Ինչո՞ւ են լռում կաթողիկոսները
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հույժ կարևոր դեր է ունեցել և ունի հայ ժողովրդի կյանքում: Մեր եկեղեցին մեզ համար ոչ միայն Աստծո տունն է, այլև մեր ազգային կազմակերպման հիմնական ձևերից մեկը: Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «բացառիկ առաքելությունը» մինչևիսկ ամրագրված է ՀՀ սահմանադրության մեջ (հոդված 8.1):
Անկախության այս խռովահույզ տարիներին Հայաստանյայց եկեղեցին երբեք չի եղել կողքից նայողի դերում: Հատկապես վերջին տարիներին Եկեղեցու բարձրաստիճան սպասավորներից շատերը գործուն մասնակցություն և դերակատարություն են ունեցել հայ ժողովրդի հասարակական, մինչևիսկ քաղաքական կյանքում: Որպես ՀՀ քաղաքացիներ՝ նրանցից շատերը անվարան մասնակցությունն են ունեցել զանազան ընտրապայքարների մեջ, ուղղորդել են հանրային կարծիքն ու քվեն:
Այսօր սեղանին է դրված երկու հույժ կարևոր փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը և Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը: Դրանց հետ սեղանին են դրված հայ ժողովրդի անցյալը, ներկան ու ապագան: Կարելի է տարբեր կարծիքներ ունենալ նշյալ արձանագրությունների մասին, սակայն անհնար է չտեսնել դրանց բախտորոշ նշանակությունը: Չտեսնելն անհնար է, չխոսելն՝ անընդունելի:
Մենք՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու զավակներս, որ ենք ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի, այս ճակատագրական պահին մեր երկու Վեհափառ հայրապետներից նշյալ արձանագրությունների վերաբերյալ հստակ ու բարձրահունչ տեսակետներ լսելու կարիքն ու իրավունքն ունենք: Հնարավոր չէ անտեսել պահի կարևորությունը:
Չտեսնելն անհնար է, չխոսելն՝ անընդունելի:
21 սեպտեմբերի, 2009թ.