Իմ մրմունջներից

Իմ անտակ
Տանջանքի
Խաչի տակ՝
Սրտիս մեջ
Լռելյայն
Ցավ կսկիծ
Կա միայն։

Մարդկանց մոտ
Իմ դեմքին
Վարանոտ՝
Ժպտալով
Կուզեմ տալ
Երջանիկ
Խինդ և փայլ։

Եվ անզոր
Իմ լացով
Լոկ հզոր՝
Կանացի
Իմ հոգին
Ինձ համար
Չունի գին…


Օգոստոսի 26, 1907