Իննսունամյա մոլորություն կամ Ինչպե՞ս եղավ, որ այսպես եղավ – 2
1920թ. նոյեմբերի 24-ին ՀՀ պատվիրակությունը ժամանեց Ալեքսանդրապոլ: Հաջորդ օրը պաշտոնապես սկսվեցին խաղաղության բանակցությունները քեմալականների և հայոց պատվիրակության միջև: Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր նախկին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը: Պատվիրակության լիազոր անդամներն էին նաև ֆինանսների նախկին նախարար Աբրահամ Գյուլխանդանյանը, Կարսի նախկին նահանգապետ Ստեփան Ղորղանյանը: Պատվիրակության ընդհանուր կազմում կար 16 հոգի:
Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման պահին (3 դեկտեմբերի, 1920թ.) ՀՀ պատվիրակության լիազորությունների կամ ավելի ճիշտ լիազորությունների բացակայության մասին ես արդեն գրել եմ: Հիմա հարկ է անդրադառնալ Թուրքիայի անունից հանդես եկողների կարգավիճակին և տեսնել արդյո՞ք այդ պատվիրակությունը միջազգային իրավունքի և թուրքական պետության սահմանադրության տեսանկյունից լիազորված էր վարելու որևէ բանակցություն ու ստորագրելու որևէ պայմանագիր, թե՝ ոչ:
Մինչ, այսպես կոչված, թուրքական պատվիրակությանն անդրադառնալը մի հստակեցում. անհրաժեշտ է ընդգծել, որ թուրքական բառն այստեղ գործածվում է զուտ էթնիկ և ոչ քաղաքական իմաստով, քանի որ մինչևիսկ այդ պատվիրակության անդամներն իրենք իրավացիորեն իրենց չէին համարում Թուրքիայի պետության ներկայացուցիչներ: Պայմանագրի նախաբանում խնդրո առարկա պատվիրակությունն անվանված է ոչ թե Օսմանյան կայսրության կամ Թուրքիայի կամ դրանց կառավարության պատվիրակություն, այլ ընդամենը Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարություն (Türkiye Büyük Millet Meclisi Hükümeti, ինչպես պայմանագրի թուրքերեն օրինակում է, կամ Le Gouvernement de la Grande Assemblée Nationale de Turquie, ինչպես ֆրանսերեն օրինակում է): Սա մի կազմակերպություն էր, որ ստեղծվել էր Թուրքիայի ռազմական հետախուզության կողմից (որի ղեկավարը 1912-1914թթ. հենց նույն Քյազիմ Կարաբեքիրն էր) ստեղծված Կարակոլ (Karakol) կազմակերպության և նույն կառույցի հրահրումով և աջակցությամբ ստեղծված, այսպես կոչված, Ազգային պաշտպանության (Mudafaa-i Milliye) [The National Defense Group][1] զանազան խմբերի միավորումով՝ 1920թ. ապրիլի 23-ին, Անկարայում: Բնական է, որ Կարակոլի, ինչպես նաև նշյալ խմբերի, գործունեության օրինականության (legitimacy) մասին խոսք լինել չի կարող, քանի որ, ըստ միջազգային օրենքի, զինադադարի կնքումից հետո որևէ գործողություն, որն ուղղված է զինադադարի նպատակը՝ այն է խաղաղությունը, խաթարելուն անօրինական է և դատապարտելի: Քեմալականների գործունեությունը նաև Թուրքիայի սահմանադրության կոպտագույն խախտում էր, ուստի Թուրքիայի օրինական իշխանությունները դեռևս 1920թ. ապրիլ-մայիսին քեմալականների նկատմամբ մի շարք մահավճիռներ էին կայացրել: Այսպես, օրինակ, դեռևս 1920թ. ապրիլի 11-ին կայսրության բարձրագույն կրոնավորի՝ շեյխ-ուլ-իսլամի, ֆեթվայով (կոնդակով) խռովարարները հայտարարվել էին օրենքից դուրս և նրանց սպանելը՝ աստվածահաճո գործ:[2] Խռովարարների պարագլուխը՝ Մուստաֆա Քեմալը, դեռևս 1919թ. հուլիսի 11-ին էր զրկվել իր բոլոր կոչումներից և պաշտոններից, իսկ 1920թ. մայիսի 11-ին ի լրումն կրոնական որոշման նրա նկատմամբ մահապատժի վճիռ էր կայացրել թուրքական ռազմական դատարանը: Այդ դատավճիռը 1920թ. մայիսի 24-ին հաստատվել էր սուլթանի կողմից: Այնպես որ 1920թ. նոյեմբեր-դեկտեմբերին Ալեքսանդրապոլ բանակցությունների եկած պատվիրակությունը ոչ թե Թուրքիա պետությունն էր ներկայացնում, այլ փախուստի մեջ գտնվող, այդ թվում նաև պատերազմական հանցագործությունների համար մահվան դատապարտված, քրեական հանցագործների մի կազմակերպություն: Քանի որ, այսպես կոչված, քեմալականները (ներառյալ Մուստաֆա Քեմալը) գրեթե բոլորը նախկին երիտթուրքեր էին՝ Միություն և առաջադիմություն կուսակցության անդամներ և ունեին միևնույն ծայրահեղ ազգայնական գաղափարախոսությունը, ապա բրիտանացիներն իրավացիորեն նրանց համարում էին նույնն ու նույնական (one and the same):[3] Այո, քեմալական կազմակերպությունները ռազմականապես ուժեղ էին, քանի որ իրենց տրամադրության տակ ունեին Օսմանյան կայսրության 15-րդ բանակային կորպուսը (մոտ 30 հազ. հոգի),[4] որը համալրված էր այլ ուժերով (2-րդ, 6-րդ և 9-րդ բանակային կորպուսների ուժերով) և ուժեղացած էր բոլշևիկյան աջակցությամբ, սակայն միևնույն է՝ դա չի փոխում նրանց իրավական կարգավիճակը: Պայմանագրերի օրինականության համար ոչ թե զինվորների թիվն է կարևոր, այլ պատվիրակության լիազորությունների օրինականությունը: Ցանկացած միջազգային պայմանագրի օրինականության համար միջազգային իրավունքն ունի հստակ պահանջներ: Այդ պահանջների մի մասը կարելի է սահմանել հետևյալ երրորդության մեջ – որևէ պայմանագիր կարող է համարվել օրինական, եթե այն ստորագրվել է ճանաչված պետության օրինական իշխանության լիազոր ներկայացուցիչ(ներ)ի կողմից:
Ակնհայտ է, որ քեմալականների պատվիրակությունը լիազորված չէր և չէր ներկայացնում ճանաչված պետության օրինական իշխանություն: Նրա լիազորություններն ածանցված էին միայն Ազգային մեծ ժողով (Buyuk Millet Meclisi) կոչվող կազմակերպության կարգավիճակից: Իսկ ի՞նչ էր իրենից ներկայացնում և ի՞նչ իրավական կարգավիճակ ուներ տվյալ կազմակերպությունը 1920-21թթ.: Սա կարևոր հարց է նաև Մոսկվայի (16 մարտի, 1921թ.) և Կարսի (13 հոկտեմբերի, 1921թ.) պայմանագրերի վավերության (validity) համար, քանզի նշյալ երկու, այսպես կոչված, պայմանագրերն էլ ստորագրվել են մինույն կազմակերպության ներկայացուցիչների կողմից:
Ազգային մեծ ժողով կազմակերպությունը, չնայած լայնորեն տարածում գտած թյուր կարծիքի, 1920-23թթ. բնավ էլ Թուրքիայի խորհրդարանը չէր: Նա այդպիսին չէր և չէր կարող լինել միջազգային իրավունքի, ինչպես նաև երկրի գործող սահմանադրության տեսանկյուններից: Կապիտուլյացիայի ենթարկված երկրում, ռազմակալման ողջ ժամանակահատվածում, դադարում են գործել տվյալ երկրի օրենսդիր և գործադիր իշխանության մարմինները: Գերակա իշխանությունն անցնում է հաղթող երկրներին և այդ իրավական կարգավիճակը մնում է մինչև խաղաղության պայմանագրի կնքումն ու ուժի մեջ մտնելը: Այդ կարգավիճակը և իրավիճակը միանշանակորեն ամրագրված են միջազգային իրավունքի մեջ, և ամրապնդված բազում օրինակներով:[5] Թուրքիայի պարագայում 1918թ. հոկտեմբերի 30-ից (Մուդրոսի զինադադարի ստորագրումից) գոնե մինչև 1923թ. հուլիսի 24-ը (Լոզանի պայմանագրի ստորագրումը) Թուրքիայում, միջազգային իրավունքի համաձայն, իշխանությունը պատկանում էր հաղթած Դաշնակից երկրների Գերագույն խորհրդին (Supreme Council of the Allied Powers): Այդ խորհուրդը, որի կազմում էին Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և ԱՄՆ բարձրագույն պաշտոնյաները, իր իշխանությունը Թուրքիայում իրականացնում էր նախ պարզ ներկայացուցիչների (1918թ. նոյեմբեր – 1919թ. մարտ), ապաև Գերագույն հանձնակատարների (High Commissioners) միջոցով (1919թ. մարտ–1923թ. սեպտեմբեր):[6] Վերջիններիս միավորող կառույցը, որն իրականացնում էր բարձրագույն իշխանությունը նախկին Օսմանյան կայսրության տարածքում, կոչվում էր Վերահսկման և կազմակերպման միջդաշնակցային հանձնախմբեր (Inter-Allied Commissions of Control and Organization) և ուներ զանազան ենթահանձնախմբեր:[7]
Լոզանի պայմանագիրը հաստատում է ասածներս: Այդ պայմանագրի ուշադիր ընթերցողը կնկատի, որ այն ոչ թե հստակեցնում է Թուրքիայից անջատվող տարածքները, այլ նշում է նախկին Օսմանյան կայսրության այն տարածքները, որոնց վրա վերականգնվում է թուրքական ինքնիշխանությունը (sovereignty):
Ազգային մեծ ժողով կազմակերպության առաջին նիստը գումարվել է 1920թ. ապրիլի 23-ին: Այդ ժողովն ունեցել է 327 մասնակից, որոնցից առավելագույնը միայն 92 էին (մեկ երրորդից էլ պակաս) նախկին օսմանյան խորհրդարանի նախկին անդամներ: Նրանք կրկնակի նախկին էին, քանի որ խարհրդարանի վերջին օրինական ընտրությունները տեղի էին ունեցել 1912թ. և այդ տարի ընտրվածների լիազորությունների ժամկետը, համաձայն գործող սահմանադրության 70-րդ հոդվածի, ավարտվել էր 1916թ.: Պատմագիտական գրականության մեջ հիշատակվող 1919թ. վերջին ամիսների, այսպես կոչված, ընտրությունները և դրա հետևանքով 1920թ. հունվար-ապրիլին կայացած ժողովները, անգամ մեծ ցանկության դեպքում, չեն կարող համարվել ընտրություններ և դիտարկվել որպես խորհրդարանական նիստեր, քանզի դրանք տեղի են ունեցել թուրքական ինքնիշխանության բացակայության պայմաններում և չեն իրականացվել երկրի սահմանադրության և օրենսդրության պահանջներին համապատասխան: Մասնավորապես, խախտվել են սահմանադրության №№ 7, 17, 41, 42, 43, 45, 46, 60, 72, 77, 120 հոդվածները, քվեարկելու իրավունքից ապօրինաբար զրկված են եղել բոլոր ոչ թուրքերը: Հետևաբար, այդ ժամանակ Թուրքիայի միակ ճանաչված իշխանավորը՝ սուլթանը, համաձայն սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքի (հ-ծ 7), 1920թ. ապրիլի 12-ին դադարեցրել էր այդ ոչ օրինական ժողովահավաքների գործունեությունը:[8] Ահա այս մասին է խոսքը, երբ ասում են «նախկին խորհրդարանի պատգամավորներ»: Եթե մինչևիսկ վերոհիշյալ 92-ի լիազորությունները համարենք օրինական, որն ինչպես տեսաք խիստ կասկածելի է, միևնույն է այդ թիվը խորհրդարան գումարելու համար քվորում չէր կարող ապահովել: Մնացած 232-ը ներկայացնում էին երկրում ապօրինի գործող, այսպես կոչված, Իրավունքների պաշտպանության շարժման տարբեր մասնաճյուղերը:[9] Օսմանյան կայրության պարտությունից հետո՝ 1918 դեկտեմբերից մինչև 1920 հոկտեմբեր, ձևավորվել է այդպիսի Իրավունքների պաշտպանության 28 մասնաճյուղ, որոնցում առավելաբար ներկայացված էին «Միություն և առաջադիմություն» հանցագործ և օրենքից դուրս հայտարարված կուսակցության տեղական մարմինների ներկայացուցիչները, մուֆթիներ (իսլամական կրոնավորներ), մուսուլման հողատերեր ու ոչ քրիստոնյա առևտրականներ:[10] Այդ կազմակերպությունները հավաք գումարեցին Էրզրումում (23.07–17.08.1919թ.), որտեղ էլ ձևավորեցին միացյալ ղեկավար մարմին՝ Ներկայացուցիչների հանձնաժողով (Heyet-I Temsiliye) [Representative Committee]՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ: Նրանց հաջորդ հավաքը կայացավ Սեբաստիայում, 04-11.09.1919թ.: Թեև մասնակցում էին գավառային կառույցների ընդամենը 31 ներկայացուցիչ, հավաքն իրեն տվեց հնչեղ անուն՝ Անատոլիայի և Ռումելիայի ազգային շահերի պաշտպանության ընկերակցություն (Anadolu ve Rumeli Müdafaa-i Hukuk Cemiyeti) [Association for the Defense of the Rights of Anatolia and Rumelia]:[11] Այս կազմակերպությունը 27.12.1919թ. փոխադրվեց Անկարա, որտեղ էլ 1920թ. ապրիլին, իր շարքերն ընդունելով արդարադատությունից փախչող նախկին պատգամավորների և պաշտոնյաների, իրեն տվեց էլ ավելի հնչեղ անուն: Այն վերանվանվեց Թուրքիայի ազգային մեծ ժողով, իսկ նրա ղեկավար մարմին Ներկայացուցիչների հանձնաժողովը՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարություն: Այսինքն, 1919թ. սեպտեմբերին ստեղծված կազմակերպությունը և նրա գործադիր մարմինը 1920թ. ապրիլին վերակազմավորվեց և վերանվանվեց,[12] սակայն նրա իրավական կարգավիճակը դրանից չփոխվեց:
Ահա այս կազմակերպության գործադիր մարմնի՝ կառավարության, անունից էր հանդես գալիս Ալեքսանդրապոլում բանակցող թուրքական պատվիրակությունը: Բնական է, որ կազմակերպության անվանումը չէ, որ որոշում է տվյալ կառույցի լիազորությունները, այլ այն իրավական և օրենսդրական հիմքը, որի վրա ձևավորվել և որի շրջանակներում կայացել է նշյալ կառույցը: Ինքնին կազմակերպության անվանումը չի սահմանում տվյալ կազմակերպության իրավասությունների շրջանակը, առավել ևս դառնում հիմք՝ միջպետական իրավական փաստաթուղթ ստորագրելու լիազորություն տալու համար:
Հղումներ և ծանոթագրություն
- ↑ Criss N.B. Istanbul under Allied Occupation, 1918-1923. Leiden, 1999, p. 5.
- ↑ Zurcher E.J. Turkey, The Modern History. London-New York, 1998, p. 158.
- ↑ Criss N.B. Ibid, p. 5.
- ↑ Zurcher E.J. Ibid, p. 155.
- ↑ Paenson I. Manual of the Terminology of the Law of Armed Conflicts and International Humanitarian Law. Brussels, 1989, p. 46.
- ↑ Criss N.B. Ibid, p. 61:
- ↑ Նույն տեղում, էջ 158:
- ↑ Mears E.G. Modern Turkey. NY, 1924, p. 598.
- ↑ Zurcher E.J. Ibid, p. 158.
- ↑ Նույն տեղում, էջ 154:
- ↑ Նույն տեղում, էջ 157:
- ↑ Smith E.D. Turkey: Origins of the Kemalist Movement (1919-1923). Washington, 1959, p. 9.
4 դեկտեմբերի, 2010թ.