ա… (Մյուս գյուղացիք, մեկը աթոռի, մյուսներն ուղղակի գետնի վրա նստոտում են

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Բաղղասարին)։ Վնաս չունի, առաջ դու ասա… Ի՞նչ է, չլինի՞ առնելիք ունես սրանից-նրանից և ուզում ես հավաքել, որ հոգեբաժին շինես… (Ծիծաղ։ Մյուս գյաղացիք էլ ծիծաղում են։ Առհասարակ ամենքը սկսում են բացվել հետզհետե

ԶԱՔԱՐ.— Ա՛ քեզ մատաղ, Ալեքսա՛ն բեկ, ի՞նչ լավ արիր, որ եկար… Էն անիրավ Քյաչալ Մարտիրոսից մեզ կազատես… Դաղո՜ւմ է, դաղո՜ւմ… Զակոնը, դե՛, իրա ձեռքումը, հասկացողն էլ՝ ինքը… Դե՛, մենք էլ միամի՜տ, անգե՜տ… Պոկո՛ւմ ա ու պոկում, ու դեռ մեզ էլ անիրա՛վ դուրս բերում… Աստված քեզ օրհնի, որ եկար, որ իմանա՜ս, սաղ գեղը քեզ օրհնում ա…

ԱԼԵՔՍԱՆԴՐ– Լա՛վ, լավ. շնորհակա՛լ եմ… Ես էլ ձեր գյուղացին եմ, չէ՞, իմ պարտքն է ձեզ օգնել, ձեր ցավերի մասին աշխատել, չթողնել, որ ձեզ խաբեն… Հա՛մ էլ, օրենքը որ կա — ամենքի՛ համար է: Բանն այն է, որ էդ օրենքները ձեզ ծանոթ չեն… Ի՛նչ որ է. ղոչա՛ղ կացեք, քանի ես կամ — ոչ ոք չի կարող առանց օրենքի բան բռնել ձեր դեմ։

ԲՈԼՈՐԸ.— Ա՛յ, աստված քեզ օրհնի… Ա՛յ դու ողջ կենաս… Աստված երկար կյանք տա…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Շնորհակա՛լ եմ… (Բաղղասարին): Դե՛, ամի՛, ասա տեսնինք. գործդ ի՞նչ է. առնելիք ունես, չէ՞… ԲԱՂԴԱՍԱՐ.— Չէ՛–հա, քե՛զ մատաղ, որ ասե՛ս՝ պատանքի փող էլ չունեմ… հլա պարտքն էլ վզիս… Լսել եմ յանի որ… հրամանքդ զակոն ես գտել… հանց որ… վեքսիլով պարտք ըլեմ մեկին… մեկ ընենց մարդու, է՛լի… Որ յանի էդ վեքսիլով 100 մանեթ առած ըլեմ ու 150 գրած ըլի… որ էս երկու տարի էլ քաղիցս տամ, ցորենիցը տամ, եղիցը տամ… ու է՛լ հետ 200 մանեթ պարտք ըլեմ… Լսել եմ յանի որ… էդ զակոնովը, հրամանքդ էնպես կանես, որ կազատես ինձ էդ աստծու պատժիցը…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Ժպտուն)։ Սպասի՛ր… Ուրեմն դու պարտք ես առել միայն 100 ռուբլի՞…

ԲԱՂԴԱՍԱՐ.— Հա՛, քեզ մատաղ, աստված էլ գիտի (գյուղացոց ցույց տալով), սրանք էլ գիտեն… Մեկ տարի բաղս բերք չտվավ, տո՛ւրք պիտի տայի…

ԶԱՔԱՐ.— Ա՛յ Բաղղասար ամի, յանի զո՞ւր չես խոսում, էդ խո ըլելու բա՛ն չի. առել ես՝ պիտի տաս…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Իհարկե, իհարկե, առել ես՝ պիտի տաս… Բայց դու ասում էիր, թե 200 մանեթ է դարձել պարտքդ. հա՞:

ԲԱՂԴԱՍԱՐ.— Տոկոս եմ տվել, տոկո՜ս… 100 մանեթը երբ առա, չէր տալիս՝ մինչև 150-ի տակ ձեռք չքաշեցի… բաղից-բանից էլ հարյուրից ավելի տված կըլեմ… էս տարի վեքսիլը թազացրեց — չկարացի տալ — 150-ը 200 շինեց… (Գյուղացոց)։ Ըսենց չի՞, ա՛ խալխը. դուք ու ձեր աստված, սո՞ւտ եմ ասում…

ԲՈԼՈՐԸ.— Ղորթ ա, ըտե՛նց ա…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Գլուխն է երերցնում)։ Հը՞մ… վեքսիլի մեջ խո չի՞ գրած, որ հարյուրը տոկոսն է։

ԶԱՔԱՐ.— Բա գրա՞ծ կըլի. գիժ խո չի՞։ Ինչի՞, մենք չե՞նք իմանում, որ զակոնով էդքան տոկոս չի ըլի… ամա որ նեղն ա լծո՜ւմ, դու էլ որ պե՜տք ես ունենում…

ԲԱՂԴԱՍԱՐ.— Հա՜, քե՛զ մատաղ, նե՛ղն ա լծում… Ասում ա՝ է՛ս կուզես-տամ… Որ վեքսիլն էլ չես ուզում թազացնի — գալիս բողազիդ ա չոքում, ուզում ա սուդը տա, տունդ ու տեղդ խլի…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Սպասիր… Դու ասացիր, որ 150 ռուբլու էր առաջին վեքսիլդ, երբ թազացրիր… Իսկ հինը հետ տվա՞վ քեզ, երբ երկրորդը առավ։

ԲԱՂԴԱՍԱՐ.— Չէ… ընչի՞ որ… Կըլի որ ճղած ըլեմ… հա՛ ամա. մի՛տս ա, ի՛նքը հենց ինձ մոտ ճղեց ու գցեց…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Դառն ժպիտով)։ Խամություն ես արել, ամի՛… Բայց տեսնե՛նք, առաջ մեկ ասա, որի՞ն ես պարտ… ԲԱՂԴԱՍԱՐ.— (Շփոթված և լուռ քիչ, մյուսներին է նայում)։ Սկի… չե՛ս ճանաչի…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Որ նկատում է գյուղացոց շփոթմունքը) Հը՞, էդ ո՞վ է, որ դժվարանում եք անվանել… Պիտի ասեք, որ գործ սկսե՞մ, թե՞ չէ… (Հանկարծ մի բան հիշելով, ոտքի է ելնում, ուշադրությամբ նայում է գյուղացոց, դեմքը մռայլվում է. խիստ)։ Չլինի՞ էլի…

ԲԱՂԴԱՍԱՐ.— (Ոտքի է ելնում, վախեցած)։ Մի նեղանա՛, քե՛զ մատաղ… Ես հիմարացա… Որ իմացա, մտածեցի, թե ուսում առա՛ծ մարդ ես, կըլի որ արդարության կողմը պահես…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Ավելի խիստ)։ Ուրեմն նա՛ է՝ Գրիգոր աղան…

ԲՈԼՈՐԸ.— (Որ կանգնած են, լուռ՝ գլուխները խոնարհեցնում են։ Քիչ լուռ

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Շատ լա՛վ ես մտածել, Բաղդասա՛ր ամի, որ եկել էս ինձ մոտ… Այդ գործը թեև դժվար է, թղթե՛ր չունես, փաստ չկա, բայց ես վերցնում եմ ինձ վրա… Գյուղացիք վկա կկանգնե՞ն։

ԶԱՔԱՐ.— Ով ասես… Ո՛ղջ գեղը վկա։

ՍԵՐՈԲ.— Բոլորս վկա ենք… Դաղեց մեզ ախր էդ մարդը, ամենիս տունն էլ քանդեց։

ԲԱՂԴԱՍԱՐ.— Օրհնվե՛ս դուն, Ալեքսա՛ն բեկ, թե էդ մարդին մեկ ընե՛նց, է՛լի, ոլորես, սուդի տակ գցես — սաղ գեղը կազատես, մեր փրկիչը կդառնաս…


3) Նույնք և Մարգարիտ


ՄԱՐԳՈ.— (Վազելով ներս է գալիս): Ուշացա, չէ՞, Սա՛շա… (Տեսնելով գյուղացոց՝ կանգ է առնում)։ Սրա՞նք ինչ են ուզում։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Գործ ունեն ինձ հետ… Կոֆեն շինիր ու գնա՛։

ՄԱՐԳՈ.— Իսկ Թերե՞զը… Շլյապան էր հանում, որ այստեղ գա։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Թերե՞զը… Շո՛ւտ, ներս գնա և մի կերպ պահիր՝ մինչև սրանք գնան… Շուտ կվերջացնեմ… Այստեղ մի՛ գաք. գնա՛…

ՄԱՐԳՈ.— (Զարմացած նայում է նրան, հետո կամաց-կամաց՝ ներս գնում

ԳՅՈՒՂԱՑԻՔ.— (Թերեզի անունը լսելիս՝ իրար են նայում, հետո փսփսալ սկսում

ԶԱՔԱՐ.— (Մարգոյի գնալուց հետո)։ Քե՛զ մատաղ, Ալեքսա՛ն բեկ, չնեղանաս։ Դե՛, մենք է՛լ գիտենք, որ Գրիգոր աղային դժվա՛ր ա կպչելը… Էլի ինչքան չըլի՝ զոռբա ա, փող շա՛տ ունի։

ՄԱՐԳԱՐ.— Համ էլ մեր նեղ օրերին էլի նա ա հասնում… ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Բարկացած): Լռեցե՛ք, այդ ինչե՜ր եք ասում։ Ինչպե՜ս թե զոռբա է, փող շատ ունի… Թող ունենա։ Արդարությունը՝ ուժ, հարստություն չի՛ ճանաչում. նա մե՛կ է ամենքի համար։ Ասացի ձեզ. երկու ամսից ավելի է՝ այստեղ եմ, և օր չեղավ, որ նրա անիրավությունների մասին նոր բաներ չպատմեն ինձ… (Բաղդասարին)։ Գործդ ես կվերցնեմ, ամի՛։ Ո՛չ մի կոպեկ էլ չեմ առնի քեզնից… Ժամանա՛կն է գյուղն ազատելու այդ հրեշի ձեռքից… (Զաքարին): Իսկ դո՞ւ ինչ գործ ունես, քո՞նն էլ պարտքի, տալիքի զործ է։

ԶԱՔԱՐ. - Բաղս խլում են, Ալեքսա՛ն բեկ. գործը հին սուդումը. որդիքս կկոտորվեն քաղցածությունից։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ո՞վ է, դարձյա՞լ Գրիգոր աղան։

ԶԱՔԱՐ.— Չէ՛, քե՛զ մատաղ, Ավետիսանց Գաբրելն ա…

ԲԱՂԴԱՍԱՐ.— Սո՛ւտ ա, ա՛ խալխը, սո՛ւտ ա… Ես ձեզ ասել եմ ու կասեմ, որ Գաբրելը սկի կո՛պեկ չունի, ո՞րտեղից քեզ 500 մանեթ տվավ… է՛լի Գրիգոր աղան ա… Ա՛յ կտեսնեք, բաղիդ վրա աչք ա տնկել ու Գաբրելի՛ն ա մեջ գցել…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Մարգարին և Սերոբին)։ Իսկ դո՞ւք ինչ գործ ունեք… (Հիշելով)։ Հա՛… ձեր խնդիրը պատրաստել եմ… Ուզածս թղթերը բերի՞ք։

ՄԱՐԳԱՐ.— (Հանում է ծոցից թղթեր և տալիս է): Հրե՛ս, բերել ենք…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Առնում է)։ Լա՛վ… Երբ գործը կնշանակվի, ձե՛զ էլ իմաց կտամ… Ապահո՛վ եղեք, իրավունքը ձե՛ր կողմն է։

ՍԵՐՈԲ.— Այ, աստվա՜ծ քեզ օրհնի… Բաս մենք կպրծնենք, է՜լի…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Անպա՛տճառ։

ԶԱՔԱՐ.– Բաս ի՞մ գործը ոնց անենք, Ալեքսա՛ն բեկ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Քո գործն էլ ես կվերցնեմ։ Իհարկե դու էլ վկաներ կունենաս… Մի քանի օրից է՛լի եկեք, ես մեկ տանուտերի հետ կխոսեմ, հետո ձեզ կանչել կտամ։

ԲԱՂԴԱՍԱՐ.– Բաս գնա՛նք, ա՛ խալխ։ Աստված մեր Ալեքսան բեկին մեզ համար սա՛ղ պահի։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Մի՛շտ եկեք ինձ մոտ առանց քաշվելու՝ երբ գործ ունենաք։ Մեկ էլ այսուհետև առանց ինձ հարցնելու սկի՛ ձեռք չքաշեք վեքսիլի կամ ուրիշ թղթի… էդ քյաչալից էլ զգույշ կացեք, ասում են, որ Գրիգոր աղայի մարդն է… (Բաղդասարին): Ա՛մի… (Զաքարին): Դո՛ւք էլ. էս երեկո եկեք ինձ մոտ՝ խնդիրներդ գրեմ և մտածենք, թե ի՞նչ պիտի անենք… Մեկ 5-10 վկաների անուննե՛ր էլ բերեք… Գրիգոր աղան չլինի՝ ով ուզում է լինի– եթե անիրավ է, ձեռքիցս չի՛ պրծնի. միայն թե՝ վկաներ…

ԲՈԼՈՐԸ.— Ամենքս, ո՛ղջ գյուղը…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Շատ լավ ուրեմն… Չփախչեք, ա՛յ… իմացե՛ք, որ արջին թե բռնեցինք, էն ա բռնել ենք։ Թե ձեռքից բաց թողնենք, վայն եկել ու ձեզ տարել է հետո։

ԲԱՂԴԱՍԱՐ.— (Ուրախ): Բաց չենք թողնի աստծով… Աստված քեզ օրհնի… Թե բաղս ու տունս ազատեցիր՝ ընտանիքով օրհնող կըլենք։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Նրա ուսը ծեծելով)։ Լա՛վ, լա՜վ, ա՛մի։ Օրհնի՛ր դու, որ հաջո՛ղ տանենք գործը։ Թե չէ՝ շատ էլ հեշտ չի այդ արջին թալակ գցելը… (Սպառնալից)։ Բայց որ գցեցինք, է՜է՜…

ԲԱՂԴԱՍԱՐ.— Այ դու շա՛տ ապրես… էն սուրբ խա՛չը քեզ օգնական… (Բարեմաղթություններով և ուրախ խոսակցելով՝ բոլոր գյուղացիք դուրս են գնում


4) Ալեքսանդր (մենակ), հետո՝ Սահակ


ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Մի րոպե լուռ և խոհուն՝ նայում է գյուղացիների ետևից, հետո կամաց-կամաց գնում և սուրճ է լցնում):

ՍԱՀԱԿ.– (Տան դռնից հանդարտ ներս է գալիս. պահ մի զննում է հեռվից որդուն, ապա սանդուղքից իջնում է)։ Մենա՞կ ես, Սա՛շա:

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Դառնում է դեպի նա)։ Մենակ եմ… Բա՞ն ունես ասելու։

ՍԱՀԱԿ.— Մարգոն ասում էր, որ գյուղացիներ կան, և դու նրանց արգելեցիր գալ քեզ խանգարելու։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Գնացին… Եկել էին գանգատի… վաշխառուների մասին էր դարձյալ… (Խիստ)։ Դարձյա՛լ նա է, հա՛յր, մի՛շտ այդ մարդը…

ՍԱՀԱԿ.— Ա՜ս՜ս… Թերեզան ներսումն է… Գրիգոր աղայի մասի՞ն է խոսքդ, չէ՞… Տեսա, Բաղդասար ամի՛ն կար եկողների մեջ… (Տխուր)։ Թշվա՜ռ ծերունի…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ուրեմն դո՞ւ էլ գիտես, թե նա ինչ է արել ծերունուն։ Եվ ինձ չէի՞ր ասում… Ո՛չ, հա՜յր, վճռել եմ ձեռքումս եղած բոլոր փաստերի հիման վրա՝ կովի՛ ելնել նրա դեմ, գյուղը միանգամո՛վ ազատել, վերջ տալ նրա արածներին…

ՍԱՀԱԿ.— Կամա՛ց խոսիր, ո՛րդի… Նստի՛ր, նստի՛ր մեկ այստեղ: (Նստում է

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Այսպե՛ս էլ լավ է: Սաստիկ վրդոված եմ… Հարյուր ռուբլի տալ, երկու տարի մեծ տոկոսնե՛ր առնել, հետո էլ երկա հարյուր ռուբլու պահա՛նջ դնել, ծերունու և նրա ընտանիքի ապավեն այգի՛ն խլելու ելնել… Ինչի՞ նման է սա: Մե՛կ չէ, երկո՛ւ չէ… Ամբողջ մի ամիս է, ինչ հարստահարության պատմություն եմ լսում – միայն և մի՛շտ այդ մարդն է երևում մեջտեղ, իր սարդային արյունո՛տ ճիրաններով։ Ո՛չ ոքի չի խնայել, ո՛չ ոքի…

ՍԱՀԱԿ.— (Լուռ և գլուխը խոնարհած): Այո՜…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Ավելի բորբոքված)։ Մեզ բարեկամություն է ցույց տալիս, զգո՛ւմ է, որ պիտի բացվե՛ր ինձ համար նրա աղտոտ դեմքը, գյուղացի՛ք պիտի դիմեին… Եվ կամենում է իր խոստումներով հորդորել ինձ՝ հեռանալու գյուղից, արգե՛լք չլինելու իր խայտառակություններին… Բայց օ՜, նա ինձ լա՜վ կտեսնի և լա՛վ կզգա… Չպիտի հեռանամ ես. պիտի մնամ և նրան քշե՛լ տամ այս կողմերից…

ՍԱՀԱԿ. — Սա՜շա, ի սեր աստծո, ինչե՜ր ես ասում, մտածի՛ր մեկ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Միշտ բորբոքված)։ Մտածելու պե՛տք չկա։ Երդվե՛լ եմ ես արդարության կողմը լինել։ Ես դրա՛ համար եմ ուսել… Ւնքդ էլ տեսնում ես. թշվառների դառն քրտինքո՜վ է հարստանում այդ մարդը. ճզմո՛ւմ է ամենքին. կրակ դրել՝ գյո՛ւղն է վառում… Էլ ո՞ր օրվա համար ուսում առա. ինչո՞ւ բերնիցդ զրկեցիր և փող ուղարկեցիր ինձ. որ արդարությունը պաշտպանելու համար զինվեմ ու զինավարժվեմ…

ՍԱՀԱԿ.— (Միջահատում է)։ Սպասի՛ր, Սա՛շա, մի տաքանա… Ախր որ ամեն բան չգիտե՜ս… Գուցե սո՛ւտ են ասում, թշնամությո՛ւն անում… (Տխուր և ինքը իր համոզմանը դեմ)։ Ա՛խ, գուցե՛, գուցե… Բայց ի՞նչ ասեմ… Հոգուս ինչո՞ւ մեղք բառնամ… Ճի՛շտ են, ճի՛շտ՝ բոլորը…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Ահա՛, տեսա՞ր… Դո՜ւ էլ ճշտում ես ուրեմն։ Ես չեմ հասկանում դրանից հետո, թե ինչո՞ւ երկու շաբաթից ի վեր դու արգելում ես ինձ նրա դիմակը պատռելու, նրան դատարան քարշ տալու, ճզմելու և ոչնչացնելու…

ՍԱՀԱԿ.— (Հուսահատ): Սպասի՛ր… (Հուզված ելնում է, տրորում ճակատը։ Հետո հանկարծ շուրջն է նայում, վարանում է և հուսկ, ուրեմն վճռականորեն մոտենում է որդուն, բռնում նրա թևից և՝ խռպոտ շշուկով)։ Լսի՛ր, Սա՛շա… Ո՛չ, այլևս չե՛մ կարող ծածկել… Լսիր, ի՛նչ կասեմ… Ե՛տ կաց այդ գործից, հանգիստ թող Գրիգոր աղային… (Ավելի հուզված)։ Եվ կամ, որն ավելի՛ լավ է, գնա՛ քաղաք. թո՛ղ գյուղը, թո՛ղ, խնդրում եմ քեզ, աղաչո՛ւմ եմ՝ թո՛ղ… ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Ետ է քաշվում զարմացած)։ Ինչպե՞ս, թողնե՞մ գյուղը… Գնա՞մ… Ձանձրացրի՞ ձեզ արդեն, ինձ վռնդո՞ւմ ես…

ՍԱՀԱԿ.— (Նեղացած)։ Ախ, չէ՛, որդի՛ս, չէ՛, աստված գիտի՛, որ չէ… Ի՛նձ էլ, մե՛զ էլ հետդ տար։ Գնա գործերդ կարգի դիր՝ մե՛նք էլ գանք… Հերի՛ք է այստեղ… Է՛լ չեմ կարող…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Բայց ինչո՞ւ, ի՞նչ է եղել… Ինչո՞ւ ես թաքցնում որդուցդ, ի՞նչ կա… (Բռնում է հոր թևից և քիչ լուռ՝ սպասում, հետո՝ խիստ): Խոսի՛ր, հա՛յր, ուզում եմ իմանալ, վերջապես… (Քիչ լուռ, հետո՝ ծիծաղելով)։ Կամ գուցե վախենում ես… որ հաղթվե՞մ, նա արդա՞ր դուրս գա և ինձ անպատվի՞… (Քրքիջ)։ Ինչ վախկո՜տն ես եղել, հա՛յր… (Քաջ)։ Մի՛ վախենա, ի՛մ կողմն է արդարությունը՝ թեկուզև հաղթվեմ ես, լռեցնե՛ն ինձ… Բայց ես կխոսեմ ամեն կերպ, կգոռա՛մ… Եվ վերջապես՝ խամ չեմ ես, գիտեմ օրենքները, փաստե՛ր ունեմ…

ՍԱՀԱԿ.— (Ավելի հուզված): Չէ՛, չէ՛… ա՛յդ չէ… (Նստում է և գլուխը ձեռքերի մեջ առնում։ Մի վայրկյան լռություն է

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Հա՛յր…

ՍԱՀԱԿ.— (Գլուխը բարձրացնում է և պղտոր հայացքով նայում

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Ծանրակշիռ): Խոսի՛ր, հա՛յր… Ի՞նչն է քեզ ստիպում պաշտպանել նրան… Չլինի՞ դու էլ, գյուղացոց նման, մտածում ես, թե… Խոսի՛ր, վերջապես, հա՛յր… (Մոտենում է և կողքին նստում): Ուրեմն այդ չէ քո պաշտպանության պատճառը, չէ՞…

ՍԱՀԱԿ.— (Վճռականորեն): Ոչ, այդ չէ… Եվ ո՞րտեղից ՛հանեցիր, որ ես նրան պաշտպանում եմ… Աստվա՛ծ էլ գիտե, մարդի՛կ էլ գիտեն, որ նրա ո՛չ մի գործի մեջ չկա՛ արդարություն, որ այդ հարստությունը դիզված է՝ խեղճերին կողոպտելով… Ես չե՛մ պաշտպանում, ո՛չ. բայց ես ի՛նքս, մենք, դո՛ւ, մայրդ և քույրդ… բոլո՛րս էլ նրա ձեռքի մեջ ենք…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Վեր է թռչում տեղից)։ Ինչպե՞ս… Մե՞նք, նրա ձեռքի մե՞ջ… (Հանկարծ հասկանում է)։ Ուրեմն դո՛ւ… դու պա՞րտք ունես նրան… Պարտքե՞ր ունես դու… և այն էլ՝ նրա՞ն… (Հուզմունք)։ Ո՞րքան է. և ինչո՞ւ… (Ավելի հուզված և հուսահատ)։ Նրա ձեռքի մե՞ջ… ե՜ս, բոլո՜րս… (Հորը)։ Իսկ դու փող չունե՞ս, չունե՞ս նրան տալու… Եվ շա՞տ է այդ պարտքը…

ՍԱՀԱԿ.— Հինգ հազար։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Սոսկումով)։ Հի՜նգ հազար… Բայց ինչո՞ւ, ի՞նչը ստիպեց քեզ պարտք անելու… Եվ ինչո՞ւ ինձ չէիր գրում այդ ամենը… (Հուսահատ): Ախ, հա՛յր, հա՛յր, այս ի՞նչ դրության մեջ էս ձգում դու ինձ…

ՍԱՀԱԿ.— (Մեղմ, հանդիմանական)։ Սա՜շա։ (Ոտքի է ելնում)։ Լսի՛ր ինձ: (Մոտենում է)։ Իսկ դու ինչո՞վ ուսար: Պակասե՞ց երբեք քո փողը այս չորս տարվա ընթացքում։ Երբեք դու մերժումն ստացա՞ր, երբ փող ուզեցիր… Իսկ այդ գումարների մեծ տոկոսնե՜րը, տոկոսների տոկոսնե՜րը…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Ընկճված՝ գլուխը խոնարհեցնամ է)։ Իրավո՛ւնք անես, հա՛յր… Ների՛ր ինձ, էս չէի մտածել, կարծում էի՝ փո՛ղ ունես, եկամո՛ւտ ունես այգուց…

ՍԱՀԱԿ.— Այգին հենց առաջի՛ն տարվանից գրավ է նրա մոտ. արդյունքի կե՛սը գրեթե՝ տոկոսի է գնում… Տունն էլ անցյա՛լ տարի գրավ առավ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Լիովին ընկճված)։ Ամեն ինչ կորսվա՞ծ է այլևս… (Կռթնում է ծառին հուսահատ։ Երկուսն էլ լուռ են


5) Նույնք և Գրիգոր աղա


ԳՐԻԳՈՐ.— (Այգու փողոցի դուռը մեղմությամբ բաց է անում, ներս մտնում և ետևից վրա քաշում

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Որ տեսնում է նրան, ցնցվում, ուշքի գալիս, զսպում է իրեն և սառը՝ մնում է անշարժ

ՍԱՀԱԿ.— (Նույնպես նկատում է նրան։ Ժողովում է իրեն և մնում է տեղում անշարժ

ԳՐԻԳՈՐ.— (Մի վայրկյան փոխնիփոխ զննում է երկուսին էլ, հետո կեղծ ժպիտ դեմքին, սիրալիր)։ Բարև ձեզ… Խանգարեցի՞… Ասի աղջիկս այստեղ է… Այս կողմերիցն էի անց կենում… (Մոտենում է)։ Հը՞… Ի՞նչ է եղել, տխո՞ւր եք… Չլինի՞ կռվել եք։ (Սահակին): Երևի մի քիչ խի՞ստ ես խոսել հետը, հը՞… Ջահելի հետ խոսելը դեռ չես սովորել… (Ալեքսանին)։ Մի՛ նեղանա, ո՛րդի, հա՛յր է. միշտ որդոց լա՛վն են ուզում հայրերը… Համ էլ Սահակ բեկը խելոք մարդ է… (Նստում է)։ Նրա՛ն դու լսիր, զուր բաներ չի՛ ասի…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Շարժվում է տեղից և չոր)։ Սխալվում եք, մենք չե՛նք կռվել:

ՍԱՀԱԿ.— (Տխուր ժպտում է)։ Է՛հ, ինչո՞ւ պիտի կռվեինք, խոսո՛ւմ էինք էնպես… Հրամանոցդ չէի՛նք սպասում…

ԳՐԻԳՈՐ.– Հա՛, տեսնո՛ւմ եմ… Ասի՝ մեկ մտնեմ, Սաշի քեֆը հարցնեմ… Բաս ո՞ւր է, մեր աղջիկը ձեզ մո՛տ էր եկել. ախր… Ախպե՛ր, էլ Թերեզին պահել չի լինում։ Չգիտեմ, ինչ-որ շատ է սիրել ձեր… Մարգարիտին: Գիշեր-ցերեկ նրա վրա՛ է խոսում: Տեղիցը վեր է կենում թե չէ՝ «Գնա՛մ Մարգարիտի մոտ»։ Յա թե չէ՝ «Սե՛րգո, գնա Մարգարիտին ասա՝ ինձ մոտ գա»… Որ բան է, ըստեղ ընկավ, է՛լ տուն վերադառնալ չկա…


6) Նույնք և Թերեզա


ԹԵՐԵԶԱ.— (Տան դուռը բաց է անում, կիսովին երևում և շուրջն է նայում, առանց գլխարկի): Գնացե՞լ են գյուղացիք… (Ներս է գալիս սանդուղքների գլխից)։ Ֆո՛ւհ, Ալեքսա՛նդր Սահակիչ, ինչ վա՜տ մարդ եք եղել, ճշմարիտ… Մի ժամ է, որ մեզ ներսը փակել եք… (Մոտենում է և ձեռք է պարզում Ալեքսանին)։ Բա՛րև ձեզ… (Հորը)։ Դու է՞լ այստեղ ես, հայրի՞կ։

ԳՐԻԳՈՐ.— Բո՜ւ, ա՛յ աղջի, մեկ ժամ է այստեղ ես և նո՞ր ես տեսնում Սաշային… Չլինի՞ դու էլ նոր ես գալիս։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ներսն էին. ես այստեղ զբաղված էի։

ԹԵՐԵԶԱ.— (Հորը): Երևակայի՛ր, հայրի՛կ, մի ժամ է, որ այս անտանելի՛ մարդը մեզ ներսում փակել է և արգելել պարտեզ իջնելու – թե ի՞նչ է՝ մի քանի գյուղացիների հետ գործ ունի։

ԳՐԻԳՈՐ.— Ը՛մ, դա՜… Փաստաբան մարդ է, աղջի՛կս, իհարկե, չպիտի խանգարել… Երևի գյուղացիները գործե՛ր ո՛ւնեին հանձնելու… (Ժպտալով): Ե՛ս էլ տեսա նրանց ճանապարհին՝ այստեղից գնալիս… (Ալեքսանին): Բայց գիտե՞ս ինչ կասեմ քեզ, Ալեքսա՛ն բեկ. (Խրատական); Ինձանից քեզ խրատ չի՛ հասնի, բայց, դեհ, որքան չլինի, փորձված, հորդ հասակի մարդ եմ… Գյուղացիներին, որդի՛ս, շա՛տ էլ վստահել չի՛ կարելի… Նախ որ՝ սկի ուղիղ բան նրանցից լսել չես կարող, էս՝ մեկ… Վրա երկրորդ՝ որ նրանք ամեն բան մեծացնում են… (Ոտքի է ելնում)։ Լուն՝ ո՛ւղտ են շինում։ (Սահակին)։ Հը՞, Սահա՛կ բեկ… Սաշան ջահել է, դո՛ւ ասա, դու լա՛վ կճանաչես գյուղացոց, ասածս ճիշտ չէ՞։

ՍԱՀԱԿ.— (Խուսափողական)։ Ի՞նչպես ասեմ… Ասենք՝ իհարկե…

ԳՐԻԳՈՐ.— (Խոսելով՝ հետզհետե մոտենում է Սահակին)։ Մեկ էլ որ… Ա՛յ, դու էդ լա՛վ կգիտենաս… Էդ գյուղացիք զահլա՛ են տանում: Կխոսան, կխոսան՝ բան չե՛ս հասկանա… Վայ է՝ թե ուրիշի կովը մի քիչ խոտ կրծեց իրենց այգու ծայրիցը։ Իսկո՛ւյն գանգա՜տ, ղալմաղա՜լ… (Ժպտուն): Հիմի էլ խո՞… փաստաբան կա գյուղումը, Ալեքսան բեկը գյուղացիների պաշտպանն է… (Նուրբ ծաղր)։ Էնպես է անում, որ մարդ կարո՛ղ է իր պարտքը չտալ — թեկուզ մուրհա՛կ տված լինի, փող էլ առած… Ես ի՞նչ գիտեմ… Որ լսես նրանց – կասես, թե Ալեքսան բեկը հրաշքնե՛ր գործելիս լինի… (Ալեքսանին)։ Չէ՛, որդի՛, դու մե՛զ լսիր — շատ երես մի՛ տալ դրանց, թե չէ ժամանակդ էլ կխլեն ու ոչինչ էլ օգուտ չես ստանա… (Սահակին)։ Հը՞, լավ չե՞մ ասում, Սահա՛կ բեկ…

ՍԱՀԱԿ.— (Մեղմ)։ Դե, իհարկե, ձեր ասածն էլ ճիշտ է… Բանը շա՛տ են մեծացնում, չնչին բանը բան շինում։

ԳՐԻԳՈՐ.— Դու դրան է՛դ հասկացրու, է՛դ… Որ էդպես, ամենքի առաջ դուռը բաց անի, ամենքին ականջ տա - ողջ օրը պիտի չնչին գործերո՛վ զբաղվի… (Մտնում է Սահակի թևը և խոսելով սկսում է հեռու տանել

ԹԵՐԵԶԱ.— Դե՛հ, այժմ հույս ունեմ, որ ազատ եք այլևս… Կարո՞ղ եմ մնալ այստեղ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ազատ եմ… Դուք գուցե սո՞ւրճ կկամենայիք… (Գնում է դեպի սեղանը

ԹԵՐԵԶԱ.— Ո՜չ, թողեք, ես արդեն խմել եմ։

(Այդ միջոցին Սահակն ու Գրիգորը մտել են պարտեզի խորքը և այլևս չեն երևում։
Բեմի վրա քիչ լուռ է։ Ալեքսանը կռթնել է մի ծառի, մռայլ է, ակնարկը գետնին։ Թերեզան, նստարանի վրա, երկար նայում է նրան):

ԹԵՐԵԶԱ.— Խոսեցե՛ք… Բայց երևի դուք մտքով դեռևս գյուղացիների հետ եք…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Նայում է նրան և քիչ մոտենում)։ Դուք նեղանո՞ւմ եք… Այդ մարդիկ իրենց ցավե՛րն էին եկել պատմելու ինձ… Եվ որպիսի՜ ցավեր… Մի՞թե ձեզ չեն հետաքրքրում երբեք նրանց վշտերը։

ԹԵՐԵԶԱ.– (Թեթևամտությամբ)։ Է՛հ, Ալեքսանդր Սահակիչ, ինձ թվում է, որ դուք երբեմն ամեն ինչ շա՛տ եք մեծացնում և սրտի մոտիկ վերցնում… (Ժպտալով)։ Հայրս դրան ասում է «գրքերի քամիներ»… Չեմ գտնում, օրինակ, որ գյուղացիք, հիրավի, այնպիսի մեծ ցավեր ունենան, որ պետք լիներ ձեր ամբողջ ուշադրությանը և ոգևորությանը… (Նկատելով Ալեքսանի դժգոհ շարժումը)։ Դուք նեղանո՞ւմ եք ասածներիցս… (Քիչ լուռ)։ Լա՛վ ուրեմն, այո՛, գուցե ես սխա՛լ եմ… Ո՞վ գիտե… Բացատրեցեք գոնե… Ես գրեթե ոչի՛նչ կամ սխալ գիտեմ այդ բոլորի մասին… (Լուռ)։ Ինձ միշտ կրկնել են, որ գյուղացիք լուն ո՛ւղտ են շինում, լալկա՛ն են՝ թեկուզ հարուստ էլ լինեն… կեղծո՛ւմ են, դիտմա՛մբ աղքատ ձևանում, գանգատվում են և դժգոհություն հայտնում անտեղի կերպով… Չգիտեմ, ճշմարիտ, թե որքա՛ն իրավացի են այդպես ասողները…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ձեզ խաբե՛լ են, օրիորդ… Եվ այդ նրա համար են խաբել, որովհետև տեսել են, որ լա՛վ սիրտ ունեք, կարող եք հուզվել անիրավությունից… գուցե մինչև իսկ բողոքել, աղմուկ հանել… Դուք էլ անձամբ չեք կարողացել և կամ չե՛ք ջանացել իմանալու… (Քիչ լուռ)։ Բայց, եթե կուզեք, ես, իբր նմուշ, մի քանի խոսքով նրանց ցավերից մի ամենածանրը պատկերացնեմ ձեր առաջ…

ԹԵՐԵԶԱ.– Խնդրեմ. շնորհակալ կլինեմ… Հիրավի, այժմ մտածում եմ, որ ես չափազա՛նց տգետ եմ մնացել և շուրջս կատարված իրողությունների խորքը թափանցելու չե՛մ ճգնել… Եվ դուք այնքա՛ն լավ եք խոսում, որ… ինձ հաճո՛ւյք է ձեզ լսել… Դե՛հ, խոսեցեք… (Թեթնամտաբար՝ ծիծաղելով)։ Երևի սոսկալի բաներ եք պատմելու, չէ՞… (Կոկետաբար): Ա՜խ, դուք ֆանտազյոր…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Դեմքը կնճռելով): Ֆանտազյո՞ր… Այդպե՞ս եք համարում դուք ինձ։

ԹԵՐԵԶԱ.— (Ծիծաղելով): Այն հաստափոր Մատվեյ Եգորի՛չն է ձեր մասին այդպես խոսում։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Իսկ դո՞ւք…

ԹԵՐԵԶԱ.— (Լրջանում է)։ Ե՞ս… ես միայն գտնում եմ որ դուք… այո՛, չափազա՛նց լուրջ եք և զգայուն… այնպե՜ս, է՜լի… շա՜տ խորն եք մտածում… մի՞թե այդ լավ է… (Լուռ)։ Ա՛յ, հենց այս րոպեիս էլ. այնպե՛ս տխուր դեմք ունեք, որ կարծես մի ծա՜նր բան է պատահել… (Տխուր)։ Ու ինձ էլ չեք ուզում մասնակից անել ձեր ցավերին… Ե՛վ դեռ ասում եք, որ բարեկամ լինենք…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ճշմարիտ է… Այո՛, այս րոպեիս սրտիցս արյուն է հոսում…

ԹԵՐԵԶԱ.— (Վախեցած և բոլորովին լրջացած՝ գնում է դեպի նա)։ Ուրեմն իրա՞վ է, մի դժբախտությո՞ւն է պատահել ձեզ հետ… Ասացեք, ասացե՛ք ինձ ձեր վիշտը…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Տխուր, գլուխն է ցնցում)։ Ո՛չ… Դա ձեզ գուցե չհետաքրքրի… մասնավո՛ր բան է…

ԹԵՐԵԶԱ.— Թո՛ղ լինի, պատմեցեք ի՛նձ ևս, ի՛նձ էլ տխրեցրեք, ե՛ս էլ եմ ուզում տխրել ձեզ հետ, ուրախանալ ձե՛զ հետ… (Հուզված իր ասածներից՝ դարձնում է գլուխըԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Բռնում է նրա ձեռքը)։ Թերե՛զ… Ախ, որքան լա՜վն եք դուք… միմիայն դուք…

ԹԵՐԵԶԱ.— (Սեղմում է ձեռքը)։ Ավելի՛ լավացրեք ինձ… խոսեցե՛ք, ամբո՛ղջ սրտովս լսում եմ ձեզ: (Ձեռքը մեղմությամբ հանում է և քիչ ետ քաշվում

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Սթափվում է, զսպում իրեն, քիչ՝ լուռ է)։ Խոստացա ձեզ մի նմուշ պատմել գյուղացու անհուն վշտերից, մի նմուշ նրա կրած տանջանքներից, լա՛վ ուրեմն, լսեցեք… (Լուռ): Ձեզ հավատացրել են, օրինակ, որ նրանք աղքատ չեն ու ավելի՛ հարուստ են, քան դուք… և ես… որ նրանք անընդհատ գանգատվում են, սովորություն են դարձրել լալկանությունը… Բայց, ոչ, օրիորդ, սո՛ւտ, սո՛ւտ են այդ բոլորը։ Եթե անձամբ մտնեք նրանց խրճիթները, տեսնեք նրանց կերածը, զգա՜ք նրանց կրած նեղությունները… Երբ տեսնեք, օրինակ, թե ինչպե՛ս վաշխառուն խլո՛ւմ է նրանց բոլո՛ր ունեցածը իր պարտք տված մի չնչին, բայց տոկոսներով խոշորացած գումարի փոխարե՜ն… Մի խոսքով, եթե տեսնեք նրանց այլևայլ անհաշի՛վ տանջանքները — կզարմանաք, թե մարդիկ ինչպե՞ս կարող են այդքա՛ն տանջվել և քաջություն ունենալ ապրելու… (Քիչ լուռ)։ Կուզեի՞ք արդյոք իմանալ, նույնպես իբր նմուշ, թե ի՞նչ էին եկել ինձ պատմելու այդ գյուղացիները…

ԹԵՐԵԶԱ.— Ասացեք…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Հուզված, բայց վճռական)։ Նրանցից մեկը, օրինակ, Բաղդասար ամին…

ԹԵՐԵԶԱ.— Ճանաչում եմ այդ ծերունուն։ Հաճա՛խ է նա մեր տուն գալիս. յուղ, մածուն, հա՜վ է ընծա բերում միշտ… Շա՜տ բարի գյուղացի է…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Մռայլ)։ Ահա այդ լավ ծերունին, որ ընծաներ է բերում ձեզ, իր տանը, իր երեխաներին ուտեցնելու հա՛ց չունի… Այգին շուտով ձեռքից կխլեն, կո՛վն էլ… որովհետև ինչ որ բերք է ունենում, ցորեն հնձում, մի մասը, մի մեծ մասը տալիս է ուրիշի…

ԹԵՐԵԶԱ.— Սպասեցեք… Ես ձեզ չե՛մ հասկանում… Իսկ ինչո՞ւ է տալիս. հարկի փոխարե՞ն, կամ գուցե պարտքե՞ր ունի…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Այ՛, պարտք ունի… (Լուռ)։ Մեկից, մի ժամանակ, երբ նեղ օրումն է եղել, պարտք է վերցրել 100 ռուբլի, իսկ ստորագրություն է տվել 150 ռուբլու…

ԹԵՐԵԶԱ.— Բայց ինչո՞ւ, եթե 100 ռուբլի է վերցրել, ինչո՞ւ է 150 ռուբլու ստորագրություն տվել։ ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Այլապես՝ պարտք տվողը չէ՛ր համաձայնում տալ. իսկ ծերունին պետք ուներ։

ԹԵՐԵԶԱ.— Բայց դա խո անիրավությո՜ւն է, անգթությո՜ւն… Մի՞թե այդպիսի մարդիկ կան մեր գյուղում։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Ավելի հուզված)։ Դեռ լսեցեք… (Քիչ լուռ): Երկու տարի անդադար, այդ խեղճ ծերունին իր պարտքատիրոջն է տարել, տոկոսի փոխարեն, այգուց, ցորենից, յուղից… իսկ, վերջ ի վերջո, ստիպվել է մի նոր ստորագրությունով՝ 150-ը դարձնել 200… Եթե չաներ, կխլեին նրա տունուտեղը, ամեն ինչը…

ԹԵՐԵԶԱ.— (Սաստիկ վրդովված՝ ոտքի է ելնում)։ Բայց դուք սոսկալի՜ բաներ եք պատմում… Երբ մտածո՜ւմ եմ… խե՜ղճ Բաղդասար ամի… Անշո՛ւշտ հայրս չգիտե այդ բոլորը, պիտի հայտնել, ապահո՜վ եմ, որ կօգնի թշվառին…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Բայց դեռ ավելի սոկալի՛ն պատմեմ ձեզ… (Լուռ, խիստ մռայլ)։ Դուք, անշո՛ւշտ, դեռ չեք մոռացել Սրբաշեն գյուղի փորձանքը… Մի գիշերվա մեջ ամբողջ գյուղը գրեթե մոխի՛ր դարձավ հրդեհից, տավա՜ր, մա՜րդ… Հիշո՞ւմ եք։

ԹԵՐԵԶԱ.— Այո՜… ի՞նչ եք ուզում ասել։ Այդ ժամանակ ես Թիֆլիս էի, բայց լսեցի, սարսափելի բան էր։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Այո՛… Դեպքից շատ ժամանակ չի անցել… Ես Թիֆլիսից նոր էի գալիս և պատահմամբ ընկերացա այնտեղ գնացող մի քանի պարոնների հետ, որոնք Թիֆլիսում կազմված օգնություն հասցնող հանձնաժողովից էին ուղարկվել։ Դեպքից իսկո՛ւյն հետո արդեն՝ հաց, հագուստ և ուրիշ օգնություններ էին հասցրել թշվառ և բացօթյա մնացած վիրավորներին և անոթիներին…

ԹԵՐԵԶԱ.— (Ուղիղ նրա երեսին նայելով): Այո՛… Հա՛յրս էլ, հիշում եմ, երկու հարյուր ռուբլի նվիրեց…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Սառը): Գուցե… Այդ պարոնների հետ մենք, մթնանում էր, երբ Սրբաշեն հասանք: Գյուղացիք նստել էին իրենց խրճիթների մոխիրների վրա, փլատակների առաջ… Կանայք արտասվում էին վիրավորների և մեռածների վրա… Ո՛ղբ, արտասո՛ւք… Սոսկալի՜ տեսարան էր… Իսկ եթե տեսնեիք վառվածնե՜րը, եթե լսեիք նրանց աղաղակն ու ճի՜չը… (Քիչ լուռ)։ Հետս եղած բժիշկը իսկույն ցա՛ծ թռավ իր օգնականի հետ, իսկ ես, հուզված մոտեցա մի պատի տակ կիտված գյուղացիների և խոսեցի, մխիթարեցի… Ահա՛, այդտեղ էր, որ մի սոսկալի՜ բան լսեցի… Գուցե սա ձեզ անհավատալի թվա, սակայն ստուգեցի, իրողություն էր… (Քիչ լուռ)։ Գյուղացիք պարտք ունեին մի վաշխառուի. վաշխառուն արդեն հրամա՛ն ուներ առնելու գյուղացիներից իր պարտքը՝ որևէ կերպով… ու եկել խլել էր նրանցից…Թիֆլիսից իբրև նպա՛ստ, անոթիներին և մերկերին իբր օգնություն ուղարկված ցորենը, ալյուրը… գրեթե ամեն ինչը…

ԹԵՐԵԶԱ.— (Սաստիկ վրդովված)։ Դո ՛ւք… դուք հրեշային բանե՛ր եք պատմում… Եվ այդ վաշխառուն ա՞յն է, նո՞ւյնը…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Նա՛ է… Մի ամբողջ գավառ ճանկերի մեջ առած, չի խնայում նրանց թշվառությունն իսկ… Երաշտի, անբերրիության տարի է գալիս, պարտք են վերցնում… վաշխառո՛ւն է երևան գալիս…

ԹԵՐԵԶԱ.— Սարսափելի՛ է… Շա՜տ, շա՜տ ահռելի… (Մի րոպե լուռ, հետո հանկարծ մոտենում է Ալեքսանին)։ Եվ դուք դրանց դե՞մ է, որ կռվել եք ուզում, դրա՞ համար է, որ մտածում եք գյուղում մնալ… Ասացե՛ք, դուք նրանց կոչնչացնեք, չէ՞…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Լուրջ և հաստատուն)։ Այո՛, դրա՛ համար է… Ես նրանց կջնջեմ աջ ու ահյակ, կջնջեմ անխնա, գյուղում մնալով՝ չեմ թողնի ես, որ այսուհետև այդպիսի ավազակները կողոպտե՛ն գյուղացիներին…

ԹԵՐԵԶԱ.— (Մի րոպե հիացած նրան նայելուց հետո պարզում է իր ձեռքը)։ Դուք հերո՛ս եք, ահա թե ինչ… Ես հիմա՛ր էի, որ աշխատում էի հանե՛լ ձեր գլխից՝ գյուղում մնալու միտքը… Հայրս, ձեր օգտի համար, պատվիրել էր ինձ անպատճառ համոզել, որ գյուղում չմնաք… բայց ես ձեզ կատարելապե՛ս հասկանում եմ այժմ… (Ուզում է ձեռքը ետ քաշել

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Չի թողնում ձեռքը)։ Ո՛չ, ո՛չ, թողե՛ք ինձ ձեր ձեռքը… Օ՛հ, որքա՜ն, որքա՜ն լավն եք դուք, Թերեզ, և ես ձեզ որքա՛ն սիրում եմ…

ԹԵՐԵԶԱ.— (Հուզված, երերուն)։ Ե՛վ ես… ես… թո՛ղ ձեռքս, Սաշա՛, մեր հայրերը գալիս են… Ձեզ ես հասկանում եմ… թողե՛ք…


7) Նույնք, Գրիգոր և Սահակ


ԳՐԻԳՈՐ.— (Հեռվից սկսելով): Բա՜ս… որ ասում եմ… (Երևում է)։ Կխաբեն խեղճ տղին, կխաբեն… (Ալեքսանին ու Թերեզային, որոնք միմյանցից հեռացել են)։ Այստե՞ղ եք դուք դեռ։

ՍԱՀԱԿ.— Մարգո՞ն ուր է։

ԱԼԵՔՍԱՆԴՐ. — Ներսումն է…

ԳՐԻԳՈՐ.— Երևի ճաշի պատրաստություն է տեսնում… (Սահակին)։ Դե՛հ, Սահակ բեկ, մե՛նք էլ ներս գնանք ու մեր էն գործը կարգադրենք… Թո՛ղ դրանք ըստեղ խոսան, ջահել են… Մեկ էլ՝ որ դրանց լեզուն մենք չենք հասկանա… Գնա՛նք։

ՍԱՀԱԿ.— Համեցեք… (Առաջ է ընկնում և տան դուռը բաց անում

ԳՐԻԳՈՐ.— (Քայլելով այն կողմը և աստիճանների վրայից)։ Երբ գնալու լինես, Թերե՛զ, ինձ իմաց տուր։

ԹԵՐԵԶԱ.– Լա՛վ, հայրի՛կ, մենք այս րոպեիս ներս կգանք…

ԳՐԻԳՈՐ.— (Կանգ առնելով): Ես խո չասի էդ… Ինչքան քեֆներդ կուզի— չա՛նա խփեք… Ձերը խո է՛դ է— խո՛սա, հա խո՛սա… էս թա՛տրոն է, էս բա՜լ է… Ես ի՞նչ գիտեմ… (Ծիծաղում է)։ Դրուստ չե՞մ ասում, Ալեքսան բեկ… (Սահակին)։ Դե՛հ, գնա՛նք, Սահակ բեկ… (Ժպտում է և Սահակի ետևից ներս մանում):


8) Թերեզա և Ալեքսանդր


ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Սպասում է, որ դուռը փակվի, հետո վազում է դեպի Թերեզը ու ձեռքերը բռնում)։ Խոսի՛ր, Թերե՛զ… Ասա, մի՞թե դու ինձ չես սիրում, մի՞թե ես սխալվել եմ։

ԹԵՐԵԶԱ.- (Քնքշությամբ կպչում է նրան)։ Կամա՛ց խոսիր, Սա՛շա… Դու լավ տեսնում ես…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Գրկում է և գգվում)։ Ի՛մ հրեշտակ… (Հանկարծ թողնում է նրան գրկից և դեմքը կնճռած՝ քիչ հեռանում)։ Բայց սպասեցեք… Ես դեռ ամեն ինչ չեմ ասել… Եվ դա՝ իմ կողմից վա՛տ բան է…

ԹԵՐԵԶԱ.— (Թարմացած և վախեցած)։ Ի՞նչ եղավ քեզ… Ա՛հ, գուցե դու ուրիշի…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Արագ միջահատում է)։ Ո՛չ, ո՛չ, ա՛յդ չէ՛ (Քիչ լուռ)։ Լսեցե՛ք, օրիո՛րդ… Դուք իմացա՛ք իմ վճիռը… Ես պիտի մնամ գյուղում, լինեմ գյուղացիների պաշտպան, վարե՛մ նրանց արդար դատը… Ինձ հե՞տ եք դուք…

ԹԵՐԵԶԱ.— Միայն ա՞յդ… (Ապահովված և ժպտուն՝ մոտենում է)։ Ես ինքս ուրախությամբ կօգնեմ քեզ այդ ավազակներին կախելու… Եվ ամենից առաջ՝ այդ խե՛ղճ ծերունու դահճին… Դու կարող ես, չէ՞, կարո՞ղ ես…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Հո՛ւյս ունեմ… (Ավելի լուրջ)։ Մի խոսք ևս… (Դժվարությամբ)։ Ի՞նչ կասեիր, օրինակ, եթե այդ վաշխառուն… հա՛յրս լիներ…

ԹԵՐԵԶԱ.— (Սարսափած ետ է քաշվում)։ Հա՞յրդ… Դու կատակո՛ւմ ես, Սա՛շա… Սահակ աղա՞ն, այդ բարի ծերունի՞ն… ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Այո՛… օրինակ հենց… հայրս… Մարդու արտաքինը խաբուսիկ է։ Գուցե հայրս մի կեղծավոր է, մի ավազակ, որ գիտե մեզ նմանների մոտ իրեն բարի ձևացնել…

ԹԵՐԵԶԱ.— (Միջահատելով)։ Բայց լսի՛ր, ի սեր աստծո, այդ ինչե՜ր ես ասում… Դու հայհոյում ես, այդպես բան չի կարող լինել, ո՛չ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Իսկ եթե այդպե՛ս է, եթե փաստե՛ր կան… (Փորձիչ)։ Եթե նույնիսկ գյուղացինե՛րը պնդեն ու հաստատեն… Եվ եթե դու լինեիր ազնի՛վ մարդ, սիրեիր ինձ, նույնիսկ շա՜տ սիրեիր — ի՞նչ կանեիր, կխնայեի՞ր հորս, չէի՞ր ջարդի նրան, չէի՞ր ազատի գյուղացիներին նրա ճիրաններից… (Մոտենում է հետզհետե): Խոսի՛ր, Թերե՛զ, քո խոսքերի՛ցդ, ասելիքի՛ցդ կախված իմ երջանկությունը…

ԹԵՐԵԶԱ.— (Լուռ, դժգույն՝ նստում է, շատ մեղմ)։ Չգիտեմ… Անհավատալի բանե՛ր եք ասում… Չի՛ կարող լինել… Սխալվում եք անշուշտ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Իսկ եթե չեմ սխալվում, եթե զորեղ փաստե՜ր ունեմ…

ԹԵՐԵԶԱ.— Դուք ինձ տանջո՛ւմ եք… Փորձո՛ւմ եք դուք ինձ… (Քիչ լռությունից հետո՝ հանկարծ ոտքի է ելնում, խիստ զննող՝ նայում է Ալեքսանին, ապա՝ շեշտելով և ծանր)։ Ի՞նչ եք ուզում ասել… (Դողդոջուն)։ Պարզ, ուղղակի խոսեցեք… Ձեր հայրը չէ՛ այդ վաշխառուն… Դուք ա՛յդ չէիք ասելու…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Թերե՛զ, դուք ինձ չե՛ք պատասխանում։

ԹԵՐԶԱԱ.— Պատասխա՛ն… Ահա՛… եթե ճշմարիտ են ձեր ասածները… ավազակը ավազակ է, թեկուզ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Թեկուզ նա ձե՛ր հայրն իսկ լիներ…

ԹԵՐԵԶԱ.— (Ցնցվում է և գունատ՝ կռթնում ծառին): Ա՜հ… զգում էի, զգում էի… (Գլուխը ձեռքերի մեջ առնում, հանկարծ հեկեկում է և ընկնում նստարանի վրա


9) Նույնք և Մարգարիտ


ՄԱՐԳՈ.— (Ներս է վազում)։ Թերե՛զ, հա՛յրդ գնում է… (Տեսնելով Թերեզայի դրությունը՝ սառած մնում է)։ Վա՜յ, Թերե՛զ… (Վազում է դեպի նա

ԹԵՐԵԶԱ.— (Թույլ՝ ելնում է)։ Ոչինչ չկա… Այնպե՛ս… Գնա՛նք… (Ալեքսանին): Կատարեցեք այնպես, ինչպես զգում եք… Սակայն հասկանո՞ւմ եք. նա իմ հայրն է… և այդպիսի դեպքում…. մեր մեջ չի կարող լինել ոչինչ… (Գնում է դեպի տան դուռը, այնտեղ մի վայրկյան շվարած կանգնում, հետո մեկեն գլուխը դեմ է տալիս դռան): Աստվա՛ծ իմ, աստվա՛ծ իմ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Վազում է դեպի նա): Թերե՜զ, ների՛ր ինձ…

ԹԵՐԵԶԱ.— (Հեռացնում է նրան)։ Ո՛չ… Վաղ թե ուշ՝ պիտի իմանայի… Օ՛, ես այժմ սկսում եմ շա՜տ բան հասկանալ… Հորս ստիպումները… Ամե՛ն, ամե՛ն ինչ… Բայց սիրեցի… Որքա՜ն, որքա՜ն ամոթալի բան… Ո՛չ, հեռո՛ւ կացեք… (Ետ է քաշվում)։ Թողե՛ք ինձ, մոռացե՛ք և… և եթե կարող եք՝ ներեցե՛ք ինձ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Թերե՛զ, մի րոպե, մի բա՛ն մտածենք…

ԹԵՐԵԶԱ.— Ոչի՛նչ… Դուք ասացիք, որ փաստե՛ր ունեք, գյուղացիք բոլո՜րը… Իսկ դուք, դո՞ւք ինչ ունեք նրա դեմ. չէ՞ որ նա ձեզ սիրո՜ւմ է…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Նա մեր պարտատե՛րն էլ է, իմ խե՛ղճ Թերեզ… և մեր այս տո՛ւնը, այգին… Բոլո՛րը գրավ է հորդ մոտ…

ՄԱՐԳՈ.— Սա՜շա…

ԹԵՐԵԶԱ.— (Ավելի գունատ)։ Այդպե՜ս… Եվ դո՞ւք, և ձեր հա՞յրը… Այժմ ավելի հասկանում եմ հորս վարմունքը… Աստվա՜ծ իմ, որպիսի՜ ստորություն…


10) Նույնք, Գրիգոր և Սահակ


(Դուռը բացվում է, և դռան վրա երևում են՝ նախ Գրիգորը, ետևից՝ Սահակը

ԹԵՐԵԶԱ.— (Որ տեսնում է հորը, ուղղվում է և երերուն)։ Հա՛յր… Սաշան իմ ձե՛ռքն է խնդրում քեզանից…

ԳՐԻԳՈՐ.— (Ուրախ): Իրավ… Վա՛հ, այդպես հանկա՞րծ…

ԹԵՐԵԶԱ.— Եվ ես մեր մերժեցի՛…

ԳՐԻԳՈՐ.— (Դեմքը կնճռելով): Մերժեցի՞ր… Բայց ինչո՞ւ… Չէ՞ որ դու ինքդ ասացիր, թե սիրում ես նրան և թե իմ ցանկությունը կկատարես…

ԹԵՐԵԶԱ.— (Բարկությամբ): Ծածկի՛ր, ծածկի՛ր այդ բոլոր կեղտը… Մերժեցի, որովհետև, չե՛մ ուզում քեզ ազատելու գործիքը դառնալ, իբր վարձ՝ քեզ փրկելու… Ես սիրո՛ւմ եմ Սաշալին, բայց եթե մեռնե՛ի իսկ սիրուց, և եթե իմանայի, թե դու ի՞նչ բանի գործիք ես դարձրել ինձ… (Հեկեկայով ընկնում է Մարգարիտի գիրկը, որ նրան ներս է տանում):

(Մի րոպե ամենքը լուռ՝ նայում են միմյանց

ԳՐԻԳՈՐ.— (Բարկությամբ): Այդպե՞ս ուրեմն, պարո՛ն, դու վճռել ես ինձ կռվի՞ բռնվել… Փորձի՛ր… (Չարամիտ ծիծաղով՝ հանում է ծոցից մի մուրհակ)։ Տե՛ս… Ո՛չ ուշ քան մի ամիս — և այս տունը ի՛մն է… (Ծիծաղ)։ Չգիտեիր այս, հա՞…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Գիտեի։ Գիտեի նաև, որ դուք մի գծուծ վաշխառու եք և ամբողջ գավառի հարստահարողը… Արե՛ք, վաղն իսկ արեք…

ՍԱՀԱԿ.— Ալեքսա՛ն… Սաշա՛… Ի սե՜ր աստծո… (Գրիգորին): Գրիգո՜ր աղա…

ԳՐԻԳՈՐ.— (Կատաղի)։ Է՛լ սուս, է՛լ հերիք է… Այս լածիրա՛կը շատ է առաջ գնում… Պրիսյաժնի՜, իմ դե՜մ կռվել… Տեսնե՞նք՝ ի՞նչ կանես հորդ ու մորդ, ի՞նչ կուտեցնես… Գյո՛ւղը մնա, գյուղացիների՛ն պաշտպանի՛ր… Պրիսյաժնի՜…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Բարկությամբ): Դուք անմիջական հրաման ունե՞ք արդեն՝ այս տանը տեր դառնալու…

ԳՐԻԳՈՐ.— (Ավելի կատաղած)։ Անմիջական հրամա՞ն… Տո՛, ո՞ւմ հետն ես խոսում, դժվա՞ր է քեզ դուրս գրել տալ, օրե՞նք չգիտենք, ի՞նչ է…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Լա՛վ, ուրեմն, քանի այդ հրամանը չունեք, այս տան տերը դեռ ես եմ… (Այգու դուռն է ցույց տալիս)։ Համեցե՛ք…

ԳՐԻԳՈՐ.— (Կատաղի)։ Այդպե՞ս, ինձ դուրս էլ ես անում… Լա՛վ, ես քեզ ցո՛ւյց կտամ, թե ո՞վ է Գրիգոր աղան, որ հազար քեզ պես փաստաբանների է մատների վրա խաղացրել… (Քայլում է դեպի այգու դուռը և այնտեղից՝ Սահակին)։ Մինչև մեկ ամիս կա՛մ 5000 ռուբլին իր տոկոսներով և կա՛մ կտեսնենք…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Իսկ առայժմ — համեցե՛ք… (Քայլում է դեպի նա): Ափսո՜ս, որ Թերեզան ձեր աղջիկն է…

ԳՐԻԳՈՐ.— Բայց ո՛չ քեզ նման լածիրակի պատառը… (Քրքիջ)։ Հա՜-հա՜-հա՜… Բաս ուզում էիր կո՞ւլ տալ, է՞լի, աղջկաս՝ հորդ պարտքն էլ վրան… Չէ՛, բարեկա՛մ, Գրիգոր աղան այդքա՛ն էլ էշ չէ… Լածիրա՛կ… (Սպառնալից դուրս է գնում


11) Ալեքսանդր և Սահակ


ՍԱՀԱԿ.— (Քիչ լռությունից հետո՝ հուսահատ): Սա՛շա, մեր տո՛ւնը քանդեցիր…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Խիստ)։ Նա այլևս մերը չէ՛, հա՛յր…

ՎԱՐԱԳՈՒՅՐ
ԵՐՐՈՐԴ ԱՐԱՐՎԱԾ

Գրիգոր աղա Վարակյանի տանը մի հյուրասենյակ՝ հարուստ և ճոխ կահավորությամբ։ Փոքրիկ գրադարան, երկար վարագույրները լուսամուտներին։ Առավոտյան ժամը 10-ի մոտերն է. բաց լուսամատից արևի ճառագայթները ներս են ընկել։ Աջ կողմից մի դուռ՝ տանում է դեպի Թերեզայի ննջարանը։ Խորքում՝ մուտքն է: Թերեզան մի օրորվող աթոռի մեջ նստած՝ գիրք է կարդում։ Բեմի վրա մի քանի րոպե լռություն է։ Դրսից լսվում են խառնիխուռն ձայներ:

1) Թերեզա, տիկին Վարակյան (մայրը)

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— (Տնային հագուստով և փոշոտ՝ մտնում է և ձեռքերն իրար քսելով թափ է տալիս ալյուրոտ ձեռքը)։ Վերջացավ… (Աղջկան)։ Բաս մենա՞կ ես կարդում, ա՛ղջի… (Նստում է մի բազկաթոռի մեջ)։ Շա՞տ ես անցկացել։

ԹԵՐԵԶԱ.— (Տխուր և մռայլ)։ Չէի կարդում… Դեռ չվերջացրի՞ն…

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— Ի՞նչը. ցորեն դատարկե՞լը… Չէ՛, մի՛շտ բերում են… բայց դե՛հ, տեղը արել եմ. ծառաները կհսկեն։

ԹԵՐԵԶԱ.— (Քիչ լուռ): Ասա, մայրի՛կ, հայրս գնե՞լ է այդքան ցորենը: Ի՞նչ պետք է մեզ այդքանը։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.– Ի՛հ, ա՛ղջի… Դե ես ի՞նչ գիտեմ։ Հա՛լբաթ ծախելու համար է։

ԹԵՐԵԶԱ.— Գուցե իր պարտքով տված փողերի տոկոսներն են, չէ՞:

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— Ի՞նչ մեր բանն է այդ. ինչ ուզում է լինի… Հորդ գործերի մեջ ես ո՛չ խառնվել եմ, ո՛չ էլ ուզում եմ խառնվել… Դե՛հ, կարդա տեսնե՛նք… Որտե՞ղ մնացինք:

ԹԵՐԵԶԱ.— (Գրքի վրա է նայում և մտազբաղ)։ «Տղան հասնում է վիշապի տան առաջ»… (Հանկարծ մորը)։ Ասա՛ խնդրեմ, մայրիկ, յուղ, մածուն, ձու… այդ բոլորը որ այնքան բերում եմ մեզ — դրա՞նք էլ տոկոսներ են։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.– Զա՛հլես տարար… Մե՞զ ինչ. կուզեն՝ թող տոկոսներ լինեն… Հա՛լբաթ, փող որ պարտք է տվել – խո ձրի չի՞ տվել… Առևտուրը ա՛յդպես է լինում… Կա՛րդա, հետաքրքիր է, թե վիշապը ի՞նչպես ընդունեց տղային։

ԹԵՐԵԶԱ.- Ի՞նչպես պիտի ընդուներ… Անշուշտ կտոր-կտոր արած կլիներ։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.– (Ժպտուն)։ Հենց է՛դ ա, է՜է՜… Հեքիաթների մեջ մի՛շտ ամենապստիկ տղան սպանում է վիշապին: Ես շա՛տ եմ սիրում այդպես հեքիաթները։ ԹԵՐԵԶԱ.— Սա հեքիա՛թ չէ. այլաբանական զրույց է։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ. — Կուզի՝ յալլիբան էլ լինի մեջը. սի՛րում եմ… Դե՛հ կարդա…

ԹԵՐԵԶԱ.— (Քիչ լուռ ու մտախոհ մնալուց հետո՝ կարդում է)։ «Եվ երրորդ որդին, կտրիճ Միլլեթը, եկավ կանգնեց երկաթե դռան մոտ, վիշապի պալատի առաջ»… (Ընդհատում է, մեկեն դառնում է մորը)։ Կուզեի իմանալ, սրբաշենցիք էլ կա՞ն դրանց մեջ։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— Բա սրբաշենցիք ի՞նչ գործ ունեն ըտեղ:

ԹԵՐԵԶԱ.— Չէ… Ցորեն բերողների՛…

2) Նույնք և Սերգո (ծառան)

ՍԵՐԳՈ.— (Փոշոտ՝ երևում է դռան մեջ): Խա՛նում…

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— Ի՞նչ կա… Թոզոտ ո՞ւր ես զալը մտնում։

ՍԵՐԳՈ.— Բա աղեն ո՞րտեղ ա. գեղացիք սպասում են ախր։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— Էլ ինչի՞ են սպասում, թող գնան է՜լի…

ՍԵՐԳՈ.— Չե՛ն գնում, ասում են՝ աղի հետ գործ ունենք։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.– Իրա օթա՞խում չի։

ՍԵՐԳՈ.— Չէ, մտի՛կ տվի… Խաչատո՛ւրն ա ընտեղ։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.– Դե ուր որ ա՝ կգա… Թող սպասե՛ն… Անց կենալիս Հերիքնազին ասա մսի քյափը քաշի՝ էս ա գա՛լիս եմ… (Ծառան գնում է

ԹԵՐԵԶԱ.— Ինչո՞ւ են սպասում գյուղացիք, մայրի՛կ։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.– Ի՛հ… աղջի… մեկ հալալ չե՛ս թողնում հեքիաթը լսեմ… Դե ես ի՞նչ գիտեմ, հալբաթ գործ ունեն։

ԹԵՐԵԶԱ.— Այո՛… Երևի վեքսիլները նորոգելու… (Ելնում է և գնում դեպի լուսամուտը, այնտեղից)։ Մայրի՛կ. Բաղդասար ամին շա՞տ խեղճ է։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.– Ասում են՝ շա՛տ խեղճ է… ինչո՞ւ ես հարցնում… վեց–յոթ ջան ընտանի՛ք ունի։

ԹԵՐԵԶԱ.— Եվ շա՛տ էլ պարտք… բաս ո՞րտեղից է այդքան ընծա բերում մեզ… (Քիչ լուռ)։ Տոկոսների տե՞ղ է… Դու չգիտե՞ս, մայրիկ, թե նա ո՛րքան է պարտ հորս։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.– Հո՛րդ… (Զարմացած)։ Բա նա ինչի՞ պիտի հորդ պարտք ունենա։

ԹԵՐԵԶԱ.— Ո՛ւնի… 100 ռուբլի է պարտքը, բայց 200 պիտի տա… Հարյուրը՝ մի տարվա տոկոս… Մեկին մեկ… Մածունը, գառը — դրանք էլ ավելի… ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— (Շփոթված)։ Ես էդ չէի իմանում… (Ակամա նեղացած)։ Դե տե՛ղն ա նրան, ինչի՞ ա պարտք անում, թող յորղանի գյորա՛ ոտները պարզի… (Ելնում է և քայլում դեպի դուռը

ԹԵՐԵԶԱ.— Չլսեցի՛նք, թե վիշապը ինչպես ընդունեց տղային:

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— Դե կարդո՞ւմ ես, որ… Գնամ տեսնեմ կուխնումը ի՞նչ են անում. Մատվեյ Եգորիչը էսօր ճաշին մե՛զ մոտ է գալու։

ԹԵՐԵԶԱ.– Դատավո՞րը… Իսկ հա՞յրս երբ կերթա նրա մոտ:

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— (Զարմացած՝ կանգ է առնում)։ Ընչի՞ որ… Երբ կանչի։

ԹԵՐԵԶԱ.— Երևի շուտո՛վ… (Մտախոհ՝ նայում է դուրս լուսամուտից

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— (Քիչ նայում է նրան, հետո գլուխն է շարժում և դուրս գնում

Դրսում խառն աղմուկը մեծանում է. լսվում է Գրիգոր աղայի բարձր ձայնը։ Հետո աղմուկը հանկարծ դադարում է, և Գրիգոր աղան է խոսողը՝ դրսից։

ԳՐԻԳՈՐ.— (Դրսից)։ Լա՛վ, կտեսնե՛նք… Մի քիչ սպասե՛ք…

ԹԵՐԵԶԱ.— (Ցնցվում է, դառնում և գնում է ննջարանը

3) Գրիգոր, քաչալ Մարտիրոս

ԳՐԻԳՈՐ.— (Մտնում է խորքի դռնից, նայում է շուրջը)։ Էս ո՞ւր են մերոնք… (Գնում է դեպի ննջարանի դուռը և քիչ բաց է անում)։ Դու այստե՞ղ ես, Թերե՛զ… Հա՛, կարդո՞ւմ ես։ Լա՛վ, քեզ անհանգիստ չենք անի։ (Փակում է դուռը և Մարտիրոսին): Դեհ, տեսնե՞նք… Նստի՛ր… Ասածներս արի՞ր…

ՄԱՐՏԻՐՈՍ.– Բա չէի՞ անի։ Կանչեցի ամենքին։ Կգան։ Էնպե՜ս ուրախ էին որ…

ԳՐԻԳՈՐ.— (Չար ժպիտով)։ Հիմար լինելուցն է… Նստի՛ր։ Ապա՞, ցույց տուր վեքսիլները… Շա՞տ է։

ՄԱՐՏԻՐՈՍ.– Հինգ հարյուր մանեթի… Հենց որ փողերը տաս՝ ձեռք կքաշեն։

ԳՐԻԳՈՐ — Իսկ գրա՞ծն ինչքան է։

ՄԱՐՏԻՐՈՍ.— Ճիշտ 703 մանեթ… Բոլորը մեկ տարով կամ վեց ամսով… (Հանում է ծոցից մի կապոց և վերցնում է մեկ-մեկ մուրհակները): Ա՛յ, էս մեկը Կարմիր-քարերից Սարուխանինը, 150 կտանք՝ մեկ տարով… Տոկոսն էլ վրան խփած — 317 մանեթի։

ԳՐԻԳՈՐ.— Էլ ինչի՞ յոթը… (Ժպտալով): Ամա հասկանում եմ… Սատանա՜ն ես եղել, հա՜… ՄԱՐՏԻՐՈՍ.– Քո ղուլլուղումը՝ ո՞վ չի ըլի… Ըսենց պակաս թվե՛րն են լավ։ (Շարունակում է)։ Էս մեկը քիչ զոռն էր: Մեր գեղացի ա: Շատ գրել չեղավ, կարդա՛լ էր ուզում տա… 200 ուզեց, ու մեկ սահաթ չանա խփելուց հետո՝ հազիվ թողաց, որ 250 գրեմ։

ԳՐԻԳՈՐ.— (Բարկացած)։ 25 տոկո՞ս… Ինչի՞, փողը չո՞լումն եմ գտել, թե՞ նրա հորն եմ պարտական… Էդ ո՞ր շան որդին էր։

ՄԱՐՏԻՐՈՍ.— Սարիկենց Սմբատը։

ԳՐԻԳՈՐ– (Ոստնում է տեղից)։ Ինչ ես ասո՜ւմ… (Ուրախ)։ Գրավ-բա՞ն. խո գրե՞լ ես։

ՄԱՐՏԻՐՈՍ.— (Ժպտուն)։ Չէ , էլ ի՞նչ գրավ… Վեց ամսով…

ԳՐԻԳՈՐ.— (Ընդհատում է զայրացած)։ Ադա, քյա՜չալ, քեզ չե՞մ ասել, որ մեր գեղացոց հետ գործ բռնելիս՝ առաջ ինձ հետ խոսես… է՛շն ես եղել, է՛շը… Բա դու չե՞ս իմանում, որ նրանց տունը մեր տանը կպած ա…

ՄԱՐՏԻՐՈՍ.— Գիտեմ, ո՞նց չիմանամ… Ամա դե որ չեղա՜վ…

ԳՐԻԳՈՐ.– Պա՛տռի դեն քցի: Չե՛մ տալիս. ո՛չ մի կոպեկ… թե իր տունը գրավ կդնի՜…

ՄԱՐՏԻՐՈՍ.— (Խորամանկ)։ Բա որ գրավ դնի. ինձ ի՞նչ խեր կա դրանից։

ԳՐԻԳՈՐ.– Հա՜յ շունն ես, հա՜… Դե՜, քեզ ես պակա՞ս եմ գոհացրել… Հիսուն մանեթ կտամ, թե Սարիկենց Սմբատը մեկ ճանկս ընկնի։

ՄԱՐՏԻՐՈՍ.— (Ոտքի է ելնում)։ Բաս տուր… (Մի ձեռքով մուրհակն է ցույց տալիս և մյուս ձեռքը պարզում)։ Հրես, ա՜յ. ձեռք քաշած, տունն էլ գրավ դրած, փողն էլ ես տվի, որ դու ինձ տաս…

ԳՐԻԳՈՐ.– (Ուրախ)։ Հարամզադեն ես եղել, հա՜… Ամա հա՛լալ ըլի քեզ — տամ… (Հանում է և տալիս)։ Տո՜ւր վեքսիլը… Տես թե եկող տարի ո՜նց եմ մեր բաղը լենացնում էդ կողմից…

4) Նույնք, Սերգո, Թերեզա

ՍԵՐԳՈ.— (Երևում է դռան մեջ)։ Աղա՛, գեղացիք…

ԳՐԻԳՈՐ.— (Հախուռն)։ Ի՞նչ… Թող սպասե՜ն։

ՄԱՐՏԻՐՈՍ.— Աղա՛, լա՛վ չի, մի սպասեցնի, կեսօր կդառնա, մարդիկ խեղճ են, գործեր ունեն։

ԳՐԻԳՈՐ.— Բաս լավ. գնա օթախս տար՝ գալիս եմ։

ՍԵՐԳՈ.— Ընտեղ ախր Խաչատո՛ւրն ա խաչքարեցոց հետ հաշիվ տեսնում։

ԳՐԻԳՈՐ.— Ըտե՞նց… (Քիչ լուռ)։ Բաս կաց… (Գնում է դեպի Թերեզի ննջարանը, դուռը քիչ բաց է անում և աղջկան)։ Թերե՛զ… (Քիչ լուռ): Որ դուրս գնաս՝ պարտեզում կարդաս, լավ չի՞ լինի,.. Հիմի այստեղ գյուղացիներ կլցվեն, նրանց գոռգոռոցը քեզ կխանգարի։

ԹԵՐԵԶԱ.— (Ներսից)։ Լավ… Գնամ…

ԳՐԻԳՈՐ.- (Աչքով է անում ծառային և ինքը սպասում

ԹԵՐԵԶԱ.- (Քիչ հետո դուրս է գալիս և անցնում, չի պատասխանում Մարտիրոսի խոնարհ բարևին։ Մյուս դռան մոտ հասնելիս՝ դառնում է հորը)։ Հա՛յր, այդ եկող գյուղացիների մեջ սրբաշենցիք էլ կա՞ն…

ԳՐԻԳՈՐ.— (Թարմացած)։ Ի՞նչ… Սրբաշե՜նցիք… Չէ, ինչի՞ որ…

ԹԵՐԵԶԱ.— Ոչի՜նչ… (Գնում է

ԳՐԻԳՈՐ.— (Նրա գնալուց հետո կնճռված ու մտախոհ դառնում է Մարտիրոսին)։ Դու բան հասկացա՞ր…

ՄԱՐՏԻՐՈՍ.— (Ուսերն է թոթվում)։ Բարիշնեն հիվա՜նդ ա երևում…

ԳՐԻԳՈՐ.— (Ծառային): Ասա թող գան հիմի… Խանումին էլ ասա՝ թող մեկ գնա Թերեզի մոտ… (Խիստ)։ Շա՛ն օրը կգցեմ ձեզ, թե բարիշնի քեֆին կպել եք… Գնա՛… (Ծառայի գնալուց հետո)։ Հիվա՜նդ ա երևում… (Կնճռոտ և կատաղի)։ Է՜ն-է՜ն-է՜ն… աբլակատի՛ն… (Սթափվում է և Մարտիրոսին)։ Պրծի՛ր, էլի՞ կա։

ՄԱՐՏԻՐՈՍ.— (Խոնարհ)։ Մեկը մնաց… Շա՛տ չի. 150 — մեկ տարով տված՝ 236 մանեթ… Սպիտակ-շենից։

ԳՐԻԳՈՐ.– Լա՛վ, թող ձեռք քաշեն, երեկոյան բեր ու փողերն ստացիր… Դե՛հ, հիմի դու գնա։ Բաղդասար ամին, բանը թե գան՝ խոսիր հետները, մինչև ես ըստեղ պրծնեմ։

ՄԱՐՏԻՐՈՍ.— (Գնում է դեպի դուռը

ԳՐԻԳՈՐ.— Ամա բաղչեն չմտնեք… Ղալմաղա՛լ էլ չհանեք:

ՄԱՐՏԻՐՈՍ.— Չէ. քուչումը կսպասենք, մինչև մյուսները գնան։ (Գնում է

5) Գրիգոր, Մարկոս, Գալուստ և Հայրապետ (գյուղացիներ)

ԳՐԻԳՈՐ.— (Մենակ, դեմքը կնճռած և մռայլ)։ Ամեն բան ասած կլինի… Սրբաշե՜ն… հը՜մ… Չլինի՞ դա էլ է պատմել… (Սպառնալից)։ Սպասի՜ր, ես քեզ էնպես թռցնեմ որ…

ԳՅՈԻՂԱՑԻՔ.— (Երևում են դռան մեջ, ներս են գալիս և կողքին խոնարհ կանգնում

ԳՐԻԳՈՐ.— (Նրանց)։ Նե՛րս եկեք… Հը՞, ուզում եք թազացնի՞… (Նեղացած)։ Չէ՛, էլ չե՛մ կարող… Փողերս բերեք ու պրծնի-գնա… Գործերս հավաքում եմ-գնում ըստեղից, հավիտյա՛ն գնում… էն ա ձեզ նոր ատվա՜կատ ա եկել, նրա՛ն գնացեք, թող նա՛ պարտք տա ձեզ… Քանի նա կա— էլ ես ի՞նչացու եմ… Ես ձեզ կողո՛պտում եմ—զրկում, ես փիս մարդ եմ… Հրե՛ն, լավ մարդը եկել ա. առանց տոկո՜սի թող տա… Չէ՛, էլ չի՛ կարելի, փո՛ղերս տվեք… Գործերս հավաքում եմ։

ԳԱԼՈՒՍՏ.— Դե էլ ինչո՞ւ ես նեղանում, աղա, մենք սկի ե՞րբ ենք տեսել նրա երեսը… Կամ նա ի՞նչ փող ունի, որ մեզ պարտք տա… Մենք քեզ չե՛նք թողալ… դու մեզ մի՛շտ լավություն ես արել… Էս անգա՛մ էլ արա, քեզ ղուրբան… Չունենք, բան չմնաց, քյասադ տարի էր… Ձմեռս կկոտորվեն՝ թե եղածն էլ ծախենք ու պարտքներս տանք։

ԳՐԻԳՈՐ.– Դե բա ես ո՞նց անեմ, խո պարտավո՞ր չեմ ձեզ… Թե լավություն էր—է՛ս էլ հերիք էր։ Հայ-քրիստոնի պես՝ էս երկու տարի փողս ձեզ մոտ՝ աբարո՛տ չի անում… Խո ես խազնատար չեմ, յա միլիոնատեր… Չե՛մ կարա, չէ, փո՛ղս պիտի տաք… (Խիստ՝ նստում է

ՀԱՅՐԱՊԵՏ.— Մեզ վրա իզո՛ւր ես նեղանում, աղա՛… Չունենք, ո՞րտեղից տանք, խո վերջին ունեցածներս էլ չե՞ս ծախելու։ Մի քիչ մա՛ջալ տուր, տոկոսը վրա՛ն եկ՝ մինչև եկող ամառ…

ԳՐԻԳՈՐ.– (Բարկությամբ)։ Փիե՜… Էդ ի՞նչ տեսակ ես խոսում. տո՛, կասես ե՛ս ըլեմ քեզ պարտական… Բա դու խիղճ չունե՞ս… Ես ի՞նչ ասեմ՝ որ ունեցածս էլ ձեզ մոտ քնացնեմ… Հալա գնացել եք էն… էն լա՛ծիրակին էլ գանգատվել, թե ես ձեզ կողո՛պտում եմ, զրկում եմ…

ԳԱԼՈՒՍՏ.— Բո՜ւյ, մեղա՜ աստծու… Ո՞վ ա ըտենց բան արել… Աստվա՛ծ, ե՛րկինք… Ընչի՞, բա մենք երախտիք չե՞նք իմանում…

ՄԱՐԿՈՍ.— Ա՛յ Գրիգոր աղա, յանի որ ուշք չդարձնես էդ երեխին— չի՞ ըլի… Թող իրա համար հա՛ խոսա, ասի. քեզ ի՞նչ կարա անի որ…

ԳՐԻԳՈՐ.— (Ոտքի է ելնում, հպարտ)։ Բո՛, իհա՜րկե… Նա ո՞ւմ շունն ա որ… Ամա ես ձե՛զ համար եմ ասում, ձե՛զ եմ խղճում… որ ըտենց մարդկանց ձեր մեջը թողաք է՜է՜ — էլ ինձ պես մարդիկ ձեզ չե՛ն օգնի… ինչի՞, գժվե՞լ են, որ հա՛մ օգնեն, հա՛մ էլ խոսք լսեն…

ԳԱԼՈՒՍՏ. — Դե ի՞նչ անենք, ա՛ քեզ մատաղ, դուրս խո չենք անելու գեղիցը։

ԳՐԻԳՈՐ.— Դո՛ւրս կանենք, բա՜ս… Ընչի՞, որ հասարակությունը կամենա, չի՞ կարող թուղթ շինի, նաչալնիկին, գուբերնա՛տորին… Թե էս մարդը մեր հասարակության մեջ չե՛նք ուզում… Հը՞, Մարկո՜ս, սա լավ չի՞…

ՄԱՐԿՈՍ.— Բա ի՞նչ անենք: Ախր մի պատճառ պիտի ըլի՞, թե՞ չէ… Էն մարդը որի՞ն ա վնաս տվել… Յա թե չէ… ՀԱՅՐԱՊԵՏ.– (Ընդհատում է)։ Մեր քյոխվան էլ ասում են, հետը բարեկա՛մ ա, միշտ ընտե՛ղ ա, միա՛սին են։

ԳՐԻԳՈՐ.— (Մարկոսին)։ Պատճա՞ռ՝ ասում ես… Տո սրանից լավ պատճա՞ռ— որ պատվա՛կան մարդկանց անո՛ւնն ա կոտրում, զրպարտում ա… Յա թե չէ՝ խռովություն ա գցում գեղումը…

ԳԱԼՈՒՍՏ.— Ո՞նց կըլի, աղա՛։ Բա ընչի՞, քննություն չե՞ն անի… հենց ընենց մեր ասա՞ծին կլսեն։ Չե՞ն ասի, թե սուդումը գանգատ տվեք ու քննենք… Յա թե չէ՝ որ թուղթ էլ հենց շինենք — ողջ հասարակությունը ձեռք կքաշի՞, քյոխվան կթո՞ղա, չե՞ն հարցնի, թե մարդը ի՞նչ ա արել, որ ուզում եք գեղիցը դուրս քշի…

ՄԱՐԿՈՍ.— Չէ՛, աղա՛, էտ ըլելու բան չի՛… չե՛նք կարա… բան չի դուրս գա։

ԳՐԻԳՈՐ.— (Քիչ նրանց է զննում, հետո հանկարծ ժպտում է և ավելի կակուղ)։ Ա՜յ թէ միամիտ խալխ եք ըլել, հա՜… Հավատացիք, է՞լի, որ իմ շա՛տ վեջն ա, թե նա գե՞ղումն ա, յա չէ… (Խրոխտ)։ Տո՛, ըստի մտիկ տվեք մեկ, է՜… (Գլխարկը վեր է քաշում և ձեռքը ճակատին խփում)։ Ա՜յ, ճակատս բա՛ց ա, ո՛չ ոքից վախ չունեմ։ Ո՛չ գողություն եմ անում, ո՛չ ավազակություն… Հնչի՞ց պիտի վախենամ… Հա՜նաք արի, հա՛նաք… Ա՜մա միամիտ խալխ եք… (Բռնազբոսիկ քրքիջ, հետո լրջանում է)։ Հա՛, դե վնա՛ս չունի, էն որ էդքան խնդրում եք, է՛լի ձեզ լավություն կանեմ, հայ-քրիստոնյա ենք, քանի ձեռքներիցս լավություն գա՝ պիտի անենք… Գնացեք քյաչալին թազա վեքսիլներ գրել տվեք… Աչքի՛ս վրա. թող փողերս մե՛կ տարի էլ ձեր մոտը պառկի, կորած տեղ չի։

ԳԱԼՈՒՍՏ.– Աստված քեզ անպակաս անի։ Աստծով… եկող տարի…

ԳՐԻԳՈՐ.– Աստծո՛վ, աստծո՛վ… Քյաչալը ցա՛ծումն ա. վեքսիլնե՛ր էլ կա մոտը (Գալուստին)։ Քոնը ի՞նչքան ա, Գալո՛ւստ… Հա՛, 125 մանեթ ա, չէ՞… Գրել կտաս 200: Դու էս տարի, գիտե՞ս, բոլորովի՛ն մոռացել ես մեզ։ Ո՛չ բաղիցդ ես մեզ պտուղ, յա գինի… ոչ զատկին մի գառը… Բա մեր փողը հենց ընե՞նց, մո՞ւֆտա պառկի մոտդ… 200 գրել կտաս։

ԳԱԼՈՒՍՏ.— Վա՜յ, աղա՛, էդ ի՞նչ կրակի մեջ ես գցում ինձ… Բա ես կա՞րամ էդքան տոկոս տալ… Բա ինձ ընտանիք չո՞ւնեմ… Մարկոսի՞ց էլ ավելի տոկոս։

ԳՐԻԳՈՐ.— (Բարկությամբ): Էդ դու ո՞րտեղից իմացար, թե Մարկոսից պակաս տոկոս եմ առնելու… Համ էլ՝ Մարկոսը մարդ ա, դո՞ւ ինչ ես։ Նոր տարուն, ծնունդին՝ էլ խոզի ճուտը, է՛լ կարագ, գառը… Ո՛չ մի բանիցը չի մոռանում. մարդը գի՛տի լավություն, երա՛խտիք… (Մարկոսին)։ Քոնը 75 մանեթ ա — գրել կտաս 125… 25 մանեթ պակաս… Էլ մի ասի, թե մենք երախտիքը բանի՛ տեղ չենք դնում…

ՀԱՅՐԱՊԵՏ.— (Գրգռված)։ Ի՛մը ի՞նչքան գրել տամ, աղա՛…

ԳՐԻԳՈՐ.— (Դառնալով դեպի նա, զսպված բարկությամբ)։ Հը՛մ, քո՞նը. 200 չի՞, գրել կտաս 300: Է՛դ ա, կուզես՝ գրել տուր, չես ուզի՝ փողս բեր… ի՞նչ ա, քեֆիդ չեկա՞վ… Բա կարծում ես մոռա՞ցել եմ… Միտդ չի՞, կանչեցի արտս հնձես — չեկար. այգիս փորես՝ փախար… Քեզնից հլա մինչի օրս մի խի՛լ էլա չեմ տեսել…

ՀԱՅՐԱՊԵՏ.— (Բարկությունից դողալով): Բաս էտ ա, է՜լի… Հա՛մ էնքան տոկոս տամ, հա՛մ էլ մուֆտա գամ բա՞նեմ քեզ համար…

ԳՐԻԳՈՐ.— (Կատաղի): Մո՞ւֆտա… Տո բա ես քո հո՞րն եմ պարտական, յա՞ քեզ. տո. բաս քեզ տված փողը իմ կնգա, աղջկա բերնիցը կտրա՞ծ չի, քրտինքովս աշխատա՞ծը չի… Հը, հա՛րամզադա, ասա տեսնե՞նք… Ո՞նց ես էգուց ևեթ սուդը տամ վեքսիլդ, տուն ու տեղդ վեր գրեմ, տավարդ ծախեմ. քեզ չոլերը գցեմ… Ա՜յ ես ձեզ մարդ ասողին, հա՜… Է՞դ ա իմ լավությունը… Գնա՛ կորի, գնա փողս բեր՝ ու ռադ ըլի աչքիցս… Ձեզպեսները պիտի քաղցած սատկեն, որ խելքի գան… հարա՜մզադա…

6) Նույնք և Թերեզա

ԹԵՐԵԶԱ.— (Որ դռնից անշշուկ ներս էր մտել, գունատ՝ կռթնում է դռան և ականջ է դնում

ԳՐԻԳՈՐ.— (Չի նկատում նրան, երեսը Հայրապետին է և շարունակում է, հետզհետե ավելի զայրացած)։ Հա՛յդե, էլ ո՞ւր ես ցցվել ըստեղ… Գնա փողս բեր. որտեղան կուզես՝ 200 մանեթս իր տոկոսովը գտի ու բեր… Թե էսօր չես բերել, աստվա՜ծ է վկա, փալասդ տակիցդ քաշել կտամ…

ՀԱՅՐԱՊԵՏ.— (Խեղճացած և մեղմ): Աղա՛, դե ես ի՞նչ ասի որ… Ախր առածս իսկի հարիր մանեթ չի ըլի, մեկ տարվա մեջ երկու հարյուր դարձրիր, հիմի էլ վրես բարկանում ես, թե ինչ ա մուֆտա չեմ եկել ու բանել քեզ համար, յա թե չէ գառը, գինի ընծա չեմ բերել… ու 300 ես շինում… (Լացի ձայնով)։ Բա ես մե՞ղք չեմ, ուզում ես, որ երեխեքս կոտո՞րվեն, հիվա՜նդ, սովա՜ծ…

ԳՐԻԳՈՐ.— (Կատաղի)։ Տո ի՞նձ ինչ, ա՛խմախ, որ թեկուզ ամենքդ էլ սատկեք… բա որ ըտենց ա, էլ ո՞ւր ես գոռգոռում, ո՞ւր ես մեծ-մեծ խոսում։ Չէ՛, գնա՛, գնա՛ փողս բեր ու ռա՜դ ըլի: Չունես — էգուց ևեթ տակիդ դոշա՛կն էլ քաշել կտամ… հարա՛մզադա… (Շարժում գործելու ժամանակ հանկարծ նկատում է Թերեզային և լռում

ՀԱՅՐԱՊԵՏ. — Աղա…

ԳԱԼՈԻՍՏ.— (Որ նույնպես նկատում է Թերեզային, բոթում է Հայրապետին)։ Սո՛ւս, տո՛…

ԳՐԻԳՈՐ.— (Ճիգ է գործում, քաղցր ժպիտ ստանում և գնում դեպի աղջիկը)։ Հը՜, օթա՞խդ ես ուզում գնալ… Բա էդ ընչի՞ ես գույնդ գցել… Հիվա՞նդ ես… (Գյուղացոց՝ խիստ դեմքով և բուռն շարժմամբ)։ Կո՛րեք…

ԳՅՈՒՂԱՑԻՔ.— (Կծկված՝ անցնում են Թերեզայի մոտով

ԹԵՐԵԶԱ.— (Լուռ՝ ճանապարհ է տալիս և կծկուն դիմագծերով, լաց լինելու պես՝ նայում է նրանց ետևից և հուզված՝ կռթնում դռան

ԳՐԻԳՈՐ.— (Ուզում է բռնել նրան)։ Բո՛ւ… ա՛ղջի, էդ ի՞նչ էլավ քեզ, է՜է՜… Ո՞ւր է մայրդ… (Կանչում է դռնից)։ Ա՛յ կնիկ, Սաթենիկ…

ԹԵՐԵԶԱ.— (Որ երերուն թուլացել էր, ճիգ է գործում, ուղղվում է)։ Ոչի՛նչ, գլուխս պտտեց… Թո՛ղ ինձ, ես սենյակս կերթամ… (Քայլում է դեպի սենյակը, բայց կես ճանապարհին կանգ է առնում և հանկարծ դառնում դեպի հայրը)։ Հա՛յր… ուրեմն… իրա՞վ է այդ բոլորը…

ԳՐԻԳՈՐ.— Ի՞նչը, աղջի՛կս… (Խիստ)։ Դու մեզ լսո՞ւմ էիր… Ի՞նչ ես խառնվում իմ առևտրական գործերի մեջ… Սա առևտուր է, դիմացինդ՝ կոպիտ, անտաշ գյուղացինե՜ր… նստի՛ր, նստիր՝ գնամ մորդ կանչեմ… (Ուզում է գնալ

ԹԵՐԵԶԱ.— (Ուժ տալով իրեն): Ո՛չ… մնա՛, հա՛յր… խոսե՛լ եմ ուզում քեզ հետ… Այդ դուռն էլ փակիր… (Նստում է

ԳՐԻԳՈՐ.— (Ուսերը թոթվելով՝ դուռն է փակում, լուրջ կերպար է ստանում և մոտենում է։ Մի րոպե երկուսն էլ լուռ են։ Թերեզը գլուխը խոնարհած, իսկ հայրը ուշադրությամբ զննում է նրան

ԳՐԻԳՈՐ.— Ապա՞, ի՞նչ է ասելիքդ… Գործ ունեմ, ասա՛… (Կատարելապես զսպել է իրեն, խիստ դեմք է ընդունում և նստում)։ Խոսի՛ր… Թե հիվանդ ես, քաղաք գնա մորդ հետ… Այդ ասե՛լ եմ քեզ, դու չե՞ս ուզում։ Կո՛ւզես՝ հենց ա՛յսօր գնա. երևի կարոտել ես քաղաքին…

ԹԵՐԵԶԱ.— (Զարմացած և լուռ՝ նայում է նրան

ԳՐԻԳՈՐ.— Դե ասա տեսնե՛նք… Թե ցավ ունես և քաղաք չե՛ս ուզում գնալ այստեղի բժիշկը կանչենք,.. Բայց (Ժպտալով)։ Չլինի՝ փող է ուզածդ, հը՞… Գիտես, որ չեմ խնայում ոչինչ,… Ի՞նչքան ես ուզում — տամ։ (Ձեռքը ծոցն է տանում

ԹԵՐԵԶԱ.— (Ցնցվելով ոտքի է ելնում, դեմառդեմ մի րոպե նայում է հորը, հետո խիստ)։ Հա՛յր, դու ինձ մի՛շտ երեխայի տեղ ես դնում… Ամեն բանի վե՛րջը կա, հա՛յր…

ԳՐԻԳՈՐ.— Ուրեմն ի՞նչ է ուզածդ, ի՞նչ է ասելիքդ… Չլինի էլի այն անպիտանի մասին է… Սիրո՞ւմ ես նրան — ինչո՞ւ մերժեցիր… (Հեգնորեն)։ Չուզեցիր իբր վա՞րձ դառնալ իմ փրկության… փրկությո՞ւն… ինչի՞ց, օրիո՛րդ, ումնի՞ց… Նրանի՞ց, այդ լակոտի՞ց… ավելի շուտ մտածիր նրա՛ն փրկել իմ ձեռքից, հասկանո՞ւմ ես. նրան, որի թոզը երկինք կբարձրանա շուտով… (Լրջանում է)։ Թո՛ղ երեխայություններդ, Թերեզ. կարդացածդ ռոմանների միջից վերցրած խոսքե՛րն էլ թող… Սիրո՞ւմ ես նրան — գնա՛, ես խո չե՛մ արգելում։ Ընդհակառակն… Տես ես որքա՜ն բարի եմ և ներողամիտ: Նախատե՛ց ինձ, ավազա՛կ կոչեց — բայց եթե դու կամենաս նրա կինը լինել — ամենը կմոռանամ և հոժարությունս կտամ… Էլ բան ուզո՞ւմ ես։ Սրանից ավելի՞ն…

ԹԵՐԵԶԱ.— (Քիչ լռությունից հետո՝ վճռական): Հա՛յր, ես ուզում եմ, որ դու զղջաս և չշարունակես այլևս այդ կեղտոտ արհեստը, այդ… գյուղացիներին կեղեքելդ… (Խիստ)։ Ամաչո՛ւմ եմ, որ քո աղջիկն եմ, հա՜յր…

ԳՐԻԳՈՐ.— (Ոստնում է տեղից և բարկությամբ)։ Ահա՜ թե ինչ… ամաչում ես, որ իմ աղջի՞կն ես… Այդպե՞ս ես խոսում դու հո՛րդ, հորդ հետ, որ քեզ համար ոչինչ չի խնայել… Ա՞յդ է քեզ ուսման տալուս հետևանքը… Այդպե՞ս ուրեմն… Լա՛վ, դու այսուհետև՛ կտեսնես, կտեսնես, թե ի՞նչ է նշանակում հորդ դեմ զինվել, նրա գործերի մեջը խառնվել…

ԹԵՐԵԶԱ.— Հա՛յր…

ԳՐԻԳՈՐ.— (Խիստ բարկացած): Լռի՛ր։ Անզգամություն չեմ ուզում… Ահա՛ ուսմանդ, քեզ ազատ մեծացնելու, երես տալուս հետևանքը… (Քայլում է դեպի դուռը)։ Չհամարձակվե՛ս հորդ հետ այդպես։ Անզգա՛մ… (Դուրս է գնում և դուռը շրխկոցով փակում ետևից):


7) Թերեզա, տիկին Վարակյան


ԹԵՐԵԶԱ.- (Դեմքը ձեռքերի մեջ՝ մնում է, հետո, հուսահատ ցնցումներով հեկեկում է բազկաթոռի մեջ։ Այդ տևում է մի րոպե, բեմի վրա լոություն էՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— (Ներս է վազում վախեցած): Թերե՛զ, քե՛զ ղուրբան, էդ ի՞նչ ա եղել քեզ… Հերդ ղրկեց, թե հիվանդ ես… (Գրկում է նրան)։ Ասա՛, ո՞րտեղդ ա ցավում… Բժի՛շկ կանչենք…

ԹԵՐԵԶԱ.– (Բարձր հեկեկալով՝ ընկնում է մոր գիրկը)։ Ա՛խ, մա՛յր, մա՛յր, որքա՛ն թշվառ եմ ես…

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— Բո՛ւյ… ա՛յ աղջի, ի՞նչի, ի՞նչ էլավ քեզ… Գնա՛նք, գնանք պառկիր… (Տանում է ննջարանը, որի բաց դռնից լսվում է Թերեզայի հեկեկալու ձայնը

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— (Ննջարանից)։ Բո՛ւյ, ա՛ղջի, դե հերիք ա, է՜է՜… Պա՛ռկի, պա՛ռկի… էս ջուրն էլ մեկ խմի՛… Ըտե՛նց… (Դուրս է գալիս ննջարանից, դուռը փակում, ականջ է դնում, հետո գլուխը երերցնելով և զգույշ քայլերով՝ խորքի դռնից դուրս է գնում):

Բեմի վրա մի րոպե լուռ է։


8) Գրիգոր, Մարտիրոս, Բաղդասար, Մարգար և Զաքար

ԳՐԻԳՈՐ.— (Ներս է մտնում։ Ետևից՝ Բաղդասար, Զաքար, Մարգար և Քաչալ Մարտիրոս): Էդպես, հա՞, Բաղդասար ամի… (Նստում է)։ Ադա՛, բաս էդքան էլ նամըքյո՞ռ կըլեն… Ինձ վրա գա՞նգատ եք ուզում անի, ինձ սո՞ւդն եք ուզում քաշ տա. էս ծեր հալո՞վս… Հա՜յ-գիտի աշխարհ, հա՜յ, տե՛ս, թե ինչ օրերի ենք հասել: Սրանց ես լա՛վություն անեմ, փող տամ, խեղճությունից ազատեմ, որդկերանցը սովածությունից քաշեմ-հանեմ… (Մարգարին): Ադա՛, բաս դու մոռացա՞ր, որ ոտներս ընկել աղաչում էիր… Թյո՛ւ ձեր նամուսին, հա՛… (Զաքարին)։ Բաս դո՞ւ, բեհայա՛, դո՞ւ չէիր, որ հլա կնգանդ էլ ուղարկել էիր, լա՜ց, արտասո՜ւք… Հմի ինձնից, գանգատ եք անում, է՛լի, ինձ սուդն եք քաշում, հա՞… Տո՛, բաս ուզում եք փողս ո՞ւտի, ո՞ւրանա… Բա ըտենց բա՞ն եք լսել, հը՞…

ԲԱՂԴԱՍԱՐ.— (Շփոթված)։ Յանի որ… հանց որ… տո՛կոսը…

ԶԱՔԱՐ.– Էլ ինչի՞ ես նեղանում, ա՛ղա, էն ա սուդը կվճռի, է՛լի, թե մենք քեզ էնքա՞ն ենք պարտական, ինչքան գրած ա վեքսիլումը…

ԳՐԻԳՈՐ.– Փիե՜… Տո բաս դո՞ւ չես ձեռք քաշել տակին… Հրես, ա՜յ… (Հանում է վեքսիլների ծրարը և միջից մեկը դուրս բերում՝ խոսելով միաժամանակ): Թուր ու թվա՞նքով վախացրի, բուկիցդ հո՞ւպ տվի… Չէիր ուզում, ո՞ւր էիր ձեռք քաշում: Հը՞, ըտե՞նց չի, Մարտիրո՛ս…

ՄԱՐՏԻՐՈՍ.— Դե հմի աղա՛, սխալվել են, ղալաթ են արել, բաշխի… Խեղճ մարդիկ են, փող չունեն, որ տան… ԳՐԻԳՈՐ.– Տո՛, որ փող չունեն տան, էլ ո՞ւր են գանգատի գնում: Ընչի՞ մեկ չեկան ինձ մոտ, խնդրեին. «Գրիգոր աղա,– ասեին,— ղուրբան, չունենք, չե՛նք կարող պարտքներս տալ, խղճա մեզ»… Ես էլ խո մա՛րդ եմ, կնիկ-զա՛վակ ունեմ, խո ջանավար չե՞մ.. Հա՛լբաթ մի բա՛ն կանեի, յա թե, ո՞վ ա իմանում… քրիստոնյա չե՞մ, սիրտ չունե՞մ… Քաղցր լեզուն, աղաչանքը՝ ի՞նչ քար սիրտ ասես՝ որ չշարժի… հը՞։ Բաղդասար ամի, սրա՞ն ինչ կասես, սո՞ւտ եմ ասում… Ես անզգա՞մ մարդ եմ, քեզ քի՞չ լավություն եմ արել…

ԲԱՂԴԱՍԱՐ.— Հանց ո՜ր… ի՛հարկե, աստված կյանք տա… Ամա դե ասում են՝ թազա զա՜կոն… Յանի որ մենք էլ, դե՛, ուտելու հաց չունենք, սո՜ված…

ԳՐԻԳՈՐ.— Տո ընչի՞ ինձ մոտ չեկար առաջ: Մեկ գայիր, ըտոնք դիփ ասեիր… Թե քեզ հետ կռվեի, ուշունց տայի, յա մերժեի — է՛լի գնայիր էն լակոտի մոտ… Հը՞, հենց հմի, որ էդ ասում ես, յանի ես շա՞տ գիտեի, որ հալդ փի՛ս ա, չես կարողանում պարտքդ տա… (Լուռ՝ նայում է գյուղացոց և մյուս կողմից հանում է ձեռքի ծրարից երեք մուրհակներ։ Գյուղացիք թեև գլխիկոր են, երբ չի նայում, սրտատրոփ հետևում են թղթերի շարժմանը): Տո՛, հա՛յվաններ, ե՞ս եմ էլի ձեր հին բարեկամը, թե՞ էն թազա եկած լակոտը… էլ ո՞ւր եք հայ-հարա՜յ — նրան վազել… Ըստի մտիկ տվե՛ք… Ես որ ուզենամ չար լինել է՜, որ վեքսիլներդ տանեմ սուդը, ունեցած չունեցածներդ գրել տամ — էն լակո՞տը ձեզ կազատի… (Քրքիջ)։ Ախմախնե՜ր… Ամա տեսե՛ք, ես է՛ն մարդը չեմ… (Հանկարծ Բաղդասարին)։ Հլա մեկ մոտ արի, ամի՛… Մտիկ տո՛ւ… էս չի՞ վեքսիլը։

ԲԱՂԴԱՍԱՐ.– (Մոտենում է և նայում)։ Հա՛, է՛դ ա…

ԳՐԻԳՈՐ.— Բաս, դո՛ւ, Մարգա՛ր, էս էլ քոնը չի՞։

ՄԱՐԳԱՐ.— Ադա՛, բաս գործը սուդն էիր տվել ախր…

ԳՐԻԳՈՐ.— (Քրքիջով)։ Տո ե՞ս չեմ գործը սուդ տվել… Հլա չե՞ք հասկացել, որ սու՛դիան էլ է ձեռքումս, նաչա՛լնիկն է՛, դուք էլ… (Լուրջ)։ Գործդ ե՛տ եմ վերցրել… (Զաքարին): Էս էլ քոնը, Զաքար… (Ցույց է տալիս

ԶԱՔԱՐ.— (Ուզում է մոտ գալ և վերցնել

ԳՐԻԳՈՐ.— Կա՜մաց… Հլա կա՛ց… Ո՞նց ես սուդը տամ ու բաղդ ձեռքիցդ թռցնեմ, հը՞… Ալեքսան բեկը կարա՞ ազատել քեզ… (Բոլորին)։ Խո հմի երեքդ էլ ձեռքո՞ւմս եք։ Թպրտացե՛ք՝ ինչքան կուզեք, ամա ա՜, սրանց դեմ խոսալ չի ըլի, չէ. ձե՛ռք եք քաշել — պտի տաք։ ՔԱՉԱԼ ՄԱՐՏԻՐՈՍ.— Դե պրծի, աղա՛, մի՛ տանջի, խե՛ղճ են, էլ հո՛գի չմնաց վրաները։

ԳՐԻԳՈՐ.— Լա՜վ, է՛դ էլ ա իմ ձեռքին… (Գյուղացոց)։ Ա՛յ, երեքիդ վեքսիլներն էլ… Տեսնո՞ւմ եք… Նայեցե՛ք (Պատռում է)։ Ըսենց… Էլ տալիք չունեք ինձ… Ազա՜տ հմի… Դե գնացե՛ք, ըստունց դենը ինձ ո՛ւշունց տվեք, սո՛ւդ քաշ տվեք…

ԲԱՂԴԱՍԱՐ.— Ա՛յ, աստված քեզ օր ու արև… Ա՛յ դու ող… Վա՜յ ես քու հոգուն… Յանի որ… (Լռում է հուզված

ՄԱՐԳԱՐ.— (Վրա է վազում և ուզում է Գրիգորի ձեռքը համբուրել)։ Բա ես շո՞ւն եմ, մարդ չե՞մ… քո ա՛մագդ…

ԳՐԻԳՈՐ.— (Ձեռքը ետ է քաշում)։ Լա՛վ, լա՛վ, պե՛տքը չի…

ԶԱՔԱՐ.— Յանի էդ ի՞մ վեքսիլն էր… (Վերցնում է գետնից պատռածը և զննում): Պրծա՞, ա՛ խալխը… դրո՞ւստ… (Ընկնում է Գրիգորի ոտները)։ Բախշի՛ աղա, որ ոտովդ էլ գլուխս տրորես…

ԳՐԻԳՈՐ.— (Ոտքով հրում է նրան)։ Վե՛ր, վե՛ր ռա՛դ ըլի. գնա ժա՛մումը երկրպագություն տուր…

ՄԱՐՏԻՐՈՍ.— (Այդ միջոցին հանել է ծոցից մի թուղթ, մի կողմի սեղանի վրա է դրել, գրիչ թաթախել)։ Դե՛, ամի՛, Մա՛րգար ու Զաքար, հմի դեսն եկեք… Էս թղթին ձեռք քաշեք…

ԶԱՔԱՐ.— (Վախեցած)։ Ձե՞ռք քաշենք…

ՄԱՐԳԱՐ.— Էդ ի՞նչ թուղթ ա, որ…

ՄԱՐՏԻՐՈՍ.— Պտի ձեռք քաշեք, որ էլ աղիցը պահանջ յա գանգատ չունեք, որ շնորհա՛կալ եք, որ աղեն ձեզ լա՛վություն ա արել…

ՄԱՐԳԱՐ.— Յանի էդ հարկավո՞ր ա… Որ ձեռք չքաշենք՝ չի՞ ըլի…

ԳՐԻԳՈՐ.— (Սառը): Թո՛ղ, Մա՛րտիրոս, իրա՛նց կամքն ա. կուզեն՝ ձեռք կքաշեն, չեն ուզի՝ թող գնան, աստված իրանց հետ… Ամա թե շնորհակա՛լ են, թե իմանում են իմ արած լավությունը…

ՄԱՐՏԻՐՈՍ.— Հա՛լբաթ… Բա ըտենց բա՞ն կըլի: Էլ ի՞նչ են ուզում։ Հա՛մ պարտքներիցը պրծնեն, հա՛մ էլ օրհնող չըլե՞ն, ոտքերդ էլ չպա՞չեն… (Բաղդասարին): Ե՛կ, ե՛կ, ամի՛, ձեռք դիր ըստեղ, որ ո՞վ ա իմանում — բալքի ըստեղ-ընտեղ խոսաք աղի վրեն…

ԲԱՂԴԱՍԱՐ.— Յանի որ… ի՞նչ կա, ձեռք դնեմ… (Մոտենում է և նայում է թղթին, հետո՝ հանկարծ)։ Դո՛ւ քո աստվածը, քյաչա՛լ, սա խո թազա վեքսիլ չի՞…

ՄԱՐՏԻՐՈՍ.— (Ծիծաղում է): Տո քո՞ռ ես, վեքսիլը հասարակ թղթից ջոկել չե՞ս կարում… Հրե՛ն, Զաքարը կարդալ գիտի, թող կարդա՝ հետո ձեռք քաշեք… (Թուղթը տալիս է Զաքարին)։ Կարդա՛, Զաքա՛ր։ ԶԱՔԱՐ.— (Լուռ կարդում է, հետո դնում սեղանի վրա): Վեքսիլ չի. շնորհակալության թուղթ ա:

ԲԱՂԴԱՍԱՐ.— Բաս որ ըտենց ա, մյոհրս դնեմ… (Հանում է գրպանից կնիք, ճկույթով թանաք քսում, թղթի վրա շունչ փշում և կնքում է

ՄԱՐԳԱՐ.— Տուր ե՛ս էլ ձեռք քաշեմ… Աստված աղին կյանք տա, ընչի՞ չեմ քաշի:

ԶԱՔԱՐ.— (Լուռ առնում է գրիչը ու ստորագրում

ԲԱՂԴԱՍԱՐ.– (Հուզված՝ Գրիգորին)։ Յանի որ… աղա՛… բա ինչպե՞ս դուրս գանք էս քո լավությունիցը։

ԳՐԻԳՈՐ.— (Ելնում է)։ Սկի — հինչ… Գնացեք մեկ-մեկ արաղ էլ անուշ արեք, որ աստված ձեզ հետ… Ձեր տվածովը ոչ ես կհարստանամ, ո՛չ էլ չտվածովը՝ կաղքատանամ… Քեֆս ուզեց՝ արի։

ԶԱՔԱՐ.– Դե գնանք, ա խալխը… Ըսենց լավության սկի՛ մարդ չէր արել մեզ…

ԳՐԻԳՈՐ.— (Կեղծ համեստությամբ): Քրիստոնյա ենք… Ավետարանն ա ասում, թե՝ «թող մեզ զպարտիս մեր»… (Մարտիրոսին): Դրանց մեկ լավ պա՛տվիր, Մարտիրոս:

ԳՅՈՒՂԱՑԻՔ.— (Բարեմաղթություններով՝ խառնիխուռն և խոնարհ ողջույններով դուրս են գնում

ՄԱՐՏԻՐՈՍ.— (Ամենից վերջն է ելնում, դուռը կիսափակ՝ դառնում է և ատամները բաց՝ լուռ ծիծաղում է Գրիգորին

ԳՐԻԳՈՐ.— (Քրքջում է)։ Հա՛-հա՛-հա … ա՜յ թե ախմախներ… Ըտե՛նց ձեր հոգին կհանեն հա՜… Վնաս չունի, հալբա՛թ էլի մեկ ձեռք կընկնեք դուք… (Երբ Մարտիրոսը բոլորովին գնում է, սպառնալից և բուռը սեղմած)։ Դե հմի, պարո՛ն Ալեքսան, մնացինք ես ու դու…

ՎԱՐԱԳՈՒՅՐ
ՉՈՐՐՈՐԴ ԱՐԱՐՎԱԾ

Ալեքսանդրի սենյակը, բավական մեծ։ Աջ կողմում, լուսամուտի առաջ՝ գրասեղան՝ թղթերով և գրքերով։ Բազկաթոռներ, մի փոքրիկ գրադարան։ Ձախ կողմից մի դուռ տանում է դեպի սրահը։ Խորքում՝ պարտեզից, մուտքի դուռն է։ Ժամը ցերեկվա 11-ն է:

1) Ալեքսանդր (մենակ)

(Գրում է քիչ, հետո գրիչը ցած դնում և մտախոհ է ու երազուն)։ Ո՛ւրիշ բան է, երբ կռվի ես գնում՝ հայրենիքի ազատության համար կռվի ելնող ոգևորված զինվորի պես՝ զվարթ և ուրախ, գրեթե պարելով… և ուրիշ՝ երբ սիրտդ սեղմված, ճակատդ կնճիռներով ակոսած, տխուր քայլում ես դեպի կռիվ՝ կախաղանի գնացող հանցավորի նման… (Ելնում է և ճեմում, հետո նստում է բազկաթոռի մեջ)։ Վայրենին, լինի՛ նույնիսկ լավ ավարի հույսով, գնում է նիզակը ճոճեցնելով, ուրա՜խ աղաղակներով… Իսկ ե՞ս… Ե՛ս նույնպես գնում եմ կռվի, հանուն արդարության ոտնատա՛կ եմ տալիս ամե՛ն արգելք… սակայն ես նիզակս ամենա՛յն զգուշությամբ եմ շարժում, որ սրտի՛ս չզարնեմ… (Քիչ լուռ)։ Փոքրոգություն է այս, զգո՛ւմ եմ. նման է սա պարտավորության արդյունքի, բայց ո՛չ երբեք բուռն համոզման և մե՛ծ զգացմունքի… (Փայլում է)։ Կուզեի մտա՛ծ չյինել այս կռվի մեջ… և կամ՝ ճանաչա՛ծ չլինեի… (Ընկճված՝ մոտենում է լուսամուտին և կռթնում նրան

2) Նույն և Կիրակոս (ծառան)

ԿԻՐԱԿՈՍ.— (Բերում է մի բաժակ սուրճ)։ Մատվեյ Եգորի՛չն ա եկել… (Բաժակը դնում է սեղանի վրա)։ Աղի հետ զալումը խոսում են…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Լավ… Տանուտերին գնացի՞ր։

ԿԻՐԱԿՈՍ.– Շատո՜նց… Հմի կգա: (Գնում է

3) Ալեքսանդր (մենակ)

(Քիչ լուռ)։ Հասարակության համար գործողը չպիտի կապվի ոչ ոքի հետ, ո՛չ… Իրավո՞ւնք ուներ Թերեզան… Խայտառակված վաշխառուի աղջի՞կ — և խայտառակողի կինը… (Նայում է լուսամուտից լուռ)։ Որքա՛ն էլ ձանձրալի է այս գյուղը… Մի՛շտ միևնույն դեմքեր… Ո՛չ մի շրջան, ո՛չ մի կո՛ւլտուրական կյա՛նք… Մարդ ակամա ենթարկվում է տիրող դանդաղ ոգուն… Ախորժա՛կ էլ չի մնում պարապելու… (Վերադառնում է դեպի գրասեղանը)։ Եվ, սակայն, որքա՜ն վշտեր ու ցավեր, որքա՜ն անարդարություններ…

4) Նույն և Արշակ

ԱՐՇԱԿ.– (Շտապով ներս է գալիս սրահի կողմից, մի կապոց թուղթ ձեռքին)։ Ներեցե՛ք, սպասեցնել տվի ձեզ… Ահա՛ ձեր ուզած թղթերը: (Ձեռք է տալիս և կապոցը հանձնում

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ոչի՛նչ… Շնորհակալ եմ… Այստե՞ղ են բոլորը։

ԱՐՇԱԿ.— Բոլորը… (Նստում է)։ Տխուր եք երևում։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Մատվեյ Եգորիչը տեսա՞վ ձեզ… սրահում։

ԱՐՇԱԿ.— Այո՛, ասացի, որ քիչ գործեր ունենք առանձին… Գիտե՞ք, ամրողջ գյուղը գրեթե ոտքի վրա է։ Բոլորը հետաքրքրվում են, թե ի՞նչ կլինի վերջը: Երեք-չորս հոգի բռնել ճանապարհին՝ խնդրում էին, որ տեղեկություններ տամ։ Իհարկե, ասացի, որ դուք դեռ բողոքը չեք ներկայացրել։ Բոլո՛րը, սակայն, սպասում են դատի սկսելուն… Որ գիտենաք, թե քանիսների՜ն է թշվառացրել այդ մարդը, քանիսնե՜ր շունչ կառնեն նրա ընկնելովը…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Իսկ ի՛մ, ի՛մ դրությունը… Գիտե՞ն նրանք այդ։ Գիտե՞ն, որ հրեշը ընկնելով՝ կփշրի ամենից առաջ ի՛մ սիրտը, ի՜մ ծնողների ու ի՜մ կյանքը…

ԱՐՇԱԿ.— (Լուրջ)։ Լսեցեք ինչ կասեմ ձեզ պ. Ալեքսա՛ն… Երբ սրանից մի քանի ամիս առաջ գյուղ եկաք և առաջին օրն իսկ այնքա՛ն ոգևորությամբ խոսում էիք ձեր անելիքների մասին, ես ուրախացա, որ մեր զարգացածներից մե՛կը, վերջապես, մտածեց իր գործունեությունը լիովի՛ն նվիրել գյուղացուն, բավականանա՛լ չոր հացով, միայն թե գործել այնտեղ, ուր թանձր խավարը լույսի շառավիղի՛ն է կարոտ՝ ինչպես թոռոմող բույսը՝ անձրևին… Ես ուրախացա, երբ դուք վճռեցիք այդ նշանավոր վաշխառուին ոչնչացնելու համար կռվի ելնել… Ձեր այդ քայլը արդար և մեծ գործի համար՝ ոգևորեց ի՛նձ ևս… Իսկ այժմ, ա՛յն րոպեին, երբ կտրական մեծ հարվածը պիտի իջեցնեք, զարմանալի է ձեր վհատությունը… Այդպես չե՛ն ընկճվում նրանք, որ կռվի են ելնում հանուն արդարության. այդպես չե՛ն ողբում…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Հե՛շտ է ասել այդ բոլորը, շա՛տ հեշտ է… Ինչո՞ւ կեղծել սակայն, երբ սրտիդ խորքում այդպե՛ս չէ. երբ զգում ես, որ այդ կռվի մեջ ի՛նքդ էլ կորցնելու ես շա՛տ բան… գուցեև ամե՛ն բան…

ԱՐՇԱԿ.— (Քիչ լռությունից հետո)։ Տեսնում եմ իսկապես, որ բավակա՛ն ծանր է այդ առաջին քայլը… Դժբախտաբար, առաջին քայլը մի՛շտ ծանր է լինում… Բայց ենթադրել, որ դուք ե՛տ կկանգնե՜ք, որ զենքը ցա՜ծ կդնեք…. որովհետև ձեր անձնական վնասնե՜րը…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Վեր է կենում՝ խիստ)։ Ո՛չ… ետ կանգնել չե՛մ ուզում… (Ցույց է տալիս մի մեծ թուղթ)։ Ահա բողոքը…

ԱՐՇԱԿ.— Հաշտարար դատավորին, անշուշտ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ինչո՞ւ այդպես… Ո՛չ: Ես ձեր բերած թղթերին էի սպասում։ Գրիգոր աղան արհեստով վաշխառու է, նրանով հարստացած և բազմաթիվ թշվառություններ գոյացրած… Շրջանային դատարա՛նն է նրա տեղը…

5) Նույնք և Մատվեյ Եգորիչ, Սահակ

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Մտնում է Սահակի հետ։ Ալեքսանին՝ դռան մոտից)։ Ա՜յ տղա, հերիք, է՜է՜ … Մի ժամ է սրահում սպասում եմ, որ դուրս գաս… Տանուտերն էլ, խո՜. երևի է՛լի փիլիսոփայական ճառեր է կարդում գլխիդ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Ձեռք է տալիս)։ Ո՛չ, գործերո՛վ էինք զբաղված:

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Գիտե՛մ, գիտեմ. Սահակ բեկն ասում էր, որ գանգատ ես պատրաստում… постой, եղբայր… մի քիչ լուրջ խոսենք քեզ հետ… (Նստում է)։ Ա՛յ, տանուտերն էլ հազր այստեղ է, հա՛յրդ էլ… Ասա՛ խնդրեմ, ախր ինչո՞ւ ես ուզում չցաված գլուխդ ավետարանի տակ դնել, հը՞… Ախր քո ի՞նչ գործն է վնասվում… Դե՛, մեկ կոլլեգների պես խոսենք… Եղբա՛յր, հազր մեզ համար հա՛նգիստ նստել էինք… Գրիգոր աղան էլ ո՛չ այնքան անիրավ է, որքան դու ես ենթադրում…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Ընդհատում է նեղացած)։ Չի՞ կարելի արդյոք, Մատվեյ Եգորիչ, որ թողնե՛նք այդ խոսակցությունը:

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Ինչո՞ւ, ինչո՞ւ, եղբա՛յր: Քի՞չ աղուհաց ենք կերել հորդ հետ, որ նրա փորձանքի օրերում անտարբեր մնում ես… Էս է տասը տարի՝ միմյանց ջան ենք ասել, ջա՛ն լսել… Հիմի դու ուզում ես, որ ես չխառնվե՞մ… Էդպես չի՞, Սահակ, դու ղա՞բուլ կանես, որ ես ձենս կտրեմ։

ՍԱՀԱԿ.— Ի՞նչ ես ասում, Մատվե՛յ. բաս դու որ չխոսես, էլ ո՞վ պիտի խոսի, օրենք հասկացո՜ղ, փորձված բարեկա՜մ…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Տո՜-տո՜, եղբա՜յր, մենք խո փորձվա՞ծ ենք օրենքի մեջ… (Ալեքսանին)։ Լավ, հիմի արի հենց օրե՛նքիցը խոսենք… Դու որ գանգատ տաս, ասենք՝ փաստեր էլ գտնես, սուդը քննի — դրանով խո հորդ պարտքը չի՞ բախշվի, խո գյուղացիները չե՞ն ազատվի տալիքներիցը, հը՞… Ասե՛նք կարողացար հաստատել, որ մեծ տոկոսներ է վերցրել, հետո՞, խո՞ հետևանքն ա՛յն կլինի, որ գործը կընկնի էս սուդիցը՝ է՛ն սուդ, ապելա՛ցիա, սենա՜տ… Ի՞նչ է, չլինի՞ կարծում ես, թե Գրիգոր աղան, էն ա, սուդի վճռովը գոհ կլինի, հա՞… Իսկ մյուս կողմից՝ հայրդ խո՞ մի քանի օրից հետո կա՛մ պիտի ցնծա, կա՛մ բաղիցն ու տնիցը ձեռք պիտի քաշեք… Հը՞, եղբա՛յր, թե սխալ եմ ասում, ասա՛։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ինձ միայն զարմացնում է այն, թե ինչպե՞ս դուք, որ հորս բարեկամն եք կոչում ձեզ, թույլ եք տալիս, որ 3500 ռուբլու փոխարեն՝ 5000 վճարվի և կամ տունն ու այգին խլվի:

ՍԱՀԱԿ.— Սա՛շա, լսիր ինձ, ախր, է՜է՜… քեզ խո ասացի մի քանի անգամ: Էն մարդը ձեռք է քաշում տոկոսիցը, բոլորովի՛ն… Հլա մեկ 500 մանեթն էլ պարտքի գլխիցն է բաշխում…

ԱՐՇԱԿ.— Հազա՛ր էլ, ե՛րկու հազար էլ կբաշխի… Որ ոչինչ էլ չտաս — մուրհակդ ետ կտա, միայն թե որդիդ նրան դատարան չքաշի, չխայտառակի։

ՍԱՀԱԿ.— Հա՛, հենց այդ է։ Ախր, նա՛ էլ խեղճ է, չէ՞: Թեև արդար եմ,– ասում է,— խիղճս մաքուր է, բայց չե՛մ ուզում, որ ինձ դատարան քաշ տան. ամոթ է էս ծեր հալովս՝ ասում է…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Ի՛հարկե, բա՜ս… Հե՞շտ բան է՝ իբր հանցա՛վոր նստել այնտեղ… Վաշխառո՛ւ… այն ծեր, պատկառելի մարդը, կնգա–աղջկա, այնքա՜ն մեծ գործերի տեր մարդը… Թեկուզ ա՛րդար էլ դուրս գա, բայց է՛լի… (Ալեքսանին)։ Լսի՜ր, Սա՛շա, ա՛րի քաղցր տեղը կապենք ու վերջացնենք-գնա… Է՜նպես, է՜լի… Տեսնենք պահա՞նջդ ինչ է… Քանի դեռ գործը սուդ չի ընկել՝ մե՛ր մեջ, է՜նպես…

ԱՐՇԱԿ.— (Ալեքսանին)։ Առաջարկում են արդարությունը ծախել։ Սակարկում են…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Նրան)։ Զարմանալի՛ մարդ ես դու էլ, Արշա՛կ… Ի՞նչ սակարկության բան կա այստեղ, հաշտության գործ է. ես առաջարկում եմ հաշտվել, մի կերպ գործը կարգադրել մե՛ր մեջ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Իսկ դուք պաշտոն ունե՞ք նրա կողմից՝ այդ անելու։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Էդ ո՛չինչ… Դու քո՛ պայմանները ասա, տեսնենք. հետո իմ պարտքը լինի գնալ նրան համոզել… Էլ ինչացո՞ւ հաշտարար դատավոր եմ… Քեզ համար միևնույնը չէ, եղբա՛յր — այստեղ գործը վերջացնել կամ դատարանում, զերծալի առաջ, գործը չէ՞ որ ի՛նձ մոտ է գալու։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Ժպտուն)։ Այդ դեռ հարց է… Կան գործեր, որ հաշտարար ատյանին չեն ենթարկվում և ամենից առաջ՝ քննիչի մոտ են գնում։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.- (Զարմացած և վախեցած ոտքի է ելնում)։ Ինչպե՜ս… Դու… դու ուզում ես… Քննի՞չ… Ա՜յ թե ինչ… Постой, եղբա՜յր, ինչի՞ պետք է քննիչ, մարդասպանությո՞ւն է, քրեական գո՞րծ է, ի՞նչ է…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Գրիգոր աղան արհեստով վաշխառու է և հարստացել է գյուղացոց կողոպտելով ու կեղեքելով… Գործը, ըստ օրինի, կերթա նախ քննիչի մոտ, հետո՝ շրջանային դատարանը…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.– (Բարկությունից կարմրելով)։ Вот тебе раз!… Սյո՜ւրպրիզ… Ուզում ես ուրեմն մարդուն Սի՞բիր քշել տաս. կորցնե՞ս… Եվ փաստեր ունե՞ս, փաստե՞ր, թե՞ է՛նպես, զռլամա ասում ես… Խոսք չկա, սյո՜ւրպրիզ… Ակրուժնոյ սո՜ւդ…

ԱՐՇԱԿ.— Փաստեր շա՛տ կան։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Նրան՝ բարկությամբ): Երևի դո՛ւ ես տվել, չէ՞… Հը՛մ… լա՛վ է, լա՛վ է… Գյուղացոց էլ երևի արդեն պատրաստել էս… Նո՛ւ, եղբայր, այդ ձեզնից չէի սպասում, ծեր մա՜րդ. ընտանիքի տե՜ր, ակրուժնո՜յ, Սիբի՜ր…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.- Այժմ Սիբիր չկա այդպիսինների համար արեստանտսկայա րոտա…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Ճչալով)։ Տո խո չե՞ս գժվել… Էն ծեր մարդո՞ւն, Թերեզի հո՞րը… Ֆո՛ւ, черт побери!: (Բարկությամբ ճեմում է

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Քիչ հանդարտեցե՛ք, Մատվե՛յ Եգորիչ. ինչո՞ւ եք տաքանում, երբ ինքներդ էլ գիտեք, որ այդ մարդու հարստությունը վաշխառությունով է դիզված…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.– Առևտո՛ւր է անում մարդը, խոսք ունե՞ս… Ուրեմն քո կարծիքով՝ պետք է բոլո՛ր վաճառականներին էլ արեստանտսկի րո՞տ ուղարկել… Հե՛նց մեկը Մակարով Գալուստը, ձեր ազգականը… Տո՛, անցյալ օրը, իմ աչքիս առաջ, մանեթանոց շալը՝ երեք մանեթով կապե՛ց մի թարաքամի գլխին, ետևից էլ մի լա՜վ ուշունց տվավ… Արեստանտսկի րո՞տ ուրեմն, հա … (Քիչ հանդարտ՝ մոտենում է)։ Չէ՛, եղբայր, այդպես խո չի՞ կարելի… Դու կասես՝ թող թարաքաման խելքը գլխին պահեր ու չխաբվեր, ես էլ կասեմ՝ թող գյուղացիք խելքները գլխին պահեին ու այնքան տոկոսով մուրհակ չստորագրեին… ԱՐՇԱԿ.— Ուրեմն Սահակ բե՞կն էլ…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Հա՛, իհարկե, թող չանե՛ր… Արել է — ո՞վ է մեղավորը… Նրան խո սրով ու հրացանով չսպառնացի՞ն, որ ստորագրեց… Առևտո՛ւր է սա, ապրանքս ա՛յսքանով եմ տալիս, կուզե՞ս — առ, չես ուզի — բարո՛վ եկար, դե որ առել ես՝ վճարի՛ր… (Քիչ լուռ)։ Եվ կամ, եղբա՜յր, մարդը վատո՞ւթյուն է արել քեզ, որ փո՛ղ է տվել ուսմանդ համար… Գոնե ա՛յն մտածելով դու պիտի խնայես նրան… Նստի՛ր մեկ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Այսպես էլ լավ է… Միայն դուք մի՛շտ մոռանում եք, որ օրենքով որոշ տոկոսից ավելի առնողը…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Ընդհատում է)։ Կա՛ց մեկ… Առաջ այդ արեստանտսկի րոտ, ակրուժնոյ սուդ-բան գլխիցդ հանի՛ր… Ամո՛թ է. հորդ հասակի մարդ է, ընտանիքի տե՛ր… Հետո, ինչի՞ց գիտես, որ այն մարդը, ասենք հենց, չի՛ զղջում իր արածներ վրա, հը՞… օրինակ հենց, այդքանը բավական չէ՞, որ հորդ տալիքի համար ո՛չ տոկոսն է առնում, ո՛չ էլ գրավը…

