Ինչո՞ւ ես այդպես դու ինձ նախատում…

Ինչո՞ւ ես այդպես դու ինձ նախատում…

* * *


Ինչո՞ւ ես այդպես դու ինձ նախատում,
Չէ՞ որ դու ինքդ ձեր տանից փախար,
Չէ՞ որ դու ինքդ իմ գիրկը եկար,
Ո՛չ, նախատինքիդ ես չեմ հավատում:
Տե՛ս, դու ժպտում ես ու սուտ նախատում,
Ես քեզ կանչեցի, դու եկար ինձ մոտ,
Դու ընկար կրծքիս զզվանքով խանդոտ,
Քո սուտ զայրույթին ես չեմ հավատում:
Թե ես հավատամ` գիշերը բնավ
Չի հավատալու քո սուտ զայրույթին,
Չեն հավատալու երկինք ու գետին,
Աստղերը պայծառ, կանաչը խոնավ:
Ինչո՞ւ աչքերըդ փակեցիր ու լուռ
Ընկար իմ կրծքին համբույրով կրքոտ,
Իսկ հիմա ահա կանգնել ես իմ մոտ
Ու նախատում ես ժպիտով տխուր…