Ինչ է, ով է/Ապարներ
Ապարներ
Երկրի ամբողջ մակերևույթը կազմված է ապարներից։ Գետափի քարերը, կավիճը, որով դուք գրում եք գրատախտակին, ածուխը, այս բոլորն ապարներ են։ Հանքաքար կոչվող ապարներից ստանում են տարբեր մետաղներ։
Մարդու համար օգտակար ապարները հենց այդպես էլ անվանում են օգտակար հանածոներ: Ինչո՞ւ հանածոներ, որովհետև դրանցից շատերը գտնվում են գետնի տակ, դրանք պետք է դուրս բերել, գետնի տակից «հանել»։ Իսկ օգտակար հանածոները գետնի տակից հանելու համար անհրաժեշտ է իմանալ, թե որտեղ և ինչպես կարող են առաջանալ դրանք, ինչպես են, առհասարակ, գոյանում տարբեր ապարները։
Դուք հավանաբար, տեսել եք սրընթաց գետեր, որոնք հոսում են լեռնային նեղ կիրճերով: Այդ գետերի ջրերն իրենց հետ տանում են քարեր, ավազ և կավի փոքրիկ մասնիկներ, որոնք առաջանում են լեռների քայքայման ընթացքում։ Գետերը թափվում են ծովը, և ջրի հետ ծովն են թափվում նաև քարերը, ավազը, կավի մասնիկները։ Ափի մոտ ծովի հատակն են իջնում քարերը, քիչ հեռու՝ ավազը, իսկ ավելի հեռու, որտեղ ծովը շատ խորն է, կավի մասնիկները։
Այսպես, հարյուր հազարավոր ու միլիոնավոր տարիների ընթացքում օվկիանոսների և ծովերի հատակին կուտակվում են նստվածքների հսկայական շերտեր։ Ժամանակի ընթացքում դրանք խտանում են և վերածվում ապարների՝ ավազաքարերի և կավային թերթաքարերի: Դրանք անվանում են նստվածքային, որովհետև առաջացել են գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսների հատակին նստվածքներ տալու հետևանքով:
Ծովերում և օվկիանաներում ապրում են ձկներ, հատակին սողում են ծովախեցգետիններ և ծովախխունջներ: Ծովերում և օվկիանոսներում ապրող շատ կենդանիներ, ձկների նման ունեն կմախքներ կամ խխունջների նման խեցիներ։ Երբ կենդանիները մեռնում են, նրանց կմախքներն ու խեցիներն իջնում են հատակ։ Հազարավոր ու միլիոնավոր տարիների ընթացքում ծովի հատակին կուտակվում են հսկայական քանակությամբ այդպիսի կմախքներ ու խեցիներ, որոնցից ժամանակի ընթացքում նույնպես առաջանում է ապար՝ կրաքար։ Կավիճը հենց կրաքարն է, որը կազմված է վաղուց մահացած կենդանիների կմախքների ու խեցիների բազմաթիվ մանրագույն բեկորներից։
Դուք հավանաբար տեսել եք ծանծաղ լճեր կամ ճահիճներ, որոնց շուրջը անտառներ են աճում։ Երբ ծառերը չորանում են, դրանց զգալի մասն իջնում է ճահճի հատակը, ծածկվում ավազով ու կավով: Միլիոնավոր տարիներ առաջ հնագույն ճահիճների և լճերի հատակն անցած և ամբողջ այդ ժամանակ հողում պառկած ծառերից առաջանում է քարածուխ: Իսկ ոսկեդեղին թափանցիկ սաթը, որից զարմանալի գեղեցիկ առարկաներ են պատրաստում, փշատերև հնագույն ծառերի քարացած խեժն է:
Երկրի ամենախոր ընդերքում ջերմաստիճանը շատ բարձր է, իսկ ճնշումը շատ մեծ: Այնտեղ ամեն ինչ այնքան շիկացած է, որ քարերն սկսում են հալվել և փոխարկվել հրահեղուկի՝ մագմայի։ Շիկացած մագման բարձր ճնշման տակ երկրի խոր ճեքերով բարձրանում է դեպի մակերևույթ և դուրս նետվում: Այդպիսի դեպքերում Երկրի մակերևույթի վրա տեղի է ունենում հրաբխային ժայթքում։ Հրաբխից դուրս են թռչում շիկացած քարեր, հորդում է հրահեղուկը: Երկրի մակերևույթին այն սառչում է և նրանից առաջանում են ապարներ, օրինակ, բազալտ, որը շատ ամուր է։ Բազալտն օգտագործում են շինարարության մեջ: Այն կարելի է բարձր ջերմաստիճաններում նորից հալել և այդ հալույթից պատրաստել բացառիկ ամուր խողովակներ։
Բայց շիկացած մագման միշտ չէ, որ մակերևույթ է հասնում: Շատ դեպքերում այն սառչում է Երկրի ընդերքում և դրանից գոյանում են գաբբրո կամ գրանիտ կոչվող ապարները:
Հրահեղուկ մագմայի սառչելուց առաջացած ապարներն անվանում են մագմատիկ ապարներ:
Ուշադիր նայեցեք գրանիտի բեկորին և կտեսնեք, որ այն կազմված է մի քանի միներալից՝ թափանցիկ քվարցից, փայլատ դաշտային սպաթից և փայլարի մուգ թեփուկներից: Ինչպես տունն է կառուցված քարերից, այնպես էլ շատ ապարներ կազմված են առանձին միներալներից:
Երկրի ընդերքում գրանիտի հետ միասին գոյանում են նաև մարդուն շատ անհրաժեշտ օգտակար հանածոներ, տարբեր մետաղների հանքաքարեր: Մի տեսակի հանքաքարից ստանում են երկաթ, մյուսից՝ կապար, երրորդից՝ անագ:
Նշված ապարների մեծ մասը, հատկապես մագմատիկ ապարները լայնորեն տարածված են Սովետական Հայաստանում։ Դրանք կիրառվում են որպես շինանյութ (գրանիտ, մարմար, տուֆ) և որպես քիմիական արտադրության հումք:
Մինչ այժմ խոսվում էր պինդ ապարների մասին: Բայց կան նաև հեղուկ ապարներ, օրինակ, նավթը և գազանման ապարներ, օրինակ, բնական գազը։ Դրանցից ստանում են արժեքավոր նյութեր:
Ապարներն ուսումնասիրում, օգտակար հանածոները որոնում և հետախուզում են երկրաբանները: