Ալբանիա

(Ալբանիայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետություն ԱԺՍՀ)

Այս փոքրիկ երկիրը գտնվում է Եվրոպայի հարավում։ Նրա տարածքի մեծ մասը լեռնաշղթաներ ու սարահարթեր են։ Լեռները ծածկված են լայնատերև և կաղնու, հաճարենու անտառներով։ Լեռնային կիրճերից դեպի ծով են հորդում արագահոս գետերը։ Նրանք հատում են Ադրիատիկ ծովի ափի երկայնքով 150 կմ ձգվող արգավանդ հարթավայրը, որի լայնությունը 15—35 կմ է։ Այստեղ կլիման մեղմ է, իսկ լեռնային շրջաններում խստաշունչ Ձմռանը հաճախակի են բուքն ու մինչև 20 աստիճանի հասնող սառնամանիքը։

1944 թ. նոյեմբերի 29-ին Ալբանիայում հաստատվեց ժողովրդական իշխանություն։ Ստեղծվեցին արդյունաբերության նոր ճյուղեր՝ էներգետիկ, տեքստիլ, մետաղամշակման փայտամշակման, ցեմենտի։ Զարգացած են սննդի նավթարդյունահանող լեռնահանքային արդյունաբերությունը։ Տնտեսության և մշակույթի վերականգնման ու զարգացման գործում Ալբանիայի աշխատավորությանը մեծ օգնություն ցույց տվեցին սովետական և սոցիալիստական մյուս երկրների ժողովուրդները:

Ալբանիայի ժողովրդական տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Արգավանդ հողերն զբաղեցնում են երկրի տարածքի միայն մի մասը. այդ պատճառով էլ ալբանացիները չորացնում են ճահճացած հողերը և այգիների համար օգտագործում լեռների մեղմաթեք լանջերը: Ալբանիայում գյուղացիները միավորված են գյուղատնտեսական կոոպերատիվներում: Նրանք մշակում են եգիպտացորեն, ցորեն, բրինձ, գարի, վարսակ, աճեցնում կարտոֆիլ, բանջարեղեն, ընդավորներ, խաղող, կիտրոն, նարինջ, ձիթենի, ինչպես նաև` ծխախոտ, բամբակենի, շաքարի ճակնդեղ, գետնանուշ։ Ալբանացիները պահում են կովեր, ջորիներ, ձիեր, գոմեշներ, խոզեր, այծեր, ոչխարներ: Լճերում և Ադրիատիկ ծովի ափամերձ ջրերում զբաղվում են ձկնորսությամբ:

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանան երկրի արդյունաբերական և մշակութային կենտրոնն է: Այստեղ կառուցվել են տեքստիլ կոմբինատ, մեխանիկական գործարան, կահույքի և կոշիկի ֆաբրիկաներ, ապակու, հախճապակու և այլ գործարաններ. ժողովրդական իշխանության տարիներին մտցվել է երեխաների պարտադիր ուսուցում։ Բացվել է երկրի պատմության մեջ առաջին համալսարանը։ Ստեղծվել է կինոստուդիա, կառուցվել են թատրոններ և կինոթատրոններ:

Ալբանիայի ժողովրդական Սոցիալիստական Հանրապետությունն, անկասկած կհասներ ավելի մեծ հաջողությունների, եթե 1960-ական թվականների սկզբին ալբանական ղեկավարները չդադարեցնեին Ալբանիայի համագործակցությունը ՍՍՀՄ-ի և Եվրոպական մյուս սոցալիստական երկրների հետ: