Իզաբելլա Սերրանո

ԻԶԱԲԵԼԼԱ ՍԵՐՐԱՆՈ

Սպանիայի հարավում, Անդալուզիայում առատ է գինին և պարը։ Այնտեղ մարդիկ հագնվում են ծիածանի բոլոր գույներով, ներքևում՝ սաթի դեղին շապիկը ծովի կապույտ, արյան գույն բոսոր, լայն երիզներով։ Անդալուզիացիները պարում են փոթորկահույզ՝ ճիշտ ծովի ալիքների նման, գալարում են իրենց մարմինները, պարում են երազային աչքերով, պարում են ամեն օր, պարում են անվերջ և անպարտասուն։ Նրանց մարմինները ճկուն են, ինչպես արաբ ձիավորի նիզակը, որ երբեմն սլացել է Անդալուզիայում, ճկուն՝ ինչպես ուռենու ճյուղն Արարատյան դաշտում։ Նրանք սիրում են պարել լուսնկա գիշերներին։ Երբ աստղերը թփերից պոկված սպիտակ ծաղիկների նման թափվում են մաքրամաքուր երկնքում, նրանք սիրում են պարել, պարել այդ աստղերի տակ։ Նրանց ոտները կայթում են գետնի վրա՝ ինչպես մակույկը ջրում։

Իզաբելլա Սերրանոն Անդալուզիայից էր, Սևիլիայի մոտիկ գյուղերից։ Նա մտավ նավ Լիսաբոնի նավահանգստից։ Գնում էր Ամերիկա։ Նրան ընկերակցում էր մի ագենտ, որը տեսել էր Իզաբելլա Սերրանոյին Սևիլիայի մոտիկ մի գյուղում, ժողովրդական տոներից մեկում պարելիս։ Ագենտը ցիլինդրավոր, թորշոմած դեմքով, խորամանկ, փոքրիկ աչքերով, փոքրիկ ոլորված բեղերով մի մարդ էր Բուենոս֊Այրեսից, որը գնացել էր Սպանիա հատկապես առևտրական նպատակներով։ Երբ Իզաբելլա Սերրանոն ոտը դրեց նավի վրա, ամերիկյան թերթերի թղթակիցները շրջապատեցին ագետնին, տեղեկություններ ստացան Իզաբելլա Սերրանոյի մասին և աճապարեցին հեռագրել Ամերիկա։

- Հարավի արևը, կարծես կաթիլ առ կաթիլ, սուզվել էր Իզաբելլա Սերրանոյի մարմնի մեջ, այնքան ողորկ, ջերմագին և անփայլ էր նրա մարմինը։

-Նրա աչքերը սև էին, պալմայի տերևների նման մուգ, երկար և սուր թարթիչներով, մազերը թափվել էին բաց ուսերի վրա, հագել էր թեթև կարմիր բլուզ, կապույտ և կարճ քթանցքներ, ծնկները բաց, կարճ և կապույտ գուլպաներով։

Ընթրիքին Իզաբելլա Սերրանոն իր ագենտի հետ միասին նստել էր սեղան։ Նրանց դիմաց նստած էր մի երիտասարդ, երկար մազերով։ Երիտասարդը բարի և խոհուն աչքեր ուներ։ Ծխամորճը բերանին՝ նա ինչ-որ մտքերով էր տարվել, բայց երբ նշմարեց Իզաբելլային, աչքերը հառեց նրան, կարծես գտավ նա իր կորցրած մտքերի թելը։ Իզաբելլան բարձրացրեց թերթերունքները և նայեց երիտասարդին։ Երիտասարդը շարունակեց նայել Իզաբելլային, որ պալմայի տերևների նման մուգ, երկար և սև թարթիչներ ուներ, որոնք ստվերում էին նրա աչքերի խորքը։

Երբ Իզաբելլան ընթրիքը վերջացրեց,ոտի կանգնեց մի կարմիր խնձոր ձեռքին։ Ագենտը նրա մանուշակագույն ուսնոցը նետեց նրա ուսերին։ Նա դարձավ երիտասարդին և ժպտաց։ Երիտասարդն անմիջապես ոտի կանգնեց, խոնարհվեց մինչև Իզաբելլան հեռացավ։

ժպիտը երևաց Իզաբելլայի դեմքի վրա՝ ինչպես առաջին աստղն է բացվում պաղպաջուն երկնքում։ Նա քայլեց և հեռացավ՝ ինչպես մակույկը ջրում։ Առավոտյան նախաճաշին Իզաբելլան մենակ էր։ Ծովն օրորում էր նավը թեթև փետուրի նման։ Ճամփորդների իննսուն տոկոսը չէր կարողացել հեռանալ անկողնից։ Մութ էր առավոտը, բայց շոգենավի ճաշադահլիճում վառվում էր ջահը։ Դուրսը կատաղել էին մուգ-կապույտ կոհակները, ծեծում էին նավի կողերը։

— Դոննա Իզաբելլա, եղե՞լ եք դուք Ամերիկայում,— հարցրեց երիտասարդը։

— Դուք որտեղի՞ց գիտեք իմ անունը։

— Առավոտյան թերթից, չե՞ք կարդացել թերթը,— հարցրեց երիտասարդը և երկարեց նրան նավի թերթիկը։

Իզաբելլա Սերրանոն արագորեն նայեց թերթիկի վրա և դառնալով երիտասարդին՝

–Ոչ,– ասաց,— աոաջին անդամն է, որ գնում եմ Ամերիկա, առաջին անգամն է, որ դուրս եմ գալիս Անդալուզիայից։

Երիտասարդն էլի նայեց նրան, նա կարծես ճանաչեց Իզաբելլա Սերրանոյին։

Նախաճաշից հետո՝ նրանք երկուսով բարձրացան վերև և կանգնեցին նավի կամրջի վրա։ Ծովը մռնչում էր, փրփրերախ կոհակներ էին բարձրանում։ Նրանք օրորվում էին բաց և մռայլ ծովում։

— Ինչպե՞ս է ձեր անունը,— հարցրեց Իզաբելլան երիտասարդին։

— Էմիլ։

— Ազգանո՞ւնը։

— Այսքանը բավական է, ֆրանսիացի եմ վերջացրեց երիտասարդը։

— Դուք խորհրդավոր մարդ եք, առանց ազգանունի,– հարեց Իզաբելլան։

— Ես գաղտնի եմ գնում Ամերիկա, միայն այսքանն իմացեք, դոննա Իզաբելլա,— բարի տոնով պատասխանեց երիտասարդը։

Իզաբելլան չուզեց շարունակել և խոսքը փոխելով՝ հարեց․

— Ծովը կատաղի է, բայց ես սիրում եմ կատաղի ծովը։ — Ամերիկյան կյանքն էլ կատաղի է՝ ինչպես այս ծովը։

Դոննա Իզաբելլա, զգույշ եղեք այդ կատաղի կյանքում։

Հանկարծ մռայլվեցին Իզաբելլայի աչքերը։ Ապա նա պատմեց, որ ինքը մի գյուղացի աղջիկ է, ագենտը տեսել է իրեն պարելիս, ծանոթացել, եկել է իր մոր մոտ, առատ փող է տվել և մի տարով պայմանավորվել է տանելու իրեն Ամերիկա՝ պարելու համար։

— Մի տարուց պետք է վերադառնամ Անդալուզիա,– վճռական տոնով վերջացրեց Իզաբելլան։

— Մի՞թե կարիք ունեիք ագենտի տված փողին,— հարցրեց Էմիլը։

— Այո, մեծ կարիք ունեինք. Հայրս նոր էր մեռել, քույրերս փոքր են, իսկ մայրս՝ բոլորովին անպաշտպան։

— Ամերիկայում զգույշ եղեք, դոննա Իզաբելլա, Ամերիկայում այնքան փող կա, որքան գինի՝ Անդալուզիայում։

Իզաբելլան նորից նայեց Էմիլին, և Ւզաբելլայի նայվածքն այնքան մռայլ էր, որքան ծովը։

Նավի ծառայողներից մեկը մոտեցավ Իզաբելլային։

—Մյուսյո դը-Վալերան ձեզ խնդրում է,— ասաց։

—Շուտով կվերադառնամ,— հարեց Իզաբելլան Էմիլին և իջավ կամրջակից ներքև։

Սանդուղքներից իջնելիս՝ քամին թռցնում էր նրա մանիշակագույն ուսնոցը, և նա նման էր թևատարած թռչող առասպելական թռչունի։

Էմիլը դեռևս կանգնած էր կամրջակի վրա և դիտում էր արևը, որ նայում էր նոր ճեղքված մի ամպի միջից, երբ Իզաբելլան վերադարձավ։

—Դը-Վալերան գլուխը չի կարող բարձրացնել անկողնից։

—Ինչո՞ւ է ձեզ կանչել, դոննա Իզաբելլա։

—Ցանկացել է տեսնել ինձ, ուրիշ ոչինչ։

—Նա նայում է ձեզ վրա՝ ինչպես վաճառականն իր ապրանքի վրա,— ասաց Էմիլը։

— Ինչո՞ւ եք այդպես կարծում, նա շատ բարի է դեպի ինձ և դեպի իմ ընտանիքը։

— Այո, այնքան ժամանակ, որքան դուք կկարողանաք պարել,— պատասխանեց Էմիլը։

52 — Վ․ Թոթովենց, գիրք 2 –Դուք այնքան բարի աչքեր ունեք, բայց չար բաներ եք ասում,–հարեց Իզաբելլան մռայլ և տխուր։

–Իմ ասածները չար չէն, միայն ցանկանում եմ, որ զգույշ լինեք հրդեհից, որպեսզի հանկարծ չբռնկվեն ձեր սևառատ մազերը։

–Դուք ի՞նչ գործով եք զբաղվում,– հարցրեց Իզաբելլան։

–Բանաստեղծ եմ,– պատասխանեց Էմիլը։

Արևը փայլում էր օվկիանոսի մուգ–կապտավուն ալիքների վրա, բայց Իզաբելլա Սերրանոն մռայլ էր՝ ինչպես առավոտյան ծովը։

Երեկո էր, երբ շոգենավը հասավ Նյու–Յորքի նավահանգիստը։ Վիթխարի հրդեհի նման վառվում էր Նյու–Յորքը։ Բոլոր ճամփորդները տախտակամածի վրա էին։ Ֆրանսիացի բանաստեղծը և Անդալուզիայի գեղջկուհին կանգնել էին նավի աջակողմում և դդիտում էին ահավոր քաղաքը։

–Ահա Նյու–Յորքը,– ասաց ֆրանսիացի բանաստեղծը։

–Ես կկորչեմ այս մեծ քաղաքում,– մրմնջաց Իզաբելլան։

Ամբողջ Նյու–Յորքը ճանաչում է ձեզ հիմա,– շարունակեց բանաստեղծը,– բոլոր թերթերը հիմա հրատարակած կլինեն ձեր լուսանկարը, ձեր ագենտը շատ ճարպիկ է։

–Դուք էլի սկսեցիք ձեր չար խոսքերը։

–Ես եղել եմ այս երկրում, տեսել եմ այս երկիրը հատակից մինչև ոսկեզօծ կեղտոտությունները, էլի եմ ասում, զգույշ եղեք, դոննա Իզաբելլա, վերցրեք միայն այնքան դոլլար, որքան հարկավոր է ձեզ և ձեր ընտանիքի համար և շուտ, շատ շուտ վերադարձեք Անդալուզիա։

Նավը կանգ առավ, խարիսխները ձգվեցին վայրենի ռիթմով։ Ճամփորդները բոլորն էլ իրարանցման մեջ էին, բոլորն էլ աճապարում էին դուրս գալ։ Իզաբելլան և բանաստեղծը դարձան, ետ նայեցին և տեսան դը–Վալերային՝ շրջապատված նոր մարդկանցով։ Այդ նոր մարդիկը էլի թղթակիցներ էին, որոնք եկել էին նավ՝ հատկապես տեղեկություններ ստանալու համար իսպանացի պարուհու մասին։ Ադենտը նրանց ծանոթացրեց Իզաբելլայի հետ։ իզաբելլան երկյուղով էր նայում արագախոս այդ մարդկանց։ Հանկարծ շրջապատեցին Իզաբելլա Սերրանոյին լուսանկարչական գործիքներով, փայլեցին բոցավառ բանաստեղծին ր փսփսաց նրան․

–Ես ուզում եմ ձեր հասցեն իմանալ, դուք իմ բարեկամն եք։

–Այժմ հասցե չունեմ, բայց ես ձեզ կգտնեմ։

Դը–Վալերան մոտեցավ Իզաբելլային։ Նրա դեմքի վրա դժգոհություն կար։

–Դուք շատ եք զբաղվում այդ թեթևամիտ բանաստեղծով,– ասաց նա։

Նյու-Յորքի «Աստորիա» հյուրանոցը, որտեղ ագենտը տեղավորեց Իզաբելլային, տխուր էր նրա համար։ Նա նստել էր լուսամուտի առաջ և դիտում էր Նոր Աշխարհի մեծագույն քազաքը։ Նա հիշում էր Անդալուզիան, լուսնկա գիշերները, հիշում էր մորը և փոքրիկ քույրերին։ Իզաբելլան սկսեց լաց լինել։

Դը–Վալերան չափազանց զբաղված էր իր առանձին սենյակում, ուր ընդունում էր Թատրոնական գործիչների և պայմանագրեր կնքում։ Կես ժամվա մջ նա արդեն վաճառել էր Իզաբելլայի բոլոր գիշերները– պարել, անվերջ պարել։

Երբ դը–Վալերան վերադարձավ Իզաբելլայի մոտ, նրա արցունքներն արդեն սառել էին։

–Դոննա Իզաբելլա,– սկսեց դը–Վալերան,– ինչպես դիտեք, ես խոստացա ձեզ տարեկան 10000 դոլլար։

–Այո, այդպես էլ գրված է մեր պայմանագրում․ եթե դրանից պակաս է լինելու, խնդրում եմ վճարեք իմ ճանապարհի ծախսը, և ես կվերադառնամ իմ մոր և քույրերի մոտ, դեպի Անդալուզիա, այնտեղ լավ էր, այնտեղ այնպես խաղաղ էր ու հանգիստ։

–Մի՛ աճապարեք, դոննա Իզաբելլա,– վրա տվեց դը-Վալերան ժպտուն և կեղծ գուրգուրանքով,– ես թեկուզ խոստացել եմ 10000 դոլլար, բայց կարող եմ վճարել ավելի, քան այդ գումարը, որովհետև մեր գործերը լավ են գնում։ Ես ձեզ կվճարեմ 20000 դոլլար տարեկան։

–Ի՜նչ բարի եք,– բացականչեղ Իզաբելլան ու ժպտաց։ Նրա ժպիտը նմամ էր մռայլված ծովից հետո ծովի վրա բացվող արևին։ Իզաբելլայի աչքերը դարձյալ սկսեցին փայլել՝ ինչպես Անդալուզիայում։

–Սուտ էր նա,– մրթմրթաց ինքն իրեն Իզաբելլան։

–Ես հասկանում եմ ձեզ, դոննա իզաբելլա,– հարեց դը–Վալերան,– ֆրանսիացի բանաստեղծը ձեզ ստեր էր փչում, և դուէ հավատում էիք այդ ստերին ու ահաբեկվում։ Ես զգում էի, որ նա ձեզ զանազան պատմություններ էր պատմում․ բայց կյանքը ցույց կտա, դե ո՛վ է ստախոսը։

–Դուք բարի եք,– հարեց Իզաբելլան անվերապահ անկեղծությամբ։

–Ահա ձեզ 10000 դոլլար իմ խոստումներից և պայմանագրից դուրս․ դեռևս շատ հազարներ կլինեն, երբ հաջողություն լինի,– գոռոզությամբ հայտրարեց դը–Վալերան և հանձնեց նրան չեկը։

Իզաբելլան խնդրեց դը–Վալերայից, որ մորը հեռագրի Նյու–Յորք հասնելու մասին։

—Արդեն հեռագրել եմ,– պատասխանեց դը–Վալերան,– ր հեռագրով փոխադրել եմ 2000 դոլլար։

–2000 դոլլա՞ր։

–Այո, այո, ես լիովին կկատարեմ իմ խոստումները։

Իզաբելլան ուրախությունից ոստոստեց, ինչպես նոր խաղալիքներ ստացած մանուկը։

Դը–Վալերան ներողություն խնդրեց Իզաբելլայից և հեռացավ։ Իզաբելլան մնաց մենակ։ Նա դարձյալ դուրս նայեց լուսամուտից ահավոր քաղաքին, և նրան թվաց, որ օրորվում է երջանիկ ու հոտավետ մի երազում։

Հանկարծ թխկացրին Իզաբելլայի սենյակի դուռը։ Ներս մտավ մի համազգեստով ծառա և նրան մատուցեց իրիկնային թերթերի հավելվածները։ Իզաբելլան բաց արավ թերթերը և տեսավ իր լուսանկարներն առաջին էջերում։ Իզաբելլան սկսեց որոշ ատելություն զգալ դեպի ֆրանսիացի բանաստեղծը, որ ճգնել էր պղտորել իր կյանքը, որ ճգնել էր սև քողեր քաշել իր երջանկության վրա։ Երբ դը–Վալերան վերադարձավ Իզաբելլլայի մոտ, նա պատմեց նրան բանաստեղծի ասածները։

–Նա ասում էր,–ասաց Իզաբելլան,– որ դուք նայում եք իմ վրա՝ ինչպես վաճառականն իր ապրանքի վրա։

Դը–Վալերան հեգնորեն, բարձր և կոպիտ հռհռաց։

–Խեղճ, անմիտ բանաստեղծ․ նա կարծում էր, որ փողը միևնույն նշանակությունն ունի մեձ համար՝ ինչպես քաղցած և թեթևամիտ բանաստեղծների համար։

Խոսակցությունը երկար չշարունակվեց, որովհետև ծառան նորից անհանգստացրեց նրանց, ներկայացնելով դը–Վալերային մի այցետոմս։ Դը–Վալերան կարդաց այցետոմսը և անմիջապես աճապարեց դեպի ընդունելության դահլիճը։

–Ինձ ցանկանում է տեսնել Ամերիկայի ածուխի թագավորի որդին,– կես ահաբեկված արտասանեց դը–Վալերան և աճապարեց ներքև։

Իզաբելլան կասկածեց դը–Վալերայի խոսքի անկեղծությանը։

–Ի՞նչ գործ ունի ածուխի թագավորի որդին իմ ագենտի հետ,– մտածեց Իզաբելլան։

Բայց Իզաբելլան սխալվում էր։ Իսկապես այցետոմսը պատկանում էր Ամերիկայի ածուխի թագավորի որդուն՝ մր․ Ռոբերտ Շրայտերին։

Երիտասարդ Շրայտերը համարվում էր Նյու–Յորքի «բարձր հասարակության» ամենագալանտ մարդը։ Նա մսխում էր իր հոր ոսկու դեզերը, մասնավորապես թատրոնների կուլիսներում, իր մասնավոր ապարանքում և իր անձնական նավի վրա, որը կոչվում էր «Պոսիդոն»։

Դը–Վալերան ներկայացավ մր․ Շրայտերին ընդունելության դահլիճում ժպիտով և խոնարհությանմբ։

Երբ դը–Վալերան վերադարձավ դահլիճից, հայտնեց Իզաբելլային, որ իր Նյու–Յորքի առաջին ելույթից հետո՝ հյուրասիրվելու է ածուխի թագավորի որդու անձնական նավի վրա։

–Այժմ,– շարունակեց նա,– պետք է գնանք ներքև և ծանոթանանք մր․ Շրայտերի հետ։ Իզաբելլա Սերանոն ագենտի հետ գնաց դահլիճ ոստոստուն քայլերով։ Դահլիճում դիմավորեց նրան ածուխի թագավորի որդին՝ Նյու–Յորքի բարձր հասարակության ամենագալանտ մարդը։ Իզաբելլան մոռացավ ամեն ինչ, միայն հիշեց, որ այժմ երջանիկ են իր մայրը և քույրերը, որոնք այժմ փող ունեն, հիշեց, որ պարտք չունեն, հիշեց, որ իր քույրերը պարում են ուրախ՝ Անդալուզիայի լուսնկա գիշերներին։

–Ես ձեր անունը լսել եմ,– ասաց մր․ Շրայտերը Իզաբելլային,– ցանկանում էի տեսնել ձեզ։ Ամերիկան հյուրասեր երկիր է, մանավանդ ձեզ նման արվեստագետների համար։

Իզաբելլայի համար պարզապես ապշեցուցիչ էր ածուխի արքայի որդու պարզությունը։ Նա խոսում էր հասարակ մարդու նման։

Առավոտյան Իզաբելլան և Շրայտերը շրջում էին Նյու–Յորքում։ Պատերի վրա, յուրաքանչյուր փողոցում, թերթերում, կաֆեներում, տրամվայներում, ստորերկրյա տրամվայների կայարաններում, ճաշարաններում, քաղաքի ամեն մի կետում փակցված էին Իզաբելլա Սերրանոյի աֆիշաները․

ԻԶԱԲԵԼԼԱ ՍԵՐՐԱՆՈՆ

Պարելու է սպանական ֆանտաստիկ պարեր

1․ «ԱՆԴԱԼՈՒԶԻԱՅԻ ԱՐԵՎԱԾԱԳԸ»

2․ «ՍԻՐՈ ՓՈԹՈՐԻԿԸ»

3․ «ԾՈՎԸ»

Մր. Շրայտերի շոֆերը կանգ առավ։ Հըդսըն գետի ափին՝ մի ճաշարանի առաջ։ Մր․ Շրայտերը թեթև բռնեց Իզաբելլայի թևից և ցած իջեցրեց նրան։

–Այստեղ կճաշենք, եթե հավանեք,– ասաց Շրայտերը։

–Լավ,– համաձայնեց Իզաբելլան։ -- Մենք Անդալուզիայի գինի չունենք, բայց ունենք Բորդո,- հարեց Շրայտերը:

Իզաբելլան խմեց Բորդոն Անդալուզիայի գինու ցանկությամբ:

Մր. Շրայտերը երկար նայեց նրա մուգ աչքերին, ողորկ և թուխ թևերին, նայեց նրա պալմայի տերևների նման մուգ, երկար ու սուր թսրթիչներին և կծեց իր ցանկափրփուր շրթունքները: Երբ վերջացրին ճաշը, մր. Շրայտերը մի հարյուրանոց նետեց սպասավորին, և նրանք դուրս եկան: Ավտոյի մեջ Իզաբելլան հեշտանք էր զգում, ամեն բան նրան երազի նման էր թվում, ամեն բան ուրախ և թեթև:

Հյուրանոցի դահլիճում դը-Վալերան դիմավորեց նրանց ժպիտով և քծնանքով:

-Կյանքը գեղեցիկ է, չէ՞,- հարցրեց նա Իզաբելլային:

Իզաբելլան չպատասխանեց, բայց ժպտաց:

-Երիտասարդ լեյդին պետք է հանգստանա,- ասաց մր. Շրայտերը:

Իզաբելլան ներողություն խնդրեց հեռանալու: Երբ նա ձեռքը երկարեց մր. Շրայտերին, սա բռնեց և երկար համբուրեց Իզաբելլայի ձեռքը՞ Իզաբելլայի հեռանալուց հետո՝

Այսպիսի երջանկության ես երբեք չեմ հանդիպել իմ կյանքում,- խոստովանեց Շրայտերը:

Դը-Վալերան ատամները բաց արած՝ ձախ ձեռքով իր փոքրիկ բեղերը ոլորեց և ժպտադեմ պատասխանեց.

-Ինչպես որ կամենում եք, մր. Շրայտեր:

Ածուխի թագավորի որդին նստեց սեղանի դիմաց և 15000 դոլլարի մի չեկ գրելով հանձնեց դը-Վալերային:

-Իսկ ձեզ կտեսնեմ հետո,- ասաց մր. Շրայտերը դը-Վալերային:

Մր. Շրայտերը հեռանալուց առաջ հանձնեց նաև մի այցետոմս՝ վրան գրած: Դը-Վալերան աճապարանքով կարդաց տոմսը-«Մի մոռանաք ծովի գիշերը»: Կարդալուց հետո՝ աճապարեց վեր: Իզաբելլան ընկել էր անկողնի վրա և հանգստանում էր:

-Դոննա Իզաբելլա,- բացականչեց դը-Վալերան, որից Իզաբելլան ընդոստ վեր ցատկեց,– Ամերիկայի ածուխի արքայի որդին սիրում է ձեզ, ահա սիրո ապացույցը։

Ագենտը նրան հանձնեց սիրո ապացույցը՝ 15000 դոլլարը և այցետոմսը։

–Չեմ հավատում– ծովի գիշերը․․․–մրմնջաց Իզաբելլան։

–Չէ՞ որ մենք նրա հյուրն ենք լինելու իր անձնական նավի վրա, ձեր առաջին ելույթից հետո,– պատասխանեց դը–Վալերան։

Իզաբելլան երկար նայեց տարածութկան մեջ ր ժպտաց։

Իզաբելլան իր զարդասենյակում դողում էր երկյուղալից։ Հասարակությունը լցվել էր դահլիճ և լուռ սպասում էր սպանացի պարուհուն։ Իզաբելլան շատ էր պարել մեծ ժողովրդական մասսաների առաջ, բայց առաջին անգամն էր, որ նա հանդես էր գալու ցիլինդրավոր և ֆրակներ հագած տարօրինակ բազմության առաջ։ Դը–Վալերան մտավ զարդասենյակ և տեսնելով, որ Իզաբելլան պատրաստ է բեմ գալու, գնաց դուրս աճապարանքով։ Դը–Վալերան երկու խոսք ուներ ասելու հասարակության։ Իզաբելլան մտածում էր, որ վայրկյաններ են մնացել հանդես գալու։ Հանկարծ լսվեց որոտընդոստ ծափահարություն դահլիճում։ «Դը–Վալերան վերջացրեց», մտածեց Իզաբելլան։ Նա նայեց մեծագիր հայելուն և դիտեց իրեն՝ իր մուգ աչքերով։

–Դոննա Իզաբելլա, բարձրացնում են վարագույրը։

Իզաբելլան այլևս ոչինչ չտեսավ, միայն զգաց, որ մթնշաղային բեմի վրա սահում են իր ոտները թեթևորեն և ավելի ու ավելի են արագանում հետզհետե բացվող լույսերի մեջ։ Մթնշաղը պայծառանում էր, արևածագն էր, արևածագն Անդալուզիաում։ Իզաբելլայի մարմինն սկսեց փոթորկվել, փոթորկվել այնպես, ինչպես արևն է փոթորկվում Անդալուզիայում, նրա թևերն ուղիղ վեր էին բարձրացած, ամբողջ մարմինը գալարվում էր վեր, ուղիղ՝ ինչպես արևի շողը, ինչպես նետը սլացիկ, դեպի վեր՝ ինչպես երկինք թռչող մարմարը գոթական կառուցվածքի։ Հանկարծ Իզաբելլան կծկվեց, հատակին և սկսեց դեպի վեր բարձրանալ, հետո կանգնեց` գլուխը ետև գցած, իրանը` առաջ, սրունքները` կորացած, ճիշտ նման հրացանի նշանի: Շողերն ավելի առատությամբ թափվեցին բեմի վրա, և Իզաբելլան շարունակեց խռովասույզ, ալեկոծ ու խելակորույս պարը արևի ծագման:

Դահլիճը որոտաց` ինչպես ծովն էր որոտում մի քանի օր առաջ:

Քրտինքը կաթիլ առ կաթիլ վազում էր Իզաբելլայի քունքերից` ինչպես գարնանային ծովը կանաչ տերևի վրա:

Զարդասենյակում դը-Վալերան կռացավ և համբուրեց Իզաբելլայի ոտները:

— Օրհնյալ է քո մայրը, դոննա Իզաբելլա, օրհնյալ է քո ծնունդը դոննա Իզաբելլա, — բացականչեց դը-Վալերան:

Ծափահարությունները շարունակվում էին, Իզաբելլան երևաց բեմի վրա: Դահլիճը լցվեց ծափահարությամբ և բեմը` ծաղիկներով:

Երբ Իզաբելլան վերադարձավ զարդասենյակ, դը-Վալերան հայտնեց նրան, որ բեմը լցրել է ծաղիկներով ինքը` Ամերկայի ածուխի արքայի որդին:

— Նա դահլիճո՞մն է, — հարցրեց Իզաբելլան:

— Մի՞թե չտեսաք նրան, աջ կողմի օթյակում:

— Ոչ, ես ոչ ոքի չտեսա:

«Պոսիդոն» — ը կանգնել էր Նյու — Յորքի նավահանգստում և սպասում էր մր. Շրայտերի հրամանին` բաց ծով դուրս գալու համար: Իզաբելլա Սերրանոն, կիսամերկ, փաթաթված երկար վերարկուի մեջ, դուրս եկավ թատրոնից և մտավ մր. Շրայտերի ավտոյի մեջ: Մր. Շրայտերը վաղուց սպասում էր նրան: Նրանցից առաջ նավ էին գնացել Նյու-Յորքի «բարձր հասարակության» անդամներից մոտ հիսուն հոգի:

Նավի ջահազարդ դահլիճը լուսավորված էր տոնական օրվա նման: Երբ Իզաբելլա Սերրանոն և մր. Ռոբերտ Շրայտերը նավ մտան, հյուրերը նրանց դիմավորեցին ծափահարություններով: Սպասուհիները թարմ ծաղիկներով և բուրումնավետ ջրերով ողողեցին իսպանացի պարուհուն և Ամերիկայի ածուխի արքայի որդուն։

Իզաբելլան վերացել էր․ նա զգում էր, որ այս բոլորն իր համար էր՝ իր հաղթանակը։

Դը–Վալերան շողոքորթ շնիկի նման դառնում էր մր․ Շրայտերի շուրջը և ժպտալով՝ հաճոյախոսություններ անում նրան, որ մր․ Շրայտերն ասել էր․ «Իսկ ձեզ կտեսնեմ հետո»։ Դը–Վալերան գիտեր, որ իր ծառայությունները կվարձատրվեն լիովին, որ ինքը կհագենա փողից և նվերներից։ Մր․ Շրայտերի կարգադրությամբ նավի փոքրիկ օրկեստրն սկսեց նվգել պարի եղանակ։ Նրա այս պարն ավելի լեգենդային, ավելի սրտագին էր,քան այն պարերը, որ պարել էր այդ երեկո Բրոդուեյի հասարակության համար։

Նավը ճեղքում էր Ատլանտիայի մուգ–կապտավուն ալիքները, օրկեստրը նվագում էր, Իզաբելլան՝ պարում, հյուրերը ծափահարում էին խելահեղ, սկ մր․ Շրայտերը տրորում էր ցանկություններից փրփրած իր շրթունքներն ատամներով։

Շրայտերը ծծում էր Իզաբելլայի շրթունքները, ծծում էր հարավի արևը նրա շրթունքներից, հարավի արևը, որ կաթիլ առ կաթիլ սուզվել էր նրա թուխ մարմնի մեջ։

― Հրամայիր, որ նավը քշեն մինչև Անդալուզիա,– մրմնջում էր Իզաբելլան Շրայտերի գրկում։

Իսկ Ամերիկայի ածուխի արքայի որդին ծծում էր նրաա շրթունքներից հարավի արևը, որ, կաթիլ առ կաթիլ, սուզվել էր նրա թուխ մարմնի մեջ։

Դահլիճը տակնուվրա էր։ Հյուրերից ոմանք ընկել էին թավշյա հեշտաթոռների վրա և հարբածությունից չէին կարողացել վեր կենալ, սեղանի ծաղիկների թաղարները կործանվել էին և հատակին կոխոտվել, շշերը թափվել էին և կոտրտվել, պահածոների կիսադատարկ տուփերը թափված էին ամեն կողմ, մի բարձր ջրշուշան կանգնած էր դեռևս սեղանի անկյունում և տխուր նայում էր դահլիճի ավերակին։

Այդ դահլիճը տեսնողը կարող էր գուշակել այն դաժան օրգիան, որ տեղի էր ունեցել Նոր Աշխարհում Հին աշխարհի ձևով։

Առավոտյան նավը կանգ առավ Մեյնի ափերին։ Իզաբելլան դուրս եկավ նավից մր․ Շրայտերի հետ՝ տրորված, նման ծաղիկներին, որ կործանված էին և թափված հատակին։ Իզաբելլայի աչքերի վրա պղտորության մի քող էր իջել, միայն հանդարտորեն փակվում և բացվում էին պալմայի տերևների նման մուգ, երկար ու սուր նրա թարթիչները:

Իզաբելլան շարունակեց պարել՝ համաձայն դը–Վալերայի կնքած պայմանագրի։ Մր․ Շրայտերը մոռացավ Իզաբելլային, դոլլարները նոր զգայություններ պարտադրեցին նրան։ Դը-Վալերան ծանոթացրեց սպանացի պարուհուն նորանոր փոքր և մեծ Շրայտերների հետ։

Թափվեցին Անդալուզիայի գեղջկուհու աչքերի աստղերը հատիկ–հատիկ։ Իզաբելլան սկսեց ապրել իր վազահաս տերևաթափը՝ ողբագին և աղեկտուր։ Նրա ճակատից դեղին տերևներ ընկան։ Նրա մարմինը կորցրեց իր ճկունությունն ու սլացիկությունը, սրունքները կապարացան, նրա արևածագի վառը չհուզեց հասարակությանը։ Միայն մի քանի բարի ձեռքեր ծափահարեցին ի հիշատակ հին, վաղեմի պարուհու։

Տարիներ անցան։

Իզաբելլա Սերրանոն մնաց մենակ և տխուր։

Նրա թերթերունքները փակվում էին աչքերի վրա՝ ինչպես կափարիչն է փակվում մանկամարդ աղջկա դաղադի վրա։

Մի օր նա նստել էր իր սենյակի անկյունում, հայելին ձեռքը դիտում էր իր ավերված դեմքը, երբ մի այցետոմս ստացավ։ Նրա աչքերը վայրկենաբար վառվեցին։

–Ներս, ներս հրավիրիր իմ վաղեմի բարեկամին,– ասաց իր աղախնին։

Ֆրանսիացի բանաստեղծն էր։ Նրանք փաթաթվեցին իրար այնպես սեղմ, այնպես անբաժանելի՝ ինչպես լույսն ու տաքությունը:

Արցունքները խեղդվեցին Իզաբելլայի կոկորդում: Նա նայեց Էմիլին՝ թարմացած և վերածնված: Նա բարձրացրեց պալմայի մուգ, երկար ու սուր տերևների նման իր թարթիչները և գորովագին հարեց բանաստեղծին.

— Դու ասում էիր՝ զգույշ եղիր առաջին քայլից, բայց ես արի առաջին և բոլոր քայլերը, — մրմնջաց Իզաբելլան:

— Վերադարձիր Անդալուզիա, վերադարձիր դեպի Անդալուզիայի ժողովրդական տոները, այժմ ճանաչում ես Ամերիկայի ոսկեզօծ կեղտը, — շշնջաց բանաստեղծը:

Նրանք փաթաթվեցին իրար այնպես սեղմ և այնպես անբաժանելի՝ ինչպես լույսն ու տաքությունը:

1929 թ.