Ինչ է, ով է/Արեգակնային համակարգ

Արեգակնային համակարգ
«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան
1984

Արեգակնային համակարգ

Արեգակը և նրա շուրջը պտտվող բոլոր մարմինները կազմում են Արեգակնային համակարգը: Նրա մեջ է մտնում նաև մեր մոլորակը՝ Երկիրը, որն ինը մեծ մոլորակներից մեկն է:

Մեծ մոլորակները տարբեր չափեր ունեն և բաժանվում են երկու խմբի:

Առաջին խմբում ընդգրկված են հսկա մոլորակները՝ Յուպիտերը, Սատուռնը, Ուրանը, Նեպտունը։ Սրանք կազմված են, հիմնականում, ջրից և գազերից։

Երկրորդ խումբը կազմում են Երկրի տիպի մոլորակները՝ Մերկուրին, Վեներան, Երկիրը, Մարսը: Պլուտոնի կառուցվածքն առայժմ հայտնի չէ։

Արեգակին ամենից ավելի մոտ են գտնվում Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը: Սրանք կազմված են դժվարահալ քարանյութերից, մետաղներից և թթվածնի հետ դրանց միացություններից, շատ քիչ են թեթև գազերն ու ջուրը: Մեծ մոլորակներից բացի, Արեգակի շուրջը պտտվում են նաև հազարավոր փոքր մոլորակներ, որոնց անվանում են աստերոիդներ (աստղակերպեր): Ամենամեծ աստերոիդի՝ Ցերերայի, տրամագիծը 1003 կմ է: Արեգակի արբանյակներից են նաև գիսավորները: Սրանց գլուխների ետևից փայլատակող քղանցքների նման երկնակամարով մեկ ձգվում են գազից ու փոշուց կազմված պոչերը՝ գեսերը (այստեղից էլ գիսավոր անունը)։ Դա շատ գեղեցիկ տեսարան է: Աստերոիդները և գիսավորները քայքայվում են։ Դրանց մասնիկները՝ ասուպները, մթնոլորտ ընկնելով, այրվում են: Բայց ասուպային որոշ մասնիկներ ամբողջությամբ չեն ոչնչանում և քարի ու երկաթի բեկորների՝ երկնաքարերի տեսքով ընկնում են Երկրի վրա:

Միջմոլորակային ողջ տարածությունը լցված է տիեզերական մանրագույն փոշեհատիկներով և գազի մասնիկներով: Տիեզերքում և Արեգակնային համակարգում գտնվող բոլոր մարմինների շարժումը կառավարում է տիեզերական ձգողությունը։ Այդ մասին դուք կարող եք կարդալ «Նյուտոն Իսահակ» զրույցում:

Արեգակնային ողջ համակարգը՝ Արեգակն ինքը, մոլորակները, գիսավորները, մտնում է աստղային հսկա համակարգի՝ Գալակտիկայի կազմի մեջ: Մեր Արեգակնային համակարգը վայրկյանում մոտ 250 կմ արագությամբ պտտվում է Գալակտիկայի կենտրոնի շուրջը։ Մեկ պտույտը նա կատարում է մոտ 200 մլն տարում։

Պատկերացնելու համար, թե ժամանակի ինչ հսկայական հատված է այդ, ասենք, որ մեր մոլորակը գոյություն ունի «ընդամենը» 4,5 միլիարդ տարի։

Արեգակնային համակարգը մեր «տունն» է անծայրածիր Տիեզերքում: