Ի՞նչ կապ կա մեր եվ Տաճկաստանի հայերի մեջ

Ի՞նչ կապ կա մեր եվ Տաճկաստանի հայերի մեջ

Ի՞ՆՉ ԿԱՊ ԿԱ ՄԵՐ ԵՎ ՏԱՃԿԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԵՋ

Մինչև վերջին ռուս-թուրքական պատերազմը, եթե պատահում էր մեր կողմերում մի տաճկաստանցի հայ ֆեսը գլխին, իսկույն «հոսհոս» անունը կպցնում էինք ճակատին և երեսներս շուռ տալիս: Մեր կողմերում մշեցի և վանեցի հայ մշակներին մեր երեխաներն անգամ «կռո» էին կոչում, և շատերը մեզանից հավատացած էին, թե «կռոն» հայ չէ, այլ քրդերի մի որևէ ցեղին է պատկանում:

Տաճկաստանցին նույն սխալ և մութը կարծիքներ ուներ մեր մասին: Եթե մեզանից մեկը հանդիպում էր Կ. Պոլսի կամ այլ քաղաքների փողոցներում, տաճկաստանցին մի կասկածավոր հայացք էր գցում մեր երեսին, և «անոնցմե է»... ասելով, ցույց էր տալիս իր ընկերին: Մեզ համարում էին հայությունից օտարացած, մենք միմյանց չէինք ճանաչում, նրանք ատելի էին մեզ, իսկ մենք — նրանց:

Մեր մեջ բոլոր հարաբերությունները կտրված էին: Վաճառականությունը չէր մոտեցնում մեզ, վաճառականությունը, որ կարող էր մեր մեջ հաղորդակցության կապ լինել, այն ևս չկար: Տաճկաստանցի հայը գործ ուներ եվրոպացիների հետ, իսկ մեր վաճառականը Մոսկվայի և Նիժնայի հետ: Մի քանի ծխախոտ ծախողներ վերջին ժամանակներում միայն սկսեցին հայտնվել Թիֆլիսում:

Մնում էր երկու բան, որ կարող էին մեզ ծանոթացնել միմյանց հետ, այն է` գրականությունը և լրագրությունը:

Բայց մի՞թե մենք ունենք գրականություն: Մենք ունենք արդարև, հին, կլասիկական հարուստ գրականություն, բայց նոր ոչինչ չունենք: Եղիշեն կարդալով կարող ենք տեղեկություն ստանալ, թե որպես էր տանջվում հինգերորդ դարու հայը պարսիկներից, իսկ այժմյան Թուրքիայի հայի վիճակի մասին նա մեզ տեղեկություն չի տա:

Մի ազգի կամ մի ժողովուրդի հետ կարելի է ծանոթանալ իր գրականությունից, մինչև անգամ նրան չտեսնելով, բայց այն ժամանակ միայն, երբ գրականությունը կլիներ կատարյալ արտահայտություն նույն ազգի կյանքի և մտավոր զորության, երբ գրականության մեջ կհայտնվեր նա իր տնտեսական, արհեստագործական և ընկերական կյանքով, իր մտածություններով և ձգտումներով, մի խոսքով, իր կեցության բոլոր բազմատեսակ կողմերով: Այսպիսի գրականությունից թե մենք և թե մեր տաճկաստանցի եղբայրները զուրկ ենք:

Ի՞նչ գործ էր կատարում լրագրությունը:

Մեր լրագրությունը «Մշակի» գոյություն ստանալուց առաջ ամենևին չէր զբաղվում տաճկաստանցիներով. նա չէր զբաղվում և մեր տեղական հարցերով կամ մեր կյանքով: Իսկ Տաճկաստանի հայոց լրագրությունը հենց այսօր նույն ողորմելի վիճակի մեջն է, ինչ որ էր մեր լրագրությունը տասը տարի առաջ:

Ես համոզված եմ, եթե մեկը այժմ վեր առնի «Մշակի» և «Մեղուի» (նորի) բոլոր համարները և ուշադրությամբ ուսումնասիրե, կստանա, եթե ոչ բոլորովին կատարյալ, բայց բավականին պարզ գաղափար Ռուսաստանի հայոց կյանքի մասին. կտեղեկանա նրանց տնտեսական վիճակը և թե ուսումը, կրթությունը ո՛ր աստիճան առաջ է գնացել, կամ ի՞նչ դեր են խաղում նրանք արհեստի և վաճառականության մեջ, և մասնավոր վիճակագրական տեղեկություններ կունենա, թե ո՛րքան թվով ո՛րտեղ են բնակվում և այլն: Իսկ Կ. Պոլսի լրագրությունը չէր կարող մեզ այս տեղեկություններից և ոչ մեկը տալ, որովհետև նա տեղական հարցերով չէր զբաղվում: Կ. Պոլսի լրագրությունը զբաղված էր Եվրոպայի և պատրիարքարանի ինտրիգաներով, բայց Բոսֆորի մյուս կողմը, Փոքր Ասիայում նա ոչինչ չէր տեսնում — Հայաստանի հայ բնակչի վիճակը և նրանց հարաբերություններն իրանց օտարազգի դրացիների հետ չէին հետաքրքրում Կ. Պոլսի լրագրությանը, շատ-շատ նա կտպեր մի գավառական սկանդալ և ավելի ոչինչ:

Կ. Պոլսի լրագրությունը չէր ուսումնասիրում մինչև անգամ իր ոտքի տակի հողը — Կ. Պոլիսը: Մենք ամենևին չգիտենք, թե մոտ երեք հարյուր հազար հայ բնակիչներ Թուրքիայի մայրաքաղաքում ի՞նչ գործով են զբաղված. մի քանի հատ ու կտոր, ծուռ ու սխալ տեղեկություններ հասել են մեզ նրանց մասին օտարազգի լրագրությունից, իսկ բուն Կ. Պոլսի լրագրությունը նրանց մասին միշտ լուռ է եղել:

Բայց Կ. Պոլսում հրատարակվել է միշտ, 10-ից սկսյալ մինչև 15 կամ ավելի, զանազան տեսակ պարբերական թերթեր, և չնայելով նրանց բովանդակության աղքատությանը, լրագրության փոխանակություն ևս չէ եղել մեր և նրանց մեջ: Ուրեմն լրագրությունը ևս չէր կարող մեզ կատարելապես ծանոթացնել միմյանց հետ: Մեզ մոտեցնելու և միմյանց հետ ծանոթացնելու կարևորությունը զգալով «Մշակը», սկսյալ իր հրատարակության օրից, և մանավանդ վերջին տարիներում սկսեց խիստ հաճախ խոսել տաճկաստանցոց վրա, և ես համոզված եմ, որ պոլսեցիք կարդալով «Մշակը», ավելի ճիշտ տեղեկություններ կարող էին քաղել Փոքր Ասիայի հայոց դրության մասին, քան թե իրանց բոլոր լրագրությունն ամբողջությամբ վեր առած:

Եվ այսպես, Տաճկաստանի հայոց դրությունը մեզ այնքան էր հայտնի, որքան Միջին Ափրիկայի վայրենիների դրությունը, և նույնիսկ պոլսեցիք մեզանից ավելի չգիտեին նրանց մասին: Այս կարծիքը ուղիղ է, և որի ապացույցն է այն, որ հայոց պատգամավորներից մեկը արդեն գտնվում էր Լոնդոնում, իսկ մյուսը Ս. Պետերբուրգում, երբ Կ. Պոլսում դեռ նոր մտածեցին, թե Հայաստանի մասին պետք է ճիշտ և մանրամասն տեղեկություններ ունենալ, և դեռ նոր վարդապետներ վազեցրին դեպի Հայաստան, որ գնան, տեսնեն, թե որտե՞ղ են բնակվում հայերը, ո՞րքան է նրանց թիվը և ի՞նչ հարաբերության մեջ են օտարների հետ: Այն ժամանակ միայն մտածեցին Հայաստանի համար քարտեզ պատրաստել: Բայց Կ. Պոլսում պատրիարքարան կար, ազգային ժողով կար, այնտեղ էր հայոց ինտելիգենցիան — այս բոլորը պետք է գիտենային և պատրաստեին առաջուց, շատ և շատ առաջուց, և որի մեջ գլխավոր գործիչ պետք է լիներ լրագրությունը, և առհասարակ գրականությունը:

Ուրիշ օրինակ անհարմար կլիներ բերել, քան թե այն, որ Բեռլինի ավագաժողովի ժամանակ Կ. Պոլսի հայոց դրությունը նմանում էր մի վաճառականի, որ կամենում է սկսել մի մեծ առևտրական սպեկուլյացիա, առանց նախապես գիտենալու իր դրամական վիճակը. նա հասկանում է, որ կասսան դարտակ է, այն ժամանակ միայն, երբ գործը արդեն սկսել էր: Այսպիսի հանգամանքում անհաջողությունն ինքնըստինքյան հասկանալի է:

Բայց անհաջողությունը, մանավանդ մի մեծ հեղաշրջումից հետո ժողովուրդների կյանքում, ինչպես և պարտությունը ձախորդ պատերազմից հետո, ունեն իրանց օգուտները, այն կողմից, որ նույն ժողովուրդներին հասկացնել են տալիս իրանց թերությունները, սխալները և առհասարակ նրանց անընդունակությունները, որոնք պատճառ եղան անհաջողության: Եվ այդ գիտակցությունը բավական էր ապագայում նրանց առաջնորդելու համար դեպի ուղիղ և հաստատ ճանապարհը, որ հասցնում է նպատակին: Եթե կա Տաճկաստանի հայոց անհաջող ձեռնարկության մեջ մի օգտավետ կետ — այդ է: Իսկ արդյոք կարո՞ղ են տաճկաստանցիք օգուտ քաղել դրանից, — ահա՛ մի հարց, որ պետք է պարզել:

Այդ հարցը այնքան բաղադրյալ է, որ դժվար է մի անգամով բացատրել. մենք կհետազոտենք նրա գլխավոր գծերը միայն: Արդարև, ամեն մի անհաջող ձեռնարկություն ժողովուրդների կյանքի մեջ ունի իր օգուտները, որ նրանց զգալ էր տալիս իրանց թերությունները և նախապատրաստում է մի նոր ապագայի համար, և դրանից է առաջ գալիս այն գիտակցությունը, որ կոչվում է ինքնաքննություն: Բայց դժվար կարելի է գտնել ամբողջ մարդկության մեջ մի ժողովուրդ, որ ինքն իրան ճանաչեր — նրան ճանաչում են և քննում են նույն ժողովրդի առաջավոր մարդիկը, զարգացած մասը, որպես բժիշկը հիվանդներին: Եվ այս վերջինները հաղորդում են ժողովրդին նրա թերությունները, նրա պետքերը, և միևնույն ժամանակ հնարները նույն պետքերին բավականություն տալու: Դրանք կոչվում են զանազան անուններով` ժողովրդական գործիչներ, առաջնորդող մարդիկ — գրավոր և բերանացի խոսքը նրանց գլխավոր զենքն է — նրանք ներկայացնում են ժողովրդի մտավոր զորությունը, — նրա ինտելիգենցիան:

Բայց մենք տեսանք մեր հոդվածի սկզբում Թուրքիայի հայի թշվառ ինտելիգենցիան, նա կարո՞ղ է արդյոք առաջնորդող լինել, ազդել, դրդել և բարձրացնել ամբոխը իր ընկած դրությունից, քանի որ ինքը ինտելիգենցիան ուղղվելու կարոտ է:

Պետք է ի նկատի ունենալ և տեղի դրությունը: Կ. Պոլիսը, որպես պաշտոնական կայարան, հասկանալի է, այնտեղ է Բ. Դուռը, այնտեղ հայոց պատրիարքը միշտ կարող է հարաբերություն ունենալ վեզիրների և եվրոպական պետությունների ներկայացուցիչների հետ: Բայց Կ. Պոլիսը, որպես ներգործող կենտրոն Հայաստանի վերաբերությամբ, անհարմար է: Կ. Պոլիսը, թեև կրում է իր մեջ Տաճկաստանի հայոց առաջավոր մարդիկը, բայց իր առանձնացած դիրքով, հազիվ թե կարող էր ազդել հեռավոր Հայաստանի վրա: Կ. Պոլսի և Տաճկական Հայաստանի մեջ ծովեր կան, Անատոլիայի ցամաքը կա, այլևս չենք հիշում ճանապարհների վատ հաղորդակցությունը: Այստեղից հասկանալի է ազդեցության թուլությունը, որ պոլսեցիք կարողանում են անել բուն հայաստանցոց վրա: Ուրեմն չէ կարելի ամեն ինչ հուսալ պոլսեցիներից կամ ամեն ինչ նրանցից միայն սպասել:

Տաճկական Հայաստանի հայերին, ավելի քան պոլսեցիքը, կարող ենք օգնել մենք` Ռուսաստանի հայերս, որովհետև նրանց հետ մոտ դրացության հարաբերություն ունենք: Թողյալ այդ, Ռուսաստանի հայը համեմատաբար ավելի բարձր է, քան թե պոլսեցին, թե իր մտավոր և թե նյութական կարողությամբ: Ինչո՞ւ մենք բոլոր հոգսը պոլսեցիների վրա ենք ձգում. մենք նրանց հետ պետք է բաժանենք բռնության լծի տակ ճնշված մեր եղբայրների ցավերը:

Տաճկաստանի հայերի վերականգնումը միշտ կարծիքական պետք է համարել, երբ հույս կդրվի միմիայն Կ. Պոլսի վրա: Պետք է ամեն տեղից, ուր որ կան հայեր, օգնության ձեռք մեկնեն նրանց, և այդ պարտավորությունն առավելապես հասնում է մեզ` ռուսաստանցիներիս: Մեր բարեսիրտ կառավարությունը մեզ չէ արգելում օգնել նրանց. նա կցանկանա, որ մենք պատրաստեինք Փոքր Ասիայում մի ժողովուրդ, որպես վահան անգլիական ազդեցության դեմ. նա կցանկանա, որ մի քրիստոնյա ժողովուրդ ազատված լինի Թուրքիայի բռնությունից, որոնց համար թափեց իր զինվորների այնքան շատ արյունը:

Ի՞նչ կարող ենք անել, գուցե կհարցնե ընթերցողը: — Շա՛տ բան, միայն թե մտածեինք օգնել:

Բայց նախ քան օգնելը, պետք է գիտենալ, թե ինչ բանի կարոտ են նրանք. իսկ այդ գիտենալու համար պետք է նրանց հետ որևիցե կապ և հարաբերություն ունենալ: Բավական չէ այն, որ մենք նրանց հետ դրացիներ ենք, բայց մեր դրացությունը մինչև այսօր եղել է այնպես, որ առիթ չենք ունեցել լավ ճանաչել միմյանց: Եվ մեր հոդվածի սկզբում նույնպես նկատեցինք, որ մեր և տաճկաստանցոց մեջ չկա և չի եղել որևիցե միացնող կապ:

Մեր մեջ կա մի կապ միայն, այն է` ազգակցական, որ նրանք և մենք միևնույն ցեղին ենք պատկանում, միևնույն լեզվովն ենք խոսում, և մեր երակների մեջ միևնույն արյունն է վազում — այսքանը միայն: Մի ուրիշ կապ էլ ունենք, այն է կրոնական, որ մենք և նրանք միևնույն եկեղեցուն ենք պատկանում: Իսկ վերջին կապը հազիվ թե կարելի է ամբողջական համարել զանազան հերձվածների պատճառով — մեր կաթոլիկ, բողոքական և մահմեդական եղբայրների մեզանից բաժանվելով — այլև բուն լուսավորչականների վերաբերությամբ նույնպես թույլ է նա, որովհետև, մեր մեղքից, մեր եկեղեցական կառավարությունները երկու հակառակ պետությունների մեջ` Թուրքիայում և Ռուսաստանում — կարծես, մինը մյուսին հակառակ աթոռներ են ներկայացնում, և այդ ավելի նկատելի եղավ վերջին քաղաքական հանգամանքներում, երբ Էջմիածնի վեհարանն իրան խուլ անտարբերության մեջ պահեց, ամենևին չմասնակցելով Կ. Պոլսի պատրիարքարանի ձգտումներին: Պատմությունը, իհարկե, կդատապարտե այդ մեծ անուշադրությունը, իսկ ժամանակակից բարեմիտ մարդը չէ կարող առանց խորին վրդովմունքի նայել դրա վրա:

Ցավելով պետք է խոստովանվել, որ չնայելով մեր ամենիս բոլոր ցանկությանը, վերջին ժամանակներում, լուսավորչական ս. աթոռի վեհափառի ընտրությունը Թուրքիայի եկեղեցականներից չարդարացրուց այն հույսը, որ սպասվում էր, այսինքն, որ Տաճկաստանից ընտրված ընդհանուր հայոց վեհ. Կաթողիկոսը կամրացներ հայրապետական աթոռի կապերը Կ. Պոլսի պատրիարքարանի հետ, որպես ավելի բազմաթիվ հայ ազգաբնակության եկեղեցու ներկայացուցչի: Այս խոսքերը մեզ ասել են տալիս մի քանի տխուր փաստեր, որոնց հիշելը ավելորդ ենք համարում: Եվ որ ավելի վնասակարն է, այն է, որ նույնիսկ ս. Էջմիածնի մեջ առաջ եկավ մի տեսակ խորթություն — վեհարանն առանձնացավ ամբողջ միաբանությունից: Ով որ փոքր ի շատե ծանոթ է ս. Էջմիածնի այժմյան դրությանը, կհամաձայնի մեզ հետ: Այդ, իհարկե, պետք է համարել մի կամայական զեղծում, որ առաջ է եկել ավելի անձնավորություններից, և որն ապագայում կարող է ուղղվել, երբ նույն անձնավորությունները տեղի կտան ուրիշներին: Իսկ մեր եկեղեցական բարձր կառավարության հիմնական գաղափարը դարձյալ կմնա այն, ինչ որ եղել է միշտ, այսինքն, թե ս. Էջմիածինը, որպես գլուխ, կունենա սերտ և անմիջական կապ իր բոլոր մասների հետ — ընդհանուր հայոց հոգ. ներկայացուցիչների հետ, որտեղ և ինչ պետության մեջ լինեին նրանք:

Ես հարկավոր չեմ համարում այժմ մեր կեղտոտ լվացքը դուրս թափել և ուրիշների աչքի առջև լվանալ. դեռևս պետք է լռել... խոսելու ժամանակ շատ կա....

Խոսելով ազգային միության վրա, չէ կարելի չհիշել մեր այն եղբայրներին, որ կրոնական հերձվածներով բաժանվել են մեզանից. մեր խոսքը հայ-բողոքականների և հայ-կաթոլիկների մասին է: Լրագրությունն այժմ զբաղված է այդ հարցով: Բայց մենք երբեք մեզ թույլ չէինք տալ հակառակ լինել խղճի ազատության, եթե կրոնական հերձվածները Թուրքիայի հայերի մեջ չվնասեին ազգային միության և չբաժանեին նրա ամբողջությունը: Բայց երբ տեսնում ենք բողոքականությունը հայերի մեջ դառնում է զանազան քաղաքական նպատակների գործիք անգլիացիների ձեռքում, որ չունի ոչինչ կապ քրիստոնեության և կրոնի հետ, երբ տեսնում ենք, որ պապականությունը մոլեռանդ կղերի ձեռքում դառնում է գործիք ուլտրամոնտանիզմի, որ մի ամբողջ ժողովուրդ շինում է պապի և նրա արբանյակների ստրուկ, — այդպիսի դեպքերում չէ կարելի անտարբեր մնալ: Կաթոլիկությունը, որպես աստվածաբանական սխոլաստիկա, միշտ եղել է հակառակ կրթության և ժողովրդի ազատ ոգու զարգացման, իսկ բողոքականությունը, որպես նոր աղանդ, որպես նոր խմոր, ավելի թունդ է իր ֆանատիզմով: Ով որ տեսել է բողոքականին Եվրոպայում, գուցե կծիծաղի մեր դատողության վրա, բայց Ասիայում նույնը չէ բողոքականը, այստեղ նա բաժանվելով իր մայրենի եկեղեցուց, դառնում է բոլորովին ուրիշ մարդ. նրա բոլոր կապերը կտրվում են իր ազգի հետ, և նայում է իր ազգայինների վրա այնպես, որպես մի ժամանակ հրեաները նայում էին սամարացիների վրա: Կաթոլիկների մասին ավելորդ է խոսել անգամ, նրանք ավելի վատ են: Մեկն իրան ինգիլիզ է կոչում, մյուսը ֆրանգ: Եթե սրանք այսպես են, լուսավորչականները նույնպես հետ չեն մնում իրանց աններողամտությամբ դեպի իրանց անջատված եղբայրները, և ավելի նրանց առիթ են տալիս հեռանալու:

Ճանապարհորդելով մի ժամանակ Տաճկական Հայաստանում, ես շատ անգամ առիթ եմ ունեցել տեսնվել որպես կաթոլիկ, նույնպես բողոքական հայերի հետ. մտել եմ նրանց դպրոցներում, ժողովարաններում, և երբեմն տաք վիճաբանություններ եմ ունեցել նրանց հետ: Այդ մարդկանց վրա պետք է խղճալ, նրանք շատ ողորմելիներ են: Նրանց այնքան փոքր բան են սովորացրել, որ ուրիշ կերպ լինել չէին կարող, հին և նոր կտակարանից մասնավոր տեղեկություն, մի քանի աղոթքներ, փոքրիկ քրիստոնեական վարդապետություն, եթե ավելացնենք դրանց վրա և այն համոզմունքը, թե ով որ իրանց եկեղեցուն չէ պատկանում, զրկվում է Քրիստոսի արքայությունից — կստանանք նրանց գիտության ամբողջ չափը:

Մեր կարծիքով, այդ խիստ բաժանումը մեր կաթոլիկ և բողոքական եղբայրների ազգային ամբողջությունից, լոկ դավանաբանական պատճառներով, պետք է համարել ժամանակավոր մի երևույթ, որ առաջ է եկել ավելի անկրթությունից, և որն ինքնըստինքյան կանհետանար, երբ ազգայնության գաղափարն իր բոլոր կենսագործող զորությամբ կմարմնանա նրանց մեջ:

Շատ ցանկալի էր, որ մեր ազգայինները պատկանեին նույն եկեղեցուն, որ հիմնեց մեր լուսավորիչ պապը, բայց երբ որ կաթոլիկությունը և բողոքականությունը մեր մեջ արդեն մի կատարված իրողություն է, այլևս ի՞նչ պետք է անել: Մեր եկեղեցականները չունեն այն հոգին, որ աշխատեն նրանց կրկին միացնել մեզ հետ. ուրեմն պետք է թույլ տված, որ կրոնի վերաբերությամբ ազատ մրցությունն ընթանա իր ճանապարհով, իսկ ազգայնության վերաբերությամբ աշխատել, որ պահպանվի նրանց հետ մեր միությունը: Մենք այն կարծիքի ենք, թե դավանությունների բազմատեսակությունը չէ ոչնչացնում ազգային միությունը — միությունը պետք է որոնել այդ մասների ներդաշնակության մեջ, որի հիմնական մոթիվը պետք է լինի ազգայնությունն իր բարձր նշանակությամբ: Մենք համոզված ենք, որ եկեղեցու անբաժան միությունը մի ազգի մեջ կարող է տանել դեպի միակողմանիություն, և հետևապես դեպի անկենդանություն, որի ընդհակառակն, եկեղեցու բաժանված մասերն, առանց մի ընդհանուր առաջնորդող ոգու (որ կարտահայտեր բոլորի շահերը), կտանեն դեպի թուլություն և կործանումն:

Կրկնում եմ, պետք է թողնել մրցությունը գնա իր ճանապարհով, դրանով ավելի կշահվեն լուսավորչականները, քան թե հալածելով իրանց եղբայրներին: Տաճկաստանցիք փոքր չօգտվեցան այդ մրցությունից. եթե նրանց մեջ փոքր ի շատե ծաղկել սկսեց տպագրությունը և առհասարակ գրականությունը, դա առաջ եկավ վենետիկցոց հետ մրցությունից. եթե նրանք սկսեցին բարեկարգել և բազմացնել իրանց դպրոցների թիվը, դա առաջ եկավ բողոքականների հետ մրցելուց: Կաթոլիկությունն այժմ հայերի մեջ հասել է մի կետի, որ այլևս առաջ չէ գնում, և կարելի է ասել, որ նրանցից շատերը վերադառնում են դեպի իրանց հայրենի եկեղեցին, երբ փոքր-ինչ զարգանում են: Իսկ բողոքականությունն այժմ մեծ գործունեության մեջ է. բայց հավանական չէ նրանցից սպասել այն վտանգը, որ կարծվում է, որովհետև Փոքր Ասիայի մեջ գործող միսիոնարներն ըստ մեծի մասին պատկանում են Ամերիկայի մեթոդիստների Պորտ ընկերությանը, որոնք անգլիականների կամ անգլիացոց հետ ոչինչ կապ չունեն և մինչև անգամ սաստիկ հակառակ են վերջիններին: Իսկ եթե կմտնեն հայերի մեջ բուն անգլիականները, այն ժամանակ գործը կփոխվի, նրանք կարող էին վտանգավոր լինել. հայերից շատերը կընկնեն նրանց գիրկը, անգլիական կոնսուլներից և գործակատարներից պաշտպանություն գտնելու համար:

Եթե քննենք Թուրքիայում կրոնափոխությունների պատճառը, կտեսնենք որ, դավանաբանական համոզմունքը, խղճի ազատությունը այստեղ բոլորովին երկրորդական դեր է խաղում, այլ ըստ մեծի մասին մարդիկ հեռանում են իրանց հայրենի եկեղեցուց կյանքի զանազան նյութական կարիքների պատճառով: Տեսնում եք, միսիոնարը հայտնվում է մի տեղ: Նրանք առհասարակ ընտրում են խուլ անկյուններ, ուր տիրում է մտավոր և նյութական աղքատություն: Նրա քարոզների առաջին ունկնդիրները լինում են այն մարդիկը, որ իր տանը ծառայում են` խոհարարը, սպասավորը, ձիապանը, նրանց կանայք և այլն: Ստանալով մեծ միջոցներ իր հայրենիքից, և օգուտ քաղելով երկրի էժանությունից, նա չնչին վարձատրություններով կարողանում է իրան շրջապատել անթիվ ծառաներով և շքեղ կացությամբ: Տան ծառաների վրա ավելանում են վարժապետները, տպարանի մշակները, մասնավոր քարոզիչներ և բոլոր այն մարդիկ, որ որևիցե պաշտոն են կատարում և միսիոնարից ամսական են ստանում: Այսպիսով, կազմվում է նրա փոքրիկ եկեղեցին: Բայց կտրվեցավ մեկի ամսականը, զրկվեցավ նա իր տեղից — մյուս օրը այլևս չի գնա «պատվելիի» քարոզը լսելու:

Բայց «պատվելին» իհարկե չէ կարող իր ունկնդիրների բոլորին գործ հանձնել և ռոճիկ տալ, և նրանց պահպանելու համար ստիպված է ուրիշ կերպով օգնել, կամ փող ընծայելով, կամ պաշտպանելով այս և այն հարստահարություններից և կամ հրապուրելով զանազան խոստմունքներով ու հույսերով: Մի փաստ, որին ես ականատես եմ եղել, կարող է բացատրել, թե այս եղանակով հաստատված եկեղեցին որքան հիմնավոր պետք է համարել: Մի գյուղացի պարտքով վեր է առնում միսիոնարից մի քանի ոսկի և իր համար եզն է գնում: (Նրանք շատ անգամ տոկոսով փող են տալիս, իրանց ունկնդիրներին ավելի պարտավորեցնելու համար): Այնուհետև գյուղացին մի քանի ամիս հաճախում է լսելու «պատվելիի» քարոզները, իսկ հետո դադարում է գնալ: Միսիոնարը պահանջում է ոսկիները և ստանում է խորամանկ գյուղացուց մի այսպիսի պատասխան. «Ես արդեն վճարել եմ ձեզ իմ պարտքը. դուք տվեցիք ինձ մի քանի ոսկի, ես փոխարենը երեք ամիս ձեր եկեղեցին եկա. իսկ հիմա երբ փողը հետ եք պահանջում, պետք է երեք ամիս էլ դուք մեր եկեղեցին գաք, որ սերսվենք (այսինքն` «քվիտ լինենք»)»: Իհարկե, դրանք պատահում են ավելի չափահաս մարդկանց հետ, բայց մանուկները, որոնք կրթություն են ստանում նրանց դպրոցներում, բավական տարբերվում են իրանց հայրերից:

Բայց դպրոցի աշակերտներն ևս, սկզբից կաշառվելով, մի տեսակ սովորում են փողի: Աղքատ մանուկը, մտնելով միսիոնարի դպրոցը, ստանում է գիրք, թուղթ և բոլոր դասական պիտույքները ձրի. նա ստանում է շատ անգամ հագուստ և շաբաթական մի մասնավոր վճար: Նա սովորում է ուրիշի հաշվով ապրելուն: Նա դուրս է գալիս դպրոցից բոլորովին փոխված մարդ: Սովորել է լավ հագնել, լավ ուտել, բայց չէ սովորել մի բան, որ կյանքի մեջ նրան հաց տար: Իր հոր պարապմունքի վրա նա ամաչելով է նայում: Ստիպված է դիմել միսիոնարին, որ իրան գործ տա: Բայց միսիոնարն ամենի համար գործ չունի: Նա մնում է անգործ և առանց ապրուստի: Նա դառնում է ավելի թշվառ աղքատ, քան թե իր հայրը: Այն ժամանակ պատրաստ է նա պատահած մարդու գիրկը ընկնել, իր կրոնը փոխելով, եթե նրան ապրուստի միջոց կտար: Այստեղից է առաջ գալիս բախտախնդիրների այն հասարակությունը, որոնց ուրիշ անուն տալ անհարմար կլիներ, բայց միայն կոչել կրոնավաճառներ, որոնք կաթոլիկներից փախչում են դեպի բողոքականները, իսկ վերջիններից դեպի կաթոլիկները, որտեղ որ նրանց լավ էին վարձատրում: Այդ պատահում է ոչ միայն մասնավոր անձերի հետ, այլ, ես գիտեմ մի ամբողջ բողոքական ժողովուրդ, ուր Ամերիկայի միսիոնարներն աշխատել էին ավելի քան քառասուն տարի և միլիոններ էին ծախսել, բայց երբ սկսեցին ծախսերի թիվը պակասացնել102, ժողովուրդը պատգամավորներ ուղարկեց Լոնդոն, այստեղից հրավիրելու անգլիականների (եպիսկոպոսների) քահանաներ, այն հույսով, թե նրանք ավելի հարուստ են:

Վերոհիշյալներից պարզ է, որ Թուրքիայում կրոնափոխության գլխավոր պատճառները պետք է որոնել ժողովրդի դառն աղքատության և նրա անտանելի հարստահարությունների մեջ մահմեդականների կողմից: Եվ մի եկեղեցի, որ հիմնվում է ժողովրդի չքավորությունից և նրա նեղ դրությունից օգտվելով, հասկանալի է, թե ո՛ր աստիճան կարող է նա հաստատուն լինել: Եվ երբ ժողովրդի տնտեսական դրությունը կբարեկարգվի, երբ նրա կյանքը կապահովվի, և նա իր գլխի և ապրանքի տերը կլինի, — ես համոզված եմ, որ կրոնափոխությունն ինքն իրան կարգելվի, և կդադարի, ինչպես նա այժմ չէ հաջողվում այն քաղաքներում, ուր ժողովուրդը փոքր ի շատե հանգիստ է, և եթե հաջողվում է, այն ևս բնակիչների ամենաստոր դասի մեջ, որ տանջվում են դառն աղքատությամբ:

Ես շատ կտխրեի, եթե Ֆրանսիայում մի փոքրիկ հայ գաղթականություն կընդուներ կաթոլիկություն, իսկ Անգլիայում բողոքականություն. կարող էի մարգարեի ոգով նախագուշակել, որ նրանք մեկ կամ կես դարից հետո կկորչեին. բայց երբեք չեմ կարող երևակայել, որ Հայաստանում հայը ֆրանկ կամ ընգլիզ կարող է դառնալ: Մի փոքրիկ ազգություն, իրավ է, կկլանվի, կանհետանա, երբ կմիանա իր տիրապետող պետության եկեղեցու հետ, ինչպես Թուրքիայում բոլոր մահմեդականություն ընդունող հայերը ձուլվեցան թուրքերի հետ: Բայց նույնը չէ պատահում, երբ մի ժողովուրդ իր հայրենի երկրում ընդունում է մի ուրիշ դավանություն, որ տարբեր էր պետական կրոնից:

Թուրքիայի անհեռատես կառավարությունը, որ հայերի մեջ երկպառակություն գցելու մտքով, և նրանց միությունը քանդելու համար թույլ էր տալիս, և մինչև անգամ ինքը նպաստում էր, որ կրոնափոխությունը տարածվի հայերի մեջ, բայց նա մի սխալանքից մի ուրիշ ավելի վատի մեջ ընկավ, որ հայերից կաթոլիկներ և բողոքականներ պատրաստելով, թեև մի կողմից քանդեց նրանց միության կապերը, բայց մյուս կողմից իրան վնասեց, դրանով մի ճանապարհ բացելով կաթոլիկ և բողոքական պետությունների (Անգլիայի և Ֆրանսիայի) դիպլոմատիայի առջև միջամտություն գործելու իրանց հավատակիցների առիթով Թուրքիայի ներքին գործերում: Հիշյալ սխալանքի հետևանքը բացահայտ երևում է Բեռլինի դաշնագրի վրա: Պարսկաստանն այդ մասին ավելի խելացի քաղաքականության է հետևում. նա ամեն կերպով աշխատում է, որ բողոքականությունը և կաթոլիկությունը չտարածվի իր երկրում գտնված քրիստոնյաների մեջ, հայոց դպրոցներին պետական գանձից օժանդակություն տալով և հայ եկեղեցականների իրավունքները ու նրանց նշանակությունը բարձրացնելով, որ կարողանան օտարերկրյա քարոզիչների հետ մրցություն անել: Այդ մասին ինձ հայտնի են շատ փաստեր, որոնց հիշելը ավելորդ եմ համարում: Եթե Թուրքիան խելքը գլուխը հավաքեր, նույնը պետք է անե այսուհետև, որովհետև դրանից ավելի կշահվի:

Բայց մեզ շատ անգամ պատահել է լսել այսպիսի կարծիք. ի՛նչ ենք կորցնում, եթե անգլիացին և ֆրանսիացին մեր` կրոնը փոխելու համար կսկսեին համակրել և պաշտպանել մեզ, ինչո՞ւ օգուտ չքաղենք այդ հանգամանքից: Վասակները և Մեհրուժանները բոլորը այդ կարծիքի էին, բայց մեր ազգը սաստիկ պատժվեցավ այդ քաղաքականությանը հետևելով. Կիլիկիայի մեր թագավորությունը զոհ եղավ այդ քաղաքականությանը, երբ հայերն իրանց սեփական ուժերն արհամարհելով, մտածեցին միանալ հունաց եկեղեցու հետ, որպես Բյուզանդիայի կայսրությունից կամ պապից պաշտպանություն գտնեն: Մեր պատմությունը լի է դրա նման շատ օրինակներով, որ միշտ կործանիչ հետևանք են ունեցել:

Կրկնում ենք, շատ ցավալի է տեսնել Թուրքիայում կրոնի պատճառով հայերի մի մասն անջատված ազգային ամբողջությունից: Բայց քանի որ դա արդեն պատմական կատարված իրողություն է, ուրեմն պետք է միավորելու հնարներ որոնել և ոչ թե բաժանող վիհն ավելի և ավելի լայնացնել: Վեճը կարծիքների տարբերության մեջն է, թե ո՛րպես պետք էր միավորել: Կրկին թթված ազգասիրությամբ քարոզել այն մաշված թեման, թե մենք մի կրոնական ժողովուրդ ենք, թե մեր ազգությունը ճանաչվում է մեր եկեղեցիով, թե ով որ լուսավորչական չէ, հայ ևս համարվել չէ կարող և այլն, այդ տեսակ քարոզներ գուցե մի ժամանակ հարկավոր լինեին, իսկ այժմ շատ և շատ հնացել են: Այս տեսակ քարոզներով ոչինչ օգտվել չէ կարելի, ընդհակառակն վնասակար են այն կողմից, որ դրանցով ավելի առիթ կտանք բողոքական և կաթոլիկ հայերին բոլորովին անջատելու ազգային միությունից: Թուրքիայի հայերի մեջ միության միակ հնարն այժմ այն է, որ ոչ թե հայրենի եկեղեցուց բաժանված եղբայրներին կրկին դարձնել դեպի լուսավորչի փարախը, այլ աշխատել նրանց մեջ տարածելու ազգայնության գաղափարը, թե մի ազգի անդամները կարող էին այս և այն եկեղեցուն պատկանել, բայց դարձյալ մի ազգային ամբողջական մարմին կազմել, և ցրված ուժերը մի տեղ հավաքելով, միասին գործել բռնության և հարստահարության դեմ, և միասին թոթափել այն անտանելի լուծը, որ ամենի վրա միևնույն չափով ծանրացած է:

Ոմանք ասում են այդ անհնարին է: Ասիայում, հայերի մեջ եկեղեցին միայն կարող է լինել միավորիչ հոդ. ազգայնության գաղափարը Եվրոպայում միայն ունի իր ազդեցությունը, այնտեղ ամեն անհատ կարող է մինչև անգամ անհավատ լինել, բայց մի ազգի պատկանել և այլն: Խիստ կարճամիտ դատողություններ են: Ինչ որ հնարավոր է Եվրոպայի համար, այն և հնարավոր է երկրագնդի ամեն մի ժողովրդի համար, զանազանությունը նրա մեջն է միայն, թե եվրոպացին ի՜նչ ճանապարհով հասավ այն կետին, դու էլ նույն ընթացքը բռնիր, քաղաքակրթությունը քեզ չի զլանա այն բարիքը, ինչ որ բոլոր մարդկության սեփականություն է: Միթե Եվրոպայի մեջ միևնույնը չէ՞ր մի քանի դար առաջ, ինչ որ այսօր հայերի մեջն ենք տեսնում, մի՞թե եվրոպացիք նույնպես չէին շփոթում ազգությունը եկեղեցու հետ, իսկ այժմ ի՞նչպես հասկացան, թե ազգությունը և կրոնը որոշ գաղափարներ են:

Իմաստակությունը մեր մեջ թթված ազգասիրության հետ ձեռք ձեռքի տված է գնում: Հայ կաթոլիկը և հայ բողոքականն անցյալ չունեն, — ասում են ոմանք, — լուսավորչական հայերը միայն անցյալ ունեն, որովհետև պատմությունը նրանց է պատկանում: Դրանից ստոր երեխայական մտածություններ լինել չեն կարող: Եթե մեր անցյալը բովանդակվում է միայն մեր եկեղեցու մեջ, ուրեմն էլ ինչո՞ւ ենք պարծենում Տրդատից և Լուսավորչից առաջ եղող մեր հեթանոս Հայկով, Արամով, Տիգրաններով և այլն: Ուրեմն մենք մեր պատմությունը պետք է սկսենք այն օրից, երբ լուսավորչական եկեղեցին հիմնվեցավ, և նրանից առաջ եղող մեր նախնիքներին հայ չհամարենք, որովհետև կռապաշտներ էին և այդ եկեղեցուն չէին պատկանում: Բայց մենք մի այսպիսի խտրություն չենք դնում պատմության մեջ: Այլևս ի՞նչ իրավունքով կարող ենք ասել կաթոլիկ և բողոքական հային, թե դուք անցյալ չունեք, երբ նրանք էլ միևնույն ցեղի շարունակությունն են, երբ Հայկը, Արամը, Տիգրանը, Տրդատը, Լուսավորիչը, Վարդանը, Ներսես Մեծը և այլն, որքան լուսավորչականին են պատկանում, այնքան էլ պատկանում են հայ բողոքականին և հայ կաթոլիկին: Ազգային պատմությունը, ազգային անցյալն ամբողջ ազգի սեփականությունն է, ինչ կրոնի և ինչ աղանդի պատկանելու լինեին նրա կազմող մասերը:

Եթե այսօր հայ բողոքականը և հայ կաթոլիկն իրանց հայ չեն համարում, այդ անկրթության հետևանք է: Մի՞թե անկիրթ հայ լուսավորչականը միևնույն աչքով չէ նայում նրանց վրա. մի՞թե նա բողոքականին և կաթոլիկին հայ է համարում: Որպես հայ կաթոլիկը իրան ֆրանգ է կոչում, այնպես էլ հայ լուսավորչականը նրան ֆրանգ է կոչում: — Այդ բոլորն առաջ է գալիս այն համոզմունքից, թե ազգայնությունը պետք է որոնել եկեղեցու մեջ: Եվ այդ բոլորը կանհետանան այն ժամանակ, երբ ազգայնության գաղափարը կրթության միջոցով կընդհանրանա ամեն մի անջատված մասերի մեջ:

Եվ Թուրքիայի պետական մարդիկը շատ լավ են հասկացել վերոհիշյալ հանգամանքները. «բաժանեա՛, զի տիրեսցես» — ահա՛ նրանց դեվիզը: Մեզանից ամեն մեկն առհասարակ խիստ արհամարհական կարծիք ունի Թուրքիայի պետական մարդերի վրա. նրանք, թեև հանճարներ չեն, նրանք թեև մի-մի երևելի ավազակներ են, որ կողոպտում են արքունի գանձը, և ամբողջ նահանգների ժողովուրդը վերջին թշվառության մեջ են ձգում, բայց խորամանկության մեջ, դիվանագիտական խաբեության մեջ և ընդհանրապես մաքիավելլիզմի մեջ անհամեմատ շնորհալի են: Նրանք շատ լավ են հասկանում պետության մեջ եղող բոլոր ցեղերի հարաբերությունները, նրանց ձգտումները, և եթե վնասակարության մի փոքրիկ նշույլ են տեսնում, գիտեն, թե ինչ եղանակով պետք էր կամ հարմար էր խեղդել նրանց ձգտումները, կամ բոլորովին ոչնչացնել: Նրանք չեն արհամարհում օգուտ քաղել և ամենափոքր միջոցներից, որոնցով կարելի էր մի ցեղի մեջ երկպառակություն ձգել և նրա միության կապերը քանդել: Նրանք վաղուց են հասկացել, թե ի՜նչ միջոցով կարելի է քայքայել հայ ժողովրդի ամբողջությունը, որ լուսավորչական եկեղեցուց դուրս հայ չէ ճանաչում: Եվ այդ է պատճառը, որ Թուրքիայում կրոնափոխությունն այնպես արագ քայլերով առաջ է գնում. որովհետև կառավարությունն ինքը նպաստում է: Այս բոլորից հետո զարմանալի չէ տեսնել, որ հայկական խնդրին կից հարուցվեցավ հասունյանների և հակահասունյանների դադարած կռիվը:

Կրոնական երկպառակություններին ուժ տալը և նրանց միջոցով զանազան ցեղերի մեջ անմիաբանություն և անհաշտություն պահպանելը դա մի ժառանգական քաղաքագիտություն է, որ սեփականել է իրան մոնղոլական Թուրքիան Բյուզանդիայի գահի հետ: Միայն հայերի վերաբերությամբ չէ վարվում նա այդպես. նույն երևույթները կրկնվում են նեստորական և նեստորականությունից բաժանված ասորիների մեջ, քիլդանիների մեջ, մարոնիտների մեջ, հակուբիների մեջ, ղպտիների մեջ, և առհասարակ բոլոր քրիստոնյա ցեղերի մեջ: Ո՞վ չգիտե, թե ամեն տարի, սուրբ Հարության տոնի օրը Երուսաղեմում, սուրբ Հակոբա տաճարի մեջ ի՛նչ խայտառակ խռովություններ են պատահում հայոց, լատինական և հույն աբեղաների մեջ: Եվ չնայելով հայոց և հունաց պատրիարքարանների անդադար բողոքներին, մինչև այսօր Բ. Դուռը մի կարգ կամ սահման չդրեց նրանց մեջ, և նրանց յուրաքանչյուրի իրավունքները չորոշեց, որ աբեղաները ստիպված չլինեին ամեն տարի միմյանց գլուխը ջարդել:

Մենք բավական հեռացանք հարցից, երկար կանգնելով կրոնափոխության խնդրի վրա: Ցույց տալով, թե մեր և տաճկաստանցոց մեջ ոչինչ կապեր կամ հարաբերություններ չկան, և հայտնելով այն միտքը, թե մենք պարտավոր ենք օգնել նրանց — գուցե ընթերցողը սպասում էր, թե մենք պետք է ցույց տանք որևիցե նոր կապեր, կամ մենք կասենք, թե ինչով և ինչ բանի մեջ կարող էինք օգնել նրանց: Դրանց և ոչ մեկը մեր հոդվածի նպատակը չէ: Մենք պետք է հետևենք հմուտ բժշկի եղանակին, որ առաջ հետազոտում է հիվանդի կազմվածքը, ուսումնասիրում է նրա ամբողջ կյանքը, քննում է նրա ցավերը, հասկանում է ցավերի առաջ բերող պատճառները, իսկ հետո մտածում է դարմանների մասին: Մենք, որպես սկզբում հայտնեցինք, դեռ ոչ բոլորովին ճանաչում ենք մեր տաճկաստանցի եղբայրներին, չգիտենք ինչ բանի կարոտ են նրանք, և նրանց դրությունն իր բոլոր կողմերով դեռ մեզ հայտնի չէ. ուրեմն ինչ որ գրենք, ինչ որ մտածենք նրանց մասին, բոլորը կլինեն թերի, միակողմանի և շատ անգամ անհիմն ենթադրություններ: Պետք է ունենալ ճիշտ տեղեկություններ: Պետք է մեզ հիմնվել խնդրի բարձր նշանակության վրա և հասկանալ, որպես հարկն է, նրանց պետքերը, և ուսումնասիրել նրանց կյանքի և կացության բոլոր էական գծերը, նրանց տնտեսական վիճակը, անցյալ և ներկա քաղաքական դրությունը և այլն: Բավական չեն միայն եղբայրական զգացմունքների արտահայտություններ կամ ազգասիրական դարտակ ցուցումներ, որ վերջանում են նրանով միայն, որ ողորմելի տաճկաստանցու համար օդեղեն ամրոցներ ենք ստեղծում, մինչդեռ նա իր գլուխը դնելու և հանգչելու տեղ չունի:

Մեր մեջ պետք է կազմվի փոխադարձ հասկացողություն: Մենք դեռ չունենք ոչ մի օրինավոր շարադրություն Տաճկական Հայաստանի մասին: Մի քանի հատ ու կտոր, չնչին, անիմաստ հոդվածներ ի՞նչ լույս կարող էին ձգել նրանց կյանքի վրա: Մեզ պետք են կատարյալ ժողովրդագրական (էտնոգրաֆիական) տեղեկություններ, հիմնված փաստերի վրա ոչ միայն հայերի կյանքն ուսումնասիրելու համար, այլ թուրքերի, քուրդերի, չերքեզների և բոլոր ցեղերի, որ այժմ Հայաստանում բնակված են: Մեզ պետք են կատարյալ աշխարհագրական տեղեկություններ Հայաստանի ազգաբնակության, արդյունաբերության, տեղագրության, ճանապարհների հաղորդակցության և նրա թե բնական և թե քաղաքական կյանքի մասին: Մեզ պետք են ճիշտ վիճակագրական և տնտեսագիտական տեղեկություններ հայոց ազգաբնակության մասին առանձնապես և օտար ցեղերի մասին ընդհանրապես: Մեզ պետք են մինչև անգամ գիտենալ Հայաստանում բնակվող ժողովրդների մեջ տիրող ոգին, նրանց բնավորությունները, ուղղությունը, ձգտումները, կրոնական և բարոյական զգացմունքները, մի խոսքով նրանց բոլոր մտավոր և հոգեբանական կողմը103:

Կ. Պոլսի հայոց մամուլը և նրանց գրականությունը չտվեցին մեզ վերոհիշյալ տեղեկություններից և ոչ մեկը, ոչ իրանք ցանկացան ունենալ. դրա մեջ պետք է որոնել նրանց անհաջողության ամենամեծ պատճառը: Թուրքիայի գրական մարդիկն այն աստիճան անզարգացած և մանրին մարդիկ են (թեև, պետք է խոստովանվել, որ մեր մեջ էլ չկան մեծ մարդիկ), որ մինչև անգամ չէին կարող մտածել, թե ինչ պետք է իրանց և ինչ բանի համար պետք է գրել: Տեղային սահմանափակ միջոցները չկարողացան ստեղծել զորավոր տաղանդներ զորավոր գործերի համար, և մնալով տկար, նրանք չկարողացան ծառայել ազգային գլխավոր պահանջներին — նրա փրկությանը օտարի ճնշող ներգործությունից: Իսկ մեր մեջ, թեև չկան զորավոր տաղանդներ, բայց կան զարգացած մարդիկ, որոնք կարող են ավելի նպատակահարմար և հիմնավոր կերպով գործել, քան թե կ. պոլսեցիք:

Բայց կան և մարդիկ, որ այսպես են մտածում. «թողեք տաճկաստանցիներին հանգիստ մնալ, մի՜ պղտորեք նրանց միտքը, նրանք ավելի լավ են հասկանում իրանց գործը, մենք մեծ հույսեր ունենք նրանցից» և այլն: Երանի, թե գիտենայինք ինչ բանի վրա են հիմնված այդ հույսերը: Այս տեսակ խոսքերով կարելի է ամբողջ գրքեր գրել, միայն թե ցանկություն լիներ անիմաստ բառեր շարել: Եվ զարմանալին այն է, որ այդ պառավախոս իմաստակները համարձակվում են մի ամբողջ ընկած ժողովրդի «գեղեցիկ» ապագան նախագուշակել դարտակ հույսերով միայն, առանց նրան ճանաչելու, առանց նրա ներկա դրությունը հասկանալու: Դրանք նմանում են այն եղերամարք կոչված պառավներին, որ հրավիրվում են դիակների վրա երգ երգելու. նրանց համար միևնույն է, թե ո՜վ էր, ինչ տեսակ մարդ էր հանգուցյալը, կարող են նրան մինչև անգամ չճանաչել, կարող է նա բոլորովին ոչինչ մարդ լինել. բայց նրանք միշտ իրանց սովորական երգն են երգում, գովասանում են նրա չգործած սխրագործությունները, նրա առաքինությունները, գութ և ափսոսանք են շարժում, որովհետև դրա համար վարձ են ստանում:

Միշտ հույս և հույս — այդ է իմաստակների խոսքը, թեև դարտակ հույսն առանց գործի ոչ մի նպատակի չէ հասցնում: Անշարժության այդ վարդապետները, ես հավատացած եմ, կցանկանային, որ ամբողջ մարդկությունը մումիաներ լինեին և երբեք չփոխվեին, փույթ չէ, եթե նրանց մեջ կյանք չէր լինի:

Ո՛չ, մենք պետք է խոսենք, պետք է մտածենք մեր տաճկաստանցի եղբայրների մասին, պետք է քննենք նրանց և բոլորը կրիտիկական խստությամբ քննենք: Քանի որ կատարելապես չենք ուսումնասիրել, քանի որ չունենք և չենք աշխատի ունենալ նրանց դրության մասին ճիշտ և մանրամասն տեղեկություններ — մեր բոլոր ջանքը, մեր բոլոր աշխատությունը նրանց օգնելու մասին ապարդյուն կլինի: Կանգնել հեռու, չմտնել գործի մեջ, չտեղեկանալ մի ժողովրդի իսկական պահանջները և միայն ստեղծել իր գլխում իդեալական ցնորքներ — այդ բոլորը հրապուրիչ բաներ են, բայց խաբուսիկ են: Կաբինետի երևակայություններն ինքն իրան ոչնչանում են, երբ զարկվում են իրականության հետ:

Կրկնում ենք, մեր և մեր տաճկաստանցի եղբայրների մեջ մինչև այսօր ոչ մի ամուր կապ չէ եղել և չկա: Պատճառները բացատրեցինք: Եվ ա՛յն ժամանակ կկազմվի մեր մեջ փոխադարձ հարաբերության կապ, երբ կլինի մտքի փոխանակություն, որին պետք է ծառայե իսկապես մամուլը և գրականությունը: Գրականական հաղորդակցությունը կունենար և այն օգուտը, որ կստեղծեր մեր մեջ ընդհանուր գրականական լեզու, և այդ ամենակարևոր մի գործ է, որովհետև բազմաբարբառությունը, թեև մի կողմից կազմում է լեզվի հարստություն, բայց մյուս կողմից թուլացնում է, անջատում է գրականության կրթողական ուժը և դժվարացնում է միևնույն ազգի մեջ տոհմային հարաբերությունները:

Տաճկաստանի մեր հայ եղբայրները կարոտ են օգնության, կարոտ են, որովհետև անկիրթ են, կարոտ են, որովհետև աղքատ են, — անկրթությունը և աղքատությունը երկուսն էլ մեծ արգելք են լինում ժողովրդի առաջադիմության: Ամեն հայի պարտքն է օգնել նրանց, իսկ մեծ պարտավորությունը հասնում է Ռուսաստանի հայերին: Մենք մեծ նշանակություն չենք տալիս այն մասնավոր նվիրատվություններին, որ լինում են Տաճկաստանի այս և այն ընկերության անունով, որովհետև չգիտենք, թե որքան այն ընկերությունների նշանակությունը նպատակահարմար էր, թեև չենք կարող ուրանալ և մեր ժողովրդի գովելի ջանքը, որ աշխատում է գոնյա այսքանով նպաստել մեր կարոտյալ եղբայրներին:

Բայց ցավալի է խոստովանվել, որ մեր տաճկաստանցի եղբայրների վերաբերությամբ այն օժանդակությունը, որ արեց և անում է մեր ժողովուրդը, այն աստիճան աննշան և անբավականացուցիչ պետք է համարել, որ մինչև անգամ հիշելու արժանավորություն չունի: Մեր հարուստները համարյա չմասնակցեցին, ժողովրդի այդ մասը, որի սրտի մեջ սառել է ազգային ամեն զգացմունք, որ իր քեֆի և փառքի համար ահագին գումարներ է վատնում — հարուստները, խիստ մասնավոր բացառությամբ, Տաճկաստանի կարոտյալների համար ոչինչ չնվիրեցին: Մեր հոգևորականությունը, միայն իր շահերի և քսակի համար մտածող հոգևորականությունը, բոլորովին անտարբեր մնաց, և որպես սկզբում հայկական խնդիրը զարթնելու ժամանակ լռություն պահեց, այնպես էլ նյութապես օգնելու գործի մեջ նա սառնասիրտ համառությամբ պահպանեց իր անկարեկցությունը: Մեր արիստոկրատիան և այսպես անվանված չինովնիկ հասարակությունը ոչ սակավ սառնասիրտ գտնվեցան, քան հարուստ և հարստահարող վաճառականը և քան ամեն բարի ձգտումներ խեղդող հոգևորականությունը: Մի կետ, որ աչքի էր զարկում և որ ավելի մխիթարական էր, այն էր, որ Տաճկաստանի մեր կարոտյալ ազգայինների հառաչանքն արձագանք գտավ մեր ժողովրդի ստոր դասի մեջ. չքավոր գյուղացին, օրական աշխատանքով ապրող գործակատարը, փոքրիկ քաղաքների մանրավաճառները, և միշտ գրպանը դարտակ գիմնազիստը բաժանեցին իրանց սուղ միջոցներից մի փոքրիկ մասն այն եղբայրների համար, որ ավելի կարոտության մեջ էին, քան թե իրանք:

Ինչի՞ց առաջ եկած պետք է համարել մեր սառնասրտությունը դեպի մեր արենակից եղբայրները և ինչու՞ պետք է մենք այս աստիճան անկարեկից գտնվեինք: Մենք ուրիշ պատճառ չենք ճանաչում, բայց միայն այն, որ ինչպես ցույց տվեցինք մեր հոդվածի առաջին գլխում, մեր և տաճկաստանցիների մեջ հենց առաջուց չէ եղել և չկար որևիցե սերտ կապ. մենք կտրված էինք միմյանցից և անջատման վիճակի մեջ մեր փոխադարձ համազգացությունը սառել և իսպառ օտարացման էր հասել: Ծագեց ռուս-թուրքական վերջին պատերազմը, լսեցինք, կարդացինք մեր եղբայրների դառն թշվառությունները, և գտնվեցան դեռ ոչ բոլորովին մեռած սրտեր, որոնց գութը շարժեցավ, ոգևորվեցան, և մտածեցին օգնության ձեռք հասցնել: Բայց որովհետև այդ ոգևորությունը րոպեական էր և առաջ էր եկել իրերի ժամանակավոր երևույթներից, ուրեմն և չէր կարող լինել տևողական, չէր կարող լինել հիմնավոր, այլ շարժառիթ պատճառների անհետանալու հետ պիտի անհետանար և ոգևորությունը: Այսպես էլ եղավ և լինում է: Սկզբում մենք խիստ հաճախ կարդում էինք «Մշակի» թերթերի մեջ նվիրատվությունների ցուցակներ «Արարատյան ընկերության» համար, իսկ այժմ նվիրատվությունները հետզհետե նվազում են, և շատ չի անցնի, որ գուցե իսպառ կդադարեն:

Մի ժողովրդի ոգևորությունը պահպանելու համար դեպի մի բարի գործ պետք են ազդու միջոցներ և եռանդոտ աշխատություն, ոչ միայն նրա համար, որ դրդեն հասարակությանը նյութապես նպաստամատույց լինել գործին, այլ գլխավորապես նրա համար, որ հասկացնեն, թե նրանք կատարում են սրբազան պարտավորություն: «Մշակի» մեջ մի քանի անգամ հայտնվեցավ այն միտքը, թե պետք է մեր մեջ կազմվի մի հանձնաժողով, որ հոգ տանե տաճկաստանցոց համար նվիրատվություններ հավաքել տեղային նոր բացված դպրոցներին և առհասարակ կրթության տարածմանը նպաստելու նպատակով: Բոլորովին համակրելով հիշյալ միտքը, և կրկին դառնալով մեր վերևում հայտնած նկատողություններին, թե մեզ պետք են նախ և առաջ հիմնավոր տեղեկություններ և ճիշտ հետազոտություն մեր տաճկաստանցի եղբայրների դրության և նրանց պետքերի ու կարոտությունների մասին — կավելացնենք, որ մի այսպիսի հանձնաժողովի նպատակը խիստ սահմանափակ կլիներ, եթե նա ուշադրություն դարձներ միայն նյութական օժանդակության վրա: Որովհետև նախ քան օգնելը պետք է հասկանալ, թե ինչ բանի մեջ նրանք ավելի կարոտություն ունեն, պետք է հասկանալ նրանց անհրաժեշտ պահանջները, մի խոսքով նրանց այն ցավերը, որ շուտափույթ դարմանելու կարոտ են: Իսկ այդ բոլորն ուրիշ կերպ կարող չէ լինել, բացի կատարելապես ծանոթանալուց նրանց վիճակի հետ: Բայց տեղեկությունները մեզ մոտ խիստ պակաս են:

Գուցե ոմանք կնկատեն, թե այդ մեր գործը չէ, մենք փողը կհավաքենք, կտանք նրանց ձեռքը, նրանք իրանց պետքերը շատ լավ են հասկանում, թող ինչ հիմնարկության համար ցանկանում են, գործ դնեն փողերը: Մենք մեզ սխալած կհամարեինք, եթե հայտնեինք այն միտքը, թե պետք է նրանց ձեռնարկությունների մեջ մենք ևս միջամտություն գործենք, կամ փող տալով, մեզ նրանց գլխին հոգաբարձու կանգնեցնենք — այդ մտքերը հեռու են մեր նպատակից: Բայց չենք կարող թաքցնել և մեր կասկածանքը, թե մեր տաճկաստանցի եղբայրների գործող մասն այնպես հիմնավոր կերպով ուսումնասիրած լիներ ժողովրդի պետքերը, որպես հարկն է: Միայն ուսումնարան, միայն գիր-կարդալ, միայն այբբենով չէ կարելի մի ընկած ժողովուրդ վերականգնել, դրա համար պետք են ուրիշ զանազան հնարներ, որոնք կրթության հետ պետք է զուգընթացաբար առաջ գնային: Այլևս չենք խոսում այն բանի վրա, որ մեր տաճկաստանցի գործիչները, երեխայական ոգևորությամբ, միշտ սովոր են եղել մանր և մինչև անգամ չնչին գործերի համար մեծ աղմուկ բարձրացնել...

Մեր կարծիքով, պետք է սկսել մի հիմնավոր գործ, և փոխանակ ցրվելու, մասնավորացնելու ուժերը, հավաքել, կենտրոնացնել նրանց մի ամբողջության մեջ և խմբովին գործել: Դա ուրիշ կերպ լինել կարող չէր, բայց միայն, երբ Ռուսաստանի հայերից կկազմվեր մի հանձնաժողով գլխավորապես բարեգործական նպատակով` օգնելու մեր տաճկաստանցի եղբայրների կարոտություններին: Ահա այդ հանձնաժողովը կարող էր ձեռք բերել Տաճկաստանի մասին այն տեղեկությունները, որոնց մասին վերևում խոսեցինք: Նա կարող էր, գործին հմուտ ճանապարհորդներ ուղարկել Թուրքիայում հայերի դրությունն ուսումնասիրելու, և հրատարակել ոչ միայն հայերեն լեզվով, այլ զանազան լեզուներով, նա կարող էր մինչև այսօր հրատարակված հատ ու կտոր տեղեկությունները հավաքել, ամբողջացնել, և նույնպես առանձին գրքերով և թարգմանություններով հրատարակել: Մի այսպիսի հանձնաժողովը բացի նյութապես և բարոյապես օգնելուց, ուրիշ շատ օգնություններ էլ կարող էր անել, որոնց վրա հարկ չենք համարում խոսել — այս էլ բավական է, որ նա կծանոթացներ Տաճկական Հայաստանի դրությունը ոչ միայն մեզ` Ռուսաստանի հայերին, այլ բոլոր լուսավոր աշխարհին: Այն ժամանակ մենք հաստատ կերպով կգիտենայինք, թե ինչ կարոտություն ունեն նրանք և ինչ բանի մեջ պետք է օգնել104:

Ժողովուրդների վիճակը հանկարծ չէ հեղափոխվում, մի օրվա մեջ չէ բարվոքվում, այլ նախապատրաստությունը սկսվում է գուցե դարերով առաջ, իսկ հարմար ժամանակ նրան իրագործում է: Տաճկաստանցիք նախապատրաստված չէին ժամանակից մեծ օգուտ քաղելու և այս պատճառով չհասան իրանց նպատակին, թեև ոմանք Բեռլինի վճռի 61-րդ հոդվածի մեջ ոսկու հանք են տեսնում: Այդ հանքը մեզ շատ չէ շլացնում: Այս և այն հոդվածը, մանավանդ, երբ նա ֆորմի համար գրված է լինում, մի ժողովրդի վերածնելության վերաբերությամբ այնքան նշանակություն ունի, որքան մեռած ռեցեպտը հիվանդի առողջության համար, երբ դեղերը չեն գործադրվում:

Մենք մեկ հանք ենք ճանաչում, որից կարելի է ստանալ ցանկացած ոսկին, եթե այդ հանքն անդադար և անընդհատ կերպով կբովագործվեր. դա կոչվում է նախապատրաստություն: Եվ Տաճկաստանի հայոց խնդիրը պետք է կայանա այսուհետև անդադար և անընդհատ նախապատրաստության գործի մեջ, որպեսզի նրանք կազմ և պատրաստ հանդիպեն այն մեծ օրվանը, երբ կրկին անգամ կզարկե ազատության ժամը: Իսկ այդ օրը կկրկնվի, և շատ անգամ կկրկնվի… գուցե շատ հեռու չէ մեզանից…

Շատերը դժգոհությամբ խոսում են. — «արևելյան խնդիրն այս անգամ էլ չվերջացավ...». — «ա՛խ, ե՞րբ պետք է վերջանա այդ արևելյան խնդիրը...»: Խիստ միամիտ խոսքեր են դրանք: Արևելյան խնդիրը Եվրոպայի կենսական խնդիրն է: Կյանքի խնդիրները չեն վերջանում, այլ ժամանակավորապես պայմանավորվում են: Ամբողջ հայոց ազգի մտածողների մեջ ես միայն մի մարդ եմ ճանաչում, որ իսկապես հասկացել էր, թե ինչ է նշանակում արևելյան խնդիր, և հասկացել էր այն ժամանակ, երբ այդ դիպլոմատիական տերմինը դեռ մեզանից շատերին ծանոթ չէր: Միթե արևելյան խնդիրը կարո՞ղ է վերջանալ. — ո՛չ, նա կմնա անվախճան, որքան ինքը արևելքը հավիտենական է: Դա մի պատմական խնդիր է և պիտի ձգվի ազգերի պատմության հետ: Մի ժամանակ արևելքից ազգերը հեղեղի հոսանքով թափվում էին Եվրոպան կողոպտելու համար: Այժմ դերերը փոխվել են: Այսուհետև Եվրոպայից պիտի հոսեն դեպի արևելք Ասիայի հարստություններից օգուտ քաղելու: Եվ ամեն մի հոսանք կհարուցանե մի նոր արևելյան խնդիր: Այսօր ռուսը և անգլիացին արևելքում շատ շահեր ունեն և մրցում են միմյանց հետ: Հետո կսկսե գերմանացին, ֆրանսիացին և մյուսները: Ամեն մի եվրոպական պետություն աճելով, սեղմվելով իր երկրի նեղ սահմանների մեջ, և սպառելով նրա հարստությունները, պետք է դիմե դեպի արևելք ապրուստ որոնելու: Եվ ամեն մի նոր արշավանք կամ գաղթականություն կհարուցանեն մի նոր արևելյան խնդիր: Եթե մինչև այսօր եվրոպական ազգերի հոսանքը դեպի արևելք թույլ էր գնում, այդ մասին պետք է շնորհակալ լինեն Ամերիկային, որի հայտնվելը մի քանի դար թուլացրուց եվրոպացիների հոսանքը դեպի Ասիա. իսկ այժմ Ամերիկան էլ լցվելու վրա է: — Ուրեմն արևելյան խնդիրը միշտ կա ու կմնա, և տաճկաստանցի հայը պետք է նախապատրաստվի օգուտ քաղել հարմար դեպքից, երբ մյուս անգամ կհուզվի նա:

Իսկ եթե նա միշտ անպատրաստ կմնա՞:

Այն ժամանակ դժբախտ Հայաստանը — այդ Եվրոպայի և Ասիայի պատմական կամուրջը — ազգերի անցուդարձի ներքո կտրորվի և կոչնչանա...