Աստիճանացանց

Աշխարհագրական քարտեզը և գլոբուսը, ասես, պատած են նուրբ ցանցով։ Ի՞նչ ցանց է դա: Եվ ինչի՞ համար է անհրաժեշտ: Դա Երկրի աստիճանացանցն է: Այն կազմված է միջօրեականներից և զուգահեռականներից, որոնք բաժանված են աստիճանների։

Միջօրեականները «փաթաթվում» են Երկրին, հատվելով Երկրի բևեռներում՝ Հյուսիսային բևեռում և Հարավային բևեռում։ Բոլոր միջօրեականները նույն երկարությունն ունեն: Լոնդոնում գտնվող Գրինվիչի աստղադիտարանով անցնող միջօրեականը գիտնականներն ընդունում են որպես սկզբնական միջօրեական (0°): Դրանից են սկսում միջօրեականների հաշվարկը: Ըստ միջօրեականների՝ որոշում են տվյալ վայրի աշխարհագրական երկայնությունը։ Գրինվիչի միջօրեականից արևելք ընկած բոլոր վայրերն ունեն արևելյան երկայնություն, իսկ արևմուտք ընկածները՝ արևմտյան երկայնություն:

Զուգահեռականները «գոտևորում» են Երկիրը: Ի տարբերություն միջօրեականների, դրանք չեն հատվում և ունեն տարբեր երկարություն. որքան հեռու են բևեռներից, այնքան երկար են: Ամենաերկար զուգահեռականը կոչվում է հասարակած և ունի 40 075 160 մ երկարություն։ Հասարակածը հավասար հեռավորության վրա է գտնվում բևեռներից և Երկիրը բաժանում է Հյուսիսային ու Հարավային կիսագնդերի: Զուգահեռականների հաշվարկը կատարվում է հասարակածից: Ըստ զուգահեռականների որոշում են տվյալ վայրի աշխարհագրական լայնությունը։ Երկրի մակերևույթի հասարակածից հյուսիս գտնվող բոլոր կետերն ունեն հյուսիսային լայնություն, հարավ գտնվողները՝ հարավային լայնություն: Լայնություններն ու երկայնություններն աշխարհագրական կոորդինատներ են, որոնք որոշում են կետերի դիրքը Երկրի մակերևույթի վրա:

Պատահում է, որ ռադիոընդունիչը տագնապալի լուրեր է հաղորդում

— Վառվում է անտառը, ինքնաթիռ ուղարկեք։ Հաղորդում ենք կոորդինատները. հյուսիսային լայնության 55°, արևելյան երկայնության 92օ:

- Նավը աղետի է ենթարկվել: Գտնվում է հյուսիսային լայնության 40°–ի, արևելյան երկայնության 100°-ի վրա:

Այսպես աշխարհագրական կոորդինատներն օգնում են ժամանակին շտապ օգնության հասնելու։