Ավտոմոբիլ
«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան
1984

Ավտոմոբիլ

Վաղուց ի վեր մարդիկ երազում էին այնպիսի մի սայլ կառուցել, որը շարժվեր ինքն իրեն, առանց ձիերի։ Ինչե՜ր ասես չէին հորինում՝ և՜ լծակներ, և՜ ոտնակներ, և՜ ատամնանիվներ… Սայլին, նույնիսկ, առագաստ էին «հագցնում»։

1770 թ ֆրանսիացի ինժեներ Կյունիոն որոշեց ձիերի փոխարեն սայլին շոգեմեքենա լծել։ Այդպես էլ արեց և այդ արտասովոր հորինվածքն անվանեց «ավտոմոբիլ», որ նշանակում է «ինքնաշարժ»։

Շարժվում է քաղաքով այդ սայլը․ առջևից պղնձե կաթսա է կախված, ետևում, նստարանին, նստած է վարորդը և ղեկն է պտտում։ Անցնում է մի փոքր տարածություն ու այլևս չի շարժվում։ Պարզվում է կաթսայի գոլորշին է վերջացել։ Գոլորշի չկա, մեքենան չի աշխատում, անիվները չեն պտտվում: Վարորդը ստիպված էր լինում իջնել սայլից և հնոցապան դառնալ. վառում էր կրակարանը և եռացնում կաթսայի ջուրը, որպեսզի գոլորշի առաջանար: Զուր չէ, որ վարորդին սկսեցին «շոֆ յոր» անվանել, որ ֆրանսերեն նշանակում է «հնոցապան»: Անգլիացիներն այլ բան հորինեցին. շոգեմեքենան լծեցին ծածկակառքին ու սկսեցին ճանապարհներով դղրդյունով ու զրնգոցով առաջ սողալ ծանրաշարժ հրեշները` շոգեավտոբուսները, գլխին խողովակ, որից քուլա-քուլա ծուխ էր բարձրանում: Դրանցով երթևեկելը ոչ միայն անհարմար էր, այլև վտանգավոր: Մեկ էլ տեսար, կաթսան պայթեց: Բայց ահա շոգեմեքենային փոխարինելու եկավ բենզինային շարժիչը կամ մոտորը: 1866 թ գերմանացի մեխանիկ Կարլ Բենցը շարժիչ հարմարեցրեց կառքին: Այդ կառքն էլ դարձավ բենզինային առաջին ավտոմոբիլը: Տարեցտարի բենզինային ավտոմոբիլները շատանում էին։ Փոխվում էր դրանց արտաքին տեսքը, բարելավվում էր կառուցվածքը, աճում շարժման արագությունը։ Բայց մի բանում ավտոմոբիլը անփոփոխ էր մնում. դա նույն շարժիչով կառքն էր: Սկզբում ավտոմոբիլը նախատեսվում էր միայն ուղևորների համար բայց շուտով այն սկսեցին օգտագործել նաև բեռներ փոխադրելու նպատակով: Այսպես երևան եկան ավտոմոբիլների երեք ընտանիք` մարդատար, բեռնատար և ավտոբուսներ: Մարդկանց նման ավտոմոբիլներն էլ տարբեր մասնագիտություններ ունես: Դրանց մեջ կան հրշեջներ և սանիսարներ, փոստատարներ և մոնտյորներ, բեռևակիրներ և դռնապաններ, ռզմիկներ և մարզիկներ: Մի քանիսն ապշեցնում են իրենց չափերով և դյուցազնական ուժով: Այդպիսին է, օրինակ, ԲելԱԶ 524-ը` Բելոռուսական ավտոգործարանում արտադրվող 65 տոննանոց ավտոմոբիլը: Կան նաև հատուկ ավտոգնացքներ, որոնք իսկական հսկաներ են և կարող են միանգամից փոխադրել մինչև 120 տոննա բեռ: Դրանք աշխատում են խոշոր կառույցներում և բաց հանքերում, փոխադրում հող, խիճ, հանքաքար: Հսկայական ինքաթափի կողքին մարդատար մեքենան խաղալիք է թվում, բայց փոխարենը հարմարավետ է և արագընթաց: «Վոլգա» մեքենան մեկ ժամում անցնում է 145 կմ, իսկ «Չայկան» կարող է, նույնիսկ, ժամում մինչև 200 կմ արագություն զարգացնել: Արագ վազելու կամ ծանր բեռ բարձրացնելու համար անհրաժեշտ են հզոր սիրտ և ամուր մկաններ։ Ավտոմեքենայի սիրտը շարժիչն է, մկանները` լիսեռները, որոնք շարժիչի էներգիան փոխանցում են անիվներին։

Ահա վարորդը միացրեց վառիչ հարմարանքը, էլեկտրական կայծը բոցավառեց շարժիչի գլաններում եղած դյուրավառ խառնուրդը և գազերի ճնշման տակ շարժվել սկսեցին մխոցները, պտտվել լիսեռներն ու անիվները։

Որքան հզոր է շարժիչը, այնքան ավելի մեծ արագություն կարելի է զարգացնել և շատ բեռ փոխադրել։ Ահա թե ինչու ամենահզոր շարժիչները տեղադրում եմ մրցարշավային ու քարշիչ ավտոմեքենաներում բազմատոննանոց ինքնաթափներում։

Ավտոմոբիլն անհրաժեշտ է ամենուրեք. տնտեսությունում, կենցաղում, նույնիսկ հանգստի ժամանակ։ Այդ պատճառով էլ ավտոմոբիլների թիվն օրեցօր աճում է։ Դա և՛ լավ է, և՛ վատ։ Թե ինչու է լավ․ հասկանալի է յուրաքանչյուրին՝ ավտոմոբիլը մարդու մերձավոր օգնականն է։ Բայց բանեցված գազերը, որ ամեն վայրկյան արտանետում են միլիոնավոր ավտոմոբիլնե,ր թունավորում են մեր մոլորակի օդը՝ նշանակում է որ հարկավոր են այլ շարժիչներ հետևաբար նաև բոլորովին նոր կառուցվածքի ավտոմոբիլներ։ Այսօր արդեն այդ մասին են մտածում ամբողջ աշխարհի գիտականները։