Ինչ է, ով է/Գիսավոր
Գիսավոր
Երկնքում երբեմն հայտնվում են արտասովոր «պոչավոր» աստղեր՝ գիսավորներ, որոնք արագ շարժվում են աստղալից երկնքում: Դա շատ գեղեցիկ տեսարան է:
Որքան գիսավորն ավելի է մոտենում Արեգակին, այնքան ավելի պայծառ է փայլում նրա գլուխը, այնքան ավելի է երկարում նրա միգամած պոչը:
Գիսավորը կարող է ունենալ մեկ կամ մի քանի պոչ: Դրանք սովորաբար ուղղված են Արեգակին հակառակ:
Հնում գիսավորներն իրենց անսպասելի հայտնություններով ու խորհրդավոր կերպարանափոխություններով սնոտի վախ էին առաջ բերում: Մարդկանց նրանք պատկերանում էին կտրված գլուխների, արյունոտ դաշույնների տեսքով։ Այն ժամանակներում երկնքում վառ գիսավորի հայտնվելը վատ նախանշան էր համարվում:
Գիտությունն ապացուցեց, որ այդ բոլոր երկյուղներն անհիմն են: Գիսավորներն Արեգակնային համակարգին պատկանող երկնային մարմիններ են։ Խիստ ձգված ուղեծրերով նրանք պտտվում են Արեգակի շուրջը։
Գիսավորների մեծ մասը Արեգակի շուրջը մեկ լրիվ պտույտ է գործում հսկայական ժամանակահատվածում՝ հազարավոր ու միլիոնավոր տարիների ընթացքում: Կան նաև այնպիսի գիսավորներ, որոնց համար այդ ժամանակը չափվում է ընդամենը տասնյակ տարիներով կամ, նույնիսկ մի քանի տարով:
Գիսավորի գլխավոր մասը միջուկն է: Այն սովորական փխրուն սառույցի մեծաբեկոր է, որին խառնված են «սառած» գազեր՝ մեթան, ամոնիակ և պինդ ածխաթթու՝ այն նույն «չոր սառույցը», որն օգտագործում են պաղպաղակ վաճառողները:
Գիսավորի միջուկում պարունակվում են նաև բազմաթիվ մանր, պինդ փոշեհատիկներ և քարանյութեր: Արեգակին մոտ գտնվող գիսավորները չեն երևում։
Արեգակին մոտենալիս գիսավորի միջուկը տաքանում է, նրանից սկսում են անջատվել գազեր և փոշի, որոնք էլ առաջացնում են գիսավորի գլուխն ու պոչը։ Երկրի համեմատությամբ, գիսավորների միջուկները շատ փոքր են։ Դրա փոխարեն գիսավորի գլուխը տրամագծով երբեմն գերազանցում է Արեգակի չափերը, իսկ որոշ գիսավորների պոչեր ձգվում են հարյուր միլիոնավոր կիլոմետրեր։ Որոշ գիսավորների թե գլուխը և թե պոչը չափազանց նոսր են. դրանց խտությունը միլիարդավոր անգամ փոքր է մեր շնչած օդի խտությունից։ Դրա համար էլ գիտնականները վաղուց արդեն գիսավորներն անվանում են «տեսանելի ոչինչ»:
Գիսավորի գլուխն ու պոչը կատարելապես թափանցիկ են: Երբ գիսավորը հայտնվում է Երկրի և որևէ աստղի միջև, ապա աստղի լույսն առանց թուլանալու հասնում է մեզ:
Գիսավորները Երկրի համար միանգամայն անվտանգ են։ Երկիրը շատ անգամ է բախվել գիսավորների պոչերին և հեշտությամբ անցել դրանց միջով: Երկրի և գիսավորի միջուկի բախվելու դեպքում (ինչը կարող է տեղի ունենալ չափազանց հազվադեպ, ոչ հաճախ, քան մեկ անգամ միլիոնավոր տարիների ընթացքում) կարող է կործանվել միայն գիսավորը:
Ամեն տարի գիտնականները մի քանի նոր գիսավոր են հայտնաբերում: Դրանց մեծ մասը սլանում անցնում է երկրից շատ հեռու և երևում միայն աստղադիտակով։ Անզեն աչքով տեսանելի, պայծառ, մեծ գիսավորները երկնքում հայտնվում են միջին հաշվով, տաս տարին մեկ: