Ինչ է, ով է/Գլինկա Մ. Ի.
Գլինկա Միխայիլ Իվանովիչ
1804-1857
Կյանքում ձեզ բազմաթիվ հետաքրքիր հանդիպումներ են սպասում գիտության աշխարհի և արվեստի գանձերի հետ։ Դուք բախտ կունենաք նաև ունկնդրելու ռուս մեծ կոմպոզիտոր Մ․ Ի․ Գլինկայի հոյակապ երաժշտությունը։ Հնարավոր է, որ նրա երաժշտությունն առաջին անգամը լսեք ձմեռային ձեր սիրելի տոնին, ուր հավաքված կլինեն գեղեցիկ հագնված երեխաներ։ Լսում եք, նվագախմբի երաժիշտները լարում են գործիքները։ Լռում են խոսք ու ծիծաղ։ Եվ ահա տոնական «Մանկական պոլկայի» հնչյունների ներքո բոլորը շուրջպար են բռնում տոնածառի շուրջը։
Կամ, գուցե, ձեզ հուզի «Արտույտի» վճիտ նրբին դայլայլը, որին կոմպոզիտորն, ասես, ականջ է դրել արևից ջերմացած դաշտում։ Կամ էլ կհափշտակվեք սրընթաց «ճանապարհային երգով»:
Մանկության տարիներին Գլինկան տարված էր ճանապարհորդությունների մասին պատմող գրքերով։ Կոմպոզիտոր դառնալուց հետո ինքն էլ շատ էր ճամփորդում: Ահա թե ինչու նրա երաժշտության մեջ լսվում են ոչ միայն ռուսական, այլև հայկական, ֆիննական, վրացական, իտալական, լեհական մեղեդիներ (արևելյան մեղեդիներն, առհասարակ, Գլինկային հաղորդում էր նկարիչ Լ Այվազովսկին): Նրա «Արագոնյան խոտա» և «Գիշերը Մադրիդում» գործերը վառ ու հրապուրիչ երաժշտական պատկերների միջոցով պատմում են Իսպանիայի մասին: Գլինկան սիրում էր երաժշտություն հորինել ամենանրբազգաց «գործիքի»՝ մարդկային ձայնի համար: Նա շատ երգեր ու ռոմանսներ է գրել Պուշկինի բանաստեղծությունների տեքստերով: Ռուսական առաջին օպերան` «Իվան Սուսանին»–ը, Գլինկան է ստեղծել։ Այս օպերան պատմում է հայրենիքի համար իր կյանքը զոհաբերած ռուս գեղջուկի սխրանքի մասին։ Առաջին անգամ թատերաբեմ ելավ հասարակ գյուղացին, օպերայում հնչեցին սրտառուչ, իրապես ժողովրդական մեղեդիներ։ Առհասարակ Գլինկայի ողջ երաժշտությունն առլեցուն է ռուսական ժողովրդական երգերի ու պարերի հյութեղությամբ ու գունագեղությամբ: Այդ երգերի ու պարերի ճոխ, գեղեցիկ և անզուսպ շռինդով լի երաժշտությունն ունկնդրի հոգուն հասցնելու համար Գլինկան օգտագործում էր ամբողջ նվագախմբի հնչողությունը` նրբին ջութակներից ու ֆլեյտաներից մինչև փողային ու հարվածային ամենահզոր նվագարանները: «Իվան Սուսանին» օպերայի «Փառաբանվիր» խմբերգի երաժշտությունը հանդիսավոր արարողություններին հաճախ է հնչում: Միխայիլ Իվանովիչը հեքիաթներ շատ էր սիրում և «հեքիաթային» երաժշտություն էլ է ստեղծել։ Եթե երբևէ լսեք նրա «Ռուսլան և Լյուդմիլա» օպերան, երբեք չեք մոռանա այդ գերող օպերայի կախարդական հերոսներին պատկերող երաժշտությունը։ Մ. Ի. Գլինկան իր երաժշտության մեջ կարողացել է արտահայտել ռուս ժողովրդի լուսավոր, կենսուրախ բնավորությունը։ Լսեք նրա «Կամարինյանը» և կհամոզվեք, որ այդպես է: Գլինկայից է սկսվել ռուսական երաժշտության ծաղկումը: Նա ռուս կոմպոզիտորներից առաջինն էր, որ հայտնի դարձավ աշխարհին: