Իմ հայրենիք (Շուշանիկ Կուրղինյան)

Իմ հայրենիք
1

Ես սիրում եմ այն ամենը, ինչ որ գեղեցիկ է, իսկ դու գեղեցիկների գեղեցիկն ես, իմ հայրենի՛ք։

Ես սիրում եմ այն ամենը, ինչ որ առաքինի է, իսկ դու տառապում ես առաքինությանդ համար, իմ հայրենի՛ք։

Տառապանքն եմ սիրում, ո՞վ է տառապել քեզ նման։

Սիրում եմ տոկալ, ո՞վ է տոկացել քեզ նման։

Սիրում եմ հուսալ․ որքա՜ն համառ ես դու քո լավ օրերի հուսով։

2

Մի՞թե չկայի ես, երբ դու կայիր. ես ծնա քո գրկի մեջ և գոյությունս գոյությանդ մեջ անհայտ, աննշմար կապրեր։

Դու գիտե՞ս, թե առաջ ուր էր իմ հոգին, վե՞րը թե վարը, ամպերի մե՞ջ, թե ծաղիկներում։ Ես քեզ մոտ էի, շունչս շնչիդ հետ, ես՝ քո, դու՝ իմ մեջ․․․

3

Ես սիրել եմ քեզ միշտ, սակայն այդ զգալի չէր կարող լինել ո՛չ քեզ և ո՛չ էլ ինձ համար, վասնզի դու ինձ չէիր տեսել, իսկ ես զբաղված էի քո արշալույսներին ու վերջալույսներին ողջունելով։ Քո պաղ ջրերը արբեցնում էին ինձ երջանկությունով, ծաղիկները հեքիաթ էին հորինում ինձ համար, իսկ գագաթները կանչում էին վեր բարձրանալ, վեր գնալ․․․ Միշտ վե՜ր․․․

4

Գիտեի՞ր, արդյոք, ո՞ւմ ես կյանք տալիս։ Ես ուզում եմ քեզ համար զարդ լինել, վասնզի իմ ամենաթանկագին զարդն ես դու, իմ հայրենի՛ք։ Ես զգում եմ իմ զորությունը, որ սնել ես դու և կմնամ զորավոր ամեն տեղ ու միշտ․․․

5

Տարիների րնթացքում դու զգացիր իմ այդ զորությունը․ թախիծն էր գերել ինձ, վիշտն էր կապել աչքերս, սիրտս քեզ էր սիրում, հոգիս խռովել էր քեզանից, իմ հայրենի՛ք․ դու էլ խռովեցիր ինձ հետ ու խամրեցրիր ծաղիկներս, իմ այն ծաղիկները, որ մի անգամ են ծաղկում․․․

6

Փախա քեզանից, լացիր դառնագին ու կանչեցիր ինձ, սակայն տառապանքն ուժեղ էր քեզանից, իսկ ես անբաժան նրա հետ․․․ Ես քեզ համար լալով լացի, իմ հայրենի՛ք, ու սրտիս շարված կնճիռներին մեկի աչքը չէ հասել․ կարոտդ շղթայի պես կախվեց իմ թևերից ու ղողանջում է անդադար ու ճնշում է անդադար․․․

7

Շրջեցի մենակ, ուր որ գնացի, ցավդ տարա ինձ հետ, ստվերի նման ձգվեցի վրադ, որ խորշակը չայրե քեզ։ Ուզեցի միշտ կամար կապել ճակատիդ, արևից ճաճանչներ խլել, լույս ու ջերմություն տալ քեզ, ուզեցի բախտ մուրալ քեզ համար, որ ապրես ու ժպտաս, իմ հայրենի՛ք․․․

8

Ուր որ գնացի, տարա ես ինձ հետ խարույկը սիրույդ․ ու ոչ մի աշուն չմարեց նրան։ Ես քեզ երգեցի աղոթքների տեղ, քեզ պաշտեցի աստվածների փոխարեն։ Դու ես աղբյուրն իմ զորության, իմ հայրենի՛ք․․․

Ես քեզ երգելով կերգեմ, իմ հայրենի՛ք։ Ես քեզ սիրելով կարո՛ղ եմ ասել, իմ հայրենի՛ք․․․

9

Թող բախտը փշե պսակ դնե քո գլխին, իմ հայրենի՛ք, ես վարդերով կզարդարեմ այն։ Թող բախտը խափանի մրմունջներիդ մեղեդին, ես հզոր կղողանջեմ այն, չարի նահատա՜կ, իմ հայրենի՛ք․․․

1906 թ.