Իտալուհիք և իտալացիք

Իտալուհիք և իտալացիք



(Հիշողություն դեպ ի անցածը)
I



Ինչո՞ւ, ինչո՞ւ Իտալացիք,
Չէ թնդում քաղցր երգեհոն,
Ինչո՞ւ, քնքուշ Իտալուհիք,
Թողել եք ձեր պիանոն։
5 Մոռացել են դոքա, ասես,
Փափուկ սեռը կանացի.
Սրտում վրեժ, կտրիճի պես
Դիմում են վրանը ոսոխի։
Որպես տան մեջ, նույնպես կռվում
10 Կանգնած են հեզ և հպարտ,
Գնդակներին կուրծք են ուղղում,
Եվ շրթունքից չէ՛ գնում վարդ։

II


Զարմանո՞ւմ եք, ինչ ասում եմ.
Թե դուք նոցա տեսնեիք
15 Խաղաղ օրով, երբ քաղցրադեմ
Բռնած կիթառն գեղեցիկ,
Փափուկ մատներն արծաթելար
Նվագարանին դիպչելով՝
Պարտեզի մեջ ծաղկադալար
20 Դուք կլսեիք անխռով
Սիրո ձայնը, սիրո հոգին՝
Հյուսած սրտի թելերից.
Սիրե՜լ գիտե Իտալուհին,
Զրկված բոլոր աշխարհից։

III


25 Շուրջ ճակատով շուշանագեղ
Ծածանվում են թուխ մազեր,
Սև սաթի պես հոնքեր շքեղ,
Վառ աստղի ջուխտ աչեր։
Դուք լսեցե՛ք, երբ զրուցում են.
30 Ամբողջ դրախտ, փափկության
Ձեր սրտերը կախարդում են,
Որպես տավիղն էոլյան։
Եվ ոսոխի գոռոզ հոգին
Մի՞թե չպետք է նվաճի,
35 Եվ հաղթության արմավենին
Դոցա առջև տարածվի։

IV


Իտալուհի՜ք, և ձեզ նման
Արևելքում մի անգամ
Ձեր քույրերը զինվորեցան
40 Թշնամու դեմ անզգամ,
Արյան գնով Հայաստանին
Գնեցին նոքա փրկություն
Եվ թաղերին հողի ծորին
Անմեղ ծաղկած կուսություն։
45 Մեռան նոքա. բայց կմեռնի՞
Նոցա գործի հաղթանակ։
Դուք դեպ ի՜ դաշտ, մեք կենդանի
Ունինք նորա հիշատակ։

<poem>

V


Իտալիա՜, աշխարհ փառքի,
50 Դու, քո կուրծքը զրահով
Ամրապնդած, հաղթանակի
Կամիս պսակվել դափնիքով։
Մի՞թե իսպառ պետք է ճնշվի
Այդ ազգային զորություն,
55 Եվ առվի պես արյանդ թափվի,
Հերոսներիդ սուրբ արյուն։
Մի՞թե ձեռներն, մի՞թե սրեր
Թո ոխերիմ թշնամու
Պետք է բերեն քեզ նոր ավեր,
60 Եվ ստրկանաս դարձյալ դու։

VI


Ինձ ասացե՛ք. ո՞վ ձեզանից,
Որի մեջ մարդու սիրտ կա,
Չխեղդվելով արտասուքից,
Կարող է մնալ անզգա՝
65 Տեսանելով այս ողբալի
Սրածության ավերած
Եվ սրբությունն Իտալիայի
Նշավակով անարգած։
Անիծում եմ չար ժամանակ,
70 Երբ Բուրբոնը գիշատիչ
Տնկեց այստեղ յուր դրոշակ՝
Եվ խաբեբա՛, և մատնի՛չ։

VII


Մի կա՜մք, մի շո՜ւնչ ձեզ օգնական,
Առե՛ք սուսեր, և հառա՛ջ,
75 Դուք սիրտ ունիք ասպետական,
Հարձակվեցե՛ք ձախ ու աջ։
Ազնիվ գործին ինքը Աստված
Ուղարկում է յուր վահան։
Իտալիա՛, փա՛ռք անմոռաց.
80 Կթնդա ձայնը փրկության։
Նորիր, նորից անուշահոտ
Կարձակվի քո մրտենին,
Նոր արշալույս, նոր առավոտ,
Եվ ավետյա՛ց ձիթենին։

VIII


85 Եվ անցածիդ գեղեցկություն
Յուր դագաղից կզարթնի,
Միայն ավե՛ր և պղծո՛ւթյուն
Ավստրիան կընդունի։
Իտալիա՛, դու զորավոր,
90 Եվ կեցցե՛ն քո զավակներ,
Իտալիա՛, ես հոգևոր
Բերում եմ քեզ իմ տաղեր։
Եվ Հայի մեջ կա կենդանի
Ազատության արձագանք,
95 Եվ թո՛ղ չասեն, որ Հայն չունի
Ո՛չ ազատ կամք և ո՛չ կյանք։

1864