Ինչն Էրդողանի լեզվին է, նույնը թուրքական հասարակության սրտում է
Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարում է, որ իրեն սխալ են հասկացել: Ինքը խոսել է Թուրքիայից ոչ թե ընդհանրապես հայերին, այլ երկրում ապօրինի գտնվող հայերին արտաքսելու մասին: Մենք իրեն ճիշտ էլ հասկացել ենք: Թուրքիայի վարչապետը խոսում է օրենքի խտրական կիրառման մասին՝ պայմանավորված մարդկանց էթնիկ ծագումով: Եթե Թուրքիայի իշխանություններն հայտարարեին, որ որոշել են երկրից վտարել բոլոր ապօրինի գտնվողներին, հասկանալի կլիներ: Թեև ընդունելի չէր լինի, այնուամենայնիվ հասկանալի կլիներ: Սակայն վարչապետը խոսում է միայն հայերին վտարելու մասին: Այսինքն, Թուրքիայում ապօրինի գտնվող վրացին, կովկասցի թաթարը (որոնց այսօր ադրբեջանցի են կոչում), արաբն ու ռուսն իրավունք պիտի ունենան շարունակել օրենքը խախտել, իսկ հայերը՝ ոչ: Իսկ ինչպե՞ս պիտի վարվեն թուրքերը Վրաստանի կամ Ռուսաստանի քաղաքացի էթնիկ հայերի հետ: Վրաստանի քաղաքացի հայերին պիտի վտարեն, իսկ Վրաստանի քաղաքացի կովկասյան թաթարներին ու վրացիներին՝ ո՞չ: Հետաքրքիր կլիներ տեսնել Վրաստանի արձագանքը:
21-րդ դարում, Եվրոմիություն ձգտող պետության գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնյայի բերանից, հնչում են խոսքեր, որոնք կոչ են անում մարդկանց նկատմամբ օրենքը կիրառել ոչ թե ըստ նրանց արածի, այլ ըստ էթնիկ ծագման: Սա արդեն լուրջ բան է: Սա Մարդու իրավունքների համընդանուր հռչակագրի (1948) 1-ին, 7-րդ և 16 (1)-ին հոդվածների կոպիտ ոտնահարում է:
Գրեթե վստահ եմ, որ ներկայումս Թուրքիան պետականորեն չի սկսի հայերի նկատմամբ խտրական նոր հալածանքները: Դա հիմա չի բխում Թուրքիայի շահերից: Առանց այդ էլ Թուրքիայում ազգային և կրոնական փոքրամասնություններն էական զրկանքների և չարդարացված սահմանափակումների մեջ են: Այսուհանդերձ, սա մտահոգիչ երևույթ է, քանի որ Էրդողանի ասածը թուրքական հասարակության շատ լուրջ և խորքային հիվանդության դրսևորումն է:
Ինչն Էրդողանի լեզվին է, նույնը թուրքական հասարակության սրտում է:
19 մարտի, 2010թ.