Լերկ, արևակեզ ժայռի կատարին

Լերկ, արևակեզ ժայռի կատարին

* * *


Լերկ, արևակեզ ժայռի կատարին
Ուռին է բուսել մենավոր, մռայլ.
Շուրջը ամայի, անդորր ու լռին,
Բարկ արևի տակ տոչոր, հրահալ...

Ներքևում լազուր ծովակն է շնչում—
Անուշ բույրերով՝ պաղ–պաղ, հովասուն,
Թովիչ զեփյուռն է զովարար խշշում,
Ալիքները ջինջ ժպտում Են սիրուն...

Ու ծարավ, պապակ ուռին երկնասույզ
Թեքվում է ներքև, ծծել է տենչում—
Ա՜խ, ծովն անհաս է... ուռին անկարող,
Օրեցօր տխուր՝ մաշվում է, թոշնում...

1909