Ի՞ՆՉՈՎ ԵՆՔ ՄԽԻԹԱՐՎՈՒՄ

Կույրը մի տեսակ մխիթարություն է զգում, երբ հանդիպում է մի ուրիշ կույրին, մտածում է, որ ինքը մենակ չէ: Աղքատը նույնպես մխիթարվում է, երբ իրանից ավելի դժբախտին է տեսնում:

Բաժանված ախտը թեթևացնում է ախտավորի արատավորությունը: Բաժանված դժբախտությունը մխիթարում է թշվառին:

Ո՞վ չգիտե, որ սնանկացած վաճառականն ուրախանում է, երբ միևնույն անբախտությունը պատահում է և իր ընկերներին: Երկրագործը շատ չէ տխրում, երբ կարկուտը փչացնում է բոլոր գյուղացիների արտերը: Մինչև անգամ մահը, որ այնքան ցավալի է լինում, խոլերայի և ժանտախտի ժամանակ կորցնում է իր տխուր ազդեցությունը, որովհետև շատերն են մեռնում և վտանգը հասարակաց է դառնում:

Այդ ի՞նչից է, որ մարդ իր թերությունների, կորստի և անբախտությունների մխիթարությունը գտնում է ուրիշի թերությունների, կորստի և անբախտությունների մեջ: Եթե չասենք, թե դա բնական է, կարող ենք ասել, որ այդ այդպես է լինում:

Այսպիսի հասկացողություններ, այսպիսի մտածություններ ոչ միայն տեսնում ենք մասնավոր մարդու մասնավոր կյանքի մեջ, այլ մինչև անգամ ամբողջ ժողովուրդների և հասարակությունների կյանքի մեջ: Մի ժողովուրդ կամ մի հասարակություն իր վատ վարմունքն արդարացնում է մի ուրիշ ժողովրդի կամ հասարակության նույն տեսակ վարմունքով: Զարմանալի չէ, որ տգետ ամբոխն այսպես է դատում, բայց շատ անգամ ինտելիգենցիան նույն սխալանքի մեջ է ընկնում:

Ինձ շատ անգամ պատահել է վիճել այսպիսիների հետ. ես հիշում եմ մինչև անգամ մի քանի բանակռիվներ, որ լրագրության մեջ անցան: Խոսում ես, օրինակ, հայերի մի ընդհանուր մոլության կամ մի ընդհանուր թերության մասին. քո հակառակորդը իսկույն որոնում է և գտնում է երկրագնդի վրա մի քանի ազգություններ, որոնք նույնպիսի թերություններ ունեին, և դրանով արդարացնում է հայի վարմունքը, ասելով, թե հայը մենակ չէ, որ այսպես է գործում: Նա, կարծես, մի տեսակ մխիթարություն է զգում, երբ օտարների մեջ իր ազգի նմաններին է գտնում:

Այս տեսակ կարճամիտները զուրկ են լինում հիմնավոր ինքնաճանաչությունից: Նրանց հայացքները կյանքի թե ընդհանուր և թե մասնավոր երևույթների մասին ունենում են միշտ նեղ, սահմանափակ և միակողմանի բնավորություն:

Ուրիշների մոլություններով արդարացնել իր վատ վարմունքը — ահա՜ նրանց գլխավոր փաստը:

Ասում ես, օրինակ, հայ վաճառականը խաբեբա է: Օրհնած, պատասխանում են քեզ, դու նայիր հույներին, հրեաներին և կրթյալ անգլիացուն, հային, նրանց հետ համեմատելով, պետք է հրեշտակ համարել:

Բայց խաբեբայությունը խաբեբայություն է, ինչ չափով և ինչ ազգի մեջ գործվեր նա: Ուրիշի գողությունները մեր գողությունը չեն արդարացնում:

Ասում ես, մեր եկեղեցականները վատ են, ծույլ են, ժամանակի պահանջների համաձայն չեն գործում, ազգի արծաթը վատնում են, ոչ մի օրինավոր բան չեն արդյունաբերում և այլն: Իսկույն քո առջև գնում են կաթոլիկ կղերը, և սկսյալ եգիպտական քուրմերից մինչև Պիոս IX-ը, կարդում են եկեղեցականների վնասակար ազդեցությունը, դուրս բերելով այն եզրակացությունը, թե հայ կղերը համեմատաբար ավելի տանելի է: Բայց դրանով հայ կղերը չէ արդարանում:

Այսպես դատելով, կարելի է միշտ այն սխալ եզրակացությանը հասնել, թե ինչ որ մեր մեջ վատ է, անբարոյական է, անազնիվ է, վնասակար է — ներելի է, որովհետև օտարների մեջ ևս գտնում ենք միևնույն հատկություններ: Այսպես դատում էին և մինչև այսօր շարունակում են այսպես դատել այն փտած ազգասերները, որոնք հայի մեջ չեն ներում ոչ մի սև բիծ տեսնել:

Բայց մոռանում ենք մի բան: Մի՞թե օտար ազգերը գոհ են իրանց վիճակից, մի՞թե նրանց մեջ ևս ժողովրդի ընտիր և մտավորապես զարգացած մասը չէ բողոքում, չէ դատապարտում այս և այն հասարակական զզվելի երևույթները: Մոռանում ենք, որ օտար ազգերն իրանց թերությունների հետ ունեն և ահագին առավելություններ, որոնք պակասում են ողորմելի հային...

Մասնավորում եմ իմ խոսքը:

Մեզանից որի՞ հետ չէ պատահել աշակերտության ժամանակ տեսնել, երբ վարժապետը նկատել է մեր ընկերներից մեկի այս և այն անկարգությունը, ասելով. — Արշակ, անպիտան, ինչու ես չարություն անում: Արշակը իրան արդարացրել է, պատասխանելով. — վարժապետ, ես մենակ չէի, Արամն էլ էր այսպես անում… Բայց Արամի անկարգությունն Արշակին չէ ազատում պատժից:

Նույն տպավորությունը գործեց, երբ կարդացի պ. Դադյանցի նամակը («Մշակ» № 217»): Ես շատ ուրախ կլինեի և մեծ հոժարությամբ հետ կառնեի իմ խոսքը, եթե պարոնը իմ «Հայ երիտասարդության» մեջ նկարած Ռուսաստանի հայ ուսանողների պատկերը բոլորովին անճիշտ և աղավաղված կգտներ: Բայց նա աշխատում է արդարացնել հայ ուսանողների թերությունները, նրանով, որ դրանք ընդհանուր ուսանողության հատկանիշներ են, ո՛ր ազգության և պատկանեին — ռուս, լեհացի, գերմանացի, վրացի և այլն: Դարձյալ մտածության նույն ձևը, դարձյալ դատողության նույն եղանակը, որ մենք լսում ենք մեր ազգային և հասարակական ամեն մի տգեղ երևույթների վերաբերությամբ: Մենք մեղավոր չենք, որովհետև ուրիշներն էլ նույնն են գործում... մենք մեղավոր չենք, որովհետև մեր նմանները շատ կան... Արշակը մեղավոր չէ, որովհետև Արամն էլ անկարգություն է անում... Պ. Դադյանի նման ուսանողին, որի գրվածները խոստանում են լավ ապագա, աններելի է այսպես դատել:

Ճշմարիտ ասած, իմ նկարագրած պատկերներն առհասարակ հայ ուսանողների կյանքից ուրիշ ոչինչ չեն, բայց միայն զանազան ժամանակներում «Մշակի» մեջ տպված հատ ու կտոր հոդվածներից և նամակներից դուրս բերած մի ամբողջ նկարագիր, որ իմ գրչի տակ ավելի ամփոփ շրջանակի մեջ է դրված: Ես օգուտ եմ քաղել և այն վիճաբանություններից, որ ուսանողների վերաբերությամբ շատ անգամ տեղի են ունեցել այդ լրագրի խմբագրատան մեջ, իհարկե, ավելացնելով միևնույն ժամանակ և իմ սեպհական հայացքներն ու դիտողությունները:

Գուցե պ. Դադյանը այսօր տեսնում է իր աչքի առջև մի քանի իսկապես լավ ուսանողներ, որոնց ես էլ չեմ ուրացել, բայց «մի ծաղիկով գարուն չի լինի», — ասում է հայտնի առածը: Պետք է այն ևս նկատողության առնել, որ մի գրող, երբ կամենում է նկարել այս և այն հասարակության պատկերն իր բոլոր լավ և վատ կողմերով, նա չէ բավականանում միայն ներկա կամ առօրյա երեվույթներով, այլ հավաքում է մի որոշ պերիոդի, ժամանակի մի որոշ շրջանի մեջ հայտնած երևույթները, ամբողջացնում է, և նրանցից դուրս է բերում մի ընդհանուր նկարագիր: Նույնպես վարվում է և տնտեսագետը, մի քանի տասն տարվա ընթացքում կատարված փաստերից, մի քանի տասն տարվա ընթացքում հավաքած թվանշաններից դուրս է բերում միջին թիվ և նրա վրա հիմնում է իր կարծիքը: Այսպես վարվել եմ և ես իմ հետազոտությունների մեջ հայ երիտասարդության վերաբերությամբ: Ես վեր եմ առել մի ամբողջ սերունդ, որ գործում է և գործել է մի քանի տասն տարիների ընթացքում: Հասարակական տիզերը մի օրվա մեջ չեն ծնվում, նրանք ներկայացնում են մի որոշ ընդհանրության հատկանիշներ, որ հայտնվել և զարգացել էին ժամանակի մի որոշ շրջանի մեջ: Գուցե իմ նկարած ուսանողներից ոմանք դեռ չեն թողել համալսարանի նստարանները, գուցե ոմանք ավարտելով, այսօր պտտում են մեր աչքի առջև, և, ոմանք ծերանալով, թողել են կյանքի ասպարեզը: Ես միացրել եմ երկու ծայրերը մի բոլորակի ամբողջության մեջ: Բայց եթե ընթերցողը նրանում հրեշավոր տգեղություն է տեսնում, ո՞վ է մեղավոր:

«Հայ երիտասարդությունը» տպվելուց հետո «Մշակի» խմբագրատան մեջ ստացվեցան մասնավոր նամակներով մի քանի բողոքներ, ստացվեցան և շատ համակրական նամակներ: Մի քանի պարոններ մինչև անգամ խնդրում էին, որ հիշյալ աշխատությունն առանձին տետրակով հրատարակվի: Բայց պ. Դադյանի նամակի մեջ իմ ուշադրությունը գրավում է այն կետը, իբր թե, ես դուրս բերելով ուսանողությունը մի «հրեշային պատկերի» մեջ, դրանով անգիտակցաբար մտցնում եմ հակակրություն և մինչև անգամ թշնամություն հասարակության մեջ դեպի այն սերունդը, որի ուժերի վրա շատ և շատ հույսեր է դրել ազգը: Թող չվրդովվի պատվելի նամակագիրը, դրանով ուսանողությունը ամենևին չի վնասվի: Ինքնաճանաչությունը միշտ եղել է օգտավետ և կլինի: Հիմար կանվանեինք այն հիվանդին, որ թաքցնում է իր ցավերը: Երբ «Մշակը» սկսեց անողոք կերպով մտրակել եկեղեցականներին, գտնվեցան միամիտներ, որ ասում էին. — պարոններ, ի՞նչ եք շինում, դուք ձեր ձեռքով ձեր տունը քանդում եք. եկեղեցին մեր ազգի հիմքն է, հարձակվելով եկեղեցականների վրա, մերկացնելով նրանց այլանդակությունը, դուք դրանով կծնեցնեք հակակրություն և մինչև անգամ անհաշտություն ժողովրդի սրտում, և կբաց անեք նրա ու եկեղեցականների մեջ մի անդունդ, որը հետո դժվար կլինի միացնել, — դրանով կվնասվի մեր եկեղեցին: Բայց եկեղեցին ամենևին չվնասվեցավ և եկեղեցականները սկսեցին փոքր առ փոքր լավանալ:

Ում շատ է տված, նրանից շատ կպահանջվի: Ես և մեզանից ամեն մեկը, իհարկե, այնքան խիստ չէին լինի Ներսիսյան դպրոցում կամ որևիցե միջնակարգ ուսումնարանում ավարտած աշակերտի հետ, որովհետև նա գործում է ավելի, քան թե սովորել է:

Բայց համալսարանական բարձր ուսում ստացած երիտասարդին պետք է մտրակել ամենայն անգթությամբ, երբ նա չէ համապատասխանում ոչ իր կոչմանը և ոչ ստացած գիտությանը: Մեր լրագրությունը, մեր գրականությունը մեծ բարերարություն արած կլինի ազգին, երբ կսկսի քննադատել այդ փչացած և խարդախված սերունդը, որ մի նշույլ անգամ օրինավոր ապագայի չէ խոստանում: Ի՞նչ են տվել մեզ, ի՞նչ ծառայություն են մատուցել: Գնալ, ուսում առնել, դիպլոմ ստանալ, կյանքի մեջ բարձր դիրք բռնել, հարստանալ, փառավոր կերպով ապրել — այս բաներից հազիվ թե հայոց ազգը կարող էր շահվել:

Պետք է ի նկատի ունենալ մի ուրիշ կետ ևս: Մեր ուսանողները ամեն տեղ, ամեն երկրում, օտարազգիների հետ համեմատելով, ամենաչնչին փոքրամասնություն են կազմում: Եթե, օրինակ, մի համալսարանում կային 10 հայ ուսանողներ, իսկ 100 ռուս ուսանողներ, և հայերից 8-ը վատ էին, իսկ ռուսներից 50-ը, դարձյալ համեմատաբար հայերից վատերի թիվը մեծ պրոցենտ է ներկայացնում: Բայց մեր նախնի ուսանողներն այսպես չէին, նրանք Աթենքի, Աղեքսանդրիայի դպրոցներում միշտ իրանց փոքրամասնությամբ գերազանցում էին մեծամասնությունից, որպես լավ ուսանողներ:

Պ. Դադյանի մի երկրորդ սխալն այն է, որ նա աշխատում է երևույթներն արդարացնել պատճառներով: Պատճառները միայն թեթևացնում են հանցանքը, բայց հազիվ թե արդարացնում են: Մի անբարոյական միշտ կհամարվի անբարոյական, թեև նրա մոլություններն առաջ եկած լինեին վատ դաստիարակությունից կամ կենսական այլ և այլ պահանջներից: Այնպես էլ գողը, ավազակը միշտ ճանաչվում է ավազակ, թեև նրանց վարմունքը կլիներ հետևանք տնտեսական կամ հասարակական այս և այն անկարգ կազմակերպության: Գողությունը փաստ է, պատճառով չեն արդարացնում նրան:

Հասկացողության այդ եղանակը, երբ միակողմանի կերպով է վերաբերվում դեպի հայտնվող երևույթները, միշտ սխալ եզրակացությունների է հասցնում: Իհարկե, ամեն երևույթ ունի իր արտադրիչ պատճառները: Որպես բնության, նույնպես և կյանքի մեջ ոչինչ բան ինքնագոհ չէ: Բայց պատճառները պետք չէ խառնել երևույթների հետ, որոնք միշտ պահպանում են իրանց բնավորությունը, լավ կամ վատ հատկությունները:

Եթե այս մեթոդին հետևեինք, այն ժամանակ ոչ մի բանի դեմ պետք չէր խոսել, ոչ մի անարդարության դեմ պետք չէր բողոքել, որովհետև և ոչ մեկը արտադրիչ պատճառ չէր լինելու: Բայց մեր մեջ կան շատերը, որոնք հետևում են մտածության այս եղանակին: Օրինակ, ասում ես, թե հայը ցած և ստրկական բնավորություն ունի, թե նա զուրկ է այն բանից, որ կոչվում է ազգային ազնիվ հպարտություն, թե նա պատվի և անձնասիրության զգացմունք չունի, թե նա չէ հետաքրքրվում որևիցե բարձր իդեայով և այլն: Հիմար անձնագովները հերքում են այս ճշմարտությունները, իսկ կարճատես խելացիները արդարացնում են: Վերջիններս սկսում են քննել պատճառները, և իսկույն դառնալով դեպի անցյալը, դեպի պատմությունը, պատասխանում են քեզ. — դու գիտես, եղբայր, թե այդ ազգը ինչ է կրել իր կյանքում, թշնամու սուրը միշտ նրա գլխից պակաս չէ եղել. բռնության լծի ճնշման տակ նա կորցրել է իր զգացմունքը դեպի գեղեցիկը և ազնիվը: Շատ լավ, պատճառը հասկացանք, դիցուք թե հայը մի այսպիսի թշվառ անցյալ է ունեցել, բայց ներկայումս պետք չէ՞ որ ուղղվի և վերադարձնե իր հին կորուստը:

Ասա դու նրան, թե հայոց ընտանիքը այս և այն թերությունն ունի, թե նրա կազմակերպության մեջ տիրում են շատ անկարգություններ, թե մանուկ սերունդը ճնշվում է հներից, թե ամուսնական լծակցությունը շատ անգամ անտանելի է դառնում և այլն: Քեզ կպատասխանեն. — թե դրանք մտել են մեր մեջ երկար տարիներով պարսիկների և մահմեդական ազգերի հետ դրացությունից: Դարձյալ պատճառներ: Բայց դրանք բավական չեն, որ մենք ներողամիտ լինեինք դեպի մեր ընտանեկան մոլորությունները: Ի՞նչ կասեինք այն բժշկին, որ հիվանդի ցավը քննելով, կասեր մեզ, թե դա մի վնասակար տենդ է, որ առաջ է եկել մրսելուց, և կդադարեր նրան դարմանելուց: Մրսելը պատճառ է, բայց տենդը հիվանդության փաստ է, որ կարոտ է բժշկության:

Վերջացնում եմ ձեզ հետ, պ. Դադյան, հասկանում եմ ուսանողի վրդովմունքը, երբ հարձակվում են նրա ընկերակիցների վրա: Ցավում եմ, որ ավելի պարզ խոսել չէի կարող, և այս պատճառով իմ հոդվածը ստացավ ավելի այլաբանական և ճիշտ ասած, ֆելետոնական ձև: Բայց եթե ես իմ կարծիքների մեջ ուսանողների վերաբերությամբ սխալված եմ, երանի թե այդպես լիներ…

***

Պատմության վրա խոսք գալով, ես չեմ կարող չհիշել, որ վերջին ժամանակներում մեր պարբերական հրատարակությունների մեջ կրկին սկսեցին հունցել միանգամայն մոռացված երկրպառակության խմորը, կրկին բարձրացրին կրոնի և ազգության խնդիրը: Խոստանալով առաջիկա տարվա սկզբներում նվիրել այդ հարցին մի քանի պատմական հոդվածներ, այժմ բավականանում եմ միայն մասնավոր նկատողություններով:

Տաճկաստանի հայոց մամուլը երկար տարիներ զբաղվեցավ հիշյալ հարցով, և բացի թշնամություն սերմանելուց, բացի ազգային ամբողջության պատռվածքի ճեղքերը ավելի լայնացնելուց, ոչ մի օգտավետ հետևանքի չհասավ: Եվ այսօր, երբ ավելի կարևոր խնդիրների մասին խորհելիք ունենք, երբ Տաճկաստանի հայերի վերածնելության հարցը գրավում է մեր ամենի ուշադրությունը, մեր մեջ գտնվում են մարդիկ, որ սկսում են կրկին քըջըջել մարած մոխիրը, սկսում են կրկին բորբոքել դադարած վիճաբանությունների կրակը, հայտնելով այն հնացած, և լուսավոր ազգերի համար իր նշանակությունը կորցրած միտքը, թե կրոնը, այսինքն` եկեղեցին պետք է ճանաչել ազգության հիմք, և ով որ դուրս է գալիս այդ եկեղեցուց, նա կտրվում է ազգի ամբողջության հետ անդամակցությունից և այլն: Արդարև, մի հին և բոլորովին մաշված գաղափար, որ դարերի ընթացքում, Վատիկանի դարբնոցի մեջ, պապերի հզոր կռանի տակ ծեծվեցավ, կոփվեցավ և դարձյալ չկարողացավ եկեղեցու մեջ ի մի ձուլել ազգությունները:

