Ինչ է, ով է/Ալպինիզմ
Ալպինիզմ
Բարձրաբերձ լեռների վեհասքանչ աշխարհ ժայռեր, պսպղուն սառույցներ և ձյուն, ձնահյուսերի թնդյուն և լռություն։ Արտասովոր, ասես ոչ երկրային բնապատկերներ։ Հազարամյակներ շարունակ այդ խորհրդավոր աշխարհը ձգել է մարդուն:
Մոտ երկու հարյուր տարի առաջ երկու շվեյցարացիներ առաջին անգամ հասան Ալպերի (Եվրոպայի ամենաբարձր լեռների) Մոնբլան գագաթը։ Այդ Ժամանակներից էլ ահա դժվարամատչելի լեռնագագաթների հաղթահարումն ալպինիզմ են անվանում: Դա խիզախ, համարձակ ու տոկուն մարդկանց մարզաձև է:
Միանգամից չէ, որ ալպինիստ են դառնում. նախ պետք է երկար ու համառորեն մարզվես, ուսումնասիրես երթուղիները, հասարակ վերելքներից աստիճանաբար անցնես առավել բարդերի և հետո միայն ճանապարհ ընկնես դեպի ամենաբարձր գագաթները:
Ալպինիստները լինում են այնտեղ, ուր ոչ ոք չի կարող հասնել.. Լեռներում վթար է: Ամենաժամանակակից ուղղաթիռն անգամ ի վիճակի չէ վայրէջք կատարելու կիլոմետրանոց պատի վրա, ամենագնացն իսկ անզոր է հաղթահարել սառցադաշտերի վիթխարի ճեղքվածքները։ Ալպինիստներն են միայն, որ կարողանում են միշտ օգնության հասնել փորձանքի մեջ ընկած մարդկանց:
Ալպինիստները հատուկ հանդերձանք ունեն՝ քամուց, անձրևից և ձյունից պաշտպանող հագուստ, սեպավոր ներբաններով կոշիկներ, պարան, սառցահատեր, ճակեր, կոշիկներին ամրացվող հատուկ կեռեր, ապառաժի և սառցի մեջ ամրացվող սեպեր, մուրճեր, վրան, քնապարկեր։
Հաճախ ալպինիստները մարզական վերելքների ժամանակ կատարում են գիտական հետազոտություններ: Նրանք աշխատում են բարձրադիր օդերևութաբանական կայաններում, օգնում հիդրոէլեկտրակայանների շինարարությանը լեռներում, գիտական սարքավորում տեղադրում 7 հզ մ բարձրության վրա։
Ալպինիզմը շատ տարածված է մեր երկրում։ Սովետական ալպինիստները նվաճել են ՍՍՀՄ բոլոր լեռնագագաթները. Լենինի պիկը (7134 մ Պամիր) նվաճած սովետական առաջին ալպինիստների ղեկավարն էր սպորտի վաստակավոր վարպետ, ինժեներ–կոնստրուկտոր Վ. Մ. Աբալակովը: Այնուհետև նա ևս երկու անգամ հաղթահարել է այդ բարձր գագաթը: Նրա եղբայրը` քանդակագործ Ե. Մ. Աբալակովը, առաջինը նվաճեց Կոմունիզմի պիկը (7495 մ, Պամիր): Պամիրի բարձր լեռնագագաթներից մեկը կոչվում է «Ե. Մ. Աբալակովի պիկ»։ 1982 թ սովետական ալպինիստների արշավախումբը Ե. Տամի ղեկավարությամբ նվաճեց աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը` Էվերեստը (8848 մ): Առաջինը Էվերեստի գագաթ հասան արշավախմբի անդամներ Վ. Բալիբերդինը և Է. Միսլովսկին։
Հայաստանում ալպինիստական առաջին արշավը կարելի է համարել 1829 թ սեպտեմբերի 27-ին Խ. Աբովյանի և գերմանացի պրոֆեսոր Պարրոտի վերելքն Արարատի գագաթը (5156 մ): 1845 թ հուլիսի 29-ին Արարատի գագաթն է բարձրացել գերմանացի երկրաբան Հ. Աբիխը երեք հայերի ուղեկցությամբ։ Սովետական Հայաստանում ալպինիստական արշավներ են կազմակերպվում դեպի Արագած (4090 մ), Կապուտջուղ (3904 մ) և Մեծ Իշխանասար (3552 մ) լեռնագագաթները։ 1935 թ վեց հայ ալպինիստներ նվաճել են էլբրուսի գագաթը (5642 մ):