Գրիգ Էդվարդ

Տղան ամբողջ օրը թափառում է ծովափին, մերթ ընդ մերթ հայացքը հառում երկինք: Ամպերը նրան թվում են բարի աչքերով շիկամորուս հսկաներ, դիցանուշներ, խռիվ մազերով թզուկներ: Երեկոյան նորվեգական Բերգեն հինավուրց քաղաքի փողոցներում, քաղաք, ուր ծնվել ու մեծացել էր Էդվարդը, գազալապտերների թարթող լույսի մեջ տղան վերստին տեսնում է այն, ինչ չեն տեսնում մեծահասակները: Նրա ականջներում շարունակ հնչում է բազմաձայն մի երգչախումբ, որը զարմանալի երգեր է երգում: Մի առանձնահատուկ ձևով տեսնելու և լսելու, ամենասովորական բաների մեջ հրաշքներ գտնելու այդ ունակությունը նա կպահպանի երկար ու երկար, իր ողջ կյանքում։ Շատ տարիներ անց այդ հրաշքները կենդանություն կառնեն նրա երաժշտության մեջ, որը կդառնա նրա հայրենի Նորվեգիայի և հարազատ ժողովրդի ձայնը։ Էդվարդ Գրիգի անունն արագորեն կտարածվի շատ երկրներում: Նրան կճանաչեն Եվրոպայում և Ամերիկայում նա բարեկամներ կգտնի նաև Ռուսաստանում։

«Նրա երաժշտության մեջ կա մոտ հարազատ մի բան, որն անմիջապես ջերմ համակրական արձագանք է գտնում մեր սրտերում»,— նրա մասին ասել է Պյոտր Իլյիչ Չայկովսկին։

Գրիգը նրա հետ ծանոթացել և մտերմացել է Գերմանիայում։ Առհասարակ նա այնքան էլ չէր սիրում հեռանալ իր հայրենիքի սահմաններից։ Կյանքի վերջին քսան տարիներին նա գրեթե մշտապես ապրել է փոքրիկ, բլրաշատ Տրոլդհաուգենում, որը գտնվում էր հայրենի Բերգենի մերձակայքում։

Բարձր ծառերը խիտ շրջապատել են փայտե տնակը։ Ծովափից գալարվելով ձգվում է նեղլիկ մի արահետ որով դեպի տնակն են բարձրանում ձկնորսները, մոտակա սղոցարանի բանվորները, գյուղացիները։ Նրանք լուռ նստոտում են պատուհանների տակ և երաժշտություն լսում։ Բաց պատուհաններից տարածվում է դաշնամուրի նվագը որ պատմում է հայրենի անտառների գեղեցկության, ծովի հեռուներում թևածող ազատաշունչ երգի, հյուսիսային ջինջ երկնքի մասին։ Երբ Գրիգը նվագում էր «Նորվեգական պարերը», մարդկանց թվում էր, թե նորից իրենց ջահել օրերի գեղջկական հարսանիքում են ահա գյուղի ջութակահարը հնչեցրեց առաջին ուրախ ակորդները, և մարդկանց վառ զգեստներն արդեն փայլկըտում են հնօրյա կրակոտ շուրջպարում։

Գրիգի Տրոլդհաուգենի տունը հիմա էլ կա Տարբեր երկրներից շատ այցելուներ են գալիս այն տեսնելու։ Չէ՞ որ նրա երաժըշտությունը հուզում է ոչ միայն նորվեգացիներին, այլև բոլոր նրանց, ովքեր սիրում են իսկական, կենսունակ արվեստը բարի անպաճույճ, մարդկային։

Երբ ձմռանը ձյունը նստում է տան շուրջը եղած ծառերին և թավ գորգով ծածկում տանիքը, թվում է, թե արահետի ոլորանից այն կողմ մեծ եղևնու ետևում թաքնվել են Գրիգի ստեղծագործությունների հերոսները։ Ահա վիկինգները հյուսիսի դյուցազունները, որոնց խրոխտ քայլքը մենք լսում ենք նրա դաշնամուրային բալլադում, «Հոլբերգի ժամանակներից» սյուիտում։ Թվում է նաև, թե սառցաշունչ օդում քարացել մնացել է քնքշալի ու թախծոտ, մեղմանուշ մի մեղեդի, որ ասես կանչ է կամ տրտունջ Սոլվեյգի Իբսենի «Պեր Դյունտ» պիեսի հերոսուհու, ձայնն է դա Այդ պիեսի համար Գրիգի գրած երաժշտությունը դուք դեռ բախտ կունենաք լսելու և կսիրեք։ Դուք երբեք չեք մոռանա Սոլվեյգին՝ Պերի հավատարիմ համբերատար մտերմուհուն, որն իր ողջ կյանքում սպասեց նրան։