Անահիտ

Մեր թվականությունից առաջ 34 թ. հռոմեացի զորավար Անտոնիոսը իր պարթևական արշավանքի ժամանակ մտավ Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիզա ավանը, ուր դրված էր հայոց մայր աստվածուհի Անահիտի վիթխարի ոսկեձույլ արձանը: Նրա զինվորները ջարդուկտոր արեցին ոսկեձույլ արձանը, որպես ավար բաժանեցին իրար մեջ և տարան Հռոմ: Լուրեր էին տարածվում, թե Անահիտի արձանի վրա հարձակված առաջին զինվորը կուրացել, այնուհետև խելագարվել ու մահացել է: Հռոմեացի պատմիչ Պլինիուսը մեզանից երկու հազար տարի առաջ գրել է, որ այդ ավարին մասնակից մի հին զինվոր ճոխ ճաշկերույթ է տվել Օգոստոս կայսեր պատվին։ Կայսրը հարցրել է Անահիտի արձանի մասին: Զինվորը պատասխանել է, թե ինքն է եղել արձանի վրա հարձակվողներից առաջինը և այդ ճաշկերույթի ծախսը Անահիտի արձանի սրունքի մի կտորով է հոգացել:

19-րդ դարի վերջին գտնվել է Անահիտ աստվածուհու պղնձաձույլ գլուխը, տարվել է Անգլիա և այժմ պահպանվում է Բրիտանական թանգարանում, իսկ կրկնօրինակը Հայաստանի պատմության թանգարանում է:

Հին Հայաստանի տարբեր վայրերում, հատկապես` Տարոնում և Վասպուրականում, կային Անահիտի տաճարներ, որոնց նվիրում էին սպասավորներ, սպասուհիներ, ինչպես նաև` ճակատին սպիտակ նշան ունեցող երինջներ, որոնք նախիրներով արածում էին տաճարների շուրջը, և ոչ ոք իրավունք չուներ ձեռք տալ դրանց:

Անահիտը հայերի գլխավոր աստված Արամազդի դուստրն էր, մայրության, բերքի ու պտղաբերության սրբազան մարմնավորումն ու հովանավորողը, նրան կոչում էին նաև Մեծ տիկին, Ոսկեծղի, Ոսկեմատն։ Անահիտը բոլոր խոհեմությունների ու պարկեշտությունների մայրն էր համարվում, մարդկանց սնուցող, ապրեցնող ու փառավորող աստվածուհի: Մարդիկ իրենց նախաձեռնությունների մեջ Անահիտից էին հովանավորություն և առողջություն խնդրում. Անահիտ անունը, որ նշանակում է անբիծ, անարատ, մաքուր, շատ սիրված ու տարածված անուն է հայերի մեջ: