Ինքնորոշում և, այսպես կոչված, «տարածքային ամբողջականություն» սկզբունքները հանրային միջազգային իրավունքի մեջ

Ինքնորոշում և, այսպես կոչված, «տարածքային ամբողջականություն» սկզբունքները հանրային միջազգային իրավունքի մեջ /Լեռնային Ղարաբաղի օրինակը/
Մենք չենք պատրաստվում սակարկել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Սերժ Սարգսյան, ՀՀ նախագահ, 1 հունիսի, 2010թ.
Ժողովուրդն է տարածքի բախտը որոշողը և ոչ թե տարածքը՝ ժողովրդի:
Հարդի Դիլարդ (Hardy Dillard), Միջազգային արդարության դատարանի դատավոր, 16 հոկտեմբերի, 1975թ.

«Ինքնորոշում» և «տարածքային ամբողջականություն» հասկացությունները հաճախ են գործածվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ: Ցավոք, այս իրավական եզրերը, հիմնականում քաղաքական դրդապատճառներով, հաճախ սխալ են գործածվում: Հիշյալ հասկացությունների սխալ գործածության օրինակներից է դեսպանացու Մեթյու Բրայզայի հետևյալ պնդումը. «Կա պետությունների տարածքային ամբողջականության իրավական սկզբունք, և կա ժողովուրդների ինքնորոշման քաղաքական սկզբունք»: (There's a legal principle of territorial integrity of states, there's a political principle of self-determination of peoples.) Իրականության մեջ ճիշտ հակառակն է: Կա ինքնորոշման իրավական սկզբունք, և չկա «տարածքային ամբողջականության» սկզբունք: ՄԱԿ-ի Կանոնակարգի 2-րդ հոդվածի 4-րդ կետը հռչակում է միմիայն հետևյալը.

«[ՄԱԿ-ի] բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան որևէ երկրի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի կիրառումից կամ սպառնալիքից, կամ այլ քայլերից, որոնք անհամատեղելի են Միավորված ազգերի նպատակների հետ»: Այս հիմնադրույթը ոչ մի ընդհանուր բան չունի «տարածքային ամբողջականության» բացարձակության, այսինքն՝ պետության տարածքի անձեռնմխելիության հետ: Ըստ ԱՄՆ արտաքին հարաբերությունների օրենքի հեղինակավոր մեկնաբանության, այն պարզապես դրույթ է ներխուժման դեմ՝ «ուժի գործադրման արգելք» (prohibition of use of force)[1], և սոսկ կոչ է անում ձեռնպահ մնալ «մի պետության կողմից ուժի գործադրման միջոցով մեկ այլ պետություն գրավելուց կամ նրա կառավարությունը տապալելուց»:[2]

Արդի ժամանակաշրջանի միջազգային իրավունքում «ինքնորոշման» և, այսպես կոչված, «տարածքային ամբողջականության» սկզբունքների կարգավիճակը, ընդգրկումն ու բովանդակությունը լիարժեք հասկանալու համար հարկ է առավել հանգամանալից անդրադառնալ այդ հարցերին:

ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ

խմբագրել

Ինքնորոշման պատմական հենքը

խմբագրել

Ինքնորոշումը հնուց եկող քաղաքական իրավունք է, որը մշտապես արժևորվել է բոլորի կողմից: «Ինքնորոշում» (self-determination, самоопределение) բառը բխում է գերմաներեն “selbstbestimmungsrecht” բառից, որը հաճախ էր գործածվում գերմանացի արմատական փիլիսոփաների կողմից XIX դ. կեսերին: Ինքնորոշման հայեցակարգի քաղաքական ծագումը գալիս է ԱՄՆ անկախության հռչակագրից (04.07.1776թ.): Զուր չէ, որ Ամերիկյան հեղափոխությունը համարվում է «ինքնորոշման բացառիկ օրինակ»:[3] Ինքնորոշման սկզբունքը հետագա քաղաքական զարգացման ենթարկվեց Ֆրանսիական հեղափոխության առաջնորդների կողմից: XIX դարում և XX-ի դարասկզբին ինքնորոշման սկզբունքն ազգայնական շարժումների կողմից մեկնաբանվում էր որպես յուրաքանչյուր ազգի համար սեփական անկախ պետություն ստեղծելու իրավունք, և միայն ազգային առումով միատարր պետություններն էին համարվում օրինական:[4] Առաջին աշխարհամարտի տարիներին ԱՄՆ նախագահ Վիլսոնը հանդես եկավ ինքնորոշման ջատագովությամբ, որն էլ իր հստակ սահմանումը գտավ նրա «Տասնչորս կետեր» (08.01.1918թ.) ծրագրային փաստաթղթի մեջ և, ըստ այդմ, քննության առարկա դարձավ Ազգերի լիգայի սկզբնական օրերին: Ազգերի լիգայի կողմից ստեղծված մանդատային համակարգն, ըստ էության, փոխզիջումային միջանկյալ իրավիճակ էր ուղղակի գաղութատիրության և ինքնորոշման իրավունքի միջև:

Թեև ինքնորոշումը որպես քաղաքական իրավունք ու սկզբունք ունի երկարատև պատմություն, այնուամենայնիվ ինքնորոշումը որպես միջազգային իրավունքի սկզբունք համեմատաբար նոր ծագում ունի: Քանզի ներկայումս միջազգային իրավունքի դասագրումը (կոդիֆիկացիան) հիմնականում իրականացվում է դիվանագիտական համաժողովների, երբեմն ՄԱԿ-ի վեհաժողովի կամ նմանատիպ համաժողովների միջոցով՝ նախապես Միջազգային իրավունքի հանձնաժողովի կամ այլ փորձագիտական մարմնի կողմից ներկայացված նախագծի հիման վրա,[5] ապա առաջին հերթին պետք է քննության առնել խնդրո առարկա հասկացությունների զարգացման ընթացքը միջազգային փաստաթղթերի միջոցով: Միաժամանակ անհրաժեշտ է ընդգծել, որ բոլոր այն հիմնադրույթները, որոնք հոդվածների ձևով ներառված են միջազգայնագրերի (conventions) մեջ և արտացոլում են գոյություն ունեցող միջազգային սովորութական (customary) իրավունքը, ապա դրանք պարտադիր են բոլոր պետությունների համար՝ անկախ դրանց տվյալ միաջազգայնագրերին միացած կամ չմիացած լինելուն:[6]

Ինքնորոշման զարգացումը ՄԱԿ-ի հովանու ներքո

խմբագրել

1. Ընդգրկումը ՄԱԿ-ի կանոնակարգի մեջ

Ինքնորոշման իրավունքը բազմաթիվ անգամներ է քննության առարկա դարձել Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Այն վկայակոչվել է Ատլանտյան դաշնաթղթի (Atlantic Charter, 14.08.1941թ.) մեջ, ապա վերարծարծվել Վաշինգտոնի 1942թ. հռչակագրի (Washington Declaration) և 1943թ. Մոսկվայի հռչակագրի (Moscow Declaration), ինչպես նաև ժամանակի այլ կարևոր փաստաթղթերի մեջ: Շնորհիվ հենց այս հռչակագրերի արդեն ՄԱԿ-ի ստեղծման օրերին ինքնորոշում հասկացությունը դիտարկվում էր որպես միջազգային իրավունքի սկզբունք: Ի վերջո «իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը» ներառվեց ՄԱԿ-ի կանոնակարգի մեջ: Կանոնակարգը [հոդված 1(2)] հստակորեն սահմանեց ինքնորոշման սկզբունքը. «Միավորված ազգերի նպատակներն են. ժողովուրդների միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ ազգերի միջև՝ հիմնվելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա», ինչպես նաև ինքնորոշումը համարվեց «համընդհանուր խաղաղությունն ամրապնդելու» հնարավոր միջոցներից մեկը:[7] ՄԱԿ-ի կանոնակարգի IX գլխի (Միջազգային տնտեսական և հասարակական համագործակցության, International Economic and Social Co-operation) 55-րդ հոդվածի մեջ թվարկված են այն նպատակները, որոնք պետք է խրախուսվեն նշյալ կազմակերպության կողմից. «… իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման հարգանքի վրա կայունության ու բարօրության պայմանների ստեղծումն անհրաժեշտ է ազգերի միջև խաղաղ և բարեկամական հարաբերությունների համար …»: Ըստ նույն կանոնակարգի 56-րդ հոդվածի. «բոլոր անդամները պարտավորվում են կազմակերպության [ՄԱԿ-ի] հետ համատեղ և անջատ գործողություններ իրականացնել՝ նպատակ ունենալով հասնել 55-րդ հոդվածի մեջ առաջադրված նպատակներին»:

Ինչպես բխում է ՄԱԿ-ի կանոնակարգի 55-րդ հոդվածից, ինքնորոշման սկզբունքը միջազգային խաղաղ և բարեկամական հարաբերությունների հիմքերից է: Այլ բառերով, առանց նշյալ սկզբունքի պահպանման հնարավոր չեն նման հարաբերություններ: Նույն հոդվածը նշում է, որ ՄԱԿ-ի պարտականությունն է խրախուսել հարգանքը մարդու հիմնարար ազատությունների նկատմամբ (պար. c), ըստ այդմ՝ ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ: Եւ քանի որ ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների հաստատումը և մարդու իրավունքների հարգանքի խրախուսումն ընդգրկված են ՄԱԿ կարևորագույն խնդիրների շարքում, ուստի ակներևաբար սույն կազմակերպությունը կոչված է առաջ մղելու ժողովուրդների ինքնորոշման հարցը:[8] ՄԱԿ-ի կանոնակարգը գերակա է բոլոր այլ միջազգային փաստաթղթերի նկատմամբ: Այս պայմանն ամրագրված է կանոնակարգի 103-րդ հոդվածում, հետևաբար ընդունված է բոլոր անդամների կողմից:

Ակնհայտ է, որ ՄԱԿ-ն ինքնորոշումը (այսինքն այդ իրավունքի կենսագործումը և ոչ թե՝ սոսկ իրավունքը) ոչ միայն իր հիմնարար սկզբունքներից է համարում, այլև՝ հիմք բարեկամական հարաբերությունների և համընդհանուր խաղաղության համար: Հետևապես, ինքնորոշման մերժումը խոչընդոտում է բարեկամությանը և համընդհանուր խաղաղությունը: Ավելին, ՄԱԿ-ի կանոնակարգի 24-րդ հոդվածի 2-րդ կետը հռչակում է.

«Սույն պարտավորություններն իրականացնելիս [միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը] Անվտանգության խորհուրդը պետք է գործի Միավորված ազգերի նպատակներին և սկզբունքներին համահունչ»:

Հետևաբար, քանի որ ինքնորոշումը ՄԱԿ-ի սկզբունքներից մեկն է, ուստի միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում Անվտանգության խորհուրդը պետք է առաջնորդվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքով:

2. Զարգացումը ՄԱԿ-ի պրակտիկայով

Ինքնորոշման հայեցակարգը հետագա զարգացում ապրեց Միավորված ազգերի պրակտիկայում: Իր բանաձևերի միջոցով ՄԱԿ-ը մեկնաբանեց և զարգացրեց ինքնորոշման սկզբունքը: 16.12.1952թ.-ի 637A(VII) բանաձևի մեջ ՄԱԿ-ի վեհաժողովը հայտարարեց. «ժողովուրդների և ազգերի ինքնորոշման իրավունքը նախադրյալ է մարդու բոլոր հիմնարար ազատությունները վայելելու համար»: Վեհաժողովը նաև հորդորեց, որ «Միավորված ազգերի անդամ երկրները պետք է աջակցեն բոլոր ժողովուրդների և ազգերի ինքնորոշման սկզբունքին»:

ՄԱԿ-ի վեհաժողովը 1960թ. ընդունեց բանաձև [1514(XV)]՝ վերնագրված. Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն շնորհելու մասին հռչակագիր, որի 2-րդ պարբերությունը հռչակում է.

«Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք; ըստ այդմ, նրանք են որոշում իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն հետամուտ են լինում իրենց տնտեսական, հասարակական և մշակութային զարգացմանը»:

Սույն հռչակագիրն ինքնորոշման սկզբունքը համարում է ՄԱԿ-ի կանոնակարգից ածանցվող հանձնառությունների մաս: Ընդ որում, նշյալ հռչակագիրը պարզ հորդոր չէ, այլ կանոնակարգի հեղինակավոր մեկնաբանություն:[9]

Հետագայում ինքնորոշման սկզբունքն իր արտացոլումը գտավ մի շարք միջազգային փաստաթղթերի մեջ: 1966թ. մարդու իրավունքների մասին 2 միջազգայնագիր (կոնվենցիա) մտան ուժի մեջ՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (International Covenant on Civil and Political Rights) և Տնտեսական, հասարակական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (International Covenant on Economic, Social and Cultural Rights): Այս դաշնագրերն ունեն մի ընդհանուր հոդված՝ #1, որն ամրագրում է.

«Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքով էլ նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և հետամուտ են իրենց տնտեսական, հասարակական և մշակութային զարգացմանը»:

Հետագա տարիներին ևս, ըստ Միավորված ազգերի կանոնակարգի պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագիրը (Declaration of Principles of International Law Concerning Friendly Relations and Co-operation among the States in accordance with the Charter of the United Nations) [ՄԱԿ-ի վեհաժողով, բանաձև 2625 (XXV), 1970թ.] հաստատեց այն սկզբունքը, ըստ որի ինքնորոշումը բոլոր ժողովուրդներին վերաբերող իրավունք է, և նրա կենսագործումը պահանջվում է ՄԱԿ-ի կանոնակարգով.

«Ըստ իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի, որը ներառված է Միավորված ազգերի կանոնակարգի մեջ, բոլոր ժողովուրդներն էլ իրավունք ունեն ազատորեն, առանց արտաքին միջամտության որոշել իրենց քաղաքական կարգավիճակը, հետամուտ լինել իրենց տնտեսական, հասարակական և մշակութային զարգացմանը, և ամեն պետություն, համաձայն կանոնակարգի դրույթների, պարտավոր է հարգել սույն իրավունքը»:

Ինչպես իրավացիորեն նկատել է Միջազգային հարաբերություններում ազգերի միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող սկզբունքների հատուկ հանձնաժողովի (Special Committee on Principles of International Relations concerning Friendly Relations and Co-operation among the Nations) զեկուցող Մ. Զահովիչը (M. Zahovic). «Քննարկումներին մասնակցած գրեթե բոլոր ներկայացուցիչները շեշտեցին, որ [ինքնորոշման] սկզբունքն այլևս չի համարվում միայն բարոյական կամ քաղաքական հիմնադրույթ; այն ըստ ամենայնի միջազգային իրավունքի սկզբունք է: Սույն սկզբունքի լիակատար ընդունումը նախադրյալ է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման, պետությունների միջև բարեկամական հարաբերությունների, համագործակցության զարգացման և ամբողջ աշխարհում տնտեսական, հասարակական ու մշակութային առաջընթացի խրախուսման համար»:[10]

Ինքնորոշման սկզբունքը և մարդու իրավունքները

խմբագրել

Ինքնորոշման սկզբունքը, միջազգային հարաբերություններում փիլիսոփայական հայեցակարգից վերափոխվելով քաղաքական հայեցակարգի, հիմա վերաճել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի: Վերջին ժամանակներս զարգանալով՝ այն դարձել է մարդու իրավունքների հարց, որը վերաբերում է որոշակի խմբի, այլ ոչ թե մի անհատի[11] և, ինչպես նշել էինք, իրավացիորեն ներառված է մարդու իրավունքների զույգ դաշնագրերի մեջ:

25.06.1993թ.-ին 171 երկրների ներկայացուցիչներ համախոհությամբ (by consensus) ընդունեցին Մարդու իրավունքների համաշխարհային համաժողովի Վիեննայի հռչակագիրը և գործողությունների ծրագիրը (Vienna Declaration and Programme of Action of the World Conference on Human Rights): Վիեննայում համաձայնեցված եզրափակիչ փաստաթուղթը, որն արժանացել է ՄԱԿ-ի վեհաժողովի 48-րդ նստաշրջանի հավանությանը (բանաձև 48/121, 1993), վերահաստատեց այն սկզբունքները, որոնք զարգացել են վերջին 45 տարվա ընթացքում և առավել ամրապնդել են մարդու իրավունքների հիմքերը: Նշյալ փաստաթուղթը ճանաչում է ժողովրդավարության, զարգացման և մարդու իրավունքների, ներառյալ ինքնորոշման իրավունքի, փոխկապակցվածությունը: Եզրափակիչ փաստաթուղթը շեշտում է, որ համաժողովը ինքնորոշման իրավունքի մերժումը համարում է մարդու իրավունքների ոտնահարում և ընդգծում է տվյալ իրավունքի արդյունավետ կենսագործման կարևորությունը[12] [պարբ. 2]. «Մարդու իրավունքների համաշխարհային համաժողովը ինքնորոշման իրավունքի մերժումը համարում է մարդու իրավունքների ոտնահարում և ընդգծում է սույն իրավունքի լիարժեք կենսագործման կարևորությունը»:[13] Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիան, սույն փաստաթղթին մասնակից երկրներ են: Մարդու իրավունքների և համաշխարհային խաղաղության հարցերով մտահոգ կազմակերպությունները լիակատար ճանաչում են տվել այն փաստին, որ ինքնորոշման նկատմամբ հարգանքը համաշխարհային խաղաղության նախապայման է: Մարդու հիմնարար իրավունքներն իմաստ ունեն այն դեպքում, երբ ժողովուրդը վայելում է ինքնորոշման պտուղները:[14]

Ինքնորոշման սկզբունքի բուն իմաստն այն է, որ բոլոր ժողովուրդները, անկախ իրենց ցեղախմբից, կրոնից կամ սեռից, ներքին և արտաքին գերիշխանությունից, օրենքի շրջանակում ազատորեն վայելեն ժողովրդավարության իրավունքները: Այն ձգտում է ապահովել հնարավորություններ ժողովուրդների քաղաքական, հասարակական և մշակութային զարգացման համար: Ինքնորոշման սկզբունքի հիմնական նպատակն է երաշխավորել, որ բոլոր ժողովուրդները սեփական հայեցողության համաձայն ունենան կառավարություն, որը կհամապատասխանի նրանց քաղաքական, տնտեսական և մշակութային պահանջներին:[15] Այսպիսով, ինքնորոշման իրավունքի մերժումը մարդու իրավունքների ոտնահարում է և, ըստ այդմ, միջազգային իրավունքի խախտում:

Ինքնորոշման սկզբունքի զարգացումն այլ կազմակերպությունների միջոցով

խմբագրել

Միջազգային արդարության դատարանին (International Court of Justice) առընթեր Իրավագետների միջազգային հանձնաժողովը (International Commission of Jurists) բազմաթիվ համաժողովներ է հրավիրել օրենքի գերիշխանության հարցերով և փորձել է տալ օրենքի իշխանության հստակ ու ընդգրկուն սահմանումը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում դրանց լավագույն կենսագործման միջոցները: Նրանց առաջին քննաժողովը գումարվել է Աթենքում 1955թ., որի մասնակիցներն ընդունեցին Աթենքի ակտը (Act of Athens), որն ամրագրում է.

«(9) Ինքնորոշման իրավունքի ճանաչումը մեր դարաշրջանի մեծագույն նվաճումներից է և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից, դրա չգործադրումը միանշանակորեն դատապարտվում է: (10) Արդարությունը պահանջում է, որ ժողովորդը, էթնիկ կամ քաղաքական փոքրամասնությունը չզրկվի իր բնական իրավունքից, հատկապես մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներից, կամ իրավահավասար վերաբերմունքից՝ անկախ ցեղախմբից, գույնից, դասակարգից, քաղաքական համոզմունքից, կաստայից կամ դավանանքից:»[16]

Օրենքի միջոցով համաշխարհային խաղաղություն [հաստատելու] Իրավաբանների համաշխարհային առաջին համաժողովը (The First World Conference of Lawyers on World Peace through Law) իր Օրենքի համաշխարհային տիրապետության գլխավոր սկզբունքների հռչակագրի (Declaration of General Principles for a World Rule of Law) (Աթենք, 06.07.1963թ.), մեջ հռչակեց հետևյալը.

«Որպեսզի օրենքի գերիշխանության ներքո հաստատվի իրավական արդյունավետ համակարգ, որը կբացառի ուժի գործադրումը, մենք հայտարարում ենք, որ … (6) ինչպես հռչակված է ՄԱԿ-ի կանոնակարգի մեջ, աշխարհի ժողովուրդների ինքնորոշման իրավունքն օրենքի գերիշխանության հիմնարար սկզբունք է»:[17]

Ինքնորոշման սկզբունքի զարգացումն Արդարության միջազգային դատարանի միջոցով

խմբագրել

Ինքնորոշման իրավունքը վերահաստատվել է միջազգային դատարանի վճիռներով: Օրինակ, Հարավ-արևմտյան Աֆրիկային (South-West Africa Cases) վերաբերող դատական գործերում (26 դեկտեմբերի, 1961թ. և 18 հուլիսի, 1966թ.) դատավոր Ներվոն (Nervo), իրավահավասարության և ազատության հայեցակարգի վերաբերյալ իր համոզումն է արտահայտել հետևյալ կերպ. «քանի դեռ ամբողջ աշխարհի ժողովուրդները չեն հասել ինքնորոշման և անկախության իրենց նպատակին, մենք պիտի ոգեշնչենք ժողովուրդների երազանքն ու վարքն այդ ուղղությամբ»:[18]

Միջազգային դատարանն իր Արևմտյան Սահարային վերաբերող (Western Sahara Case) (16 հոկտեմբերի, 1975թ.) խորհրդատվական կարծիքի մեջ վերահաստատել է «ինքնորոշման իրավունքի վավերականությունը» միջազգային իրավունքի մեջ:[19]

Ինչպես նաև, Միջազգային դատարանի Արևելյան Թիմորին վերաբերող (Պորտուգալիան ընդդեմ Ավստրալիայի) 1995թ. հունիսի 30-ի որոշումը [պարբ. 29] վերահաստատել է ՄԱԿ-ի կանոնակարգով և նույն դատարանի իրավական փաստաթղթերով ճանաչված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ որպես «ժամանակակից միջազգային իրավունքի էական սկզբուքներից մեկը»:[20]

Ինքնորոշման կարգավիճակը, ընդգրկումը և բովանդակությունը ժամանակակից միջազգային իրավունքի մեջ

խմբագրել

Ըստ Միավորված ազգերի փաստաթղթերի, ինչպես նաև իրավագետ հեղինակների մեծ մասի կարծիքի, ինքնորոշումը արդի միջազգային իրավունքի մաս է: 1945թ. ի վեր ՄԱԿ-ում տեղի ունեցած զարգացումների շնորհիվ, իրավագետները ներկայումս մեծ մասամբ ընդունում են, որ ինքնորոշումն իրավական սկզբունք է:[21] Սույն սկզբունքը հաստատվել, զարգացել և ավելի շոշափելի կերպավորում է ստացել պետությունների պրակտիկայի ամբողջության մեջ և ի շարս «միջազգային իրավունքի հինարար սկզբունքների» տեղ է գտել Բարեկամական հարաբերությունների բանաձևերի (Friendly Relations Resolutions) մեջ:[22] Ինքնորոշման սկզբունքի ընհանրականությունը և քաղաքական բովանդակությունը չի զրկում նրան իր իրավական էությունից:[23] Ավելին, որևէ կասկած չունենալով, որ ինքնորոշման սկզբունքն իրավական սկզբունք է, ներկայումս շատ իրավագետներ ինքնորոշումը համարում են jus cogens, այսինքն՝ միջազգային իրավունքի անբեկանելի նորմ:[24] Հետևաբար, որևէ շեղում ինքնորոշման իրավունքից ընդունելի չէ ոչ պայմանագրերի և ոչ էլ միջազգային այլ գործարքների միջոցով:[25]

Անհրաժեշտ է ընդգծել, որ ինքնորոշման իրավունքն իրավունք է ընտրելու քաղաքական կազմակերպվածությունը և փոխհարաբերությունն այլ խմբերի հետ: Ընտրությունը կարող է լինել ինչպես պետական անկախության, դաշնային պետության մեջ այլ խմբերի հետ գոյակցության կամ ինքնավարության, այնպես էլ միակազմ պետության մեջ լիակատար տարրալուծման տեսքով:[26] Երբ որևէ իրավիճակում ի հայտ է գալիս ինքնորոշման խնդիր, ապա ներպետական օրենսդրության վկայակոչումով հնարավոր չէ այն մերժել: Միջազգային ավանդութային իրավունքը, պետությունների դիրքորոշումներից անկախ, պարտադիր է բոլոր պետությունների համար: Անկախ սրանից, պետությունները ՄԱԿ-ի կանոնակարգին մաս կազմելով, ինքնորոշման սկզբունքը պարտադիր են դարձրել իրենց համար:[27] Որոշ պետությունների պնդումները, որ ինքնորոշման սկզբունքի կենսագործումը խախտում է իրենց իրավունքները կամ հակոտնյա է իրենց «սահմանադրական գործընթացներին» չի կարող պատրվակ հանդիսանալ ուրիշ ժողովուրդներին ինքնորոշման իրավունքից զրկելու համար:[28] Ներկայումս ինքնորոշումը որպես սկզբունք համընդանուր ընդգրկման է:[29] Այն նաև անվերապահ է, հետևաբար ՄԱԿ-ի անդամ-երկրները ինքորոշման կենսագործումը չպիտի կապեն այլ հարցերի հետ:[30]

Այս բոլոր նկատառումներն ի մի են բերված Լիխտենշտեյնի կառավարության ղեկավար և արտաքին գործերի նախարար Հանս Բռունհարտի (Hans Brunhart) ՄԱԿ-ի վեհաժողովի 47-րդ նստաշրջանի ժամանակ (23.09.1992թ.) ունեցած ելույթի մեջ (UNDocA/47/PV.9) [պարբ. 6]. «Ինքնորոշման իրավունքը որպես սկզբունք ներկայումս համընդհանուր ճանաչում ունի: Ես ուզում եմ հիշեցնել, որ ինքնորոշումը ոչ միայն ՄԱԿ-ի կանոնակարգի հիմնադրույթներից է, այլև այս վեհաժողովում ներկայացված պետությունների մեծ մասը, ի հետևանք 1966թ. մարդու իրավունքների զույգ միջազգայնագրերի առաջին հոդվածի, արդեն իսկ գտնվում են հստակ իրավական հանձնառությունների ներքո: Այդ հոդվածով երկրները պաշտոնապես և որպես իրավական պարտավորություն ընդունել են, որ. «Բոլոր ժողովորդներն ունեն ինքնորոշման իրավունք»: Հենց այդ իրավունքի շնորհիվ նրանք իրավասու են ազատորեն որոշել իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն հետամուտ լինել իրենց տնտեսական, հասարակական և մշակութային զարգացմանը»:[31]

Որոշ ակնառու բացառություններով հանդերձ, ինքնորոշման սկզբունքի գործնական և խաղաղ գործադրումը հաճախ է անտեսվում: Այլոց վրա տիրապետություն հաստատած ուժեր, չնայած ՄԱԿ-ի կանոնակարգով ստանձնած պարտավորություններին, շարունակաբար խոչընդոտում են ճնշված ժողովուրդներին՝ իրագործելու իրենց ինքնորոշման իրավունքը: Հետևապես, ինչպե՞ս է հնարավոր որոշել, թե ժողովուրդն ի՞նչ ձևով է ուզում տնօրինել իր ճակատագիրը:

Զանազան ուղիներ կան որոշելու ինքնորոշման ձգտող ժողովրդի կամքը: Ժողովրդի կամքը կարող է հստակեցվել հանրահարցման (plebiscite) միջոցով: Հանրահարցումը կամ գրեթե նույն բանն հանդիսացող հանրաքվեն (referendum), ըստ էության սեփական տարածքի քաղաքական և իրավական կարգավիճակը որոշելու բնակչության մեծամասնության իրավունքի ճանաչումն է:[32] Ժողովրդի կամքը կարող է արտահայտվել խորհրդարանի կամ ինքնորոշվող ժողովրդի կողմից ընտրված ցանկացած այլ ներկայացուցչական կառույցի միջոցով:[33]

Ընդհանրապես, խնդրո առարկայի վերաբերյալ տարածված են հանրահարցումներ առանց ուղղակի հանրային քվեարկության: Այս դեպքերում ինքնորոշվող տարածքի բնակչությունն ընտրում է ներկայացուցչական մարմին, որն էլ իր հեթին արտահայտում է ժողովրդի կամքը: Եթե այդ մարմնի ընտրություններն ու այդ մարմնի մեջ քվեարկությունը կայացել են ժողովրդավարական եղանակով, ապա ժողովրդի կամարտահայտման այս ձևը միանգամայն օրինական է:[34] Սա հենց այն վիճակն է, որ մենք վերջերս (23.05.2010թ.) ունեցել ենք ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Ժողովրդի կամքը կարող է նաև արտահայտվել զանգվածային բողոքի միջոցով՝ քաղաքացիական անհնազանդություն, ցույցեր, հավաքներ, լրագրային հոդվածներ և այլն: Ի վերջո այն կարող է նաև իր դրսևորումը ստանալ զինված պայքարի և ազգային-ազատագրական պատերազմի ձևով: Վերջինս դրսևորման ծայրահեղ միջոց է և մարդիկ դրան միայն հարկադրաբար են դիմում: Ըստ վերջին տարիներին միջազգային իրավունքի մեջ կայացած ավանդույթի, ինքնորոշման սկզբունքը ներառում է նաև անկախության իրավունք: Նույն հիմքով օրինականացվել է երրորդ կողմի միջամտությունը ազգային-ազատագրական պատերազմին՝ հօգուտ անջատողական շարժման:[35] Ինքնորոշման հասնելու համար ուժի գործադրումը և ազգային-ազատագրական շարժումներին օժանդակելը վերջին տարիներին սկսել է հարաճուն կերպով համարվել օրինական: Դա հիմնավորվում է այն հանգամանքով, որ այդ ձևով խրախուսվում է ՄԱԿ-ի կանոնակարգի սկզբունքների իրագործումը:[36]

Միջազգային իրավունքի մեջ չկա անջատողականությունն արգելող որևէ օրենք, իսկ ՄԱԿ-ի կանոնակարգը հստակորեն հանդես է գալիս ինքնորոշմանը պաշտպանությամբ: Ինքնորոշումը կարող է ընթանալ ոչ ժողովրդական կառավարությունը տապալել ձգտող ապստամբության, հակագաղութային ապստամբության, անջատողական շարժման և անկախ երկիր ստեղծելու ճանապարհով:[37] Պետք է հատկապես շեշտել, որ ցանկացած ճանապարհի ընտրության դեպքում ոչ մի «կենտրոնական իշխանություն» կամ ուրիշ ժողովուրդ չի կարող լուծել ինքնորոշվող ժողովրդի խնդիրը, քանի որ դա դեմ կլինի բուն ինքնորոշման սկզբունքին:[38]

Ինքնորոշման ընդգրկման հարցը քննելիս անհրաժեշտ է պատասխանել մի կարևոր հարցի. Արդյո՞ք ժողովուրդները և ազգերը, որոնք արդեն իրագործել են իրենց ինքնորոշման իրավունքը, շարունակում են պահպանել ինքնորոշման իրավունքը: Պատասխանն է՝ այո, քանի որ ՄԱԿ-ի կանոնակարգը ճանաչում է բոլոր ժողովուրդների ու ազգերի ինքնորոշման իրավունքը, առանց խտրականություն դնելու պետականություն ունեցող կամ չունեցողների միջև: Հարցը նույնպիսի պատասխան է ստացել նաև ՄԱԿ-ի վեհաժողովի բանաձևի մեջ, որը վերաբերում է Մարդու իրավունքների դաշնաթղթերի մեջ մարդու իրավունքներին վերաբերող դրույթի ընդգրկման հարցին:[39] Անվիճելի է նաև, որ դրսի միջամտությամբ և առանց բնակչության հստակ համաձայնության պետությունների միջև բաժանված ազգերը շարունակում են պահպանել ինքնորոշման ժառանգված իրավունքը՝ ներառյալ վերամիավորման իրավունքը:[40]

Ավելին, ինքնորոշման իրավունքի խախտումը որպես պատճառ է օգտագործվել Եվրոպական համայնքի կողմից՝ մերժելու համար անկախության ձգտող միավորին որպես պետություն ճանաչելը: Եվրոպական համայնքի Արևելյան Եվրոպայի և Սովետական Միության տարածքի նոր պետությունների ճանաչման մասին ուղենիշների հռչակագրի մեջ (EC Declaration on the Guidelines on the Recognition of New States in Eastern Europe and in the Soviet Union) (16 դեկտեմբերի, 1991թ.) հետևյալ պահանջը կա. ճանաչվելիք պետությունները մինչև ճանաչվելը և ճանաչվելու համար ժողովրդավարության և էթնիկ ու ազգային խմբերի ու փոքրամասնությունների իրավունքների հարգման սահմանադրական երաշխիքներ պիտի տրամադրեն: Ավելին, միջազգային իրավունքի նոր հիմնադրույթը հռչակում է, որ այն պետությունը, որը հիմնվել է ինքնորոշման իրավունքի ոտնահարումով առ ոչինչ է միջազգային իրավունքի մեջ:[41]

Ժողովուրդների ինքնորոշման առնչությամբ կա մի հարց ևս. Արդյո՞ք ինքնորոշման իրավունքը կարող է վերաբերել ոչ գաղութային միավորներին: Անշուշտ, ինքնորոշման իրավունքի հիմնական նպատակը գաղութատիրությանը հնարավորինս արագ վերջ տալն էր: Այսուհանդերձ, սկսած ՄԱԿ-ի կանոնակարգի մեջ այդ սկզբունքի դասագրումից (codification), չկա ինքնորոշմանը վերաբերող որևէ միջազգային փաստաթուղթ, որն ինքնորոշման իրավունքը սահմանափակի միայն գաղութային երկրներով: Օրինակ, արդեն բազմիցս հիշատակված Մարդու իրավունքներին վերաբերող 1966թ. զույգ դաշնաթղթերի ընդհանուր #1 հոդվածը ինքնորոշման իրավունքը վերապահում է «բոլոր ժողովուրդներին» առանց սահմանափակումների: Հելսինկիի վեհաժողովի եզրափակիչ ակտի (1975թ.) ութերորդ սկզբունքը հռչակում է. «ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հիման վրա բոլոր ժողովուրդների իրավունքն է՝ լիովին ազատ, ցանկացած պահի, առանց արտաքին միջամտության, որոշել իրենց ներքին և արտաքին քաղաքական կարգավիճակը, և ըստ իրենց հայեցողության հետամտել իրենց քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացումը»: Միջպետական պրակտիկան նույնպես աջակցում է ինքնորոշման իրավունքի ընդլայնված՝ գաղութային շրջանակից դուրս, գործադրումը: Իսկապես, Իրավագետների միջազգային հանձնաժողովը (International Commission of Jurists) Բանգլադեշի անջատման մասին իր զեկույցի մեջ նշում է. «եթե պետության մաս հանդիսացող ժողովուրդներից մեկը զրկվում է իրավահավասարությունից և խտրականության է ենթարկվում, ապա նրա ինքնորոշման ամբողջական իրավունքը կյանքի է կոչվում»:[42]

ՄԱԿ Անվտանգության խորհրդի 5 անդամներից 4-ի կողմից ստորագրված Գերմանիայի վերջնական կարգավիճակի մասին պայմանագիրը (Treaty on the Final Settlement with Respect to Germany), (12.09.1990թ.) հստակորեն նշում է. «Գերմանացի ժողովուրդը, ազատորեն կենսագործելով ինքնորոշման իր իրավունքը, արտահայտել է իր կամքը՝ միավորել Գերմանիան որպես մեկ պետություն», [նախաբան, պարբ. 11]: Սա այն դեպքում, երբ ոչ Արևելյան և ոչ Արևմտյան Գերմանիաները գաղութ չէին: Այս դիտարկումը նաև վերաբերում է այն պետություններին, որոնք առաջացել են ԽՍՀՄ և Հարավսլավիայի տրոհումներից հետո:[43]

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

խմբագրել

«Տարածքային ամբողջականություն». զարգացումը և բովանդականությունը

խմբագրել

«Տարածքային ամբողջականություն» հասկացությունը, խիստ սահմանափակ ըմբռնմամբ, միջազգային փաստաթղթերում գործածվել է միայն 3 անգամ: Մնացած դեպքերում դրանք հղումներ են այդ փաստաթղթերին: Տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության հայեցակարգերը ի հայտ են եկել Առաջին աշխարհամարտից անմիջապես հետո: Ազգերի լիգայի 10-րդ հոդվածը հռչակում է. «Ազգերի լիգայի անդամները պարտավորվում են հարգել և պահպանել Ազգերի լիգայի բոլոր անդամների տարածքային ամբողջականությունն արտաքին ներխուժումից»:[44] «Տարածքային ամբողջականության» նույն ըմբռնումն է վերահաստատված ՄԱԿ-ի կանոնակարգի մեջ. 2(4). «[ՄԱԿ-ի] Բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան որևէ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի սպառնալիքից կամ գործադրումից»: Մյուս կարևոր միջազգային փաստաթուղթը, որն այս առումով հաճախ է վկայակոչվում, Հելսինկիի եզրափակիչ ակտն է (01.08.1975թ.) որը պահանջում է.

«Մասնակից երկրներն իրենց երկկողմ, ինչպես նաև ընդհանրապես միջազգային հարաբերություններում, ձեռնպահ կմնան որևէ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից»:

Ակնհայտ է, որ Հելսինկիի եզրափակիչ ակտը, ինչպես ՄԱԿ-ի կանոնակարգը և Ազգերի լիգայի դաշնաթուղթը, դատապարտում են լոկ ուժի կիրառումը պետության տարածքային ամբողջականության դեմ և ոչ թե անվերապահորեն հանդես են գալիս տարածքային ամբողջականության բացարձակ պահպանման օգտին: Այն հստակեցնում է, որ արտաքին ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության դեմ անընդունելի է: Միաժամանակ Հելսինկիի եզրափակիչ ակտը (գլուխ 1) առանձնանշում է. «սահմանները կարող են փոփոխվել, համաձայն միջազգային իրավունքի, խաղաղ միջոցներով և համաձայնությամբ»:

Ակնհայտ է, որ այն ժամանակներից ի վեր, երբ «տարածքային ամբողջականություն» հասկացությունն ի հայտ եկավ միջազգային իրավունքի մեջ, այն սերտորեն միահյուսված է արտաքին ուժի գործադրման հետ: Այլ խոսքով, «տարածքային ամբողջականությունը» ավանդաբար կապված է սպառնալիքի կամ ուժի կիրառման հիմնարար սկզբունքի հետ[45] և ոչ թե պետության տարածքի անվերապահ պահպանման հետ: Ինչպես նշել էինք վերը, այս դրույթը միայն «ուժի գործադրման արգելք» է[46] և հրաժարում է «մի պետության կողմից ուժի գործադրման միջոցով մեկ այլ պետություն գրավելուց կամ նրա կառավարությունը տապալելուց»:[47]

«Տարածքային ամբողջականություն». ըմբռնումը, սահմանափակումը և կարգավիճակը՝ ըստ միջազգային իրավունքի

խմբագրել

Արդի քաղաքական կյանքում շարունակաբար սխալ փորձեր են արվում «տարածքային ամբողջականությունը» ներկայացնել որպես ինքնորոշման իրավունքի ընդհանուր սահմանափակում: Նման սահմանափակման հիմքը միանգամայն կեղծ է: Այն պետությունը, որի կառավարությունը անխտիր չի ներկայացնում տարածքի ամբողջ ժողովրդին, չի կարող նաև տարածքային ամբողջականությունը չխախտելու պատրվակով սահմանափակել ինքնորոշման իրավունքը:[48]

Ընդսմին, միջպետական պրակտիկան ցույց է տալիս, որ տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա ինքնորոշման իրավունքի սահմանափակումը հաճախ է անտեսվել: Ինչպես, օրինակ, եղել է Բանգլադեշի (անկախություն Պակիստանից) Սինգապուրի (Մալայզիայից) և Բելիզի («չնայած Գվատեմալայի պահանջներին») ճանաչումների դեպքում:[49] Ի լրումն, միջազգային համայնքի կողմից ԽՍՀՄ և Հարավսլավիայի տրոհումների, Արևելյան Թիմորի և Էրիթրեայի ճանաչումներից, Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի մասնակի ճանաչումներից հետո, ստեղծվել է իրավիճակ, երբ որոշակի տարածքի ժողովրդին ճնշման ենթարկող կառավարությունը այլևս չի կարող ապավինել տարածքային ամբողջականության պահպանման ընդհանուր շահագրգռությանը, որպես ինքնորոշման իրավունքի սահմանափակում:

Ըստ այդմ, կա հստակ ըմբռնում. միայն այն պետության կառավարությունը, որն անխտիր բոլոր ժողովուրդներին է թույլ տալիս ազատորեն որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը և տնտեսական, հասարակական ու մշակութային զարգացումը, կարող է, միայն կարող է, փորձ անել սահմանափակել ինքնորոշման իրավունքը: Այսու, տարածքային ամբողջականությունը, որպես ինքնորոշման իրավունքի սահմանափակում, կարող է միայն վերապահվել այն պետություններին, որոնց կառավարությունները ներկայացնում են ողջ բնակչությունը, թույլատրելով վերջիններիս ազատորեն և առանց սահմանափակումների գործադրել ներքին ինքնորոշումը:[50]

Ակնհայտ հայեցակարգային կապ կա ժողովրդավարության և ինքնորոշման միջև: Ժողովրդավարությունը հաճախ դիտարկվում է որպես ներքին ինքնորոշում, իսկ անջատումը՝ որպես արտաքին ինքնորոշում, այսիքն ինքն իրեն կառավարելու և ոչ թե այլ ժողովուրդների կողմից կառավարվելու իրավունք:[51]

Ավելին, ակնհայտ է, որ նրանք, ովքեր զրկված են ինքնորոշման իրավունքից, կարող են փնտրել միջազգային ուժային աջակցություն՝ սատարելու համար իրենց ինքնորոշման իրավունքը, սակայն ինքնորոշման դեմ պայքարող պետությունը չի կարող օգտագործել դրսի ուժն ինքնորոշվող հանրությունների դեմ: Ինչպես նշվել էր վերը, Միջազգային իրավունքի սկզբունքների վերաբերյալ հռչակագիրը (Declaration on Principles of International Law) ամրագրում է. «յուրաքանչյուր պետություն պարտավորություն ունի ձեռնպահ մնալ որևէ ուժային գործողությունից, որը ժողովրդին զրկում է ինքնորոշման, ազատության և անկախության իր իրավունքից»: Վերջին շրջանում նկատելի է միջազգային համայնքի այնպիսի գործողությունների աճը, որոնք կարող են որակվել որպես մարդասիրական միջամտություններ: Այդպես եղավ Սոմալիում և Իրաքի հյուսիսային մասում՝ 36 զուգահեռականից հյուսիս, երբ իրականացվեց «ապահով երկինք» ծրագիրը[52] (1991-2003): Ներկայումս միջազգային համայնքի կողմից պակաս կարևորություն է տրվում այն երկրների տարածքային ամբողջականությանը, որտեղ մարդու իրավունքները, ներառյալ ինքնորոշման իրավունքը, կոպտորեն և շարունակաբար ոտնահարվում են:[53] Ինքնորոշման իրավունքը վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ ժողովուրդներն ուրիշների կողմից հպատակեցման, գերիշխանության հաստատման և շահագործման միջոցներով ենթարկվում են ճնշումների: Սա վերաբերում է բոլոր տարածքներին՝ գաղութային, թե ոչ, և բոլոր ժողովուրդներին:[54] Պետք է ընդունել, որ ինքնորոշման բազում շարժումներ առաջ են եկել, երբ պետությունն իրականացրել է անարդար, խտրական քաղաքականություն, իսկ միջազգային իրավակարգը համապատասխանաբար չի արձագանքել ժողովուրդների օրինական ձգտումներին:

Ինքնորոշում. մարդու իրավունքներն ու անջատվելու իրավունքը

խմբագրել

Ինքնորոշման ենթադրյալ վտանգներից է համարվում, որ այն կարող է խրախուսել անջատողականությունը: Նախ, միջազգային իրավունքի մեջ չկա որևէ օրենք, որը դատապարտի ամեն անջատում բոլոր պայմաններում: Ինքնորոշման իրավունքը ներառում է անջատվելու իրավունք:[55] Այն դեպքերում, երբ տարածքային իրավունքի սկզբունքն անհամատեղելի է ինքնորոշման իրավունքի հետ, ապա առաջինը, համաձայն արդի միջազգային իրավունքի, պետք է իր տեղը զիջի վերջինին:[56] Օրինակ, երբ մեծամասնությունը կամ փոքրամասնությունը շարունակում է այնպիսի միջազգային հանցանքը, ինչպիսին օրինակ ցեղասպանությունն է, կամ միտումնավոր քաղաքականությամբ բնակչության մյուս հատվածին լիովին զրկում է մարդու իրավունքներից, ապա ընդունելի է, որ ճնշված հատվածը, լինի փոքրամասնություն, թե մեծամասնություն, դիմի ինքնորոշման՝ ընդհուպ մինչև անջատում:[57]

Քանի որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ և խաղաղ դրսևորմանը (ցույցեր, հանրահավաքներ, հայցադիմումներ, կոչեր և այլն) հակադրեց բռնի ուժը խաղաղ բնակչության դեմ, ներքին զորքերի օգտագործմամբ ձեռնարկեց ոչ համարժեք պատժիչ գործողություններ, պետականորեն կազմակերպեց Ադրբեջանի հայ քաղաքացիների ջարդեր (Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ և այլն), իր քաղաքացիների նկատմամբ վարձկանների օգնությամբ (ուկրաինացիներ, աֆղաններ, ռուսներ և այլն) սանձազերծեց անողոք պատերազմ և խայտառակ պարտություն կրեց, չի կարող ակնկալել, որ Արցախի ժողովուրդը հրաժարվի իր օրինական իրավունքից և չիրականցնի ինքնորոշման իր իրավունքը:

Խորքի մեջ, միջազգային համայնքը գտնվում է իրավական և բարոյական պարտավորության ներքո՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քաղաքական ինքնորոշումը, այսինքն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Երբ տեղի է ունեցել de facto պետության բյուրեղացում, ապա դրա ճանաչման մերժումը կարող է հավասարազոր լինել ինքնորոշման մերժումի: Բացի այդ, միջազգային իրավունքի մեջ կա հստակ ըմբռնում. այն բանից հետո, երբ կռվող կողմին տրվել է «պատերազմող կողմի» (belligerency) կարգավիճակ, ինչպես տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հետ Բիշկեկի արձանագրությամբ (Bishkek Protocol) (05.05.1994թ.), և Հրադադարի համաձայնագրով (Cease-fire Agreement) (12.05.1994թ.), ապա դրանից բխում է ամբողջական ճանաչման պարտավորություն և ճանաչման մերժումը հավասարազոր է քաղաքական ինքնորոշման մերժման, ինչն անօրինական է:[58] Այս պարտավորությունն ածանցվում է այն ըմբռնումից, որ ինքնորոշման սկզբունքն ու իրավունքը erga omnes են, այսինքն՝ պատկանում են միջազգային իրավունքի իրավական այն պարտավորությունների թվին, որոնք երկկողմ կամ փոխադարձ չեն, այլ վերաբերում են միջազգային համայնքի բոլոր անդամներին:[59]

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի (Loizidou vs Turkey) 1996թ. դատավճռի մեջ դատավոր Վիլդհաբերը (Wildhaber) երևան է հանում աճող համախոհությունն (consensus) առ այն, որ ինքնորոշման իրավունքը, մասնավորապես անջատումը, պետք է մեկնաբանվի որպես միջոց մարդու իրավունքների որոշակի ոտնահարումների դեմ. «Մինչև վերջերս միջազգային պրակտիկայում ինքնորոշման իրավունքը գործնականորեն սահմանափակվում էր և ըստ էության նույնացվում էր ապագաղութացման հետ: Վերջին տարիներին թվում է՝ համախոհություն է ի հայտ գալիս, երբ ժողովուրդները, որոնց մարդկային իրավունքները մշտապես և կոպտորեն ոտնահարվում են կամ նրանք որևէ ներկայացուցիչ չունեն կամ նրանց ներկայացվածությունը զանգվածաբար խախտվում է ոչ ժողովրդվարական և խտրական միջոցներով, նույնպես կարող են կենսագործել ինքնորոշումը: Եթե նման խտրականություն իրականում կա, ապա ինքնորոշման իրավունքն այն գործիքն է, որը կարող է գործածվել վերահաստատելու համար մարդու իրավունքների և ժողովրդավարության միջազգային ստանդարտները»:[60] Ինչպես վկայում է դատավոր Վիլդհաբերը, իրավագետ մասնագետների մեջ կա հարաճուն համաձայնություն առ այն, որ ինքնորոշումն է այն միջոցը, որով պետք է շտկվի պետության կողմից որևէ խմբի շարունակաբար և կոպտորեն ոտնահարվող իրավունքը:[61] Անկասկած Արցախի ժողովրդի ինքնորոշումը պետք է գնահատվի նաև որպես ուղղիչ արդարադատություն (corrective justice):

Այսու, փոքրամասնության ինքնորոշման իրավունքը պետք է դիտարկել մարդու իրավունքների շրջանակում: Ըստ այդմ, կարելի է սահմանել, որ ինքնորոշումը որոշակի տարածքում հաստատված ժողովրդի սեփական քաղաքական ճակատագիրը ժողովրդավարական ճանապարհով որոշելու իրավունքն է:[62]

Անհեթեթություն է ենթադրել, որ ինքնորոշումը պետք է կենսագործվի նախկին վարչական սահմաններում, առանց հաշվի առնելու տարածքի ժողովրդի մշակութային, լեզվական կամ էթնիկ ինքնությունը: ԽՍՀՄ-ի մեջ ներքին սահմանները հաճախ գծվում էին այն ձևով, երբ տիտղոսային մի ազգի շատ ներկայացուցիչներ հայտնվում էին իրենց տիտղոսային հանրապետությունից դուրս, ինչպես Լեռնային Ղարաբաղի դեպքում էր:[63] Եթե որոշակի տարածքում որևէ առանձնախումբ քաղաքականապես իրավազուրկ է, ապա այդ խումբն ունի անկախության իրավունք,[64] անկախ այն բանից կազմակերպված են նրանք որևէ վարչական միավորի մեջ, թե՝ ոչ: Անտարակույս, քանի որ Արցախի ժողովուրդը (և ոչ միայն ԼՂԻՄ-ի ժողովուրդը) Ադրբեջանում ենթարկվել են ծայրահեղ խտրականության, ապա իրավունք ունի ինքն ընտրելու ինքնորոշման ձևը:

Ամփոփում

խմբագրել
  • Ինքնորոշումը հնուց եկող քաղաքական իրավունք է: Այն միջազգային հանրային իրավունքում լիովին հաստատված սկզբունք է: Այս սկզբունքը հաստատվել, զարգացել և շոշափելի ձև է ստացել միջպետական հարաբերություններում և ներառված է բազում միջազգային փաստաթղթերում:
  • Ինքնորոշման սկզբունքը զարգացում է ապրել Արդարության միջազգային դատարանի վճիռներում [International Court of Justice]:
  • Ինքնորոշման նկատմամբ հարգանքը նախապայման է համաշխարհային խաղաղության համար: Ինքնորոշման իրավունքից զրկվածները կարող են դիմել միջազգային ուժային աջակցության:
  • Ինքնորոշումը որպես միջազգային իրավունքի սկզբունք համընդհանուր է իր ընդգրկումով:
  • Ինքնորոշումը վերաբերում է բոլոր այն իրավիճակներին, երբ ժողովուրդները այլոց կողմից ենթակվում են հպատակեցման և շահագործման: Բոլոր ժողովուրդներն ու ազգերն անխտիր և առանց սահմանափակումների ունեն ինքնորոշման իրավունք:
  • Ինքնորոշման իրավունքի մերժումը մարդու իրավունքի ոտնահարում է, հետևաբար՝ միջազգային իրավունքի խախտում:
  • Ինքնորոշումը սեփական քաղաքական կազմակերպվածության ձևը և այլ խմբերի հետ հարաբերությունները որոշելու իրավունքն է:
  • Ժողովուրդների և ազգերի ինքնորոշման իրավունքը նախադրյալ է մարդու մյուս բոլոր իրավունքները վայելելու համար: Ըստ այդմ, ՄԱԿ-ի վեհաժողովը հորդորել է բոլոր անդամ երկրներին՝ աջակցել ժողովուրդների և ազգերի ինքորոշման իրավունքին:
  • ՄԱԿ-ի կանոնակարգի 2(4) հոդվածը որևէ ընդհանուր բան չունի «տարածքային ամբողջականության» բացարձակ պահպանման հետ: Այն «ուժի կիրառման արգելք» է և կոչ է անում մերժել «մի պետության կողմից մեկ այլ պետության տարածքի զավթումը և տարածքի տապալումը»:
  • Ինքնորոշումը ներառում է նաև անկախանալու իրավունք: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը (և ոչ միայն ԼՂԻՄ-ի) իրավասու է անկախությունն ընտրել որպես ինքնորոշման դրսևորում:


Հղումներ և ծանոթագրություն

խմբագրել
  1. Restatement of the Law (3rd). The Foreign Relations Law of the United States, The American Law Institute, Washington, 1987;2,§905(7), p. 389.
  2. Ibid, p. 383.
  3. Umozurike O.U. Self-Determination in International Law, 1972, Connecticut, p. 8.
  4. Thurer D. Self-Determination. In R. Bernhardt (ed.), Encyclopaedia of Public International Law, vol. IV, Amsterdam, 2000, p. 364.
  5. Rosenne S. Codification of International Law, Encyclopaedia of Public International Law, in. R. Bernhardt (ed.), v. I, Amsterdam, 1992, p. 633.
  6. Ibid.
  7. Thurer D. op.cit., p. 365.
  8. Starushenko G. The Principle of Self-determination in Soviet Foreign Policy, Moscow, 1963, p. 221.
  9. Recueil des cours de l’Academie de droit international, Hague, 1962, II, p. 33; Annual Report of the Secretary-General , 1960, 2. Chief Judge Moreno Quintana, International Court of Justice Reports, 1960, pp. 95-96.
  10. Umozurike O.U. op.cit., p. 192.
  11. Ibid, p. 271.
  12. Hillier T. Sourcebook on Public International Law, London-Sydney, 1998, p. 192.
  13. Documents, UN General Assembly, A/CONF.157/23; 12 July 1993.
  14. Umozurike O.U. op.cit., p. 188.
  15. Ibid, p. 273.
  16. Ibid, p. 185.
  17. Declaration of General Principles for a World Rule of Law. Am J Int Law 1964;58:138-151.
  18. International Court of Justice, Reports, 1966, v. IV, p. 465.
  19. ICJ Reports 975 12 at 31-33. See also the Namibia Opinion, Ibid (1971), 16 at 31; Geog K. v. Ministry of Interior, ILR 71, 284; and the Case Concerning East Timor, ICJ Reports (1995) 102.
  20. Thurer D. op.cit., p. 370.
  21. Brownlie I. Principles of Public International Law. Oxford, 5th ed., 2001, p. 600; Wright Q. 98 Hague Recueil (1959, III), 193.
  22. Thurer D. op.cit., p. 366.
  23. Brownlie I. op.cit., p. 600.
  24. Hillier T. op.cit., p. 191. Supporters of the view that the right of self-determination is part of jus cogens include: I. Brownlie, Principles of Public International Law (4th ed., 1991), p. 513. A Cassese, International Law in a Divided World (1986), p. 136; J. Craword, “The Rights of Peoples: Some Conclusions”, in Crawford, (ed.), The Rights of Peoples (1988), p. 159 at p. 166; H.Gros Espiell, The Right to Self-Determination, Implementation of United Nations Resolutions (1978), para. 85; and the UK’s and Argentina’s statements in the context of the Falklands/Malvinas dispute (1982) 53 British yearbook of International Law, pp. 366-379.
  25. Cassese A. Self-determination of Peoples, Cambridge, 1995, p. 134-35.
  26. Brownlie I. op.cit., p. 599.
  27. Umozurike O.U. op.cit., p. 196.
  28. Starushenko G. op.cit., p. 209.
  29. Thurer D. op. cit., p. 369.
  30. Starushenko G. op.cit., p. 210.
  31. Self-Determination and Self-Administration, A Sourcebook, (ed. Wolfgang Danspeckgruber and Arthur Watts), London, 1997, Appendix 2, The Liechtenstein Initiative at the UN, p. 405.
  32. Starushenko G. op.cit., p. 214.
  33. Ibid, p. 213.
  34. Ibid, p. 215-6.
  35. Thurer D. op.cit., p. 368.
  36. Hillier T. op.cit., p. 612.
  37. Self-determination, Digest of International Law (ed. M. Whiteman), v. 5, § 4, p. 39.
  38. Starushenko G. op.cit., p. 214.
  39. Resolution 545 (VI) of February 5, 1952.
  40. Thurer D. op. cit, p. 368.
  41. Ibid, p. 369.
  42. Report on Events in East Pakistan (1971), Geneva, p. 69.
  43. McCorquodale R. Self-Determination: Human Rights Approach, The International and Comparative Law Quarterly, vol. 43, # 4 (Oct. 1994), p. 861.
  44. Rozakis Ch. Territorial Integrity and Political Independence, in R. Bernhardt(ed.), Encyclopaedia of Public International Law, v. IV, Amsterdam, 2000, p. 813.
  45. Ibid, p. 812-3.
  46. Restatement of the Law (Third), op.cit., p. 389.
  47. Ibid, p. 383.
  48. McCorquodale R. op.cit., p. 880.
  49. Maguie J. “The Decolonization of Belize: Self-Determination v. Territorial Integrity” (1982) 22 Virginia Journal of International Law, p. 849.
  50. McCorquodale R. op.cit., p. 880.
  51. Moore M. National Self-Determination, Oxford, 1998, 10.
  52. Security Council Resolution 688 (April 5 1991).
  53. McCorquodale R. op.cit., p. 882.
  54. Ibid, p. 883.
  55. Moore M. op.cit., p. 23.
  56. Umozurike O.U. op.cit., p. 187.
  57. Ibid, p. 199.
  58. Thomas A.V.W., Thomas A.J. Non-Intervention: the law and its import in the Americas, Dallas, 1956, p. 220.
  59. Cassese A.op.cit., p. 134.
  60. Loizidou vs Turkey (Merits), European Court of Human Rights, 18 December, 1996, (1997) 18 Human Rights Law Journal 50 at p. 59.
  61. Knop K. Diversity and Self-Determination in International law, Cambridge, 2002, p. 74.
  62. Ibid, p. 85.
  63. Moore M. op.cit., p. 140.
  64. Frank T.M. The Power of Legitimacy among the Nations, NY, 1990, p. 171.


1-7 հունիսի, 2010թ.