Իսկ այժմ մի քանի ողորմելի գրիչներ աշխատում են նույնը իրագործել, ինչ որ Հռոմի ահեղ բազուկը չկարողացավ կատարել:

Մենք պատմություն ունենք, — ասում են մեզ, — մեր պատմությունը սովորեցնում է, որ լուսավորչական եկեղեցին պետք է լինի հայի պատսպարանը և ազգության հիմքը, այդ եկեղեցուց դուրս հայը չէ կարող հայ համարվել, նա կորած է: Եվ այդ հիման վրա, կաթոլիկ և բողոքական հայերը հայ չեն, նրանք, ո՛վ գիտե, թե ինչ են... Եվ այդ տիրացուական քարոզները մեզ կարդում են այն պարոնները, որոնք Չաքճյանի և Բերբերյանի դասագրքերից մի քանի գլուխներ սերտելով, երևակայում են, թե պատմություն գիտեն: Մենք այսպիսիներին խորհուրդ կտայինք մի փոքր ուսումնասիրել Բոկլը, եթե կամենում էին հասկանալ, թե ինչ կապ կա ազգերի պատմության մեջ:

Պետք է լայն հայացքով նայել առարկայի վրա. պատմությունը առաչյոք միրաժներ ունի, որոնք երբեմն ձգում են անհմուտ նայողին օպտիկական խաբեությունների մեջ: Նեղ, միակողմանի հայացքը պատմության վրա միշտ մոլորեցնում է մարդուն: Հայն աշխարհի ստեղծագործության մեջ մի առանձին արարած չէ, և չէ կարող լինել: Նա ազգերի պատմության մեջ բացառություն չէ կարող կազմել: Նա ենթարկված է եղել և պետք է ենթարկվի միևնույն պատմական օրենքներին, որոնցմով կառավարվել են մարդկությունը ներկայացնող ազգերը: Հայն առանձին պատմական օրենքներ ստեղծել չէ կարող: Պատմությունն ազգերի առջև մի որոշ շավիղ է գծել — դա ընդհանուր մարդկության ուղին է — ինչ ազգ, որ ոտքը դուրս է դնում այն շավղից, մոլորվում է, կորչում է և ոչնչանում է...

Կրոնը որպես մարդկային զգացմունքի արտահայտություն, ժամանակների հետ միշտ փոփոխվել է և անվերջ կերպով կփոփոխվի: Մեր նախնիքը մի ժամանակ կռապաշտ էին, այժմ մենք քրիստոնյա ենք, իսկ դարերից հետո, ով գիտե, մեր ապագա սերունդը ինչ կրոն կստեղծե իր համար, գուցե ամենևին կրոն էլ չի ունենա: Ուրեմն, մի բան, որ տևողական չէ, որ միշտ հեղուկ վիճակի մեջ է գտնվում, որ զգացմունքից միայն կախում ունի, նա չէ կարող ազգության հաստատ հիմք լինել. գուցե մասնավորապես կնպաստե նրա գոյությանը, բայց պահպանել չէ կարող:

Պետք է փայտից շինած գլուխ ունենալ և այդ ամենապարզ ճշմարտությունները չհասկանալ: Բայց ի՞նչ օգուտ, հազար ու մեկ փաստեր բեր, միևնույն է, դարձյալ քեզ կպատասխանեն, թե հայոց ազգը պահպանվեցավ իր կրոնով, իր եկեղեցիներով: Եվ այդ խոսքերը կրկնվում են մի հոյակապ ազգի վերաբերությամբ, որի ողորմելի փշրանքներն են մնացել այսօր: Դուք գիտե՞ք, պարոններ, թե ո՞րքան էր առաջ հայերի թիվը, և այժմ որքան է մնացել: Ինչո՞ւ կորան նրանք, ինչո՞ւ կրոնը չկարողացավ պահպանել: Եթե հայերն ունեցել են մի փառավոր անցյալ, — դա եղել է նրա հեթանոսական դարերում և քրիստոնեությունն ընդունելուց հետո այդ ազգը սկսեց տկարանալ և քայքայվել:

Շատ հեշտ է վեր առնել պատմությունից մի քանի երևույթներ, և առանց նրանց իսկական պատճառները քննելու, սխալ եզրակացություններ դուրս բերել: Շատ հեշտ է մատի փաթաթան շինել Լեհաստանի հայ գաղթականությունը, ասելով, թե իրանց կրոնը փոխելու պատճառով կորան, ոչնչացան: Բայց պետք է բոլորովին կույր լինել, և չնկատել մեր պատմության մեջ այն ընդհանուր երևույթը, որ դեպի արևմուտք դիմող բոլոր հայ գաղթականությունները մեծ մասամբ ոչնչացան առանց իրանց կրոնը փոխելու անգամ: Եվ դրա պատճառը ոչ թե մի օտար ազգի եկեղեցուն հարելն էր, այլ այն ընդհանուր բնական օրենքը, որ հայ գաղթականները, արևմուտքում հանդիպելով իրանցից ավելի բարձր կուլտուրական ազգերի, չկարողացան նրանց հետ մրցություն անել, և կյանքի կռվի մեջ հաղթվեցան, և կլանվեցին իրանցից ավելի զորեղ ազգերից: Որի ընդհակառակն, դեպի հյուսիս և դեպի արևելք դիմող հայ գաղթականությունները պահպանվեցան, ոչ թե այն պատճառով, որ չփոխեցին իրենց կրոնը, այլ այն պատճառով, որ ապրում էին կուլտուրայով իրանցից ավելի ստոր ազգերի հետ և, գոյության կռվի մեջ կարողանում էին նրանց հետ մրցություն անել: Ուրեմն, եթե հայերից մնացել են մի քանի փշրանքներ, դրա համար պետք է շնորհակալ լինել ոչ թե լուսավորչական եկեղեցուն, այլ թուրքերին, թաթարներին, պարսիկներին և հնդիկներին: Եթե հայը լիներ ֆրանսիացու, գերմանացու և անգլիացու հպատակ, արդեն վաղուց կորած կլիներ և լուսավորչական եկեղեցին հազիվ թե կարող լիներ փրկել նրան:

Մենք միշտ ասել ենք և դարձյալ կկրկնենք, որ ազգության գաղափարը պայմանավորվում է ոչ թե կրոնով, այլ նրա ցեղական հատկություններով, որոնց մեջ առաջին տեղը բռնում է լեզուն, որ է և միշտ կլինի ազգի պահպանության հիմքը: Դա է, որ մշտական է, դա էլ անբաժանելի է մարդկությունից: Լեզուն թեև փոփոխվում է, բայց իր փոփոխության մեջ ավելի կյանք է ստանում, զարգանում է և կատարելագործվում է: Մի մարդ կարող է ոչ մի եկեղեցու չպատկանել և մինչև անգամ անկրոն լինել, բայց չէ կարող որևիցե լեզվով չխոսել: Խոսքը միշտ կմնա, որքան ապրում է մարդկությունը. նա հավիտենական է:

Հայը, թե կաթոլիկ լիներ նա, թե բողոքական, թե լուսավորչական և թե անկրոն — դարձյալ հայ է. որովհետև միևնույն ցեղական հատկություններն ունի, միևնույն լեզվով է խոսում, միևնույն տոհմին է պատկանում: Մենք եկեղեցու տարբերության մեջ ազգային տարբերություններ չենք ճանաչում: Մենք չենք կարող ընդհանուր մարդկային կենցաղավարության պայմանների մեջ մեզ համար առանձին օրենքներ ստեղծել: Չկա մի ազգ երկրագնդի վրա, որի մեջ չլինեին զանազան աղանդներ, դավանություններ, եկեղեցիներ, բայց բոլորը միևնույն ազգին են պատկանում: Ամերիկայում մինչև անգամ մի ընտանիքի մեջ հայրը, մայրը, որդին, աղջիկը, — յուրաքանչյուրն առանձին եկեղեցիներում են աղոթք անում, բայց կրոնի տարբերությունը չէ վնասում նրանց ազգությանը:

Կրոնի երկպառակությունների խնդիրը մեջ գցել ուղիղ այն ժամանակ, երբ Տաճկաստանում պատրաստվում է հայերի համար մի ապագա — դա եղեռնագործությունից ավելի մեծ հանցանք է: Մենք այսպիսիներին ստոր ենք դասում Հասուններից, Նիկոլներից, Վասակներից և Մերուժաններից: Մենք հայտնում ենք մեր անկեղծ ցավը, որ վերջին ժամանակներում Կ. Պոլսի մեր հակահասունյան եղբայրներից մի խումբ, զանազան տխուր հանգամանքներից ստիպված, դիմեցին լուսավորչական եկեղեցու գիրկը: Մենք ավելի կհարգեինք նրանց, եթե կաթոլիկ եկեղեցու մեջ մնալով, կշարունակեին քարոզել հայություն և ազգայնություն: Մենք մի մեծ կորուստ ենք համարում, որ մեզ համակրողների մի խումբ դուրս եկավ հակառակ բանակից, որին խորամանկ Հռոմը թշնամական դիրքի մեջ է դրել իր համազգիների դեմ: Թող ուրախանան կարճամիտները, բայց մենք ոչ ոքի ուրախությանը կցորդ չենք լինում: Մի այսպիսի ուրախություն զգաց հայոց ազգն այն ժամանակ, երբ չորս նշանավոր եկեղեցականներ բաժանվեցան մխիթարյան միաբանությունից և վերադարձան լուսավորչական եկեղեցու գիրկը: Մեծ եղավ վնասը, որովհետև, մխիթարյանների միաբանությունը, որ այնքան շատ գործել էր հայության համար, որ մի լավ թարգման էր մեր ազգի և Եվրոպայի մեջ — այն օրից, երբ այդ չորս արժանավոր անձինքը հեռացան — սկսեց հետզհետե թուլանալ և վերջապես դեպի հայոց ազգի շահերը անտարբեր լինել: Վաստակեցինք չորս մարդիկ, բայց կորցրինք մի ամբողջ միաբանություն:

Եթե այսօր կամ էգուց կզարկե Տաճկաստանի հայոց վերածնության ժամը, եթե Հայաստանին կտրվի որևիցե ինքնավարություն, այդ բախտին պետք է վիճակակից լինեն Թուրքիայի բոլոր հայերն առանց կրոնի խտրության: Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի մեջ հայերին խոստացված բարիքները միայն լուսավորչականներին չեն պատկանում, այլ վերաբերում են և կաթոլիկ և բողոքական հայերին: Այդ իսկ պատճառով կրոնի խնդիրները մի կողմ դրած, այժմ Թուրքիայի հայերն ազգայնության դրոշը պարզելով, պետք է ձեռք ձեռքի տված աշխատեն տնօրինել իրանց ապագա բախտը: Եվ հայության գործը Թուրքիայում այն ժամանակ միայն հաջողված կարելի է համարել, երբ ազգի անջատված մասները կմիանան, կկազմեն մի ամբողջություն, ոչ թե կրոնական կապերով, այլ ազգայնական անունով: Բավական է, որքան հայերն իրանց ճանաչել տվին որպես կրոնական համայնք, այսուհետև թող աշխատեն ճանաչվել որպես ազգ: