Արկտիկա
«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան
1984

Արկտիկա

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը, նրա կղզիները և Եվրոպայի, Ասիայի ու Ամերիկայի հյուսիսային ծայրամասերը միասին անվանում են Արկտիկա («արկտիկոս» հունարեն բառից, որ նշանակում է «հյուսիսային»)։ Այնտեղ, Սառուցյալ օվկիանոսի սառույցների մեջ է գտնվում Հյուսիսային բևեռը:

Մինչև մայր ցամաքների ծայրամասերն ընկած մերձբևեռային տարածությունն անվանում են Կենտրոնական Արկտիկա: Տարվա մեջ մի քանի ամիս այնտեղ բևեռային գիշեր է լինում: Այդ շրջանում աստղերը, Լուսինը և մեկ էլ բևեռափայլի երփներանգ շերտերն են միայն, որ լուսավորում են անծայրածիր տարածությունները, իսկ արևն ամենևին չի երևում: Առաջին անգամ արևը հորիզոնից դուրս է նայում մարտին, ընդամենը մեկ րոպեով, և այդ օրից ավելի ու ավելի երկար է մնում երկնքում: Սկսվում է բևեռային շլացուցիչ ցերեկը, որը նույնպես մի քանի ամիս է տևում։ Որքան էլ որ ցուրտ է արկտիկական ամառը (միջին հաշվով 1—3 աստիճանի ջերմություն), այնուամենայնիվ անտարկտիկականից ավելի տաք է: Արկտիկայում ամենուրեք կյանք կա: Ամռանը ծովափին ծաղկում են հյուսիսային համեստ ծաղիկները, իսկ այնտեղ, ուր ափերը ողողվում են Գոլֆստրիմ տաք հոսանքի ջրերով (օրինակ Կոլա թերակղզում), նույնիսկ իսկական շոգ ամառ է լինում:

Սառուցյալ օվկիանոսի ջրերում իրենց շատ լավ են զգում գրենլանդական փոկերը, ծովացուլերը, ծովային նապաստակները, ծովաշները: Սպիտակ արջերն ապրում են կղզիներում և մեծ սառցաբեկորների վրա, իսկ ամռանը կղզիների ուղղաբերձ ժայռերը, որոնք շեշտակի իջնում են դեպի ծովը, ամբողջովին ծածկված են ծովային թռչունների բներով: Դրանք թռչնաշուկաներն են։

Շատ ճանապարհորդներ են փորձել հասնելու հյուսիսային բևեռ, բայց նրանց փորձերն անհաջող են անցել։ Միայն 1909 թ ամերիկացի Ոոբերտ Պիրին հասավ Երկրի այդ կետը: 1912 թ. ռուս ճանապարհորդ Գեորգի Սեդովի կազմակերպած ռուսական առաջին արշավախումբը «Սուրբ Փոկաս» նավով ճանապարհվեց դեպի Հյուսիսային բևեռ: Արշավախումբը Հյուսիսային բևեռ չհասավ, որովհետև ցարական իշխանություններից օժանդակություն չստացավ և, դրանից զատ, վատ էր հանդերձավորված։ Գեորգի Սեդովը զոհվեց, սակայն մինչ այդ նա արժեքավոր շատ դիտումներ էր կատարել, որոնք հետագայում օգտագործեցին սովետական գիտնականները: 1929 թ Արկտիկայի այդ ականավոր հետազոտողի պատվին նրա անունը կրող հրվանդանի մոտ կառուցվեց բևեռային աստղադիտարան։

Առաջինը սովետական գիտնականներն են սկսել կանոնավորապես հետազոտել Արկտիկայի բնությունը։ Վ. Ի. Լենինի առաջարկությամբ կազմակերպվեց Արկտիկայի հատուկ ինստիտուտ, որը գտնվում էր Լենինգրադում: Գիտահետազոտական նավերից կազմված արշավախմբերն սկսեցին ուսումնասիրել և յուրացնել Հյուսիսային ծովային ճանապարհը, որն անցնում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսով։ Դա ամենակարճ ճանապարհն է Մուրմանսկ ու Արխանգելսկ նավահանգիստներից դեպի Հեռավոր Արևելքի նավահանգիստներ և հակառակ ուղղությամբ բեռներ փոխադրելու համար: Հյուսիսային ծովային ճանապարհով նավարկություն հաստատելը շատ կարևոր էր: Առանց այդ ճանապարհի դժվար է Սովետական Արկտիկայի հարստություններն օգտագործելը։ Չէ՞ որ Սովետական Միության Ծայր Հյուսիսի ընդերքում թաքնված են նիկելի, պղնձի, ոսկու, նավթի պաշարներ։ Բայց այդ ճանապարհը դժվարանցանելի է։ Այնտեղով կարելի է նավարկել միայն ամռանը, քանի որ օվկիանոսը տարվա մեծ մասը սառցապատ է։

Որպեսզի նավերը կարողանան մեկ ամառվա ընթացքում անցնել Հյուսիսային ծովային ճանապարհով, հարկավոր է ամեն ինչ իմանալ եղանակի, սառույցների շարժման, ամբողջ Արկտիկայի, այլ ոչ թե միայն ափերի մոտով անցնող ծովային հոսանքների մասին։ Այդ ամենը պարզելու համար 1937 թ. սովետական չորս գիտնականներ պատմության մեջ առաջինը վայրէջք կատարեցին Հյուսիսային բևեռի շրջանում, դրեյֆող սառցաբեկորի վրա: Ձմեռումը ղեկավարում էր Ի. Դ. Պապանինը։ Չնայած խստահունչ սառնամանիքներին, ձյունամրրիկներին ու բևեռային գիշերվան, պապանինականները կանոնավորապես ուսումնասիրեցին Արկտիկայի բնությունը։

Այժմ «Հյուսիսային բևեռ» դրեյֆող գիտակայաններ կան Արկտիկայի բոլոր շրջաններում: Ձմեռող գիտնականներն այդ կայաններում մշտական դիտումներ են կատարում։ Ամեն օր ռադիոյով տեղեկություններ են հաղորդում եղանակի և օվկիանոսի վիճակի մասին։ Այդ հաղորդումներն օգտագործվում են ամբողջ աշխարհում՛։

1955 թ. սկսած այն դրեյֆող սառցաբեկորների վրա, ուր բևեռախույզների կայաններ չկան, ամեն տարի տեղակայում են ավտոմատ կայաններ, որոնք հետևում են եղանակին և սառույցների շարժմանը։

Սովետական բևեռախույզները բացահայտել են Արկտիկայի բազմաթիվ գաղտնիքներ: Օրինակ, դեռ պապանինականները պարզեցին, որ Հյուսիսային բևեռի շրջանում չկա ոչ մի կղզի ու երկիր։ Ավելի ուշ ուրիշ բևեռախույզներ Սառուցյալ օվկիանոսի հատակին հայտնաբերեցին 1800 կմ երկարությամբ մի բարձր լեռնաշղթա, որը կոչեցին Մ. Վ. Լոմոնոսովի անունով։

Արկտիկան արդեն սպիտակ անապատ չէ: Սառուցյալ օվկիանոսի ափերին աճել են ծովային նավահանգիստներ, քաղաքներ ու ավաններ։ Տարեցտարի Հյուսիսային ծովային ճանապարհով կատարվող շարժումն ավելի է աշխուժանում: Սովետական ծովայինները, պատմության մեջ առաջին անգամ, այդ ճանապարհով նավերի կարավանով անցան ոչ թե ամռանը, ինչպես սովորաբար, այլ ձմռանը։ Այժմ ամեն ինչ արվում է, որպեսզի մարդիկ Ծայր Հյուսիսում աշխատեն ու ապրեն նույնպիսի բարեկեցիկ պայմաններում, ինչպես մեր հայրենիքի մյուս շրջաններում։

Արկտիկայի մասին կարդացեք հետևյալ գրքերը.

Членов А. Ф., Твоя Арктика, М., «Дет. лит.», 1972.
Балигин Л. С., «Дет. лит.», 1964.