Արգենտինա
«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան
1984

Արգենտինա

(Արգենտինական Հանրապետություն)

16-րդ դարում իսպանացիներն սկսեցին նվաճել Հարավային Ամերիկան: Նրանց այնտեղ էր ձգում ոսկի և արծաթ գտնելու հույսը: Մայր ցամաքի հարավում ընկած երկիրը նրանք անվանեցին Արգենտինա` «արծաթյա»։ Սակայն Արգենտինայում ոչ ոսկի կար, ոչ էլ արծաթ։ Մի քանի դար շարունակ նա մնում էր Ամերիկայում Իսպանիայի գաղութային տիրապետությունների հեռավոր, լքված ծայրամասը։ Բերրի հողերի հսկայական տարածությունները, որ Ռուսական տափաստաններն են հիշեցնում, բնակեցված չէին և համարյա չէին օգտագործվում։ Բայց ավելի քան հարյուր տարի առաջ ամեն ինչ փոխվեց։ Այդ ժամանակ արդեն բոլոր մայր ցամաքները ծովային ճանապարհներով միացած էին իրար: Եվրոպայում բուռն կերպով զարգանում էր արդյունաբերությունը, արագորեն աճում էին քաղաքները: Իսկ սեփական պարենամթերքը չէր բավարարում։ Այդ շրջանում Արգենտինայում արագորեն զարգանալ սկսեց գյուղատնտեսությունը, հատկապես` անասնապահությունը: Այստեղից սկսեցին միս արտահանել Եվրոպա: Եվրոպական երկրներից, գլխավորապես Իսպանիայից ու Իտալիայից, Արգենտինա մեկնեցին հարյուր հազարավոր վերաբնակիչներ: Լավագույն հողերն ու արոտավայրերը զավթեցին օտարերկրացի կալվածատերերը և արդյունաբերողները: Օտարերկրյա կապիտալիստներին են պատկանում նաև ամենախոշոր սպանդանոցներն ու մսի կոմբինատները: Արգենտինայի աշխատավոր ժողովուրդը պայքարում է հանուն իր իրավունքների, հանուն այն բանի, որ երկիրը կախում չունենա օտարերկրյա կապիտալիստներից։ Շատ բան է ձեռք բերված. մասնավոր տերերից ետ են խլվել և պետության սեփականությունն են դարձել երկաթուղիները, մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ, էլեկտրակայանները: Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսը այժմ աշխարհի խոշորագույն քաղաքներից և նավահանգիստներից է: Այնտեղ և հարևան քաղաքներում արտադրվում է երկրի արդյունաբերական արտադրանքի 3/5-ը։ Երկրում ստեղծվել են խոշոր գործարաններ, որոնք արտադրում են ավտոմեքենաներ, տրակտորներ հաստոցներ, կառուցվել են նոր էլեկտրակայաններ։ Մայրաքաղաքին հարում է Արգենտինայի գյուղատնտեսական գլխավոր շրջանը՝ պամպասները։ Հարյուրավոր կիլոմետրերով ձգվում են եգիպտացորենի, ցորենի արտերը, ձիթատու բույսերի տնկարկները։ Հորիզոնից շատ հեռու են տարածվում կալվածատեր–անասնապահների փշալարով շրջափակված տնտեսությունները, ուր արածում են ոչխարների, խոզերի այծերի անհաշիվ հոտեր, կովերի նախիրներ ու ձիերի երամակներ։ Այդ տնտեսություններում գլխավոր դեմքը հովիվն է՝ գաուչոն։ Գաուչոները գունագեղ զգեստներ են հագնում և հոյակապ հեծյալներ են։ Նրանց երգերը գիտե ողջ երկիրը։ Այդ երգերը չքնաղ Արգենտինայի, ազատասեր արգենտինացիների մասին են՝ հասարակ անօթևան ու անհող մարդկանց տառապանքների մասին։

Արգենտինայում ապրում են շուրջ 80 հզ հայեր։ Նրանք այստեղ սկսել են գաղթել 19 րդ դարի 80-ական թվականներից։ Այնուհետև առաջին (1914—1918) և հատկապես երկրորդ (1939—1945) համաշխարհային պատերազմներից հետո հայերի թիվն Արգենտինայում ստվարացել է, և ձևավորվել է հայ համայնքը: Հայերը զբաղվում են արհեստներով, առևտրով քիչ չեն նաև արգենտինահայ մտավորականներն ու ուսանողները հայ համայնքն ունի իր եկեղեցիները, դպրոցները, մշակութային միությունները հրատարակում է թերթեր, ամսագրեր։ Հայերը մասնակցում են Արգենտինայի տնտեսական ու մշակութային կյանքին։ Ամեն տարի բազմաթիվ արգենտինահայ զբոսաշրջիկներ են այցելում Սովետական Հայաստան Մայր հայրենիքը մշտապես սատարում է արգենտինահայ համայնքին նրա ազգապահպանության գործում ուղարկում դասագրքեր, կազմակերպում ցուցահանդեսներ