Ինչ է, ով է/Անտառապետ
Անտառապետ
Երբեմն կարծում են, թե անտառապահն ու անտառապետը միևնույն բանն են։ Սակայն դրանք միանգամայն տարբեր մասնագիտություններ են։ Անտառապահ անվանում են անտառի պահակին, նա պաշտպանում է անտառը։ Իսկ անտառապետը գիտնական անտառագետն է։
Անտառը հսկայական հարստություն է։ Այն մեզ տալիս է քիմիական և թղթի արդյունաբերության հումք շինափայտ և վառելափայտ, սնկեր և հատապտուղներ։ Ինչպես օգտագործել և միաժամանակ պահպանել անտառներն ապագա սերունդների համար։
Ա՛յ, հենց դրանով էլ զբաղվում է անտառապետը։
Սովետական Միության ամբողջ անտառային տարածությունը բաժանված է փայտամթերման և փայտի նախնական մշակման կոմբինատների: Դրանցից յուրաքանչյուրի մեջ մտնում են մի քանի անտառապետություններ:
Անտառապետությունը տնօրինում է 5-ից մինչև 10 հզ հեկտար անտառ։ Յուրաքանչյուր անտառապետություն վարում է անտառապետը։
Անտառապետությունը մեծ և բարդ տնտեսություն է, որն իր աշխատանքում օգտագործում է տրակտորներ, ծառատնկիչ մեքենաներ, տարբեր մեխանիզմներ։
Անտառապետի գլխավոր հոգսը անտառի պահպանությունն է։ Իսկ դա նշանակում է պահպանել այն հրդեհից, վնասատու միջատներից, ապօրինի անտառահատումներից։
Անտառապետն է որոշում անտառահատման համար անհրաժեշտ հատվածները։ Անտառի հատված մասերում նորից տնկիներ են տնկում։ Նոր անտառի հիմնումը նույնպես ղեկավարում է անտառապետը։
Երիտասարդ անտառի մեկ հեկտարի վրա աճում է մի քանի հազար ծառ։ Բայց չէ որ ծառերն աճելով փարթամանում են և սկսում նեղել իրար։ Եթե դրանց մի մասը ճիշտ ժամանակին չհատվի ապա շատ ծառեր կչորանան, կտապալվեն և կփտեն, աղբոտելով անտառը։ Իսկ հատվելու դեպքում դրանք կտան լրացուցիչ անտառանյութ։ Անտառի նոսրացմամբ ևս զբաղվում է անտառապետը։
Անտառապետն իր անտառապետությունում վարում է նաև սնկերի և հատապտուղների արդյունաբերական բերքահավաքը։ Իսկ նրա տնտեսության մթերած խոտը օգտագործում են հարևան կոլտնտեսությունները իբրև կեր։
Սովետական Միությունում գործում են դպրոցական շատ անտառապետություններ։ Երեխաներն անտառապետի գլխավորությամբ ուսումնասիրում են անտառը, ակտիվորեն մասնակցում ծառատնկման և պահպանման աշխատանքներին։