Արյուն

Անհիշելի ժամանակներում արդեն մարդիկ հասկացել էին, որ արյունը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի համար: Սակայն միայն 19-րդ դարում ուսումնասիրվեցին արյան բաղադրությունը, հատկությունները և դերն օրգանիզմում։

Արյունը կարմիր գույնի հատուկ հեղուկ հյուսվածք է, որ անընդհատ շարժվում է կենդանի օրգանիզմի արյունատար անոթներով։ Մարդու արյունը կազմում է նրա քաշի միջին հաշվով 6,8 տոկոսը (մոտ 5 լիտր 70 կգ զանգվածի դեպքում):

Արյան հիմնական բաղադրամասերն են բաց դեղնավուն հեղուկը պլազման, և նրա մեջ լողացող արյան կարմիր ու սպիտակ մարմնիկները:

Արյան պլազման պարունակում է օրգանիզմի՝ կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ պարզ և բարդ նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, աղեր, թթուներ, վիտամիններ և այլն:

Արյանը կարմիր գույն են տալիս կարմիր մարմնիկները էրիթրոցիտները, որ փոքրիկ, միայն մանրադիտակով տեսանելի գնդիկներ են: Դրանք արյան մեջ ապրում են 80-100 օր, իսկ հետո քայքայվում են: Յուրաքանչյուր վայրկյան մարդու արյան մեջ փոխարինվում են մոտ 10 մլն. էրիթրոցիտներ:

էրիթրոցիտները լի են հատուկ նյութով հեմոգլոբինով ճեմոգլոբինի բաղադրության մեջ մտնում է երկաթ պարունակող ներկանյութ։ Հեմոգլոբինի երկաթը հեշտությամբ որսում է ներշնչելիս թոքեր թափանցող օդի թթվածինը։ Արյունը, թոքերում հարստանալով թթվածնով, այն տարածում է ողջ օրգանիզմով: Թթվածինն անհրաժեշտ է մարմնի յուրաքանչյուր բջջին, առանց նրա բջիջները մեռնում են:

Մանրադիտակով մարդու արյունը զըննելիս կարելի է էրիթրոցիտների բազմության մեջ նկատել քիչ քանակությամբ արյան սպիտակ մարմնիկներ՝ լեյկոցիտներ: Նրանք էրիթրոցիտներից խոշոր են և թափանցիկ։ Լեյկոցիտները մեր հավատարիմ պաշտպաններն են ախտածին մանրէներից։ Նրանք օժտված են արյունատար անոթների պատերի միջով անցնելու ունակությամբ: Բավական է մանրէները թափանցեն օրգանիզմ, որպեսզի արյան սպիտակ մարմնիկների «զորքը» նետվի դեպի վտանգավոր տեղը, մարտի բռնվի դրանց հետ, կլանի և մարսի: Այդ երևույթն առաջինը բացահայտել է ռուս գիտնական Ի. Ի. Մեչնիկովը:

Արյունը սնում է օրգանիզմը: Մարմնի բջիջները զարգանում են, աճում, և «ծերացած», մեռած բջիջների փոխարեն պետք է առաջանան նորերը: Դրա համար «շինանյութ» է անհրաժեշտ, որը տալիս է սնունդը։ Ձեր ընդունած սնունդը, անցնելով ստամոքսի և աղիքների միջով, տևական և մանրակրկիտ մշակվում է, ապա ներծծվում արյունատար անոթների մեջ և միանում արյան հոսքին: Արյունատար նուրբ անոթների՝ մազանոթների, պատերի միջով արյունը օրգանիզմի բոլոր հյուսվածքներին ու բջիջներին մատակարարում է ոչ միայն թթվածին, այլև ջուր, սննդանյութեր, աղեր և վիտամիններ: Միաժամանակ արյունը հյուսվածքներից հեռացնում է այն վնասակար նյութերը, որոնք գոյանում են նյութափոխանակության ընթացքում և կարող են թունավորել օրգանիզմը։ Այդ նյութերն օրգանիզմից դուրս են գալիս թոքերի, երիկամների, աղիքների և մաշկի միջոցով: Արյան մեջ կան հատուկ բջիջներ` թրոմբոցիտներ, որոնք մասնակցում են արյան մակարդմանը։ երբ որևէ արյունատար անոթ վնասվում է, ապա այդ տեղում առաջանում է մակարդուկ և խցանում վերքը։ Այժմ դուք գիտեք օրգանիզմում արյան ունեցած հսկայական դերի մասին: Զուր չէ, որ այն անվանել են կենսատու: