Իմ օրագրից

Ալեքսանդր Ծատուրյան

ԻՄ ՕՐԱԳՐԻՑ

(Նվեր xxx-ին)
Չունիմ ոսկի, չունիմ արծաթ
Քեզ պարգևեմ, նազելի՛ս.
Մի սիրտ ունիմ — սիրով առատ
Եվ այդ սիրտն եմ քեզ տալիս...

Ոսկին. հոգյա՛կ. երբեք կյանքում
Երջանկություն չի՛ տալ քեզ.
Բայց դու սիրող սրտիս խորքում
Բախտի աղբյուր կըգտնես...
5 փետրվարի, 1895 թ․