Արեւը դժգունել է նշանի ետ վերադարձված
մատանու նման։
Քամիները մեկ-մեկու կոկորդ են կրծում՝ աշնան
տերեւներն իրարից խլելու համար։ Եվ ձեռ առնող քամուց
իր քնձռնոտ պոչը մի կերպ խլած
շունը
շտապում է մտնել ինքն էլ չգիտե, թե որտեղ։
Երկինքը սեւ գիշանգղի պես թռչում է՝ մանկու-
թյանս Մեծ քարն առած մագիլների մեջ։ Միտքը
պատուհասվում է բառերում։ Իրար շարունակող ծառերը
կազմում են մի համառոտ
նախադասություն, որտեղ
ենթական՝ լուսինը, բացակայում է հարգելի
պատճառով, քանի որ գիշերը դեռ զարմանալի հեռու է։
Տեղ չեն հասնում այն ուղիները, որոնք
ընթանում են
ժամացույցի սլաքներով կանխանշված ուղղությամբ։
Ես նորից փորձեցի բարձրանալ Արփագետուկի սարը, բայց,
ավա՜ղ, հանկարծ նկատեցի, որ այն
ոչ ամպերի մեջ է, ոչ կապույտի,
համբարձվել է, գուցե, երկինք։