Իմ սիրտը լեռներում է (Վիլյամ Սարոյան)
1914 թվականին, երբ ես 6 տարեկան էի, մի ծերունի երևաց մեզ մոտ Սան Բենիտո փողոցում. նա գնում էր զառամյալների տուն։ Ծերունին գնում էր փող փչելով ու մեկ էլ կանգ առավ մեր տան առաջ։ Ես բակից դուրս թռա մայթի վրա, որպեսզի ականջ դնեմ, բայց նա այլևս չէր փչում։
Ես ասացի.
— Մի բան էլ նվագեք։ Ես շատ եմ ուզում լսել։
Իսկ նա ասաց.
— Երիտասարդ, մի բաժակ ջուր բերեք ծերուկիս, որի սիրտն այստեղ չէ, այլ լեռներում։
— Ո՞ր լեռներում,— հարցրի ես։
— Շոտլանդական,— ասաց ծերունին։— Մի բաժակ ջուր կբերե՞ք։
— Իսկ ի՞նչ է անում ձեր սիրտը շոտլանդական լեռներում:
— Թախծում է,— ասաց ծերունին։— Խնդրում եմ, մի բաժակ սառը ջուր տվեք։
— Իսկ որտե՞ղ է ձեր մայրը,— ասացի ես։
— Իմ մայրը Տալսում է, Օկլահոմայի նահանգում, բայց նրա սիրտը այնտեղ չէ։
— Հապա որտե՞ղ է,— ասացի ես։
— Շոտլանդական լեռներում,— ասաց ծերունին։— Երիտասարդ, ես սաստիկ ծարավ եմ։
— Այդ ո՞նց Է, որ ձեր ընտանիքի բոլոր անդամները սրտները թողնում են լեռներում,– ասացի ես։
— Ինչ արած, մենք այդպես ենք ստեղծված,— ասաց ծերունին։– Այսօր այստեղ ենք, իսկ վաղը՝ մնաք բարով։
— Այսօր այստեղ, իսկ վաղը՝ մնաք բարո՞վ,— ասացի ես։— Այդ ինչպե՞ս։
— Հիմա մենք ողջ ենք, ու մեկ էլ տեսար՝ չկանք,– ասաց ծերունին:
— Իսկ որտե՞ղ է ձեր մոր մայրը,— ասացի ես։
— Վերմոնտ նահանգում է` Ուայթ-Ռիվր-Ջանքշն փոքրիկ քաղաքում,— ասաց ծերունին,— բայց նրա սիրտն այնտեղ չէ
— Նրա խեղճ ծերացած, չորացած սիրտն է՞լ է լեռներում,— ասացի ես։
— Այո, իսկ և իսկ լեռներում,— ասաց ծերունին։— Տղաս, ես ծարավից մեռնում եմ։
Այստեղ արտասանդուղք ելավ իմ հայրը և մռնչաց, ինչպես վատ երազներից արթնացած առյուծը։
— Ջոնի,— մռնչաց նա,— վերջապես հանգիստ թող այդ խեղճ ծերուկին։ Մի կուժ ջուր տուր նրան, քանի դեռ տեղնուտեղը լի ընկել ու մեռել։ Գրողը տանի, այդ ի՞նչ վարվելաձև է։
— Ինչ է, մարդ իր կյանքում մի անգա՞մ էլ իրավունք չունի հարցուփորձ անելու ճամփորդին,— ասացի ես։
— Շուտ ջուր տուր ծեր ջենտլմենին,— ասաց հայրս։– Գրողը տանի, մի տնկվի դդումի պես։ Ջուր տուր մարդուն, քանի դեո տեղնուտեղը չի ընկել ու մեռել։
— Ինքդ տուր, էլի։ Մեկ է, ոչինչ չես անում։
— Ե՞ս ոչինչ չեմ անում,— ասաց հայրս։— Ինչպե՜ս, Ջոնի, գրողը տանի, դու հիանալի գիտես, որ ես նոր պոեմ եմ ստեղծում։
— Իսկ ի՞նչ իմանամ,— ասացի ես։– Ձեռքերդ քշտած կանգնում ես հովնոցում, ահա և բոլորը։ Ես ի՞նչ իմանամ։
— Դե-դե, դու պետք է որ իմանայիր,— ասաց հայրս։
— Բարի օր,— դիմեց ծերունին հորս։— Ձեր որդին պատմեց ինձ, թե այս կողմերում ինչ զով, հիանալի կլիմա է։
«Հիսուս Քրիստոս,— մտածեցի ես,— կլիմայի մասին ես նրան ոչինչ չեմ ասել։ Այդ ո՞րտեղից հնարեց»։
— Բարի օր,— ասաց հայրս։– Չէի՞ք անցնի մեզ մոտ մի փոքր հանգստանալու։ Գուցե պատիվ կանեք մեզ հետ բաժանելու մեր համեստ սեղանը։
— Սըր,— ասաց ծերունին,— ես քաղցից մեռնում եմ։ Գալիս եմ։
— Իսկ դուք նվագո՞ւմ եք «Միայն հայացքով ըմպիր կենացս»,— հարցրի ես ծերունուն։— Այդ իմ սիրած երգն է, կուզեի լսել։ Նվագեցեք, հը՞։ Հիանալի երգ է:
— Տղաս,— ասաց ծերունին,— երբ դու հասնես իմ տարիքին, կհասկանաս, որ երգը կարևոր չէ։ Հաց՝ ահա թե ինչն է կարևորը։
— Ինչ որ է,— ասացի ես։— Շատ կուզեի այդ երգը նվագեիք։
Ծերունին բարձրացավ արտասանդուղք ու սեղմեց հորս ձեռքը։
— Ինձ կոչում են Ջասպր Մաք-Գրեգոր,— ասաց նա:– Ես դերասան եմ։
— Անչափ ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու,– ասաց հայրս։- Ջոնի, մի կուժ չուր բեր միստր Մաք-Գրեգորի համար։
Ես վազեցի դեպի ջրհորը, կժով սառը ջուր առա ու տվեցի ծերունուն։ Նա ամբողջ կուժը միանգամից խմեց։ Հետո աչք ածեց շուրջը, նայեց երկնքին ու Սան Բենիտո փողոցի կողմը, ուր արևն արդեն մայր էր մտնում։
— Այստեղից մինչև իմ տունը թերևս հինգ հազար մղոն լինի,– ասաց նա։— Ինչ եք կարծում, մի կտոր հաց ու պանիր չուտե՞նք, որպեսզի հոգին մարմնից չբաժանվի։
— Ջոնի,— ասաց հայրս,— վազիր նպարավաճառի մոտ, վերցրու մեկ հատ ֆրանսիական բատոն և մի ֆունտ պանիր։
— Փողը տուր,— ասացի ես։
— Միստր Կոզակին ասա՝ ապառիկ տա,— ասաց հայրս։— Ես ոչ մի սենթ չունեմ, Ջոնի։
— Ախր նա ապառիկ չի տա,— ասացի ես։— Նա մեզանից արդեն ձանձրացել է։ Նա զայրանում է։ Ասում է, որ մենք չենք աշխատում ու երբեք չենք վճարում ըստ հաշիվների։ Մենք նրան պարտք են քառասուն սենթ:
— Գնա, գնա նրա մոտ ու համոզիր,— ասաց հայրս։— Ինքդ գիտես` ինչպես, դա քո մասնագիտությունն է։
— Ախր նա լսել անգամ չի ուզում,— ասացի ես:— Ասում է՝ ոչինչ չեմ ուզում իմանալ, նախ տվեք իմ քառասուն սենթը, և վերջ։
- Գնա, գնա,– ասաց հայրս,– համոզիր, որ մեկ հատ ֆրանսիական բատոն տա ու մի ֆունտ պանիր։ Դու այդ բանը կարողանում ես։
- Գնա, տղաս– ասաց ծերունին,— և ասա միստր Կոզակին, որ տա քեզ մեկ ֆրանսիական բատոն ու մի ֆունտ պանիր։
— Գնա, Ջոնի,— ասաց հայրս։— Դեռ ոչ մի անգամ դու նրա մոտից դատարկաձեռն չես վերադարձել։ Տասը րոպե չանցած տուն կվերադառնաս արքայավայել պարենով։
— Չգիտեմ,— ասացի ես։— Միստր Կոզակն ասում է, որ մենք ուզում ենք իրեն խաբել։ Նա ուզում է իմանալ, թե դու ի՞նչ գործի ես։
— Լավ, գնա նրա մոտ ու ասա: Ես թաքցնելու բան չունեմ։ Ես բանաստեղծություններ եմ գրում։ Այդպես էլ ասա միստր Կոզակին, որ ես գիշեր-ցերեկ բանաստեղծություններ եմ գրում։
- Լավ,– ասացի ես։— Բայց հազիվ թե դա մի առանձին տպավորություն թողնի նրա վրա։ Նա ասում է, որ դու աշխատանք փնտրելու համար մի քայլ էլ չես անում, ինչպես մյուս գործազուրկները։ Ասում է, որ դու ծույլ ես ու անբան։
— Գնա ասա, որ նա գժվել է, Ջոնի,— ասաց հայրս։— Ասա այդ մարդուն, որ քո հայրը մեր օրերի մեծագույն անհայտ բանաստեղծներից մեկն է։
— Իսկ նրա համար՝ թքած,— ասացի ես։— Լավ, գնամ փորձեմ: Մի՞թե տանը ոչինչ չունենք։
— Միայն եգիպտացորեն,— ասաց հայրս։— Չորս օր իրար վրա միայն եգիպտացորեն ենք ծամում։ Ջոնի, եթե ուզում ես, որ ես այդ մեծ պոեմն ավարտեմ, անպայման պիտի հաց ու պանիր ճարես:
— Լավ, կփորձեմ,— ասացի ես։
— Եվ շատ մի ուշանա,— ասաց ծերունին։— Այստեղից մինչև իմ տունը հինգ հազար մղոն է։
— Վազելով կգնամ,- ասացի ես։
— Տես հա,— ասաց հայրս,— թե որ ճամփին փող գտնես, կեսը իմն է, չմոռանաս։
Ամբողջ ճանապարհը մինչև կրպակ վազեցի, շարունակ ոտքերիս տակ նայելով, բայց անգամ մի պեննի չգտա։
Մտա կրպակ։ Միստր Կոզակն աչքերը բացեց։
— Միստր Կոզակ,— ասացի ես,— ի՞նչ կանեիք, եթե հանկարծ մեն-մենակ ընկնեիք Չինաստան և ոչ մի պեննի չունենայիք գրպաններումդ։ Մի՞թե հույս չէիք դնի, որ այնտեղի քրիստոնյաներից մեկնումեկը մի ֆունտ բրինձ կտա ձեզ։
— Ուզածդ ի՞նչ է,— ասաց միստր Կոզակը։
— Դե ես հենց այնպես, խոսելու համար,— ասացի։— Դուք հավանորեն կհուսայիք, թե արիական ցեղի որևէ ներկայացուցիչ անպայման կօգնի ձեզ, ճի՞շտ է, միստր Կոզակ։
- Ինչքա՞ն փող ես բերել,— ասաց նա։
— Խոսքը փողի մասին չէ, միստր Կոզակ,— ասացի ես։— Խոսքը վերաբերում է Չինաստանում գտնվող մարդուն։ Ձեր կարծիքով, սպիտակ ցեղի կողմից օգնություն հարկավո՞ր է նրան, թե ոչ։
— Ոչինչ չեմ իմանում, ոչինչ ու ոչինչ,— ասաց միստր Կոզակը։
— Ինչպե՞ս կզգայիք ձեզ նման դրության մեձ Չինաստանում,– ասացի ես։
— Չեմ իմանում,— ասաց նա:— Ի՞նչ գործ ունեմ Չինաստանում:
— Ենթադրենք,— ասացի,— ընկել եք Չինաստան ու սաստիկ սոված եք, և չորս կողմը՝ ոչ մի ծանոթ։ Կարո՞ղ եք պատկերացնել, որ մի որևէ քրիստոնյա ձեզ ճամփու դնի առանց գոնե մի ֆունտ բրնձի, հը՞, միստր Կոզակ։
— Երևի ոչ,— ասաց միստր Կոզակը։— Բայց Ջոնի, դու հո Չինաստանում չես, ոչ էլ քո հայրը։ Դու և քո հայրր վաղ թե ուշ ստիպված կլինեք անպայման աշխատելու, ուրեմն ինչո՞ւ հենց հիմա չսկսեք։ Ես այլևս ձեզ ապառիկ ոչինչ չեմ տա, քանի որ գիտեմ՝ չեք վճարելու։
— Միստր Կոզակ,— ասացի ես,— դուք ինձ ճիշտ չհասկացաք։ Ոչ մի մթերքի մասին խոսք անգամ չի եղել։ Ահա թե ես ինչ եմ ասում. ձեր չորս կողմը Չինաստանում կռապաշտներ են, և դուք նրանց մեջ մեռնում եք սովից...
— Մենք Չինաստանում չենք,— ասաց միստր Կոզակը։— Այստեղ, այս երկրռւմ մարդ պետք է վաստակի իր ապրուստը։ Ամերիկայում բոլորն էլ աշխատում են։
— Միստր Կոզակ,— ասացի ես,— եթե ձեր կյանքը պահպանելու համար կարիք ունենայիք մի ֆրանսիական բատոնի ու մեկ էլ մի ֆունտ պանրի, մի՞թե կքաշվեիք այդ բանը խնդրել քրիստոնեական միսիոներից:
— Կքաշվեի,— ասաց միստր Կոզակը։— Կամաչեի խնդրել։
— Նույնիսկ եթե իմանայիք, որ փոխարենը երկու բատոն ու երկու ֆունտ պանի՞ր կտաք նրան,– ասացի ես։— Նույնիսկ ա՞յդ դեպքում։
— Նույնիսկ այդ դեպքում,— ասաց նա։
— Դե, այդ արդեն լավ չէ, միստր Կոզակ,– ասացի ես։– Հապա մի միտք արեք՝ դուք կանգնած եք մահվան շեմին։ Մի՞թե պիտի մեռնեք ընտանիքից հեռու, օտարության մեջ, Չինաստանում։ Օ՜, միսար Կոզակ։
— Ինձ համար մեկ է,— ասաց նա,— թող այդպես լինի։ Իսկ ահա դու և քո հայրը պետք է վճարեք հացի ու պանրի համար։ Ինչո՞ւ քո հայրը աշխատանք չի փնտրում։
— Միստր Կոզակ,— ասացի ես,— իսկ ընդհանրապես ո՞նց եք ապրում։
— Շատ լավ, Ջոնի։ Իսկ դո՞ւ։
— Լավից էլ լավ, միստր Կոզակ։ Ձեր երեխանե՞րը ոնց են։
— Հոյակապ,— ասաց միստր Կոզակը։— Ստեփանն արդեն սկսել է քայլել։
— Ի՜նչ եք ասում, այդ հո սքանչելի է,— ասացի ես։— Իսկ Անժելան ինչպե՞ս է։
— Անժելան սկսել է երգել,— ասաց միստր Կոզակը։— Դե, իսկ տա՞տդ ոնց է։
— Հիանալի,— ասացի ես։— Նա էլ է սկսել երգել։ Ասում է` ուզում է օպերային աստղ դառնալ, ավելի լավ է օպերային աստղ լինես, քան թագուհի։ Իսկ ինչպե՞ս է Մարթան, ձեր կինը, միստր Կոզակ։
— Օ՜, շատ լավ է,— ասաց միստր Կոզակը։
— Որքա՜ն ուրախ եմ այդ լսելու։ Ուրեմն, ձեր տանը ամեն ինչ լավ է,— ասացի ես։— Կարծում եմ ձեր Ստեփանը ժամանակին մեծ մարդ կդառնա։
— Հուսով եմ,— ասաց միսար Կոզակը։— Կտամ նրան միջնակարգ դպրոց, թող ձեռք բերի այն ամենը, ինչ որ ես չեմ ունեցել։ Չեմ ուզում, որ նա նստի վաճառասեղանի ետևը։
- Ես Ստեփանի նկատմամբ մեծ հավատ ունեմ,— ասացի ես։
— Քեզ ի՞նչ է հարկավոր, Ջոնի,— հարցրեց միստր Կոզակը։— Ինչքա՞ն փող ես բերել:
— Միստր Կոզակ,— ասացի ես,— ախր ես չեմ եկել գնումներ կատարելու։ Գիտեք, մեկ-մեկ սիրում եմ պարզապես փիլիսոփայական զրույցի բռնվել ձեզ հետ։ Տվեք ինձ մեկ ֆրանսիական բատոն ու մի ֆունտ պանիր։
— Վճարումը կանխիկ,— ասաց միստր Կոզակը։
— Հա՛, իսկ Էսթերը,— հարցրի եսւ— Ո՞նց է ձեր գեղեցկուհի դուստր Էսթերը։
— Էսթերը լավ է, Ջոնի,— ասաց միստր Կոզակը,— բայց միևնույն է, դու պետք է կանխիկ վճարես։ Դու և քո հայրը ամենաանվստահելի մարդիկն եք այս երկրում։
— Որքա՛ն ուրախ եմ,— ասացի,— որ Էսթերը լավ է։ Միստր Կոզակ, իսկ դուք գիտե՞ք, թե հիմա ով է մեզ մոտ հյուր։ Միստր Ջասպր Մաք-Գրեգորը: Նա մեծ դերասան է։
— Լսած չկամ,— ասաց միստր Կոզակը։
— Եվ մի շիշ գարեջուր միստր Մաք-Գրեգորի համար,— ասացի ես։
— Չէ, գարեջուր տալ չեմ կարող։
— Անշուշտ, կարող եք:
— Չեմ կարող,— ասաց միստր Կոզակը։— Ես կտամ ձեզ մի բատոն ու մի ֆունտ պանիր, ուրիշ ոչինչ։ Իսկ ի՞նչ է անում քո հայրը, երբ աշխատում է, Ջոնի։
— Իմ հայրը ոտանավորներ է գրում, միստր Կոզակ։ Դա նրա արած միակ աշխատանքն է։ Նա աշխարհի մեծագույն բանաստեղծներից մեկն է։
— Իսկ նա ե՞րբ է փող ստանալու,– ասաց միստր Կոզակը։
— Նա երբեք էլ ոչ մի փող չի ստանում,— ասացի ես։— Նրա արած գործր փողի համար չէ։
— Այդպիսի գործը այնքան էլ դուր չի գալիս ինձ,— ասագ միստր Կոզակը:— Ինչո՞ւ քո հայրը չի աշխատում, ոնց որ բոլոր մարդիկ։
— Նա բոլորից էլ ավելի մեծ եռանդով է աշխատում,— ասացի։— Սովորական մարդկանցից երկու անգամ շատ։
— Դե, Ջոնի,— ասաց միստր Կոզակը,— հիմա դուք ինձ պարտք եք հիսունհինգ սենթ: Թող այդպես լինի, այսօր էլ ես ձեզ հաց ու պանիր կտամ, բայց դա կլինի վերջին անգամ։
— Հայտնեցեք Էսթերին, որ ես սիրում եմ իրեն,— ասացի ես:
— Անպայման,— ասաց միստր Կոզակը։
Ես վազեցի տուն, ֆրանսիական բատոնն ու մի ֆունտ պանիրը ձեռքիս։
Հայրս և միստր Մաք-Գրեգորը սպասում էին փողոցում, որպեսզի շուտ իմանային` ուտելիք ստացել ե՞մ, թե ոչ: Նրանք մի կես թաղ վազեցին ինձ ընդառաջ ու երբ տեսան, որ ուտելիքն ապահովված է, ձեռքով արին տատիկին, որն սպասում էր արտասանդուղքի վրա։ Նա ներս ընկավ տուն, որ սեղան գցի:
— Գիտեի, որ քեզ կհաջողվի,— ասաց հայրս։
— Ես էլ,— ասաց միստր Մաք-Գրեգորը:
— Մենք նրան պարտք ենք հիսունհինգ սենթ,— ասացի ես։– Թե չվճարենք, ոչինչ չենք ստանա։
— Թող այդպես համարի,– ասաց հայրս։— Այսօր ի՞նչ խոսեցիր հետը, Ջոնի։
— Նախ խոսեցի Չինաստանի ու այն սոված մարդու մասին, որը կանգնած է մահվան շեմին։ Իսկ հետո հարցուփորձ արի նրա ընտանիքից:
— Դե, ո՞նց են նրանք,— հարցրեց հայրս։
— Հիանալի,— ասացի ես։
Բոլորս գնացինք խոհանոց, կերանք բատոնն ու մի ֆունտ պանիրը և ամեն մեկս երեք բաժակ ջուր խմեցինք։ Երբ հացի վերջին փշրանքը չքացավ, միստր Մաք-Գրեգորն սկսեց աչք ածել չորս կողմ՝ տեսնի, թե ուտելու որևէ բան կգտնի՞ արդյոք։
— Այդ կանաչ ամանը, որ վերևում է,– ասաց նա,— ի՞նչ կա մեջը, Ջոնի:
— Մարմարե գնդիկներ,— ասացի ես։
— Իսկ այս պահարանում,— ասաց նա։— Ուտելու որևէ բան չկա՞:
— Միայն ծղրիդներ,— ասացի ես։
— Իսկ այն ի՞նչ մեծ կուժ է այնտեղ, անկյունում։ Ուտելու հարմար մի բան չկա՞ նրա մեջ:
— Այնտեղ իմ լորտուն է։
— Հիանալի՜ է,— ասաց միստր Մաք-Գրեգորը։— Մի կտոր տապակած լորտուն հիմա իսկ և իսկ տեղին կլիներ։
— Լորտուն չի կարելի ուտել,— ասացի ես։
— Բայց ինչո՞ւ, Ջոնի,— ասաց միստր Մաք-Գրեգորը։– Ինչո՞ւ չէ, գրողը տանի։ Ես լսել եմ, որ Բոռնեոյի բնակիչները օձեր ու ծղրիդներ են ուտում։ Ջոնի, մի կես դյուժին յուղոտ ծղրիդներ չե՞ս ունենա արդյոք։
— Ընդամենը չորս հատ,— ասացի ես։
— Էլ ի՞նչ ես սաասում, բեր այստեղ,— ասագ միստր Մաք-Գրեգորը:— Այ, կուշտ կուտենք-կպրծնենք, և ես փողի վրա կնվագեմ քեզ համար «Միայն հայացքով ըմպիր կենացս»։
— Չեմ տա նրանց սպանեք։ Ամեն մի արարած ուզում է ապրել,– ասացի ես:
— Ես սարսափելի սոված եմ, Ջոնի։
— Ես էլ,— ասացի,— բայց թույլ չեմ տա ձեզ իմ լորտուն ուտել: Ես եմ բռնել այդ լորտուն և ոչ թե դուք։
— Ի՞նչ օգուտ պառավ-շապկաթափ լորտուն տանը պահելուց,– ասաց միստր Մաք-Գրեգորը։
— Իսկ որ նա ինձ դուր է գալիս,— ասացի ես:
— Ավելի, լավ չէ՞ տապակել և ուտել այդ ճարպոտ, հիանալի լորտուն,– պնդում էր միստր Մաք-Գրեգորը։
Հայրս նստել էր սեղանի մոտ, գլուխը դրած ձեռքերին և ննջում էր: Տատիկս ճեմում էր ամբողջ տնով մեկ ու երգում Պուչչինիի արիաները, «Ես թափառում եմ փողոցներում»,— աղաղակում էր նա իտալերեն։
— Ոչ ոք էլ իմ օձը չի տապակի ձեզ համար,—ասացի ես:
— Լավ,— ասաց միստր Մաք-Գրեգորր։— Թող քո ասածը լինի, Ջոնի, բայց և այնպես ես սոված մնացի։
— Որևէէ բան չէի՞ք նվագի մեզ համար, միստր Մաք-Գրեգոր,— ասաց հայրս:— Տղային երևի հաճելի լինի։
— Իհարկե, միստր Մաք-Գրեգոր,— ասացի ես։
— Լավ, Ջոնի, թող այդպես լինի։
Եվ նա ոտքի ելավ ու սկսեց փողհարել, և այնպես բարձր, որ չորս կողմը, մոտիկ ու հեռու շրջակայքի մարդիկ լսեցին ու իրար անցան։ Տասնութ հարևաններ հավաքվեցին մեր տան առաջ, ու երբ միստր Մաք–Գրեգորը ավարտեց նվագը, բոլորը ծափահարեցին։ Հայրս ծերունուն դուրս բերեց արտասանդուղք ու ասաց.
— Սիրելի բարեկամներ ու հարևաններ, թույլ տվեք ներկայացնել ձեզ Ջասպր Մաք-Գրեգորին, մեր օրերի շեքսպիրյան մեծագույն դերասանին։
Սիրելի բարեկամներն ու հարևանները ի պատասխան ոչինչ չասացին: Այն ժամանակ խոսեց ինքը՝ միստր Մաք-Գրեգորը...
— Երեկվա պես,— ասաց նա,— հիշում եմ իմ առաջին ելույթը Լոնդոնում, 1867 թվականին...
Ու շարունակեց իր դերասանական կյանքի պատմությունն անել։
Այդտեղ ատաղձագործ Ռուֆ Էպլին առաջ եկավ ու ասաց.
— Կարելի՞ է մի քիչ էլ երաժշտություն լսել, հը՞, միստր Մաք–Գրեգոր։
Իսկ միստր Մաք–Գրեգորն ի պատասխան.
— Արդյոք ձեր տանը հավկիթ կճարվի՞։
— Իհարկե, կճարվի,— ասաց Ռուֆը։— Մեր տանը ամբողջ մի դյուժին հավկիթ կա:
— Չե՞ք դժվարանա տուն գնալ և այդ մի դյուժինից մեկ հատ հավկիթ բերել այստեղ,– ասաց միստր Մաք-Գրեգորը։— Իսկ երբ վերադառնաք, ես մի այնպիսի երգ կնվագեմ ձեզ համար, որ ձեր սիրտը թրթռա՝ վշտից և ուրախությունից։
- Գնացի, գնացի,— ասաց Ռուֆը և գնաց հավկիթ բերելու։
Միստր Մաք-Գրեգորը Թոմ Բրաունին հարցրեց, թե արդյոք նրա տանը մի կտոր երշիկ չի՞ ճարվի, և նա ասաց, որ կճարվի։ Այն ժամանակ միստր Մաք-Գրեգորը հարցրեց, թե արդյոք այդ կտորի ետևից գնալը նեղություն չի՞ պատճառի նրան, իսկ երբ նա, Թոմը, վերադառնա, ինքը նրա համար այնպիսի մի երգ կնվագի, որից Թոմի ողջ կյանքը կփոխվի։ Թոմն էլ գնաց երշիկ բերելու, իսկ միստր Մաք-Գրեգորն սկսեց տասնութ սիրելի բարեկամներից ու հարևաններից յուրաքանչյուրին հերթով հարցնել, թե արդյոք նրանց տանը որևէ համեղ բան չի՞ ճարվի, և ամեն մեկը պատասխանում էր, որ կճարվի, ու բոլորն էլ գնացին իրենց տները՝ որևէ համեղ բան բերեն, որովհետև միստր Մաք-Գրեգորը խոստացել էր նրանց՝ մի սքանչելի եղանակ նվազել, ու երբ բոլոր բարեկամներն ու հարևանները վերադարձան մեր տան մոտ` ձեռքներին ամեն տեսակ ուտելիքներ, միստր Մաք-Գրեգորը փողը մոտեցրեց շրթունքներին ու նվագեց «Իմ սիրտը լեռներում է, այնտեղ է հոգիս» ու բոլոր սիրելի հարևաններն ու բարեկամները լաց եղան ու ցրվեցին իրենց տները, իսկ միստր Մաք-Գրեգորն այդ ամբողջ համեղ բաները խոհանոց բերեց, և մեր ընտանիքն սկսեց քեֆ անել, երգել և ուրախանալ։
Հավկիթ, երշիկ, կանաչ սոխ, երկու տեսակ պանիր, յուղ, երկու տեսակ հաց, խաշած կարտոֆիլ, թարմ պոմիդորներ, սեխ, թեյ և շատ ուրիշ համեղ բաներ՝ այդ ամենը մենք կերանք, վրայից էլ թեյ խմեցինք, և փորներս տռզեց։ Միստր Մաք-Գրեգորն ասաց.
— Սըր, եթե դուք դեմ չեք, ես կուզենայի մոտակա օրերը հյուր մնալ ձեր տանը։
Հայրս պատասխանեց.
— Սըր, իմ տունը ձեր տունն է։
Միստր Մաք-Գրեգորը տասնյոթ օր մնաց մեզ մոտ, իսկ տասնութերորդ օրը ծերանոցից մի մարդ եկավ մեր տուն և ասաց.
— Ես փնտրում եմ դերասան Ջասպր Մաք-Գրեգորին:
Հայրս ասաց.
— Ի՞նչ եք կամենում։
— Ես ծերանոցից եմ,— ասաց երիտասարդը։— Մենք խնդրում ենք միստր Մաք-Գրեգորին վերադառնալ մեզ մոտ, որովհետև երկու շաբաթ հետո կազմակերպում ենք մեր ամենամյա ներկայացումը, և մեզ դերասաններ են հարկավոր։
Միստր Մաք-Գրեգորը վեր կացավ հատակից, ուր նա ննջում էր, և ասաց.
— Ինչ ասացի՞ք, երիտասարդ։
— Իմ անունը Դևիդ Կուպեր է,— պատասխանեց երիտասարդը։— Ես ծերանոցից եմ: Խնդրում եմ ձեզ վերադառնալ ինձ հետ, որովհետև «1914 թվականի ծերունիների տարօրինակությունները» կոչվող մեր նոր բեմադրության համար մեզ դերասաններ են հարկավոր:
Եվ ահա միստր Մաք-Գրեգորը վեր կացավ ու գնաց այդ երիտասարդի հետ, իսկ հետևյալ օրը հայրս խիստ սովածացավ ու ասաց.
— Ջոնի, գնա միստր Կոզակի կրպակը և ուտելու մի բան ճարիր։ Դու հո կարողանում ես այդ, Ջոնի։ Բեր, ինչ որ հաջողվի։
— Նախ պետք է միստր Կոզակին հիսունհինգ սենթ վճարել,— ասացի ես։– Առանց փողի նա մեզ մի փշրանք էլ չի տա։
— Գնա, գնա, Ջոնի,— ասաց հայրս։– Չէ՞ որ դու միշտ էլ կարոզանում ես կոտրել այդ հիանալի սլովակ ջենտլմենի համառությունը։
Ես ուղղվեցի դեպի միստր Կոզակի կրպակը և սկսեցի քննարկել չինական հարցը ճիշտ այնտեղից, ուր նախորդ անգամ կանգ էի առել։ Ստիպված էի հսկայական ջանքեր գործադրել, որպեսզի դատարկ ձեռքով չվերադառնամ կրպակից, և հազիվ կարողացա մի ծրար թռչնահատիկ ու մի փոքրիկ աման թխկու հյութ պոկել, այնպես որ հայրս ասաց. «Ջոնի, հանկարծ ու այսպիսի ուտելիքը վնասի պառավ լեդիին»։ Եվ իսկապես։ Առավոտյան լսեցինք, որ տատիկը գեղգեղում է ճիշտ ու ճիշտ դեղձանիկի պես, ու հայրս ասաց.
- Գրողը տանի, ախր ես ինչպե՞ս պիտի մեծ պոեմ գրեմ միայն՝ թռչնահատիկ ուտելով։
.........