Ինչ է, ով է/Դրուժինա
«Դրուժինա»–ն հին ռուսական բառ է, որ ծագում է «друг»՝ «բարեկամ» բառից։
Երբ վրա է հասնում դժբախտությունը կամ պատերազմելով գալիս է ոսոխը, ո՞վ է առաջինը օգնության հասնում։ Անշուշտ, բարեկամը, բոլոր բարեկամները միասին։ Եվ այն, ինչ վեր է նույնիսկ դյուցազնի ուժից, հաղթահարում են համերաշխ, համախմբված մարդիկ։ Դրուժինաները տարբեր են լինում։ Բանվորական դրուժինաները (ջոկատները) մարտնչում էին Կրասնայա Պրեսնյայի բարիկադներում։ Սանիտարական ջոկատները ռազմաճակատում պայքարում էին վիրավորների կյանքը փրկելու համար Հրշեջ ջոկատները կռվի են բռնվում կրակի հետ: Ահա փողոցով քայլում է ժողովրդական դրուժինան, և ոչ ոք չի համարձակվի խախտել կարգը, փչացնել մարդկանց տրամադրությունը:
Յուրաքանչյուր դպրոցում, պիոներական ճամբարում կամ հենց թեկուզ գյուղական փողոցում գործում են պիոներական դրուժինաներ: Նրանք բոլորը միասին կազմում են Վ. Ի. Լենինի անվան Համամիութենական պիոներական կազմակերպությունը:
Պիոներական դրուժինաները բաժանվում են ջոկատների, ջոկատները՝ օղակների։ Երբ դրուժինան ստեղծվում է, հենց առաջին հանդիսավոր տողանի ժամանակ նրան կարմիր դրոշ են հանձնում: Կոմերիտմիությունը դրուժինա է ուղարկում ավագ բարեկամին՝ պիոներական ջոկատավարին։ Պիոներական շատ դրուժինաներ փառաբանված հերոսների անուններ են կրում:
Պիոներական բոլոր գլխավոր գործերը երեխաները վճռում են դրուժինայի հավաքում: Այստեղ նրանք ընտրում են դրուժինայի խորհուրդ, խորհուրդն էլ նախագահ: Դրուժինան կազմակերպում է պիոներական հավաքներ, արշավներ և սպարտակիադաներ, աշխատանքային կիրակնօրյակներ և ուրախ հանդեսներ: Դրուժինան փոքրիկ հոկտեմբերիկներին օգնում է դառնալու իսկական պիոներներ, իսկ մեծերին՝ բազմաթիվ լավ գործեր կատարելու: Երբ տեսնեք քայլերթի ելած պիոներական դրուժինա, պատվի առեք: