Ինչ ասեի՝ լռում էի, -
Պահը ուրիշ ճյուղի թառեց,
Երկնից կաթեց արյան մի շիթ,
Առվի շուրթից շշուկն ընկավ։
Լռում էի՝ ո՞նց խոսեի, -
Թախծի ներսում բողբոջ պայթեց,
Մի կայծոռիկ երգեց մթնում,
Շունչս ծաղկի բաժակն ընկավ։
Ինձ մնում էր միայն լռել, -
Սիրտը կակղեց դողի ծայրին,
Ջուրը կորավ չոր մարգերում,
Ժայռից բեկոր գլորվեց ցած։
Ուզում էի մի խոսք ասել, -
Խոտը ծաղիկ մեկնեց քամուն,
Դատարկ ափում աստղ իջավ,
Լույսը կողերն ընկավ օրվա։
Որոշեցի ոչինչ չասել, -
Բաց ճամփան իր ոտքով եկավ,
Մեղվի ներսում խնկաց դաշտը.
Իմ բերանից խոսք են խլում։