ԱՐՇԱԿ.— Ո՛չ էլ երևի տվածը ետ կուզենա։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Ну да! Հենց ա՛յդպես… Ավելի՛ լավ. էդ խո ցույց է տալիս, որ խղճո՛վ մարդ է, տեսնո՛ւմ է հորդ դրությունը, ցավում է, բա՛խշում է պարտքը… Էլ ուրիշ ի՞նչ է ուզածդ, եղբա՞յր…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Իսկ գյուղացինե՞րին, նրանց դեմ արածնե՞րը…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Տո քե՞զ ինչ. նրանք ի՞նչ են տվել քեզ, որ քո ցավդ թողել՝ նրա՛նց ցավն ես քաշում, որ քո բարերարիդ… (Նկատելով Ալեքսանի զայրացկոտ շարժումը): Постой, իհարկե, բարերարիդ, քանի որ ետ չի ուզում տված փողը… Նրան թողել գյուղացոց ծռտի-պռտի խոսքերին ես լսում… Ի՞նչ է, մե՞ծ գոնորար են տալիս քեզ։ Տո, կուզե՞ս, Գրիգոր աղին համոզեմ, որ նրանց ո՛ղջի տվածի կրկնապատիկը հենց էգուց ևեթ ղրկի քեզ, հը՞, սրա՞ն ինչ կասես…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Բարկացած)։ Դուք նրա կողմից ուղարկվել եք այդ առաջա՞րկն էլ անելու ինձ…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Հա՞, հենց. հետո՞, ասելի՞քդ ինչ է…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Իսկ ձե՞զ… ձե՞զ որքան է խոստացել նա այդ միջնորդության, այդ ցա՛ծ առևտրի համար…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Գունատ և սոսկումով ետ է քաշվում)։ Ի՞նչ… Սաշա՛, և դու այդ մտածո՞ւմ ես… Թյո՛ւ… (Մեկե՛ն գլխարկը դնում է գլխին): Պլեվա՞տ այսուհետև. ավելի լավ է՝ չցաված գլուխս ավետարանի տակ չդնեմ… Ի՞նչ… կաշա՞ռք… Նո՛ւ, մնաք բարև… (Գնում է դեպի դուռը, այնտեղ կանգնում է և դառնում): Բայց տե՛ս, էլի՛ եմ ասում, Սա՛շա, խնայի՛ր գոնե ծնողներիդ և… հետո Թերեզային… Ինչո՞վ է մեղավոր խեղճը, որ ամբողջ օրը լաց լինի, ողբա… (Ուզում է գնալ

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Հուզված՝ վազում է դեպի նա)։ Թերեզա՜ն… Դուք նրան տեսա՞ք… Ասացե՛ք…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Կանգ է առնում)։ Երե՛կ տեսա: Խե՜ղճ աղջիկ… Այնքա՛ն լաց է լինում, այնպե՛ս նիհարել է… Անխի՛ղճ պիտի լինել նրան այդպես տանջելու համար… Բայց, այլև՛ս ես գործ չունեմ, եղբա՛յր… մնա՛ք բարև… (Գնում է

ՍԱՀԱԿ.— (Ալեքսանին՝ մեղմ, հանդիմանական): Արածդ ինչի՞ նմանեց, Սա՛շա. Մատվեյ Եգորիչին էլ նեղացրիր… Լսեցի՞ր Թերեզայի հալը… Ախր մարդը խո քեզ վատություն չի՛ անում, քեզ խո չի՞ նեղացնում…

ԱԼԵՔՍԱՆԴՐ. — (Խիստ հուզված)։ Լռի՛ր, հա՛յր… Թանկ է նստում ինձ իմ ուսումը, իմ սովորածները…

6) Նույնք և Թերեզա

ԹԵՐԵԶԱ.— (Որ սրահի դուռը բաց է արել մեղմությամբ. առաջ է գալիս. նիհար է և գունատ)։ Թույլ կտա՞ք ինձ… (Ընկնում է դռան կողքի աթոռի վրա

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Վազում է դեպի նա)։ Թերե՜զ…

ԱՐՇԱԿ.— (Միաժամանակ): Հը՛մ… տարօրինա՛կ է այս:

ՍԱՀԱԿ.— (Միաժամանակ)։ Վա՜հ…

ԹԵՐԵԶԱ.— Ոչի՛նչ, հոգնած եմ միայն… Վազե՛ցի… Քեզ հետ առանձին խոսել եմ ուզում, Սա՛շա…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Հորը)։ Հա՛յր… (Արշակին)։ Մի քանի րոպե… Սպասեցեք ինձ սրահում։

ԱՐՇԱԿ.— Ես կգնամ, հետո կգամ։

ԹԵՐԵԶԱ.— Ո՛չ, ինչո՞ւ… երկար չի լինի…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Արշակին)։ Խնդրեմ… սպասեցեք ինձ հորս հետ… կկանչեմ ես ձեզ… (Կիսովին գրեթե գրկել է Թերեզային

ԱՐՇԱԿ.— (Մի նշանակալից ակնարկ է ձգում Ալեքսանի վրա, և Սահակի հետ դուրս են գնում
7) Ալեքսանդր և Թերեզա

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Թերե՛զ…

ԹԵՐԵԶԱ.— Խնդրեմ, մի բաժակ ջուր տուր ինձ այնտեղից։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Լցնում է և տալիս, սաստիկ հուզված է)։ Հանգստացիր, ի սեր աստծո…

ԹԵՐԵԶԱ.— (Խմում է, հետո մի քիչ շունչ առնում, ելնում է տեղից և գնում դեպի գրասեղանը): Խոսենք քիչ, Սա՛շա… Երկա՜ր ժամանակ է, որ չենք տեսնվել… (Նստում է)։ Նստիր ինձ մոտ… (Քիչ լուռ)։ Ինչո՞ւ ես այդպես նայում։ (Տխուր ժպիտով)։ Փոխված ես գտնում ինձ, չէ՞։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Շա՜տ ես նիհարել… Հիվա՛նդ էիր գուցե…

ԹԵՐԵԶԱ.— Ո՛չ… Բայց այս վերջին օրերս գրեթե չեմ ապրել… Մո՛տ նստիր… Բայց գուցե արդեն սառել ես. այլևս քո Թերեզը չե՛մ գուցե..

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Հուզված բռնում է ձեռքը)։ Թերե՜զ… Եվ դու այդ կարողանո՞ւմ ես ասել։ Մի՞թե ես ապրել եմ՝ այն օրվանից հետո, մի՞թե ես մի րոպե երջանիկ եմ զգացել ինձ… (Թիկնաթոռին է կռթնում)։ Առաջին օրերը կարծում էի, թե պիտի խենթանամ… մտքերը շփոթվում էին գլխումս։ Մի ընդհանուր թուլություն զրկում էր ինձ գործելու, պարապելու ամեն փափագից, թվում էր, թե ուղեղս ճմլում են… Հետո վարժվեցի։ Երևի մարդ կարող է թշվառության, մեծ տանջանքների էլ վարժվել ա՛յնքան, որ այլևս անզգա դառնա…

ԹԵՐԵԶԱ.— Ճի՛շտ ինձ նման… Բայց ես դեռ չե՛մ վարժվել։ Երևի թույլ բնավորության տեր եմ. երևի իմ մեջ զգացմունքները կլանում են ամբողջ էությունս… Հաճա՛խ դատապարտեցի ինքնիրենս, անվանեցի ինձ թուլամորթ, փոքրոգի… Սակայն, չե՛մ կարողանում… Չափազա՛նց սիրում եմ քեզ… (Կռանում է դեպի նա

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Գգվում է նրան): Ի՜մ Թերեզ…

ԹԵՐԵԶԱ.— (Մեղմությամբ ետ է մղում նրան)։ Ինձ թվում է, թե այդ նրանի՛ց է, որ արգելքնե՛ր են ծնում մեր երջանկության դեմ… Սակայն այլևս չե՛մ կարող, հնա՛րք չեղավ զսպելու, ոչնչացնելու… Եվ ահա եկել եմ ասելու քեզ, Սա՛շա, որ այս երկար տևել չի կարող. որ… որ առանց քեղ այլևս ո՛ւժ չկա ապրելու…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Գգվում է)։ Ի՜մ հրեշտակ, ներ՛իր ինձ խնդրեմ… Ա՜խ, ես ինքս էլ չգիտեմ ինչ ասել քեզ…

ԹԵՐԵԶԱ.— (Ընդունում է գգվանքը): Ներելու ո՛չինչ չկա… Դու ինձ սիրում ես. այդ ես եթե չե՛մ տեսնում, գոնե զգում եմ, համոզված եմ… Գիտեմ, թե որքա՞ն ահավոր տանջանք է քեզ համար՝ քայլեր անել ո՛չ դեպի ինձ, այլ դեպի ետ, հեռու ինձնից… Բայց առանց քեզ չե՛մ կարող… Ո՛ւժ չկա… (Թուլացած՝ գլուխը դնում է նրա կրծքին։ Քիչ հետո հանկարծ, բուռն կերպով գրկում է Սաշային և գրեթե չոքում նրա առաջ)։ Սա՛շա, հոգի՛ս… Իմ էությունն ամբողջ, իմ հոգին, իմ սիրտը լիովին՝ ոտքերիդ առաջն է. կոխի՛ր, կոխի՛ր նրանց, միայն թե մի՛ հեռանա ինձնից… չե՛մ կարող…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Հուզված կռանում է դեպի նա)։ Թերե՛զ, վե՛ր կաց… Բայց ես չե՛մ հեռանում. ես կուզեի մի՛շտ, մի՛շտ քեզ մոտ, երբե՛ք քեզնից հեռու…

ԹԵՐԵԶԱ.— (Տանջվելով)։ Ո՛չ, ո՛չ այդպես… Դու գնու՞մ ես, այդ ես զգո՛ւմ եմ… Գնում ես ավելի, միշտ ավելի հեռու, օրեցօր հեռանում ես… Եվ գուցե այսօր, գուցե վաղն իսկ՝ երկաթե դուռն արդեն, սպառնագին, կանգնի երկուսիս միջև… Եվ այն ժամանակ… այն ժամանակ ուժ չե՛մ ունենա այլևս ապրելու… (Հեկեկում է

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Ջանալով բարձրացնել նրան): Հանգստացիր, Թերեզ, ի՛ սեր աստծո, այդ ինչե՞ր ես ասում… Քո ձեռքը չէ՞ անցնելն՝ այդ պատվարը կոխելով…

ԹԵՐԵԶԱ.— (Ցնցվելով ելնում է, քիչ հեռու կանգնում և խիստ)։ Այդ պատվարը՝ մեր ընտանեկան պատի՛վն է, հորս մարմինը, հասկանո՞ւմ ես… (Վճռական)։ Ո՛չ, դա իմ ձեռքը չէ, այլ քո, միմիայն քո… (Քիչ լուռ)։ Լսի՛ր, Սա՛շա…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Նստում է տխուր և ընկճված)։ Խոսի՛ր…

ԹԵՐԵԶԱ.— (Մոտենում է և ձեռքը դնում ուսին)։ Դու արդեն սկսե՞լ ես այդ գործը։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Մեղմ)։ Դեռ ոչ. բայց… (Ցույց է տալիս սեղանի վրա)։ Ահա՛ թուղթը, որով պիտի սկսի…

ԹԵՐԵԶԱ.— (Վազելով դեպի սեղանը)։ Ա՛հ… (Վերցնում է թուղթը)։ Դեռ ուշ չէ՞ ուրեմն… Պատռե՛նք այս թուղթը, Սաշա, ես քեզ խնդրում եմ, աղաչում եմ ուղղակի…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Գնում է դեպի նա և արգելում)։ Ի՞նչ ես անում… Թո՛ղ, մի՛ պատռի… (Առնում է թուղթը և մի կողմ դնում

ԹԵՐԵԶԱ.— Սա՜շա… Եթե դու ինձ սիրում ես, եթե չես ուզում իմ մահը — թո՛ղ, պատռի՛ր… Թո՛ղ ուրիշին՝ մտնելու նրա դեմ դատի, դու մի՛ անի… Թող իմ սիրա՛ծը չկոխոտի հորս կյանքը, մեր ընտանեկան պատիվը…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Թերե՜զ… դու ուզում ես ստորությա՞ն, վատությա՞ն մղել ինձ…

ԹԵՐԵԶԱ.— Բայց ո՛չ, Սա՛շա, ինչո՞ւ… (Ժպտուն, սիրալիր համոզողական)։ Ուրիշ փաստաբան չկա՞… Ես խո չե՞մ դրդում քեզ պաշտպանել հորս… Ո՛չ… միայն թող դո՛ւ չլինես նրան տրորողը։ Եթե՛ ինձ սիրում ես… եթե՛ ուզում ես, որ ես քոնը լինեմ… (Գգվանքներով և փայփայելով՝ փարվում է Ալեքսանին): Սա՜շա…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Դու գիտե՞ս ինչ ես առաջարկում ինձ, Թերե՛զ… Կռվի մեջ, թշնամու առաջ զենքը նետող և փախչողի վա՛տ, ստո՛ր դերն ես առաջարկում կատարելու… Եվ այսուհետև, չէ՞ որ ես ինքս հենց աոաջի՛նը կթքեմ ինձ վրա… Դո՛ւ էլ, դո՛ւ էլ, եթե լավ մտածես – չպի՛տի կարողանաս սիրել այդպես ընկա՛ծ մարդու… (Վճռականորեն, բայց մեղմությամբ ելնում է նրա գրկից)։ Ո՛չ, Թերե՛զ… Ես քեզ սիրում եմ, գիտե՛ աստված, որ առանց քեզ ինձ համար երջանկություն չի լինի կյանքումս… բայց ուրիշների թշվառության գնով ես չե՛մ ուզում իմ կյանքը քաղցրացնել… (Քիչ լուռ)։ Բայց չէ՞ որ ասում էիր, թե հայրդ քեզ շա՜տ է սիրում, ոչինչ չի մերժի… Թո՛ղ ուրեմն բերի բոլոր մուրհակները, որոնց ես կթվեմ մի առ մի, բերի իմ առաջ պատռի, թուղթ տա, որ ոչինչ պահանջ չունի գյուղացիներից և կամ… թողնի նրանց իսկական պարտքը՝ օրենքի որոշած տոկոսով… Թող ե՛տ տա խլածները…

ԹԵՐԵԶԱ.— (Նստում է հուսահատ և ընդհատում է նրան՝ գլուխը ցնցելով)։ Անկարելի՛ն ես ուզում… Չի՛ անի… Անհնար է… Թշվառության ճիչերը չե՛ն շարժում նրան… Ա՜խ, եթե իմ հայրը չլիներ նա…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Բարկությամբ)։ Թո՛ղ ուրեմն այդպիսի հորը, գնա՛նք իմ ետևից… Ի՞նչ է նշանակում հայր, երբ դու նրան անարժա՛ն, վա՛տ ես համարում… Այդ ի՜նչ պարտականության ստրկություն է…

ԹԵՐԵԶԱ.— (Սոսկումով): Սա՛շա, մտածի՛ր մեկ ասածիդ վրա… Որդին իր հորը ոչնչացնողի հե՜տ… հայ աղջի՜կ՝ գնալ իր հոր ծերունի գլուխը տրորողի ետևից… (Ելնում է)։ Ո՛չ, դա արդեն չափազա՜նց կլինի… Մնում է ինձ մեռնել, քանի որ դու էլ, ասելով, որ ինձ սիրում ես, չես կամենում զոհել անձնասիրությունդ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Թույլ, հուզմունքից հոգնած): Թերե՛զ, խնդրում եմ մի ստիպի ինձ վա՛տ, ստոր դառնալու…

ԹԵՐԵԶԱ.— (Մոտենում է գգվանքով)։ Բայց ինչ՞ու վատ, ի՞նչ եմ ես քեզնից խնդրում… Գյո՞ւղ ես ուզում մնալ, գործել գյուղում, գնանք, թողնենք ամեն ինչ, հեռանանք մի ուրիշ գյուղ, և այնտեղ ցույց տուր, որ կռվել գիտես… Բայց այստե՛ղ, հորս… (Քիչ լուռ)։ Սա՛շա… (Թողնում է և հուսահատ ետ քաշվում)։ Ուրեմն դու մերժում ես, դու այդ չես կամենում…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Թերե՜զ… ԹԵՐԵԶԱ.— (Հուսահատ և ջղային): Դու ինձ չե՛ս սիրում, ո՛չ, դու իմ մահն ես ուզում… Թող լինի… (Սկսում է հեկեկալ

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Վախեցած հետևում է)։ Ի՞նչ ես ուզում ասել… դու վախեցնում ես ինձ… Խոսի՛ր…

ԹԵՐԵԶԱ.— (Նույն և ավելի ջղային ճիչերով)։ Այո՞, ես կմեռնեմ… Այլևս ուժ չմնաց իմ մեջ, ո՛չ… ես ուղղակի կսպանեմ ինձ, չեմ կարող, չեմ կարող… (Ջղային դրություն, հեկեկում է շատ բարձր և ընկնում աթոռի վրա

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Սաստիկ վախեցած և շփոթված, վազում է դեպի ջուրը, հետո թողնում, բռունցքով բաց անում սրահի դուռը և ձայնում): Հա՛յր, մա՛յր, շո՛ւտ…

8) Նույնք, Սահակ, տիկ. Մանուկյան, Մարգարիտ, Արշակ
(Բոլորը վախեցած ներս են թափվում)

ՍԱՀԱԿ.— (Տեսնելով Թերեզին)։ Սա՜շա… Սրա՞ն էլ… Ուրեմն քեզ համար նվիրական ոչինչ չի մնացել…

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— Քե՛զ մատաղ, Թերե՛զ, էդ ի՞նչ եղավ քեզ… հանգստացի՛ր… (Բարձրացնում է նրան)

ՄԱՐԳՈ.— (Միաժամանակ): Թերե՛զ… (Գրկում է նրան)։ Օ՜, ինչ վա՜տն ես, Սա՛շա…

ԹԵՐԵԶԱ.— (Կանանց): Թողե՛ք ինձ, ես չե՛մ ուզում։ Կմեռնե՛մ ես՛. կմեռնեմ, որ ազատվեմ…

ՍԱՀԱԿ.— Տե՜ր աստված… Ի՞նչ ես խոսում մեռնելու մասին… Հանգստացիր, խո չե՞ս գժվել… Ի՞նչ եղավ, ախր, է՜է՜… (Շփոթված՝ չգիտե ինչ անել և գնում է ջուր ածում

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— Ի՛հ, աղջի դու էլ… հիմար-հիմար մի՛ դուս տա՝ թե աստվածդ կսիրես… Վե՛ր կաց… (Ամուսնուց ջուր է առնում և խմեցնում)։ Էս ջուրը մեկ խմի՜։ Ըտե՛նց… Դե հիմի վեր կա՜ց մեկ…

ԹԵՐԵԶԱ.— (Խմում է, շփում հակատը, ելնում է և քայլում դեպի Ալեքսանդրը)։ Սա՛շա…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Սառը և քիչ խիստ)։ Ի՞նչ ես ուզում այլևս։

ԹԵՐԵԶԱ.– Դու մերժում ես ուրեմն, մա՞հս ես ցանկանում… Շա՛տ լավ։ Ահա ծնողներիդ մոտ ասում եմ… Թող տանուտե՛րն էլ լսի ինձ… Եթե դու հորս կդիպչես՝ իմ մահը կպատրաստես… Վիշապը կընկնի, ճշմարիտ է, բայց ես… Վշտից… օդի պակասությունից։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Հիմար բաներ ես ասում, Թերե՛զ։

ԹԵՐԵԶԱ.— Պնդո՛ւմ եմ, այդպես կլինի… Չես ուզում թողնել, որ ուրիշը կոխի հորս թշվառ գլուխը և մեր ընտանեկան պատիվը… դո՛ւ ես ուզում, դու՝ որին ես սիրում եմ…

ՍԱՀԱԿ.— Իմ ասածն էչ դա չի՞… Մարդը մեզ գոհացնում է, աղջիկը քեզ սիրում է — իսկ դու նրան, այդ ծերունուն, որ գրեթե իր փողո՛վն է ուսումի տված լինում քեզ, ուզում ես քաշել ակրուժնոյ սո՜ւդ, արեստանտսկի րո՜տ ղրկել…

ԹԵՐԵԶԱ.— (Ցնցվում է սոսկումից)։ Ա՞յդ է պատիժը… պատիժը՝ վաշխառուների համար… Արեստանտսկի րո՜տ… հո՜րս… (Լուռ են ամենքը)։ Այդպե՞ս… Իմ ծերունի հայրը, իր սպիտակ մազերո՜վ, արեստանտի հագուստո՜վ… (Թուլացած նստում է)։ Սա՛շա… Ախ որքա՜ն կուզեի այս րոպեիս վերջանար, չզգայի, չլսեի՜…

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— Սա՛շա, բաս դու քա՛ր ես, բա կթողա՜ն, որ խեղճ աղջիկը տա՛նջվի… Էդպես էլ հանաքնե՞ր կանեն… (Գգվելով Թերեզային)։ Չէ՛, Թերե՜զ, հանա՛ք են անում… Մարդ սկի իր սիրած աղջկա հորը ըտենց բա՞ն կանի… Հանդարտիր, ծիծաղում են վրեդ… Ի՞նչ սուդ, ի՞նչ բան… Գրիգոր աղեն, խո՛ աստված գիտի — ոչ ոք նրա արած լավությունը մեզ չի արել… Ասել է, թե էլ կո՛պեկ չի առնի, տո՛ւնն էլ մեզ կթողնի, բա՛ղն էլ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Լռի՛ր, մա՛յր, այդ ողորմությունը մենք չե՛նք ընդունել…

ՏԻԿ. ՄԱՆՈԻԿՅԱՆ.— Ինչի՞ ողորմություն, ա՛յ բալամ… Դե մա՛րդ ա, քար խո չի՞… Հալբաթ տեսնո՛ւմ ա մեր հալը…

ՍԱՀԱԿ.– (Կնոջը)։ Ի՞նչ ես ախմախ-ախմախ դուրս տալիս, ա՛յ կնիկ… (Մի կողմը)։ Ֆո՛ւհ, ասած է, է՜, կնգա բերանը լո՛բի թրջել չի լինի…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Հորը)։ Ուրե՛մն ճի՞շտ է, հայր. նա իրա՞վ խոստանում է մուրհակդ ոչնչացնել: Ոչինչ չի պահանջում պարտքիցդ, այո՞… (Դառնությամբ): Ուզում է անպատճա՛ռ ցույց տալ, որ իր փողով ուսում առածն է ոչնչացնելու ելել իրեն… Ուզում է պարտավորեցնե՛լ ինձ, ազնի՛վ ցույց տալ իրեն՝ ուրիշների առաջ…

ՍԱՀԱԿ.— (Շփոթված)։ Թո՛ղ, Սա՛շա… հետո՛…

ԹԵՐԵԶԱ.— (Որ բոլորովին ուշքի է եկել, ելնում է թույլ)։ Այժմ թողեք ինձ… Ես ասացի… ուզում է ինձ սպանել… և գուցե, ա՛յդ ավելի լավ է… մնա՛ք բարև… (Քայլում է դեպի դուռը):

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Տանջվելով և քիչ լռությունից հետո): Թերե՛զ, մի րոպե… Ուրեմն ա՞յդ է քո վերջին խոսքը. դու չե՞ս կամենում ազնիվ մարդու կինը լինել… քեզ հարկավոր է ուրեմն գծո՜ւծ, ստո՜ր տեսնել ինձ… ԹԵՐԵԶԱ.— (Ուզում է վերադառնալ, խոսել

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Չի թողում ու վրա է տալիս)։ Ո՛չ… գնացե՛ք այժմ… Այդ հարվածն էլ թող ավելանա… (Արշակին)։ Պարո՛ն Արշակ, ի՞նչ է լինում այն կռվողի դրությունը, երբ նրա գլխին կարկուտի պես հարվածներ են իջնում, երբ ծեծում են նրան ամեն կողմից…

ԱՐՇԱԿ. — Այդ ես չգիտեմ, բայց գիտեմ այն, որ սուր շինելու երկաթը որքան լավ և արագ են ծեծում, նա այնքան ավելի կուռ է դառնում, կտրո՛ղ և դիմացկուն…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Մտախոհ)։ Այդ ճիշտ է…

ԱՐՇԱԿ.— (Շարունակում է)։ Իսկ եթե երկաթը վա՛տն է, նա փշրա՛նք առ փշրանք կոտրտվում է և երկաթն այլևս անպետք է դառնում սուր կռելու համար…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Ուղղվելով)։ Ձեր ձե՛ռքը… (Սեղմում է, հետո Թերեզին՝ հպարտ): Գնացե՛ք այժմ… Ես ձեզ սիրում եմ, բայց չեմ կամենում ստորանալ՝ սիրվելու համար… Սերը մուրալ ես չե՛մ ուզում, այլ վերցնել, եթե տալիս են… Ինձ հետ եկողը պիտի ուրանա և մայր, և՛ ընտանեկան շինծու պատիվ, և հա՛յր… մանավանդ երբ այդ հայրը մի ամբողջ հասարակության դահիճն է…

ԹԵՐԵԶԱ.— (Հեկեկալով, ձեռքերի մեջ առած երեսը՝ գրեթե փախչում է դուրս։ Մի վայրկյան խոր լռություն է բեմի վրա

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Մեկե՛ն թուլանալով՝ նստում է)։ Վերջացա՜վ…

ՍԱՀԱԿ.— (Նրան)։ Բա Սա՛շա, էդպե՞ս կանեն… Մե՛զ, ասենք, չես խղճում, էդ խեղճ աղջկա՛ն ինչու ես սպանում. բա դու գո՞ւթ չունես. գյուղացոց ցավերը խաթաբալա՞ դարձան մեր գլխին… խո մենակ դու չե՞ս, ուրիշ մա՞րդ չկար…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Թո՛ղ, հա՛յր… Դուք քաղցած չեք մնա, ո՛չ էլ անտուն… (Ավելի մեղմ)։ Վա՛ղն ևեթ պետք է դուրս գալ այս տնից… (Հորը՝ խիստ և կտրուկ)։ Հա՛յր, եթե այդ մուրհակը դու ետ վերցնես, եթե այդ ողորմությունը դու ընդունես… (Ոտքի է ելնում)։ Իմացի՛ր, դու… այլևս իմ հա՛յրը չես… Ես չե՛մ ուզում, որ մի ավազա՛կ վճարած լինի իմ ուսման ծախքը…

ՍԱՀԱԿ.— (Հուսահատ, գլուխը կախ՝ ետ է քաշվում

9) Նույնք և Կիրակոս, հետո՝ Բաղդասար, Զաքար, Սերոբ և Մարգար

ԿԻՐԱԿՈՍ.— (Երևում է դռան վրա); Բաղդասար ամին-բա՛նը եկել են… Հրեն զալումը…

ՍԱՀԱԿ.— (Բարկությամբ)։ Ի՞նչ… դո՛ւրս արա, շո՛ւտ… ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— Բա ես հո՛ղեմ գլո՛ւխդ, ինչի՞ նե՛րս թողիր… (Գնում է դեպի դուռը

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Նրան)։ Մա՛յր… Սպասի՛ր, ե՛ս եմ խնդրել, որ գան։ (Ծառային)։ Կանչի՛ր բոլորին։

ԿԻՐԱԿՈՍ.— (Դառնում է դեպի դուրս և կանչում): Նե՛րս եկեք, աղեն կանչում ա… (Գնում է

(Մտնում են գյուղացիք և լուռ՝ կանգնում դռան մոտ

ԱՐՇԱԿ.— (Նրանց): Առա՛ջ եկեք, ինչո՞ւ եք դռան մոտ մնացել։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Գյուղացոց)։ Ա՛յսպես եկեք… Բարև, Բաղղասար ամի… (Մյուսներին)։ Բա՛րև ձեզ։

ՍԱՀԱԿ.— (Արշակին՝ մի կողմ)։ Յանի, տանուտե՛ր, էս ի՞նչ ա քո արածը. Գրիգոր աղի հետ ոխ ունես՝ Սաշայի՞ն ինչի ես մեջ գցում…

ԱՐՇԱԿ.— (Սառը): Սխալվում ես, Սահակ բեկ, ես ոչ մի ոխ չունեմ Գրիգոր աղայի դեմ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Որ լսել էր այդ խոսակցությունը)։ Հա՛յր, բավակա՛ն է, վերջապես, թողե՛ք ինձ մարդ մնալ և ո՛չ անասուն… Թողեք մեզ մենակ…

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— (Ամուսնուն և աղջկան)։ Գնա՛նք, գնա՛նք, գնա՛նք… (Անցնելիս՝ գյուղացոց): Հը՛մ, հողե՛մ ես ձեր գլուխը, հա՜… (Գնում են

10) Ալեքսան, Արշակ և գյուղացիներ

ԲԱՂԴԱՍԱՐ.— Բա՛խշի, Ալեքսան բեկ. կըլի, որ անժամանակ… Բայց դե որ կանչել էիր՝ եկանք…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Լավ եք արել, որ եկել եք… Ձեզ կանչեցի, որ Գրիգոր աղայի դեմ գրած գանգատին ձեռք քաշեք, քանի որ դուք էլ գանգատ ունեք նրանից, նա ձե՛զ էլ է կեղեքել։

ԲԱՂԴԱՍԱՐ.– (Շփոթված և քիչ լուռ): Յանի որ… հանց որ… Դե էլ մեր ձեռք քաշելը ի՞նչ պետք ա… Գիր էլ խո չգիտե՜նք…

ԱՐՇԱԿ.— Ես ձեր փոխարեն կստորագրեմ, դուք մյոհր կոխեք…

ԶԱՔԱՐ.— Ես խո էլ գործ չո՞ւնեմ նրա հետ… Իմ բանը պրծավ սուդումը…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Այո՛, բայց նա քեզ նեղացրե՞լ է, դու խո կվկայե՞ս…

ԶԱՔԱՐ.— Վկան խո ձեռք չի քաշի… Մեկ էլ որ, դե ես ի՞նչ վկա… (Շփոթված՝ լռում է

ՄԱՐԳԱՐ.— Դե, քյոխվա՛, մեր ձեռքը ինչա՞ցու ա… Մենք խո գանգատ չո՛ւնենք նրանից… ԲԱՂԴԱՍԱՐ.— Ե՛ս է… Գրիգոր աղան, շնորհակա՛լ ենք, մեզ գոհացրեց…

ԱՐՇԱԿ.— (Դեմքը կնճռած)։ Ի՞նչպես թե գոհացրեց:

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ի՞նչ են ասում դրանք… չե՛մ հասկանում։

ԲԱՂԴԱՍԱՐ.— Յանի որ, Ալեքսան բեկ… Ճշմարի՛տ ա, եկանք քեզ գանգատի… տա՛լիք ունեինք… դե տվինք — պրծավ գնաց.. Վեքսիլն էլ պատռեց. էս աչքերիս առա՛ջ պատռեց…

ՍԵՐՈԲ.— (Առաջ է գալիս)։ Քյոխվա՛, թողեք ես դրուստ ասեմ ձեզ… Սրանց իզուր եք կանչել տվել… էն օր Քյաչալ Մարտիրոսը եկավ, սրանց տարավ աղի մոտ… Ինչ արին – չարին, հալբաթ մի քիչ էլ խմացրին… Տենանք՝ եկան, թե աղեն մեզ գոհացրեց, վեքսիլներս ճղեց… Ճշմարտությունը սա ա։ Պարտքները բախշել ա, որ էլ գա՛նգատ չանեն… (Գյուղացոց): Դե ըսենց դյուզ-բադյուզ ասեք, է՜լի. էլ ի՞նչ եք դեսուդեն շուռ տալիս…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Հուզված)։ Ահա թե ինչ… Ուրեմն մնում եմ միայն ե՞ս գանգատավոր. ուրեմն ձեզ կաշառե՞լ է, դուրս է գալիս, որ ես… Ո՛չ, այս արդեն չափազա՛նց ավազակություն է… (Արշակին): Դուք հասկանո՞ւմ եք, հասկանո՞ւմ եք այս խաղը:

ԱՐՇԱԿ.— (Տխուր): Սպասում էի… Հիմար չէ՛ այդ մարդը:

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ո՛չ, ո՛չ, այդ չէ… մնում եմ ե՛ս միայն գանգատավոր… Եվ ահա նա ինչ կասի ինձ քննիչի առաջ. «Ի՞նչ գանգատ ունեք,— կասի,— ապերա՛խտ երիտասարդ, չէ՞ որ իմ փողո՛վս եմ ձեզ ուսում տվել… Ձեր հայրը, կասի,— ո՛չ մի կոպեկ պարտ չունի ինձ, ո՛չ մուրհակ ունի, ո՛չ գրավ… Այդ փողը,— կավելացնի նա,— ես ընծայել եմ նրան… Դիտմա՛մբ էի մուրհակ վերցրել, չե՛մ կամեցել ամաչեցնել նրան, չեմ կամեցել բարեգործությունս ցույց տայ… Մուրհակը առել եմ՝ միայն հորդ անձնասիրությունը չվիրավորելու համար… Թողել եմ, որ հավատա, թե ի՛նքն է քեզ ուսում տվել… ոչ մի՛ պարտք, ոչ մի՛ գրավ… քեզ ուսման ե՛ս եմ տվել, ե՛ս, ապերախտ»… Օ՜ խայտառակություն… (Դեմքը ծածկում է ամոթից):

ԱՐՇԱԿ.— (Գյուղացոց)։ Թյո՛ւ, ի՜նչ մուրտառ խալխ եք եղել, տո՛… Մի-երկու կոպեկով ձեր հոգին կծախեք… Ամո՛թ, ամո՛թ սպիտակ մորուքիդ, Բաղդասա՜ր ամի, ամաչի՛ր տարիքիցդ, ա՛յ Մարգար… (Ալեքսանին)։ Հանգստացեք, իզուր եք հուսահատվում. դեռ ամեն բան կորսված չէ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Գի՛տեմ, գիտեմ… բայց այս վերջին հարվա՛ծը… Սա ավելի՛ խիստ է, պատի՛վս է արատավորում… (Մեկե՛ն գյուղացոց դառնալով և սպառնալից)։ Ա՛, դուք կարծում եք, որ եթե չգանգատվեք՝ կազատվե՞ք ձեռքիցս։ Դուք գիտե՞ք, թե կաշառք ուտելով սուտ վկայությունը, հանցանք ծածկելը՝ ուր կտանի ձեզ… Ես ձեզ բոլորիդ քշել կտամ… Դո՞ւք չե՛ք գանգատվում, հա՞… Մի բաժակ օղին, ձեր մուրհակների պատռելը կազատի՞ ձեզ… Հիմարնե՛ր եք դուք, հիմարնե՜ր… Նա ձեր բերանը փակեց, որ այսուհետև ձեր կաշին ավելի՛ լավ քերթի… Ի՞նչ է, այլևս փողի պետք չե՞ք ունենալու. այլևս ձեր այգին, ձեր հողը միշտ բերրի՞ կլինի… Եվ ահա նա դարձյալ կքերթի ձեզ, խմցրած մի բաժակ օղու, պատռած մուրհակների փոխարեն՝ տասնապատիկ կհանի ձեզնից… Հիմարնե՛ր…

ՄԱՐԳԱՐ.— Դե էլ ի՞նչ ես նեղանում, Ալեքսան բեկ. Գրիգոր աղեն խո քե՞զ էլ վատություն չի արել… իր բերնովն ասեց, որ հորդ պարտքը բա՛խշել ա, որ իր փողո՛վն ա քեզ ուսում տվել, որ իր աղջի՛կը քեզ կտար, թե դու ըտենց…

ԱՐՇԱԿ.— Ձայնդ կտրի՛ր, ախմա՛խ մորուք… Հիմի Գրիգոր աղի ասածներին հավատում ես, հա՞… Բայց մոռացե՞լ ես, որ անե՛ծք, էլ ո՛ւշունց չէիր թողնում, որ չասեիր նրան… Տո՛, անցյալ տարի չէ՞ր, որ կթան կովդ ծախեց-տարավ… Թյո՛ւ…

ԲԱՂԴԱՍԱՐ.— (Դառնում է դեպի դուռը)։ Գնա՛նք, ա՛ խալխը, մենք էլ ըստեղ գործ չունենք… (Ալեքսանին): Էլ մեզ խո ասելիք չունե՞ս, Ալեքսա՛ն բեկ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Մոտենում է նրան)։ Այո՛, ասելի՛ք ունեմ… Լսի՛ր ինձ, ա՛մի, և լա՛վ լսիր… Ես քեզ կխնայեմ, պատմել չե՛մ տա, ծե՛ր մարդ ես… Բայց քեզ վկա եմ կանչել տալու, ձեռքդ ավետարանի ու խաչի վրա պիտի դնես և ճշմարիտը ասես… Տեսնենք, կարո՞ղ ես այնտեղ էլ չխոսել։

ԲԱՂԴԱՍԱՐ.— (Վախեցած)։ Բա ինչի՞… յանի որ… երդո՞ւմ ինչի պիտի տամ… Չե՛մ տա. երդում չե՛մ տա…

ԱՐՇԱԿ.— Քեզ կստիպեն…

ԲԱՂԴԱՍԱՐ.— Փիե՜…

ՄՅՈԻՍ ԳՅՈԻՂԱՑԻՔ.— (Միաժամանակ): Զոռո՞վ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Վկա որ կանչվեք, ես կպահանջեմ, որ ձեզ երդվեցնեն…

ԳՅՈՒՂԱՑԻՔ.— (Շփոթված միմյանց երեսին են նայում

ԶԱՔԱՐ.— Ա՛ քեզ մատաղ, Ալեքսան բեկ, մենք ի՞նչ փիսություն ենք արել քեզ, որ անմեղ տեղը մեզ խա՜թի մեջ ես գցում… Բա մենք կարա՞նք երդում տանք՝ ու սուտը ասենք, բա աստված մեզ չի՞ էրիլ… ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Աստվա՜ծ էլ կէրի, հետո, որ դուրս եկավ՝ սուտ երդվիլ եք, վա՜յ ձեզ. սիբիրա՛կան կդառնաք… Դե՜, գնացեք այժմ. ձեզ բոլորիդ վկա եմ գրում…

ՄԱՐԳԱՐ.— Ալեքսան բեկ, մե՛ղք ենք, մի՜ անի։

ԱՐՇԱԿ.— (Մոտենում է նրանց)։ Դուք ի՞նչ մարդիկ եք, որ ձեզ մեղքանան. դուք ախմախնե՛ր եք… Մարդը ըստեղ իրան զրկո՛ւմ ա, իր կյա՛նքն ա փշրում, որ ձեզ լավություն անի…

ԲԱՂԴԱՍԱՐ.— Դե թող չա՛նի էդ լավությունը. չե՛նք ուզում…

ԱՐՇԱԿ.— Թյո՛ւ ես ձեր (Հրելով գյուղացոց)։ Գնացե՛ք, գնացե՛ք, հե՛տո ինքներդ կտեսնեք, թե ի՜նչ ախմախներ եք եղել…

ՍԵՐՈԲ.— (Առաջ է գալիս)։ Ինձ վկա՛ գրի, Ալեքսա՜ն բեկ. ես չե՛մ ծախի հոգիս, ես հասկանում եմ, որ դու մեր լավն ես ուզում, որ ուզում ես գեղը Գրիգոր աղի ձեռքիցը ազատել… (Գյուղացոց)։ Ադա, բաս ծտի խե՞լք էլ չունեք… Ասե՛նք հիմի Գրիգոր աղեն ձեր պարտքը բախշեց… Կբախշի, բա ի՞նչ կանի, վախն ընկել ա ջանը, սուդից վախենում ա. ընենց ա անում, որ անիրավությունների ճոնդերը ծածկի… Բա հիմի արավ, ինքն էլ պրծավ, է՛լի գեղումը մնաց… տո՛, էլ պարտք չե՞նք անելու, էլ մեր բաղը չի՞ խարաբ ըլի, յա քյասադ տարի չի՞ գա… Յա թե՝ Գրիգոր աղեն է՞շ կըլի, որ այսուհետև գործը փիս բռնի… Հը՞, ա՛ խալխը, դրուստ չե՞մ ասում… (Ավելի մոտենալով և համոզողական): Տո՛, ասենք թե աժդահան եկել ա՝ գեղիցը մա՛րդ ա ուզում, որ գեղը կուլ չտա… Սա մի հեքիա՛թ ա… Որ էսօր տվիր՝ կշտացավ, ա՛, բաս էլ չի՞ քաղցածանալու. էլ ետ չի՞ գալու ուզի, ու ըտենց սաղ գեղը ուտի՞… Դե՛, Գրիգոր աղան աժդահա ա, է՛լի… էսօր վախլությունից ձենը կտրեց, եղ քսեց մեր գլխին, լավամարդ դարձավ… տո՛, բաս հենց ըտենց չե՞ն խաբում մեզ… Բա չե՞ք տեսել տղերքը ո՞նց են խաղում… փիսո՜, փիսո՜… ու բամփաչեն գլխովը տալի՜ս… (Արշակին)։ Հը՞, քյոխվա՛, փի՞ս եմ ասում, ըտե՞նց չի…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Որ զարմացած և հիացմունքով լսել էր)։ Ա՜յ քեզ ճարտարախոս…

ԱՐՇԱԿ.— (Սերոբին)։ Այ դու շա՛տ ապրես, Սերո՛բ, մարդ մարդ ես եղել… Ըտենց ա, բա ը՞տենց չի:

ՍԵՐՈԲ.— (Գյուղացոց): Մեկ էլ որ, ա՛ խալխը, կուզեք ձեռք քաշեք, կուզեք՝ չէ — մեզ վկա են կանչելու, երդո՜ւմ են տալու… Բա ինչի՞ մենք մլթո՞նի ենք, հայ քրիստոնյա չե՞նք, որ համ երդում տանք, համ էլ սուտ խոսանք… Տո՛, յանի որ սուտ էլ խոսանք, սլեսչին հիմա՞ր ա, չի՞ կարա մեզ խոսացնելուց՝ մեր սուտը բռնի… Էն վախտն էլ խո սիբիրակա՞ն կըլենք… Չէ՛, ախպե՛ր… (Ալեքսանին)։ Գրի՛ր, Ալեքսա՛ն բեկ… ես չե՛մ կարա ձեռքս ավետարանի վրա դնեմ ու սուտ խոսեմ…

ԲԱՂԴԱՍԱՐ.— (Մեղմ)։ Թե երդում տալ տվին — յանի որ… ես էլ չեմ կարա սուտ խոսալ…

ԶԱՔԱՐ.— Ալե՛քսան բեկ, չի՞ ըլի, որ ինձ ազատես… Խե՛ղճ մարդ եմ, մի՛ գցիլ ինձ խաթի մեջ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Ծիծաղելով): Տո՛, որ դրուստը խոսես՝ խաթի մե՞ջ կընկնես… (Գյուղացոց)։ Բաս է՞դ էր ձեր արջի որս գնալը… էլ ի՞նչ էիք մեծ-մեծ բրդում… Դո՛ւ, Բաղդասա՛ր ամի, ասում էիր, թե կխփե՜նք արջը, հա՜յ կքերթենք… Գնացե՛ք, գնացե՛ք. ձեզ բոլորիդ վկա կգրեմ… Չուզեցի՛նք ձեր բողոքը, թող ե՛ս ապերախտ լինեմ, թող ամեն ծանրություն ինձ վրա միայն ընկնի…

11) Նույնք և եսաուլներ

(Հանկարծ դուռը բացվում է, սենյակն են մտնում, նախ մի եսաուլ՝ ձեռքին մեծ ծրար, ետևից երևում են երկա-երեք ուրիշ եսաուլներ, հետո՝ Սահակի, տիկ. Մանուկյանի, Մարգոյի և Կիրակոսի վախեցած դեմքերը

ՄԻ ԵՍԱՈՒԼ.— (Քայլում է դեպի Արշակը և պարզում է նրան ծրարը)։ Նաչալնիկի՛ց հրաման… Շտապողական է…

ԱՐՇԱԿ.— (Զարմացած և վախեցած՝ վերցնում է ծրարը և բաց է անում. միաժամանակ)։ Հրամա՞ն… Շտապողակա՞ն… (Սկսում է կարդալ։ Ամենքը սրտատրոփ և վախեցած դեմքերով հետևում են կարդալուն):

ԱՐՇԱԿ.— (Կարդալիս ցնցվում է, գունաթափվում։ Երբ վերջացնում է, ձեռքերը թուլանում են և իջնում։ Ալեքսանին)։ Հրամանը ձե՛զ է վերաբերում… Նահանգապետը հրամայել է անմիջապես ձերբակալել ձեզ, հանձնել եսաուլների ձեռքը և քաղաք ուղարկել…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Ապշած): Ի՞նձ… ձերբակալե՞լ…

ԱՐՇԱԿ.— Ամբաստանված եք իբր հեղափոխական…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Իբր… իբր ի՞նչ… հեղափոխակա՞ն։

ԱՐՇԱԿ.— Նա՜ է. այն հրեշը… այդպիսի զենքո՞վ է կռվում այժմ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Այդպե՞ս… (Մի րոպե լուռ մնում է, հետո հանկարծ վճռականորեն բարձրացնում է գլուխը, դառն կերպով ժպտում, մոտենում է սեղանին, ջղայնությամբ մի քանի տող բան է գրում բողոքի տակ, չորացնամ և պարզում է Արշակին): Եվ այնուամենայնիվ, պարո՛ն տանուտեր, ահա բողոքը… Ընթացք տվեք գործին… (Ապա դառնում է դեպի եսաուլը, քայլում դեպի նրանց և վեհորեն)։ Պատրա՛ստ եմ…

(Շրջապատվա՛ծ գնում է դեպի դուռը։ Ամենքը սոսկումով ճանապարհ են տալիս։ Պատկեր

ՎԵՐՋ

1904

———————————

1 Այն տեղերը, ուր դրված են երեք կետեր (…), դերակատարը պետք է փոքրիկ միջոցներ (պաուզա) տա:

  1. Ռուսերեն ոճ. «Հարգանքներս»:
  2. Փաստաբան, երդվյալ հավատարմատար:
  3. Դատավոր:
  4. Նշանակում է «կաց, կաց»: