Իզուր կանցնին
Իզուր կանցնին
Կույրի առջև լույս մի՛ դնիր,
Ժայռի կրծքին բույս մի՛ դնիր,
Անգութ մարդուն հույս մի՛ դնիր,
Այդ բոլորը իզուր կանցնին:
Վատ դրացուդ արտդ մի՛ տար,
Սև ագռավին վարդդ մի՛ տար,
Ցեխոտ խոզին զարդդ մի՛ տար,
Այդ բոլորը իզուր կանցնին:
Շերամն եմ, լսիր խրատս,
Պարզը ասա իմ արատս,
Գուցե ծաղրե՞ս, հարազատս...
Այդ բոլորը իզուր կանցնին:
1936