Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության լույսի ներքո
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը, ըստ ոմանց, հնարավոր է ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության պահպանման իբր իրարամերժ դրույթների հաշտեցմամբ: Խոսելով տարածքային ամբողջականության մասին՝ հիմնականում վկայակոչում են 2 փաստաթուղթ՝ ՄԱԿ-ի կանոնակարգը (1945թ.) և Եվրոպայում անվտանգության և համագործակցության եզրափակիչ ակտը (1975թ.): Քննենք այդ փաստաթղթերը և տեսնենք, թե որքանով են հիմնավորված այդ հղումները:
Ա. Նախ քննենք ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության դրույթներն ըստ ՄԱԿ-ի կանոնակարգի (Charter of the United Nations)՝ վեր հանելու համար տվյալ փաստաթղթում դրանց վերապահված իրավական բովանդակությունը, հետևաբար՝ դրանց կարևորության աստիճանն ըստ միջազգային իրավունքի: Քննությունն ըստ ՄԱԿ-ի կանոնակարգի կարևորվում է նաև այն հանգամանքով, որ նշյալ կանոնակարգը գերակայություն ունի մնացած բոլոր միջազգային փաստաթղթերի նկատմամբ: Սույն հիմնադրույթն ամրագրված է կանոնակարգի 103-րդ հոդվածում և, բնականաբար, ընդունվում է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների կողմից:
ՄԱԿ-ի կանոնակարգի առաջին իսկ հոդվածում ամրագրված են այդ կազմակերպության նպատակներն ու սկզբունքները: 1-ին հոդվածի 2-րդ կետն արձանագրում է. «Միավորված ազգերի նպատակներն են. 1. ... 2. զարգացնել ազգերի միջև բարեկամական հարաբերությունները՝ իրավահավասարության սկզբունքի հարգանքի և ժողովուրդների ինքնորոշման հիման վրա, ինչպես նաև ձեռնարկել այլ համապատասխան քայլեր ամրապնդելու համար համընդհանուր խաղաղությունը»:[1]
Վերոշարադրյալից հստակ է, որ ՄԱԿ-ը ժողովուրդների ինքորոշումը (շեշտում եմ՝ ինքնորոշումը և ոչ թե պարզապես ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ այդ իրավունքի կենսագործումը) դիտարկում է ոչ միայն որպես իր հիմնարար սկզբունքներից մեկը, այլև հիմք ազգերի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև համընդհանուր խաղաղության ամրապնդման համար: Հետևաբար ինքնորոշման մերժումը բարեկամությունը խաթարող և համընդհանուր խաղաղությունը սասանող քայլ է:
Ի լրումն, ՄԱԿ-ի կանոնակարգը (Հոդված 24, կետ 2) միանշանակորեն շեշտում է, որ «Այս պարտականությունները [իմա՝ խաղաղության և անվտանգության պահպանումը] կատարելիս, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պիտի գործի Միավորված ազգերի նպատակներին և սկզբունքներին համապատասխան»:
Այսինքն, Անվտանգության խորհուրդը պարտավորված է խաղաղության և անվտանգության պահպանումը զուգորդել և իրականացնել ժողովուրդների ինքնորոշման ճանապարհով, քանզի վերջինս հանդիսանում է ՄԱԿ-ի հռչակած նպատակներից մեկը:
Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության պահպանմանը, ապա նման հասկացություն ներառված չէ ՄԱԿ-ի նպատակների կամ սկզբունքների մեջ: ՄԱԿ-ի կանոնակարգը (հոդված 2-րդ, կետ 4) խոսում է միայն միջազգային հարաբերություններում, արտաքին ուժի կողմից զավթումի ճանապարհով, տարածքային ամբողջականության խաթարման անընդունելիության մասին. «Բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան որևէ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի սպառնալիքից կամ օգտագործումից...»:
Այսինքն, խոսքը չի գնում պետության տարածքային ամբողջականության բացարձակ և անվերապահ պահպանման մասին, այլ միայն ՄԱԿ-ի անդամ մի պետության կողմից այլ պետության տարածքային ամբողջականության ուժային խախտման անընդունելիության մասին: Սա բնավ կապ չունի մի որևէ առանձնացող հանրության կողմից իր ինքնորոշման իրավունքի կենսագործման, այսինքն՝ սեփական տարածքով անջատման հետ, եթե, իհարկե, տվյալ հանրությունը կուզի ինքնորոշման իրավունքն իրականացնել անկախության ձևով: Անհրաժեշտ է ընդգծել, որ միմիայն տվյալ հանրության իրավունքն է որոշելու իր ինքնորոշման վերջնաձևը՝ կլինի դա անկախ երկիր, անդամակցում դաշնային պետությանը, ինքնավարություն, թե լրիվ տարրալուծում որևէ պետության կազմում:[2]
Միջազգային իրավունքի մասնագետների մեծ մասը ներկայումս ընդունում է, որ ինքնորոշումն իրավական սկզբունք է, ի տարբերություն, այսպես կոչված, տարածքային ամբողջականության: Ըստ այդմ, ակնհայտ է, որ հարցի քաղաքական կողմը չի կարող խաթարել դրա իրավական էությունը:[3] Ավելին, ինքնորոշման սկզբունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի՝ jus cogens-ի, մաս է հանդիսանում,[4] հետևաբար այն անսակարկելի է ու անբեկանելի:
ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովը 637A(VII) բանաձևով (16 դեկտեմբերի, 1952թ.) հայտարարել է. «ՄԱԿ-ի անդամ երկրները պետք է սատարեն բոլոր ժողովուրդների և ազգերի ինքնորոշման սկզբունքի [իրականացումը]»:[5]
Խիստ կարևոր է, որ ՄԱԿ-ի կողմից ընդունած փաստաթղթերն ինքնորոշման իրավունքը [հարգումը] մեկնաբանում են որպես ՄԱԿ-ի կանոնակարգից բխող պարտավորությունների մաս:[6]
Բ. Մյուս կարևորագույն միջազգային փաստաթուղթը, որը հաճախ է վկայակոչվում տարածքային ամբողջականության մասին խոսելիս, Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի եզրափակիչ ակտն է (1 օգոստոսի, 1975թ.) (Conference on Security and Co-operation in Europe, Final Act): Վերջինս առավելապես հայտնի է Հելսինկիի եզրափակիչ ակտ (Helsinki Final Act) անունով :
Ասվում է՝ իբր նշյալ փաստաթուղթն հռչակում է տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության դրույթները: Բնավ ո՛չ և ճիշտ հակառակը: Հելսինկիի եզրափակիչ ակտը (բաժին 1-ին, ենթաբաժին ա, մաս I, պարբերություն 2-րդ) միանշանակորեն հայտարարում է, որ պետությունների սահմանները կարող են փոփոխվել, և նշված են փոփոխման ուղիները. «Նրանք [մասնակից պետությունները] համարում են, որ իրենց սահմանները կարող են փոփոխվել միջազգային իրավունքին համապատասխան, խաղաղ միջոցներով և համաձայնությամբ»:
Եզրափակիչ ակտը հստակեցնում է (բաժին 1, ենթաբաժին ա, մաս II, պարբերություն 1), որ անընդունելի են արտաքին ուժի կողմից զավթման միջոցով տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության ոտնահարումը. «[Եզրափակիչ ակտին] Մասնակից-երկրներն իրենց փոխհարաբերություններում, ինչպես նաև ընդհանրապես միջազգային հարաբերություններում, ձեռնպահ կմնան որևէ երկրի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի սպառնալիքից կամ կիրառումից...»:
Այսու, ակնհայտ է, որ Հելսինկիի Եզրափակիչ ակտը, ինչպես վերը նշվեց ՄԱԿ-ի կանոնակարգի դեպքում, խոսում է ոչ թե տարածքային ամբողջականության բացարձակ և անվերապահ պահպանման մասին, այլ միայն արտաքին զինված ներխուժման հետևանքով տարածքային ամբողջականության խաթարման անընդունելիության մասին: Այսինքն, խոսքը գնում է Հելսինկիի եզրափակիչ ակտը ստորագրած մի երկրի կողմից նույն ակտը ստորագրած մեկ այլ երկրի վրա ռազմական հարձակման կամ նման սպառնալիքի կիրառմամբ տարածքային ամբողջականությունը խախտելու կամ տվյալ երկրի քաղաքական կարգը փոխելու անընդունելիության մասին: Պետք է մշտապես հիշել, որ Հելսինկիի եզրափակիչ ակտի, ինչպես նաև դրանից առաջ ՄԱԿ-ի կանոնակարգի, բուն նպատակը եղել և մնում է միջպետական հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքն արգելելու միջոցով խաղաղության և անվտանգության ապահովումը, և ոչ թե՝ սահմանների հավերժացումը կամ պետությունների տարածքներին սրբազան կովի կարգավիճակի շնորհումը: Ազգային ինքնորոշումը միջազգային իրավունքի այն հիմնարար սկզբունքներից է, որի միջոցով օրինապես փոփոխվել (ԽՍՀՄ, Չեխոսլովակիա, Գերմանիա, Հարավսլավիա և այլն) և փոփոխվելու են (Սերբիա) պետությունների սահմանները:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարելի է եզրակացնել, որ ո՛չ ՄԱԿ-ի կանոնակարգի մեջ և ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ ակտում չկան «տարածքային ամբողջականության» կամ «սահմանների անձեռնմխելիության» հիմնադրույթներ: Նշյալ փաստաթղթերում առկա է միայն փաստաթղթերը ստորագրած երկրների կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով տարածքային ամբողջականությունը չխախտելու և սահմանները չփոփոխելու հանձնառություն:
Այսպիսով, եթե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ և խաղաղ դրսևորմանը (ցույցեր, հանրահավաքներ, հանրաքվեներ, հայցադիմումներ, կոչեր և այլն) հակադրել է բռնի ուժը, խաղաղ բնակչության դեմ ներքին զորքերի օգտագործմամբ ձեռնարկել է ոչ համարժեք պատժիչ գործողություններ, պետականորեն կազմակերպել է Ադրբեջանի հայ քաղաքացիների ջարդեր (Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ և այլն), իր իսկ քաղաքացիների նկատմամբ վարձկանների օգտագործմամբ (ուկրաինացիներ, աֆղաններ, ռուսներ և այլն) սանձազերծել է անողոք պատերազմ ու խայտառակ պարտություն է կրել, որի հետևանքով կորցրել է վերահսկողությունը իրենը համարվող տարածքի մի մասի նկատմամբ, ապա դա բնավ կապ չունի նշածս փաստաթղթերում հիշատակվող տարածքային ամբողջականության պահպանման կամ սահմանների անձեռնմխելիության հասկացությունների հետ:
Հղումներ և ծանոթագրություն
խմբագրել- ↑ Նույն ձևակերպումը տեղ է գտել նաև ՄԱԿ-ի կանոնակարգի 55-րդ հոդվածում, որը վերաբերում է կայունության և բարեկեցության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:
- ↑ Brownlie I. Principles of Public International Law. Oxford, 5th ed., 2001, p. 599.
- ↑ Նույն տեղում, էջ 600:
- ↑ Նույն տեղում, էջ 475-6:
- ↑ Նույն տեղում, էջ 600:
- ↑ Նույն տեղում:
առաջին անգամ տպագրվել է ԱԶԳ օրաթերթում,
22 մայիսի, 2007թ., էջ 4