Անձրևարար սարք
«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան
1984

Անձրևարար սարք

Շոգ ու չորային ամառ է։ Մի քանի շաբաթ է արդեն, ինչ երկնքից ոչ մի կաթիլ անձրև չի տեղացել։ Իսկ կոլտնտեսության դաշտերում և այգիներում անձրևն ամեն օր առատ ջրում է բանջարեղենը, մրգատու ծառերն ու հատապտղի թփերը։ Այնտեղ աշխատում է ավտոմատ անձրևարար սարքը։

Այցելենք կոլտնտեսային այգի։ Գետնին մրգատու ծառերի և հատապտղի թփերի միջև, ամենուրեք խողովակներ են գցված։ Որոշակի ժամերին դրանցից սկսում են ցայտել ջրաշիթերը։ Ճիշտ և ճիշտ անձրևի նման։

«Անձրև» լինի՞, թե՞ չլինի հրամայում է ինքը հողը։ Եթե հողը խոնավ է, ապա ամեն ինչ կարգին է, եթե չորացել է, ժամանակն է ջրելու։ Այգու բազմաթիվ մասերում հողի մեջ խրված են հատուկ սարքեր որոնք կոչվում են խոնավության տվիչներ։ Դրանք հետևում են հողի խոնավությանը հաղորդալարերով էլեկտրական ազդանշաններ ուղարկում «անձրևի շտաբ»՝ ջրելու կենտրոնական կայան։

Հենց որ շտաբ է հասնում տագնապի ազդանշանը, այնտեղից իսկույն երկու հրաման է արձակվում։

Մի հրամանը գնում է պոմպակայան. «Այսինչ խողովակներով ջուր բաց թողնել»։ Մյուսը հասցեագրվում է հենց իրենց՝ խողովակներին. «Բացե՛լ փականները»։ Եվ սկսվում է ջրցանը։

Շատ կոլտնտեսություններում, երբ անհրաժեշտ է, դաշտերում հայտնվում է «անիվների վրա շարժվող անձրևը»։ Դա շարժական ջրցան մեքենա է, փոխադրովի ցնցուղ և ոչ թե մեկ, այլ տասնյակ ցնցուղներ, որ տեղադրված են շատ երկար խողովակի վրա։ Այդ մեքենան փղի նման կնճիթ ունի, որը ջուր է ծծում դաշտի երկայնքով փորված առվից։ Կնճիթից ջուրը լցվում է խողովակի, խողովակից՝ ցնցուղի մեջ, իսկ այստեղից թափվում բույսերի վրա։

Անցնում է այդ մեքենան դաշտի երկայնքով և հագեցնում հարյուր մետր լայնությամբ հողակտորի ծարավը։ Եվ այդպես երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ մինչև ջրում վերջացնում է ամբողջ դաշտը։

Արհեստական անձրևը կարող է ոչ միայն ջուր տալ բույսերին, այլև եթե պետք է, սնել։ Եվ իրոք միթե դժվար է ջրին պարարտանյութ ավելացնելը։ Դա էլ կլինի լրացուցիչ պարարտացումը։