Ինչ է, ով է/Այվազովսկի Հովհաննես Կոստանդինի

Այվազովսկի Հովհաննես Կոստանդինի
«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան
1984

Այվազովսկի Հովհաննես Կոստանդինի

1817-1900

Սերունդների գիտակցության մեջ Այվազովսկի և ծով ըմբռնուններն, ասես, նույնացել են։ Այվազովսկու անունը տալիս մտովի տեսնում ենք ծովային ամենատարբեր տեսարաններ՝ ամեհի փոթորիկներ, նավաբեկություններ, պայծառ արևածագեր ու լուսնկա գիշերներ։

19-րդ դարի սկզբին Ղրիմի Թեոդոսիա քաղաքում հաստատված հայ առևտրական Կոստանդին Հայվազովսկու երկրորդ որդին էր Հովհաննեսը։ Մեծ ծովանկարիչը, որ քաջ գիտեր մայրենի լեզուն, իր նամակներում ու հայկական միջավայրի համար նախատեսած նկարների տակ երբեմն ստորագրել է հայերեն՝ Հովհաննես Այվազովսկի կամ Օվաննես Այվազյան։

Նախնական կրթությունը տեղի հայկական ծխական դպրոցում և ապա Սիմֆերապոլի գիմնազիայում ստանալուց հետո Հովհաննեսը ոսկե մեդալով ավարտում է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան և գործուղվում արտասահման՝ կատարելագործվելու։ Վերադառնում է իբրև արդեն եվրոպական հռչակ ձեռք բերած ծովանկարիչ։ 1845 թ․ Այվազովսկին թողնում է Ռուսաստանի մայրաքաղաքը, գալիս է իր հարազատ, հայաշատ Թեոդոսիան, ծովի ափին տուն-արվեստանոց կառուցում և ստեղծագործում մինչև կյանքի վերջին օրը, սերունդներին թողնելով շուրջ 6000 պատկեր։

Այվազովսկին աշխատել է շատ արագ, տեսողական փայլուն հիշողությամբ։ Պատկերել է ծովը օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ Նա մանկուց ճանաչում ու սիրում էր ծովը։ Նրա ստեղծած գործերի մեծ մասը ծովի փոթորկահույզ տեսարաններ են։ Եվ ահեղ փոթորիկները պատկերելիս նա ընդգծել է այդ տարերքի դեմ պայքարող մարդու ուժը, ցույց տալով, որ մարդը չի ընկճվի, մարդը կհաղթի։ Այդ գաղափարն է արտահայտված, օրինակ, նրա հռչակավոր «Իններորդ ալիք» կտավում։ Այվազովսկու պատկերների մեջ արտացոլում են գտել հարազատ ժողովրդին հատուկ անսահման կենսասիրությունն ու լավատեսությունը։

Երիտասարդ հասակում Այվազովսկին ընտրվել է Եվրոպական մի շարք ակադեմիաների անդամ և արժանացել ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանի:

Գրեթե ամեն տարի նրա պատկերների ցուցահանդեսներ են կազմակերպվել Ռուսաստանի, Եվրոպայի ու Ամերիկայի խոշոր քաղաքներում։ Նա համաշխարհային փառք է նվաճել իբրև ռուսական դպրոցի ներկայացուցիչ և լայն ճանաչում բերել ռուսական նկարչությանը: Որպես իր ժամանակի առաջադեմ արվեստագետ, նա մեծ սեր է տածել փոքրաթիվ, ճնշված ժողովուրդների, հատկապես` հույների հանդեպ և նրա ազատատենչ պայքարին նվիրված կտավներ է ստեղծել։

Այվազովսկին ամբողջ կյանքում սերտորեն կապված մնաց մայր ժողովրդին։ Նրան խորապես ցնցեցին 1890-ական թվականների հայկական ջարդերը Թուրքիայում։ «Խորին կսկիծով վշտացած է սիրտս անբախտ հայոց չլսված, չտեսնված կոտորածով»,– գրել է նա հայրենիք հղած իր նամակներից մեկում: Այդ ապրումների արդյունքն են հայ ժողովրդի ողբերգությանը նվիրված մի շարք ցնցող պատկերներ։

1868 թ Այվազովսկին ճանապարհորդել է Անդրկովկասում: Այդ ուղևորությունը նյութ է տվել նկարչին ստեղծելու Հայաստանի բնությունը պատկերող կտավներ («Արարատ», «Սևանա լիճ» և այլն), որոնցով նա սկիզբ է դրել հայկական բնանկարչության զարգացմանը:

Այվազովսկու տունը Թեոդոսիայում եղել է մի յուրօրինակ ուխտատեղի։ Այստեղ հյուրընկալվել ու ելույթներ են ունեցել մեծ դերասան Պ. Ադամյանը, կոմպոզիտոր Ալ. Սպենդիարյանը, ջութակահար Հովհ. Նալբանդյանը և ուրիշներ։ Նրան աշակերտել ու նրա արվեստով ոգեշնչվել են բազմաթիվ հայ նկարիչներ: Այվազովսկին երազել է համախմբել աշխարհով մեկ ցրված հայ նկարիչներին:

Նա նաև լավ ջութակ է նվագել և երգել։ Ռուս մեծ կոմպոզիտոր Մ. Գլինկան, լսելով նրա երգերն ու մեղեդիները, այնքան է հավանել, որ այդ մեղեդիներից մի քանիսն օգտագործել է իր «Ռուսլան և Լյուդմիլա» օպերայում։

Այվազովսկին եղել է Ղրիմի հայկական գաղթավայրի հովանավորը, Թեոդոսիայում բացել է պատկերասրահ, հնագիտական թանգարան, գեղարվեստական դպրոց, գրադարան, համերգային դահլիճ:

Այվազովսկու գերեզմանաքարի վրա հայերեն գրված է «Ծնվեց մահկանացու, թողեց անմահ հիշատակ»։ Նա վախճանվեց վրձինը ձեռքին՝ մինչև վերջ հավատարիմ մնալով իր «ապրել ինձ համար նշանակում է աշխատել» դավանանքին:

Այվազովսկու նկարները պահվում են աշխարհի խոշոր թանգարաններում։ Նրա պատկերների մի սքանչելի հավաքածու մշտապես ցուցադրվում է Հայաստանի պետական պատկերասրահում: Այցելելով այդ պատկերասրահը՝ դուք կներշնչվեք ծովի մեծ երգչի կտավների կախարդիչ հմայքով: