Իմ խնամատարը
Բագւում ես իջեւանեցի իմ մօրաքրոջ մօտ: Այնտեղ պիտի մնայի մինչեւ որ վիճակս քիչ թէ շատ պարզուէր։
Այդ անսահման բարի եւ զգայուն մօրաքոյրս պանդխտութեանս մէջ եղաւ ինձ համար երկրորդ մայր։ Երբեք չեմ մոռանալ այն ջերմ գուրգուրանքը, որով նա սեղմելով ինձ իւր նիհար կրծքին, իր հինգ զաւակներին աւելացրեց վեցերորդը։
Տասնեակ տարիներ յետոյ, երբ մի աշնանային օր այցելեցի նրա գերեզմանը, որ գտնւում է մօրս գերեզմանի քով, ինձ պաշարեց կրկնակի վիշտ։ Մարդիկ մի անգամ են զրկւում իրենց մօրից, ես զրկուել էի երկու անգամ։
Ես ունէի մի մօրեղբայր՝ Յակովբ անունով, որ պիտի զբաղուէր իմ վիճակով։ Դա մի հասարակ դերձակ էր, սակայն ունէր բազմաթիւ ծանօթներ եւ վայելում էր նրանց յարգանքը։
Որոշուեց, որ ես կարող եմ ծառայել կամ մի մասնաւոր գրասենեակում, կամ որեւէ արքունական հիմնարկութիւնում։ Շամախիում, չորս ամիս ոստիկանատանը ծառայելով իբրեւ գրագիր, ես ռուսերէն ձեռագիրս բաւական մշակել էի։
Մօրեղբայրս պատուիրեց ինձ մի որեւէ բան գրել խնամքով եւ տալ իրան։ Ես տողացանցը դրեցի մի մեծ թերթի տակ եւ ամէնայն բարեխղճութեամբ ընդօրինակեցի ամենագեղեցիկ էջը գեղագրութեան տետրակից։
— Աֆարի՜մ տղայ, մարգարիտներ ես շարել,— գոչեց մօրեղբայրս, ձեռագիրս տեսնելով,— ես քո մասին արդէն խոսել եմ Առստամ-բեգի հետ։
Եւ թերթը ծալեց, դրեց իւր մինդարի տակ, որպէսզի հարկաւոր դէպքում ցոյց տայ Առստամ-բէգին, որ նահանգական ատեանում պաշտօնեայ էր։
Բագուն յափշտակել էր ինձ։ Ամբողջ օրերով թափառում էի նրա անսալայատակ, փոշիալի փողոցներում։ Ամենից աւելի սիրում էի ծովափը։ Այստեղ ես ժամերով պտտում էի նաւամատոյցները, դիտելով լայնատարած ծովը եւ նրա վրա սփռած անթիւ նաւերն ու նաւակները։
Ամէն ինչ ինձ համար նոր էր, տարօրինակ, գրաւիչ։ Այնքան գրաւիչ, որ երբեմն կարծում էի, թէ ընկել եմ տատիս նկարագրած կախարդական աշխարհներից մէկը։
Ես նայում էի ջրի երեսին մեղմիկ սահող մակոյկներին, եւ նրանք ինձ թւում էին կենդանի էակներ։ Նայում էի հեռացող նաւերիառագաստներին, եւ նրանք ինձ թւում էին հսկայական կարապներ։ Եւ իմ մտքերը սլանում էին հեռու ու հեռու, անծանօթ երկրներ, ուր, ինձ թւում էր, մարդիկ աւելի անհոգ են, աւելի երջանիկ։ Պատանեկակա՜ն երազներ…
Ես նախանձում էի ամէնքին, ով գնում էր այդ նաւերով, եւ կարծում էի, որ գնացողները խղճում են մնացողներին, առանձնապէս ինձ։ Ես նախանձում էի նոյնիսկ այն ծովային անթիւ թռչուններին, որոնք ուրախ եւ համարձակ նստում էին նաւերի խաչաձըւ կայմերի վրայ։
Մի օր մի խումբ աշակերտներ ռեալական դպրոցի համազգեստով շոգենաւով գնում էին չգիտեմ ուր։ Ես կանգնած էի նաւամատոյցի ծայրում եւ նայում էի, թէ ինչպէս նաւի հեռանալով նրա խարիսխը կամաց-կամաց դուրս էր գալիս ծովից։ Երբ նա բոլորովին բարձրացաւ եւ կպաւ շոգենաւի կտուցին, աշակերտները սկսեցին խմբովին երգել։ Բոլորն էլ իմ տարիքի պատանիներ էին, բոլորը զուարթ, ուրախ, իսկ ես նրանց հասակում կեանքի հոգսերովարդէն ծանրաբեռնուած։
Աչքերս ակամայ լեցուեցին արտասուքով։ Մի վայրկեան գլուխս պտտվեց, եւ ես պատրաստ էի ինձ ծովը գցել։ Բայց իսկոյն զգացի, որ չունիմ իրաւունք ցնորքներով տարուելու։ Չէ՞ որ այնտեղ, հեռու ծննդավայրում իմ օգնութեանն են սպասում թանկագին էակներ, չէ՞ որ ես եմ նրանց միակ ապաւէնը։
Եւ այսպէս, ամէն անգամ երբ երեւակայութիւնս բորբոքւում էր, անողոք իրականութիւնը բռնում էր ինձ իւր երկաթեայ ճանկերով եւ երկրին կպցնում։
Պետք էր, վերջապէս, մի գործ գտնել։
Այս յոյսով ես ամէն օր գնում էի մօրեղբօրս մօտ։ Նրա խանութը գտնւում էր ծովափի մօտ, մի փոքրիկ քարվանսարայի մթին անցքում։ Այնտեղ ես ծալապատիկ նստում էի մինդարի վրայ եւ դիտում դիմացի խանութներն եւ անցորդներին։
Մի զուարթ եւ կատակասէր մարդ էր քեռիս։ Յիշում եմ նրա կարճլիկ ու հաստ բեղերը, ժպտուն շրթունքները, լիք-լիք կարմրախայտ այտերը եւ հեգնանքով լի սեւորակ աչքերը։
Նա գիտեր ծաղրել կեանքը ինչպէս փիլիսոփայ, երբեմն ցինիքաբար։ Յաճախ նրա անփոյթ արտասանած խօսքերը նոյնքան սուր էին, որքան նրա ասեղի ծայրը։
Նա սիրում էր ժամանակ-ժամանակ իւր բարեկամների հետ բաժակ-բաժակի զարկել ոչ յանուն Բաքոսի, այլ չոր ու ցամաք Բագւում Շամախու ծաղկաւէտ հովիտները յիշելու համար։
Տանը նա հիւրեր չէր ընդունում, նոյնիսկ ինձ հազիւ հրաւիրում էր այնտեղ։ Նրա ամուսինը մի եսամոլ եւ անհիւրընկալ կին էր, եւ ես նկատում էր, որ իմ բարի քեռին մի քիչ ճնշուած է նրանից։
Մի բան, որ առանձնապէս սիրում էի այդ գէր ու կենսախինդ մարդու մէջ, այն էր, որ նա երբեք խրատներ չէր տալիս ինձ։ Այդ ինձ համար մի հազուագիւտ բան էր, ուասնզի ամէն ոք, կարծես, սրբազան պարտականութիւն էր համարում գլխիս քարոզներ կարդալու, նոյնիսկ ժամհար Կարապետը։
Քեռիս միայն ասում էր․ — Մեծ տղայ ես, աչքաբաց եղիր, տե՛ս ինքդ, քննիր, որի վատ է — երես դարձրու, որը լաւ է — օրինակ վերցրու։
Իսկ տեսնելու եւ քններլու շատ բան կար այդ նոր միջավայրում, նոյնիսկ եթէ քեռուս խանութից դուրս էլ չգայի։ Այնտեղ գալիս էին ամէն դիրքի եւ տեսակի մարդիկ։
Բայց կար մեկը, որ շուտով պիտի դառնար իմ խնամատարը։ Քեռիս ամենից աւելի նրա հետ էր բաժակ բաժակի զարկում։
Դա մի արագաշարժ եւ արագախօս մարդ էր, որին կոչում էին Կարկուտ Գասպար։ Տարօրինակ էր այդ մարդու կերպարանքը։ Նրա սեւ ու խիտ միրուքը սկսւում էր ուղիղ աչքերի տակից եւ ծածկում ամբողջ երեսն ու կոկորդը, տարածւում էր ամենուրեք։ Նրա գլխի թանձր մազերը նեղ ճակատի վրա գրեթէ միանում էին թաւ ունքերի հետ։ Մինչեւ անգամ նրա մսալի քթի եւ ուռած կոպերի վրայ մազեր կային, իսկ ականջների ծակերը ծիծեռնակի բների էին նմանւում։ Կարկուտ Գասպարի գլխաւոր արհեստն էր միջնորդութիւնը նաւատէերի եւ ապրանք ուղարկողների միջեւ։ Բայց նա պարապում էր եւ ուրիշ գործերով, օրինակ՝ գնում էր չոր մրգեղեն, բրինձ, փորթուգալ կամ ապխտած ձուկ եւ շահով վաճառումոտքի վրայ։ Երբեմն ես տեսնում էի նրան կռնատակին ապակիներով լի մի պահարան դէպի նաւամատոյց վազելիս։ Այնտեղ նաւերի վրայ նա ապակիներ էր գցում։
Օրն երկու երեք անգամ Կարկուտ Գասպարն անցնում էր մօրեղբօրս խանութի առջեւով։ Յաճախ կանգ էր առնում եւ հաղորդում նորութիւններ այնպէս արագ, որ խօսքերը իսկապէս կարկտի պէս էին տեղում։ Նա ինքը երբեք չէր ճամբորդում, բայց գիտէր բոլորը, ինչ որ անցնում էր Կասպից ծովի վրայ եւ նրա բոլոր նաւամատոյցներում, սկսած Բագււից մինչեւ Պարսկաստան եւ Հաշխարխան։
Մի օր Կարկուտ Գասպարն իւր բարեհաճ ուշադրութիւնը դարձրեց ինձ վրայ։
— Մի՞ տղան է,— հարցրեց նա քեռուս իւր սովորաան արագութեամբ։
— Քրոջս, — պատասխանեց քեռիս։
— Չի՞ համա էկել,— հետաքրքրուեց Գասպարը։
— Եկել է այստեղ գործի մտնելու։
Առանց երկար խորհելու, Կարկուտ Գասպարը խորհուրդ տվեց ինձ՝ ծովային ծառայութիւն մտնելու: Ոչ իբրեւ նաւաստի, այլ իբրեւ նաւի գործակատար: Եւ խոստացաւ այս բանում ինձ օգնել։
Քեռիս հակառակեց: — Դեռ թող ցամաքը վերցնենք, յետոյ ծովը կը գրաւենք,— ասաց նա իւր սովորական կատակով։
Բայց ես քեռուս հետ համաձայն չէի։ Աւելի լաւ էր ծովից սկսել։ Ես յափշտակուեցի Կարկուտ Գասպարի խորհրդով եւ այդ րոպէից սիրեցի նրան։
Հէնց որ նա հեռացաւ, դուրս եկայ քեռուս խանութից եւ վազեցի նրա ետեվից։ Հազիւ կարողացայ հասնել նրան եւ շունչս կտրուած հարցրի․
— Պարոն Գասպար, դուք կարո՞ղ էք ինձ համար մի պաշտօն գտնել որեւէ նաւի վրայ։ Նա ներողամտաբար ժպտաց, հասկացնելով ինձ, թէ դրանից աւելի դիւրին բան չկայ նրա համար։
— Լող տալ, տե՞ս, լող տալ,— հարցրեց նա։
— Ոչ, չգիտեմ,— պատասխանեցի ես, որկեանքումս ջուր մտած չկայի։
— Դու լող տալ սովորիր, հեշտ է, հեշտ է,— ասաց Գասպարը եւ, ապակիների պահարանը կռնատակին սեղմելով, չքացաւ։
Նրա խոստումն ինձ միանգամայն ոգեւորեց։ Չգիտեմ ինչու, նա ինձ հաւատ ներշնչեց։ Ինձ թուաց, որ այդպէս արագ խօսող եւ արագ քայլող մարդու համար կեանքի մէջ անկարելի բան չպիտի լինի։
Ես վճռեցի լող տալը սովորել, թէեւ ոչնչից այնքան մեծ երկիւղ չունէի, որքան ծով մտնելուց։ Ես լսել էի, որ հաստ մարդիկ շատ դիւրին են սովորում լողալը։ Որովհետեւ այն ժամանակ ես բաւական գէր էի, ուստի մի օր լողարանում պարանը բաց թողեցի եւ փորձեցի ջրի երեսըն մնալ։ Բայց իսկոյն արճիճի գնդակի պէս գնացի ծովի յատակը։ Բարեբախտաբար, սանդուղքը մօտ էր, բռնեցի եւ վեր բարձրացայ։
Ապագայում շատ անգամ եմ փորձել, բայց երբեք չկարողացայ լողալը սովորել։ Յիշում եմ, որ մի անգամ խեղդուելուց ինձ ազատեց մօրաքրոջս որդին, Յովհաննէս Աբէլեանը, որ շատ ճարպիկ լողորդ էր։
Ամէն անգամ Կարկուտ Գասպարին հանդիպելիս, յիշեցնում էի նրան իր խոստումը։ Եվ նա ազնուաբար ոչ միայն յետ չէր կանգնում իւր խօսքից, այլ եւ աւելի ու աւելի հուսադրում էր ինձ, ամէն անգամ հաւատացնելով, թէ իւր համար անկարելի բան չկայ աշխարհի երեսին, մանաւանդ ծովի վրայ։ Եվ երբեք չէր մոռանում հարցնել․
— Լող տալ սորցի՞ր, լող տալ։
— Այո՛,— ստեցի ես մի օր, վերջապէս ամաչելով իմ անշնորհքութիւնից։
— Աֆարիմ, աֆարիմ,— գովեց ինձ Կարկուտ Գասպարը, ձեռը ուսիս զարկելով,— դէ, հիմի, շոեդ փոխի, շոեդ։
Նա ուզում էր ասել, որ հագուստս փոխեմ։ Պէտք է ասած, որ ես Բագու եկել էի Շամախու հագուստով — քօշերով, արխալուղով, չուխայով եւ Բուխարայի մորթուց կարած գդակով։ Հայրս ատելով ատում էր նորաձեւ հագուստները եւ հագնողներին եւ հագնողներին անուանում էր «հողկաբազ», որ շատ մեծ վիրաւորանք էր։
Յիշում եմ, մի անգամ եկեղեցուց տուն վերադառնալիս, մի խումբ երեխաներ «շիշ փափա՜ղ, շիշ փափա՜ղ» գոչելով, յարձակուեցին ինձ վրայ ձիւնի գնդակներով։ Մի բարձրահասակ պատանի նշան դրեց փափաղս եւ գլորեց գետին։
Այս պատանին այսօրուան իմ բարեկամն է, յայտնի նաւթարդիւնաբեր եւ հասարակական գիրծիչ Համբարձում Մելիքեանը։
Մի օր մօրեղբայրս ինձ հեգնանքով հարցրեց․
— Հըմ, ի՞նչ է ասում Կարկուտը, տեղ գտա՞վ քեզ համար նաւի վրա։
Ես ամաչեցի, որ բանակցութիւնս Գասպարի հետ քեռուցս գաղտնի էի պահել։
— Դո՛ւ գիտես քո գործը,— ասաց բարի քեռիս, գլուխը թեքելով կրծքին, որ եիւր կարը շարունակէ,— բայց Կարկուտը մի քիչ քամի փչող է։
Ես վշտացայ, ես հաւատ ունէի դեպի Կարկուտ Գասպարը։
Մի օր նրա հեղինակութիւնը շատ բարձրացաւ իմ աչքում, երբ տեսայ նրան երկու նաւապետների հետ մտերմաբար զրոյց անելիս։ Բայց, աւա՜ղ, հետեւյալ օրն իսկ այդ հեղինակութիւնը բաւական նսեմացաւ։
Ես անցնում էի ծովափով, միշտ երազելով ինձ նաւի վրա, միշտ երեւակաիւթեամբ սլանալով անծանօթ աշխարհներ։
Կարկուտ Գասպարը, կռնատակին երկու հատ քիւթում, այսինքն՝ ապխտած ձուկ, դրած, գնում էր տուն։ Ես մօտեցայ նրան եւ դարձեալ խօսք բաց արի պաշտօնիս մասին։ Խնամատարս ասաց․
— Մի քիչ էլ համբերիր, մի քիչ էլ․ «Ցեսարեւիչ»-ի վրա տեղ է բացվելու։
Եւ սկսեց նկարագրել իմ մօտակայ վիճակն այնպիսի փայլուն գոյներով, որ ես արդէն երջանիկ համարեցի ինձ։ Ապա ինձնից անմիջապէս իրան անցաւ եւ սկսեց թուել իր կապերը ծովային մեծամեծների հետ։ Նրա ասելով՝ ոչ մի նաւապետ չի կարող համարձակուել նրա խնդիրը մերժելու։ Իսկ եթէ մէկը մերժի, այն ժամանակ…
Այստեղ Կարկուտ Գասպարը աչքերը փակեց եւ գլխով ինչ որ անորոշ շարժումն արաւ։
Այդ միջոցին մեր դէմուդէմ երեւաց հարբած նաւաստիների մի խումբ, երգելով եւ պարելով։ Խումբը մօտեցաւ եւ շրջապատեց Կարկուտ Գասպարին եւ սկսեց հետը կատակներ անել, սկզբում անմեղ, բայց հետզհետէ աւելի ու աւելի անվայել։ Բանն այնտեղ հասաւ, որ նաւաստիներից մէկը բարձրացաւ խնամատարիս ուսերի վրայ։ Գասպարը կմշտեց նրան եւ վայր գցեց։ Միւսը խլեց նրա կռնատակից մի քիւթում եւ սկսեզ կրծոտել։
Ես զարմացայ տեսնելով, որ բարեկամս ոչ միայն չի վիրաւորվում այդ անվայել կատակներից, այլ եւ, կարծես, նրանք հաճելի են իրեն։
Վերջապէս նաւաստիները հեռացան։ Գասպարը դարձաւ ինձ եւ ասաց, թէ բոլորը իւր ստրուկներն են եւ թէ բաւական է, որ հրամայի, ամէնքն իրանց ծովը կը գցեն, եւայլն եւայլն․․․
Ես բաժանուեցի նրանից անախորժ տպաւորութեան տակ։ Ինչ ուզում էք ասէք, դառն էր հիասթափուել մի մարդու վերաբերմամբ, որին ոյժ էի համարում եւ որը պատրաստակամ յանձն էր առել իմ խնամատարը լինելու։
Բայց եւ այնպէս, հաւատը դեպի Կարկուտ Գասպարը չմեռաւ իմ մէջ։
Շաբաթուան վեց օրը նա հագնւում էր շատ հասարակ, մինչեւ անգամ կեղտոտ։ Նրա սեւ ֆուրաշկան այնքան իւղոտ էր, որ փայլում էր պողպատեայ թերթի պէս, նրա արխալուղի եւ պիջակի կուրծքն ու փէշերը ծածկուած էին ներկի եւ խէժի բծերով։
Բայց կիրակի օրերը նրա միանգամայն կերպարանափոխւում էր։ Նա ունէր աղուէսի թէ արջի մորթուց կարած մի մեծ մուշտակ, որի երկայն կինամոնագոյն մազերը ծածկում էին նրա կուրծքը ամբողջովին, եւ նոյն մորթուց կարած կլոր եւ մեծ գդակ։
Ես մտքումս պարծենում էի նրանով, երբ տեսնում էի, ձեռները մուշտակի թեւերի մէջ կոխած՝ մտնում էր եկեղեցու գաւիթը։ Այդ ժամանակ նրա քայլուածքը աղայական էր, ծանր, հանդիսաւոր։ Աջ ու ձախ իւր ծանոթներին բարեւում էր հպարտ, ինչպէս վայել էր սեփական արժանապատուութիւնը յարգող մի մարդու։ Իսկ իմ խոնարհ բարեւներին հազիւ պատասխանում էր գլխի թոյլ շարժումով։ Այդ պահերին, հարկաւ, ես չէի համարձակվում նրան մօտենալ։
Մի օր յանկարծ Կարկուտ Գասպարը չքացաւ եւ չերեւաց ամբողջ երեք օր։ Ես սկսեցի անհանգստանալ։ Վերջին անգամ նա ինձ լիովին ապահովել էր, ասելով․
— Տեղդ «Ցեսարեւիչի» վրայ պատրաստ է հաա՜, դու էլ պատրաստ կաց։
Հարցրի մօրեղբորս, ասաց՝ թէ Գասպարը հիուանդ պառկած է տանը։
— Ես կը գնամ նրան տեսնելու,— ասացի ես։
— Լաւ էլ կ՚անես, — համաձայնուեց քեռիս,— բարեկամը բարեկամին ձախորդ օրերին է հարկաւոր։ Գասպարը մի քիչ քամի փչող է, բայց իմ կողմից բարեւիր նրան։ Ասա՛, թող շուտ առողջանայ, Բարեկենդանը մօտենում է, չոլախ Բախիշը Սաղեանի լաւ գինի է ստացել։
Ես վազեցի խնամատարիս տունը։ Ա՜հ, երանի թէ չգնայի։
Նա ապրում էր քաղաքի Բերդ կոչուած արուարձանում, մի շատ նեղ փողոցում, սեփական տանը։
Ես մտայ մի փոքրիկ, կեղտոտ եւ խոնաւ բակ։ Մի մեծ սագ, ինձ տեսնելով, անմիջապէս թեւերը բարձրացրեց եւ ճչալով վազեց դէպի ինձ, կարծես, անցագիր էր պահանջում։ Երկու բադ մի անկիւնում ծանրաբարոյ աջ ու ձախ անցուդարձ էին անում, իրանց երկճիւղանի ոտներով ցեխոտ գետնի վրայ նախշեր դնելով։
Ես անցայ աստղաձեւ կապած պարանների վրայ փռած լուացքի տակով, փափաղս պահելով, որ չընկնի։ Մտայ գետնին հաւասար մի պատշգամբ։ Այստեղ երկու գրեթէ հասակակից մանուկներ, կեղտոտ ինչպէս թափառաշրջիկ գնչուներ, խաղում էին խոնաւ յատակի վրայ։
Ինձ դիմաւորեց շալը ուսէրին գցած մի կին, տգեղ ու քացախած դէմքով, եւ հարցրեց՝ ում եմ կամենում։
— Կարելի՞ է պարոն Գասպարին տեսնել։
Կինը նայեց ինձ ոտքից մինչեւ գլուխ, առանց մի խօսք ասելու բաց արաւ դէպի պատշգամբ նայող դռներից մէկը եւ ձեռքով նշան արաւ, որ ներս մտնեմ։ Ես մտայ․ ինքն էլ հետեւեց ինձ։
Առաջին րոպէ ոչինչ չկարողացա նշմարել — սենեակը մութն էր։ Յետոյ մի անկիւնից լսեցի ծանր տնքտնքոցի ձայն։ Մօտեցայ։
Այնտեղ, պատի տակ, մի մեծ թախտի վրայ պառկած էր Կարկուտ Գասպարը։ Բարեկամս թաղուած էր բազմաթիւ վերմակների տակ, որոնց վրայ գցած էր նրա փառաւոր մուշտակը։
— Սանդրօ, դու ե՞ս,— արտասանեց նա, կապոյտ թաշկինակով կապած գլուխը դուրս բերելով վերմակների տակից։ Բարով։ Տեսնում ե՛ս էլի։ Քեռիդ ինչպէ՞ս է։ Վայ մէջքս․․․ Ա, կնիկ․․․ ողնաշարս կտոր կտոր է լինում։ Նստիր, Սանդրօ․ ա կնիկ, չայ բեր, մուրաբա բեր Սանդրոյի համար։
Բայց քացախած դեէմքով կինը տեղից չշարժուեց։ Նա մի կատաղի հայացք ձգեց հիւանդի վրայ եւ երեսն արագ դարձրեց դէպի պատշգամբ, քթի տակ ինչ որ տրտնջալով։
— Ի՞նչ է պատահել, պարոն Գասպար,— կամեցայ ես իմանալ խնամատարիս հիւանդութիւնը։
— Նաւի վրա մրսել եմ, վայ, վայ մէջքս։ Ջերմ ու տենդ է, վա՜յ, կ՚ասես շուռ է տալիս սաթլջամի։ Ա կնիկ, աղիւս տաքացրու․․․ Վա՜յ․․․
Կինը դարձյալ անշարժ մնաց։
Ես մօրեղբորս պատուէրը Բարեկենդանի մասին յայտնեցի խնամատարիս։ Երբ խօսքս հասաւ Սաղեանի գինուն, յանկարծ տգեղ կինը փոթորկուեց։
— Հաա՞,— գոչեց նա,— հիմա էլ Սաղեանի գինի, Մատրասինը հերիք չէ հաա՞։ Խմիր, խմիր, տեսնենք վերջդ ի՛նչ է լինելու։
— Ա՜յ, կնիկ, մի՛ տաքանար, դու գիտես, որ Յակոբը հանաքչի է,— փորձեց մեղմացնել կնոջ կատաղութիւնը խնամատարս։
Բայց երեւում էր, որ կնոջ սիրտը վաղուց էր լեցուել թունով եւ առիթի էր սպասում, որ ժայթքի։ Եւ սկսեց։ Աստուած իմ, ինչեր չասաց նա խեղճ մարդուն։ Դուրս եկաւ, որ եռանդուն, արթուն բարեկամս ե՛ւ ծոյլ է, ե՛ւ հարբեցող, ե՛ւ մեծախօս, ե՛ւ սուտ ասող։
Մարդը մուշտակը քաշել էր գլխին ու լուռ լսում էր։ Երբ կինը դուրս թափեց իւր սրտի ամբողջ թոյնը, այն ժամանակ նա մուշտակը յետ քաշեց եւ ասաց․
— Պրծա՞ր, դէ հիմի մուրաբա բեր Սանդրոյի համար։ Ես հրաժարուեցի հիւրասիրութիւնից։ Ինձ համար անսահման ցաւալի էր նրա խեղճութիւնը։ Մինչեւ այդ ժամանակ իմ տեսած ընտանիքներում մարդն էր հալածել կնոջը, այդ օրը հակառակն էի տեսնում։
Ի՜նչ, Կարկուտ Գասպարը, որ խօսելիս կրակ էր թափում բերանից — այդպէս ընկճուած իւր տանը, այդ տգեղ կնոջի՞ց։
Բայց մի բան, որ ինձ ամենից աւելի վշտացրեց, հետեւեալն էր։ Երբ ես Գասպարին ասացի, թէ արդէն պատրաստ եմ ծովային ծառայութեան համար, տգեղ կինը նորից կատաղեց․
— Ի՜նչ,— գոչեց նա,— ուրեմն դրա՞ն էլ ես պաշտօն խոստացել նաւի վրայ։
Եվ, դառնալով ինձ, աւելացրեց․
— Մի՛ հաւատար, գնա քեզ համար ուրիշ գործ գտիր։ Դրա ձեռքից բան չի վեր գալ։ Մեծախօ՜ս․․․
Օհ, որքա՜ն խղճալի էր այդ պահին իմ խնամատարը եւ որքա՜ն ողորմելի նրա փառահեղ մուշտակը։
Ես հրաժեշտ տուեցի նրան դառնացած սրտով։
Երբ տեսածս պատմեցի հօրեղբօրս, նաասաց խորհրդաւոր եղանակով․
— Կնիկ կայ, որ անուշ վարդ է, կնիկ կայ, որ ցաւ ու դարդ է։
Եւ գլուխը թեքելով իւր գործին, հառաչեց։ Քիչ անցած՝ նա ասաց․
— Ձեռագիրդ Առստամ-բէգին տուեցի։ Վաղը գնա նրա մօտ, կարծեմ տեղ կայ նահանգական դատարանում։
Եվ այսպէս, իմ երազը չիրագործուեց, ես չարժանացայ ծովային ծառայութեան։