Բրեստի ամրոց

Պատկերացրեք, որ ամառային մի շաբաթ երեկո քուն եք մտել այն հաճելի զգացումով, թե վաղը հանգստանալու եք, խաղալու, զբոսնելու, զվարճանալու: Եվ հանկարծ լուսաբացին արթնանում եք խլացուցիչ դղրդյունից, ձեր տունը ցնցվում է ու երերում, պատուհաններից զնգոցով դուրս են թռչում ապակիները: Շուրջը վառվում ու փուլ են գալիս շենքերը, բակում պայթում են ռումբեր ու արկեր, այս ու այն կողմ են վազվզում ահաբեկված, կիսամերկ մարդիկ, ոմանք ընկնում են սպանված կամ վիրավոր, լալիս են կանայք, ճչում են երեխաները: 1941 թ հունիսի 22-ին այդպես արթնացան Բրեստի ամրոցում ապրող մարդիկ: Նրանց արթնացրեց պատերազմը: Բրեստ քաղաքը գտնվում է Բելոռուսիայում, Սովետական Միության արևմտյան սահմանի մոտ: Նրա կողքին, Բուգ գետի ափին, մի հին ռուսական ամրոց կա: Պատերազմից առաջ Բրեստի ամրոցի զորանոցներում ու տներում ապրում էին կարմիրբանակայիններ և հրամանատարներ, շատերը` կանանց ու երեխաների հետ: Բուգի մյուս ափին կանգնած էին հիտլերյան բանակի զորքերը։ Ֆաշիստները գաղտագողի պատրաստվում էին հանկարծակի հարձակվել Սովետական Միության վրա: Գիշերները նորանոր զորքեր էին փոխադրում սահմանի մոտ, առափնյա խիտ թփուտներում քողարկում էին թնդանոթներ, որոնց նշանակետը ամրոցն էր: Հունիսի 22-ին, կիրակի օրը, առավոտյան ժամը 4-ին, երբ նոր-նոր լուսանում էր, այդ թնդանոթները կրակ բացեցին, իսկ ամրոցի վրա սկսեցին պտտվել գերմանական ինքնաթիռներն ու ռումբեր տեղալ։ Անակնկալի եկած, դեռևս կիսարթուն մարդիկ զոհվում էին շենքերի փլատակների տակ, սպանվում կամ վիրավոր ընկնում թշնամու կրակից։ Պատերազմի այդ առաջին սարսափելի առավոտը Բրեստի ամրոցում զոհվեցին հարյուրավոր սովետական ռազմիկներ, կանայք ու երեխաներ: Ֆաշիստները կարծում էին, թե այդ անսպասելի հարվածը իրենց հեշտ հաղթանակ կբերի, և արագ կգրավեն ամրոցը: Բայց երբ հիտլերականները ներխուժեցին ամրոցի բակը, նրանց դիմավորեց գնդացիրների և հրացանների կրակը: Գրոհը ետ մղվեց: Ողջ մնացած սովետական զինվորները զենք վերցրին: Նրանց հրամանատարներն էին մայոր Պյոտր Դավրիլովը, կապիտան Իվան Զուբաչովը, գնդի կոմիսար Եֆիմ Ֆոմինը և ուրիշներ: Սկսվեցին ծանր, երկարատև մարտերը: Ֆաշիստները շրջապատել էին ամրոցը, ռմբակոծում ու գրոհում էին ամեն կողմից։ Մեր զինվորներին փամփուշտները չէին հերիքում, ուտելու բան չկար, որովհետև փլատակների տակ էին մնացել ռազմամթերքի ու պարենի պահեստները: Նույնիսկ ջուր չկար, ջրմուղը չէր աշխատում: Իսկ երբ մարդիկ փորձում էին սողալով մոտենալ գետին, նրանց դիմավորում էր գերմանական գնդացիրների կրակը։ Ֆաշիստները գիշեր ու զօր գնդակոծում էին ափը, հուսալով, որ ծարավը պաշարվածներին կստիպի դադարեցնել դիմադրությունը: Ամրոցի պաշտպանները ծարավից ու քաղցից ուժասպառ էին լինում: Զենքն ու փամփուշտը նրանք ձեռք էին բերում թշնամու հետ ունեցած ձեռնամարտում և շարունակում էին մարտնչել։ Թշնամին պահանջում էր գերի հանձնվել, բայց նրանք պատասխանում էին գրոհներով ու կրակով: Ամրոցի դարպասներից նրանք մի պաստառ էին կախել, որի վրա արյունով գրված էր «Բոլորս կմեռնենք, բայց ամրոցից չենք հեռանա»։ Մարտը շարունակվեց 28 օր` հունիսի 22-ից մինչև հուլիսի 20-ը Բրեստը մնացել էր թշնամու թիկունքում, հարյուրավոր կիլոմետրեր հեռու: Մեր զորքերը նահանջել էին դեպի արևելք: Իսկ ամրոցի պաշտպանները առաջվա պես կռվում էին ֆաշիստների դեմ։ Նրանք համարյա բոլորը զոհվեցին մարտերում, և քչերը միայն գերի ընկան վիրավոր ու սովից ուժասպառ: Պատերազմի ավարտից հետո միայն հայտնի դարձավ, որ Բրեստի ամրոցի մի քանի պաշտպաններ ողջ են մնացել և գերությունից վերադարձել հայրենիք։ Նրանցից մենք իմացանք այդ մարտերի մանրամասներն ու հերոսների անունները: Ամրոցի պաշտպանների մեջ էին նաև հայ ժողովրդի զավակներ Սոս Նուրիջանյանը, Գուրգեն Խաչատրյանը, Թորգոմ Ղուկասյանը, Արամայիս Բաղդասարյանը, Շմավոն Դավթյանը և շատ ուրիշներ, թվով ավելի քան 100 հոգի. Բրեստի ամրոցի պաշտպանությունը Հայրենական մեծ պատերազմի պատմության ամենահերոսական էջերից է, սովետական ռազմիկների բացառիկ տոկունության և խիզախության լավագույն օրինակներից: Ամրոցում կազմակերպվել է թանգարան և կառուցվել վեհասքանչ հուշարձան-համալիր: Պաշտպանության շատ մասնակիցներ ետմահու պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության հրամանագրով: Բրեստի ամրոցին շնորհվել է «հերոս ամրոց» աատվավոր կոչումը: Սովետական Միության բոլոր ծայրերից և արտասահմանյան երկրներից ամեն տարի միլիոնավոր մարդիկ են այցելում Բրեստ, որպեսզի գլուխ խոնարհեն Բրեստի ամրոցի հերոս պաշտպանների հիշատակի առջև։