բնագիր
Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա

Ինձ սիրեցիր, էշխըն նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա.
Մի՛ քաղի փըշի ծաղիկըն՝ վարդ, սուսանբար իմ քիզ ամա.
Չիմ թուղնի արեգագումըն՝ բաղչի սաջար իմ քիզ ամա.
Յիս քու մահըն վո՞ւնց կու խընդրիմ՝ նուղլ ու շաքար իմ քիզ ամա:

Է՛լ քու բաղին մըտի՛կ արա, ուրիշ բաղէն վարդ չին տայ քիզ.
Աղ ու հացըն մի՛ դէն գըցի, շաբթէնըն մէկ մըտի՛կ տու միզ.
Թէգուզ աշխարհըս պըտուտ գաս, չիս տեսնի ինձի պէս ազիզ.
Թաք ուրիշ գօզալ չըսիրիս՝ իղրարով եար իմ քիզ ամա:

Թաք յիս մօրէս չէի ծընի. վա՜յ էն օրին՝ յիս քիզ տէհայ.
Դու բըլբուլ իս, յիս՝ կարմիր վարդ. չասիս, թէ վարդըն ջալդ կ՚էհայ.
Մէ փուքըր էտէնց դիմացի, շուտով Հընդըստան մի՛ էհայ.
Անգուրձիլ, անխարջ ու քըրիհ մանդիլի զար իմ քիզ ամա:

Ա՛ստուաձ վըկայ, ղիմիշ արած գըլուխըս քիզ մա՛տաղ ըլի.
Ե՛կ, քիզիդ սիրով դամ անիմ, ով գ՚ուզէ բէդամաղ ըլի.
Յիս քու խօսքէն չիմ անցկէնայ, թաք քու դամաղըն չաղ ըլի.
Թէգուզ անմահութին ուզիս, սիրով կու ճարիմ քիզ ամա:

Քու դարդըն ինձի պառվեցուց. ո՞ւմըն ասիմ, Սա՛յաթ-Նովա.
Մի՛ գըցի ձեռնէմէն ձեռըն՝ օսկէ թաս իմ, Սա՛յաթ-Նովա.
Փըռանգըստանու միջէն էլած՝ զար ատլաս իմ, Սա՛յաթ-Նովա.
Ծա՛լէ դավթարըդ, ղո՛ւթին դի՝ ռանգու ռուքար իմ քիզ ամա:


Ղազալի. էս Արութինը ու իր սիրեկանը վուր խօսիլ ին, էն է. սիրեկանն ասել է ուղիղ Սայաթ-Նովի էրեսին, քրոնիկոնի 442-ին (1754):
Էսպես ասել է մեկ հաւատարիմ սիրեկանն, եւ միւս էրեսին՝ Սայաթ-Նովէն, ապրիլի 1-ին, քրոնիկոնի 442-ին (1754):

թարգմանություն
Ինձ սիրեցիր, ոգի առար, երգի մատյան եմ քեզ համար

Ինձ սիրեցիր, ոգի առար, երգի մատյան եմ քեզ համար.
Մի՛ քաղիր փշի ծաղիկը՝ վարդ, սուսանբար եմ քեզ համար.
Չեմ թողնի քեզ արեւի տակ՝ շվաքով ծառ եմ քեզ համար.
Ես քո մահը ո՞նց կցանկամ՝ նուշ ու շաքար եմ քեզ համար:

Էլի քո այգուն տեր եղիր, ուրիշ այգուց վարդ չեն տա քեզ.
Աղ ու հացը դեն մի՛ գցիր, շաբաթը մեկ այցի եկ մեզ.
Թեկուզ աշխարհս պտույտ գաս, չես տեսնի հարազատ ինձ պես.
Միայն ուրիշի չսիրես՝ երդումով յար եմ քեզ համար:

Երանի թե չծնվեի, վա՜յ էն օրին՝ ես քեզ տեսա.
Դու բլբուլ ես, ես՝ կարմիր վարդ, չասես՝ վարդը շուտ կգնա.
Մի փոքր էդպես դիմա՛ցիր, շուտով Հնդստան մի՛ գնա.
Անձեռագործ, անվարձ, անծախս՝ նուրբ ոսկեկար եմ քեզ համար:

Ա՛ստված վկա, իմ գուրգուրված գլուխը քեզ մա՛տաղ լինի.
Ե՛կ, քեզ հետ սիրով խաղ անեմ, ով ուզում է թող սրտնեղի.
Ես քո խոսքից չեմ անց կենա, միայն սիրտդ ուրախ լինի.
Թեկուզ անմահություն ուզես, սիրով կճարեմ քեզ համար:

Էդ քո վիշտը ինձ ծերացրեց, էլ ու՞մ ասեմ, Սա՛յաթ-Նովա.
Եկ ձեռքից-ձեռք ինձ մի՛ գցիր՝ ոսկե թաս եմ, Սա՛յաթ-Նովա.
Ֆրանկստանի միջից ելած զար-ատլաս եմ, Սա՛յաթ-Նովա.
Ծա՛լիր մատյանդ, ա՛րկղը դիր՝ հույս ու պատվար եմ քեզ համար: