***

Ինչ-որ մի կանչից սիրտս վեր թռավ...
Այս երբվանի՞ց է,
Էլ չեմ սպասում իրիկուններին՝
Հայացքս հառած ճամփին արեւի,
Աստղեր չեմ հաշվում
Եվ անուրջներով՝ անբիծ, չխեղված,
Իմ ճանապարհի քարը չեմ նախշում:
Այս երբվանի՞ց է...
Իրիկունները, ասում են, ինձ շատ,
               Ինձ շատ են փնտրել,
Գտել են, սակայն,
Ուրիշ պատանու խենթություններում,
Էլ ինձ չե՜ն փնտրում...
Այս երբվանի՞ց է...
Մանկութ օրերիս քար եմ գլորել
                Մեծ սարի լանջից,
Նրա ճողփյունը՝ ձորի գետակում,
Դեռ նոր է ահա հասնում ականջիս:
Սիրտս վեր թռավ ինչ ոչ մի կանչից...