Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011թ. մայիսի 31-ի հանրահավաքում

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011թ. մայիսի 31-ի հանրահավաքում



Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ, ուզում եմ սրտանց շնորհավորել բոլորիդ՝ իշխանության առջեւ մեր դրած երեք կարեւորագույն պահանջների կատարման առթիվ, ինչը պետք է համարել համաժողովրդական եռամյա պայքարի մինչ այժմ արձանագրված ամենամեծ հաղթանակը։ Դա ոչ թե ընդդիմության, ոչ թե Հայ Ազգային Կոնգրեսի, այլ առաջին հերթին, Հայաստանի նոր քաղաքացիական հասարակության, եթե կուզեք, ողջ հայ ժողովրդի, իսկ վերջին հաշվով, մեր երկրի ու պետության հաղթանակն է, որի կերտման գործում իրենց լուման են ներդրել ե՛ւ համաժողովրդական շարժման նվիրյալները, ե՛ւ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ե՛ւ անկախ մամուլի ներկայացուցիչները, ե՛ւ սոցիալական բողոքի տարերային ցույցերի հազարավոր մասնակիցները։ Անշուշտ, դրանում իրենց որոշակի դերն են խաղացել նաեւ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների վրա միջազգային հանրության գործադրած ճնշումները, որոնց ազդեցությունը, սակայն, չպետք է չափազանցել, քանի որ նրանք տեղի չէին ունենա, եթե Հայաստանում չլիներ այնպիսի հզոր ընդդիմություն, ինչպիսին Հայ Ազգային Կոնգրեսն է, եւ եթե չլիներ վերջինիս գլխավորությամբ բռնապետության դեմ ծառացած ժողովրդի տեւական պայքարը։

Մի կողմ դնելով Կոնգրեսի եւ իշխանության միջեւ իբրեւ-թե կայացած ինչ-որ գործարքի, ներքին պայմանավորվածությունների կամ միջազգային դավադրության վերաբերյալ անպարկեշտ մարդկանց կողմից տարածվող դատարկ խոսակցություններն ու ասեկոսեները, որոնք մասամբ անհասկացողության, մասամբ թյուրըմբռնման, մասամբ դիտավորության, իսկ մասամբ էլ բացահայտ չարամտության արդյունք են, փորձենք սառնասրտորեն գնահատել հայ իրականության մեջ իր նախադեպը չունեցող այս նշանակալից իրադարձությունը եւ վերհանել դրան հանգեցրած իրական պատճառները, սակայն նախքան այդ, կատարելով հետեւյալ էական արձանագրումը։ Հաղթանակը ձեռք է բերվել ոչ թե մութ գործարքի, գաղտնի պայմանավորվածությունների կամ արտաքին միջամտությունների ու միջնորդությունների շնորհիվ, այլ վերջին ամիսների ընթացքում հասարակության ու իշխանության միջեւ ծավալված յուրատեսակ հրապարակային բանավեճի կամ ոչ‑ֆորմալ երկխոսության արդյունքում։ Հայ Ազգային Կոնգրեսը հասարակության անունից հրապարակորեն ներկայացրել է իր պահանջները, իսկ իշխանությունը, թեկուզ երբեմն տատանվելով, բայց վերջին հաշվով նույնքան հրապարակորեն արձագանքել է այդ պահանջներին՝ դրանք ամրապնդելով կոնկրետ գործողություններով։ Մարտի 1-ի էջի փակված լինելու, քաղբանտարկյալների առկայությունը ժխտելու, Ազատության հրապարակի օկուպացիան հավերժացնելու, հասարակական կարծիքն արհամարհելու եւ գոտկատեղից ցածր հարվածելու հոխորտանքներից հետո, տեղի ունեցածն իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ առնվազն անհասկացողության պատի փլուզում։ Ցավոք, կան մարդիկ, ովքեր փոխանակ ուրախանալու եւ հպարտանալու, որ մեր երկրում եւս կարող են տեղի ունենալ քաղաքակիրթ գործընթացներ, փորձում են արժեզրկել, նսեմացնել, իսկ ռամկորեն արտահայտված, «հարամել» այս թանկ նվաճումը եւ վիժեցնել Հայաստանի քաղաքական մթնոլորտի առողջացման կենսականորեն անհրաժեշտ գործը՝ կամա թե ակամա նպաստելով իշխող քրեաօլիգարխիկ համակարգի ամրապնդմանն ու հավերժացմանը, անկախ այն բանից, թե դա անում են մոլորությամբ, թե՞ հետին նպատակով։

Ակնհայտաբար, թերահավատության, կասկածների եւ անվստահության աղբյուրը այն բնական հարցադրումն է, թե ինչու հանկարծ, տարիների անհաղորդությունից ու բռնաճնշումներից հետո, իշխանությունն այսպիսի էական քայլեր կատարեց հասարակության պահանջներին ընդառաջ։ Ես ամենեւին հակված չեմ դա ամբողջությամբ վերագրելու Հայ Ազգային Կոնգրեսի մղած հետեւողական ու նպատակասլաց պայքարին, որը կարեւորագույն գործոն լինելով հանդերձ, թեեւ հույժ անհրաժեշտ, բայց բավարար պայման չի կարող դիտվել։ Համենայն դեպս, այդ գործոնը գոյություն ուներ երեք տարուց ավելի, բայց մինչեւ վերջերս նման տպավորիչ արդյունքներ չէր արձանագրել, ինչը դավադրության տեսության հետեւորդների համար լուրջ դժվարություն է ստեղծում բացատրելու, թե ինչու հանկարծ իշխանությունը գործարք պիտի կնքեր Կոնգրեսի հետ, այն էլ այդպիսի լուրջ զիջումների գնով։

* * *


Հետեւաբար, պետք է ենթադրել, որ իշխանության վարքագծի կտրուկ փոփոխության վրա ազդել են նաեւ մի շարք լրացուցիչ գործոններ, որոնց համաժամանակյա զուգակցումն է, որ նրան ստիպել է, երկարատեւ անզիջողականությունից հետո, դրականորեն արձագանքել հասարակության արդարացի, բայց մինչ այդ անտեսված պահանջներին։ Արդ, որո՞նք են այդ լրացուցիչ գործոնները կամ իշխանության վարքագծի փոփոխությունը պայմանավորող մյուս պատճառները.

1. Անտարակույս, իշխանությանը լրջորեն խորհելու առիթ են տվել արաբական երկրներում տեղի ունեցող աշխարհացունց իրադարձությունները, ինչպես նաեւ դրանց արդյունքում միջազգային հանրության մոտեցումներում ու տրամադրություններում նկատվող ակնհայտ փոփոխությունները, ավելի կոնկրետ, Արեւմուտքի կողմից բռնապետական ռեժիմների նկատմամբ նախկինում ցուցաբերած անտարբերության կամ հանդուրժողականության մեղքի գիտակցումը եւ այդ անհեռատես քաղաքականության վերանայման մղումը։ Մինչ այժմ միջազգային հանրությունը, աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, գլխավորապես առաջնորդվել է տարածաշրջանային կայունության պահպանման սկզբունքով, դրան ստորադասելով ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ ընդհանրապես ազատության ապահովման խնդիրները։ Երբ գերտերությունները ստիպված են եղել ընտրություն կատարել սեփական ազգային շահերից բխող քաղաքական լուծումների եւ իրենց դավանած համամարդկային արժեքների միջեւ, նրանք սովորաբար նախապատվությունը տվել են առաջինին։ Realpolitik-ի այդ դրսեւորումը թեեւ հաճախ հանգեցրել է կարճաժամկետ դրական արդյունքների, սակայն երկարաժամկետ կտրվածքով ստեղծել է այնպիսի պայթյունավտանգ իրավիճակներ, որոնց օրինաչափ հետեւանքն են արաբական աշխարհում տեղի ունեցող արյունահեղ ապստամբություններն ու ոչ միայն տարածաշրջանային, այլեւ արդեն միջազգային կայունությանն սպառնացող զարգացումները։ Այսինքն՝ ազատության ստորադասումը կայունությանը վերջին հաշվով աշխարհն ավելի վտանգավոր ապակայունության առջեւ է կանգնեցրել, ինչից միջազգային քաղաքականության գլխավոր դերակատարները պարտավոր են լուրջ հետեւություններ անել, եւ կարծես-թե սկսել են այդպես վարվել։ Այս առումով չափազանց բնութագրական է, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ս.թ. մայիսի 19-ի ծրագրային ելույթը՝ նվիրված հյուսիսաֆրիկյան եւ մերձավորարեւելյան իրադարձություններին։ Նույնքան նշանակալի է Եւրոմիության ս.թ. մայիսի 25-ի Թ. 11/342 հուշագիրը, որը կրում է «Եւրոհարեւանության նոր եւ պատվախնդիր քաղաքականություն» ("A new and ambitious European Neighbourhood Policy) պերճախոս վերնագիրը, եւ որն անմիջականորեն առնչվում է նաեւ Եւրոմիություն-Հայաստան հարաբերությունների կառուցման հայեցակարգային սկզբունքներին։ Իսկ թե որքան երկար կտեւի կամ որքան հեռուն կտանի գերտերությունների մտայնության մեջ նկատվող այդ դրական բեկումը եւ, արդյոք, հետագայում նրանց քաղաքական վարքագծում նորից, ի հաշիվ համամարդկային արժեքների անտեսման, չի գերակշռի սառը պրագմատիզմը, ժամանակը ցույց կտա։ Համենայն դեպս, արաբական աշխարհում ընթացող փոթորկալից իրադարձությունների թարմ ազդեցության տակ, նախկին մտայնությունը հաղթահարելուն ուղղված որոշ միտումներ հաստատապես զգացվում են, որոնց արտահայտությունը պետք է համարել նաեւ միջազգային հանրության վերջերս խստացված գնահատականները ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բնագավառներում Հայաստանում տիրող անհանդուրժելի իրավիճակի վերաբերյալ։

2. Իշխանության կողմից հասարակության պահանջներին ընդառաջ գնալու կամ նրա զիջողականության մյուս դրդապատճառը, որքան էլ տարօրինակ թվա, կապված է Ղարաբաղի խնդրի հետ։ Ակնհայտ է, որ մի կողմից, գլխավորապես Ռուսաստանի ջանքերով, Ղարաբաղյան կարգավորման գործընթացը մոտենում է իր հանգուցալուծմանը, իսկ մյուս կողմից, այդ գործընթացի չբացառված հերթական ձախողման դեպքում, արդեն բավականին իրական է դառնում Ադրբեջանի նախաձեռնությամբ պատերազմի վերսկսման վտանգը։ Նման պարագայում իշխանությունը, բնականաբար, գիտակցում է, որ, մեղմ ասած, իր նկատմամբ սեփական ժողովրդի տածած լիակատար անվստահության պաշարով ո՛չ կարող է Ղարաբաղի հարցում գնալ որեւէ լուծման, ո՛չ էլ հաջող պատերազմ վարել Ադրբեջանի դեմ։ Ուստի նա հարկադրված է, ժողովրդին սիրաշահելու եւ երկրի ներսում թեկուզ նվազագույն աջակցություն գտնելու նպատակով, լուրջ զիջումների գնալ, որոնց շարքը, վստահ եմ, չի սահմանափակվում ներկա փուլում Կոնգրեսի առաջ քաշած երեք պահանջների կատարմամբ։ Շուտով, անշուշտ, կլինեն նոր աղմկահարույց պաշտոնանկություններ եւ իշխանության որոշ ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներ՝ կոռուպցիայի դեմ ծրագրված լուրջ պայքարի եւ օրինականության հաստատման ուղղությամբ վճռականության դրսեւորման տպավորություն ստեղծելու եւ կրկին ժողովրդի սիրտը շահելու անսքող ակնկալիքով։ Հարկ է, ըստ այդմ, նկատի ունենալ, որ որեւէ մեկի կամքից անկախ, Ղարաբաղի խնդիրն առաջիկայում եւս շարունակելու է մնալ Հայաստանի ներքին քաղաքականության վրա վճռորոշ ազդեցություն ունեցող գործոններից մեկը, եւ ներքաղաքական շատ զարգացումներ այս կամ այն չափով պայմանավորված են լինելու այդ խնդրի առկայությամբ։ Ընդ որում, ասվածը գրեթե հավասարապես վերաբերում է ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության գործողություններին, որովհետեւ ոչ մի պատասխանատու քաղաքական ուժ չի կարող հաշվի չնստել այս իրողության հետ։ Իսկ որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում, եւ որ ստատուս-քվոյի պահպանման ռեսուրսն այլեւս սպառվում է, ակնհայտորեն երեւում է նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի ս.թ. մայիսի 26-ի դովիլյան համատեղ հայտարարությունից, ինչպես նաեւ մեր ձեռքի տակ եղած որոշ խորհրդապահական տեղեկություններից։ Այս ամենը նկատի ունենալով, ենթադրում եմ, որ Սերժ Սարգսյանն այսօր արդեն մտահոգված է ոչ այնքան ստատուս-քվոյի պահպանմամբ, որքան գործընթացից ետ չմնալով։

3. Վերջին շրջանում իշխանության վարքը պայմանավորող հաջորդ էական գործոնը սոցիալական բողոքի հաճախակիացած ցույցերն են՝ կապված փողոցային առեւտրի արգելման, ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների բարձրացման, վրացական համարանիշներով մեքենաների խնդրի, իսկ օրերս նաեւ Երեւանի «Վերնիսաժի» փակման եւ հարսանյաց ու ծաղկի սրահների հարկային բեռի ծանրացման հետ։ Քանի որ այդ հարցին ես հանգամանորեն անդրադարձել եմ ս.թ. փետրվարի 18-ի հանրահավաքի իմ ելույթում, այստեղ ես կսահմանափակվեմ միայն որոշ շեշտադրումներով։ Բողոքի նմանատիպ ցույցեր տեղի են ունեցել նաեւ անցյալում՝ կապված Բուզանդի փողոցի բնակիչների տեղահանման, պարզեցված հարկի մասին օրենքի փոփոխության, տոնավաճառներում ՀԴՄ-ների տեղադրման, ոսկու շուկայում ծագած խնդիրների եւ տաքսու վարորդների իրավունքների ոտնահարման հետ։ Ներկայիս ցույցերը, սակայն, ավելի հուժկու եւ վճռական են թվում, ինչը բացատրվում է մի կողմից՝ ավելի շատ մարդկանց շահերի ոտնահարման իրողությամբ, իսկ մյուս կողմից՝ այն հանգամանքով, որ երկիրն այսօր գտնվում է անհամեմատ ավելի ծանր սոցիալ-տնտեսական վիճակում, գումարած ներքաղաքական ճնշիչ մթնոլորտը, որը նույնպես որոշակի առումով խթանում է քաղաքացիների սոցիալական ակտիվությունը։ Անկասկած, բողոքի այդ ցույցերը, սոցիալ-տնտեսական վիճակի հետագա անխուսափելի վատթարացմանը զուգընթաց, ոչ թե մարելու, այլ ավելի թեժանալու միտումներ են դրսեւորելու։ Ավելին, նրանց օրինակը վարակիչ է, եւ այն շուտով կարող է տարածվել հասարակության նորանոր շերտերի՝ գյուղացիության, ուսուցչության, գիտությունների ակադեմիայի, բուհերի եւ բուժհիմնարկների աշխատակիցների վրա։ Ուստի իշխանությունը պարտավոր է ոչ միայն կտրուկ միջոցներ ձեռնարկել մանր ու միջին գործարարության շահերին դիպչող արդեն իսկ ծագած խնդիրները լուծելու, այլեւ մյուս ոլորտներում նմանատիպ զարգացումները կանխելու ուղղությամբ։ Այլապես, առայժմ տարերային այդ շարժումներն ինչ-որ պահի կարող են դուրս գալ վերահսկողությունից եւ վերածվել համընդհանուր սոցիալական ըմբոստության, ինչը հավասարապես վտանգավոր է թե՛ ժողովրդի, թե՛ իշխանության եւ թե՛ երկրի համար։

4. Վերը թվարկված գործոնների կարեւորությամբ հանդերձ, իշխանության վերջին շրջանում դրսեւորած զիջողական եւ որոշ առումով բանական պահվածքի գլխավոր պատճառն, այնուամենայնիվ, պետք է համարել երկրի անմխիթար սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ դրանից ելք չգտնելու գիտակցությունը։ Հավատացած եղեք, որ իշխանությունը մեզանից լավ գիտե այդ իրավիճակը եւ երկրի առջեւ կանգնած լրջագույն մարտահրավերներն ու խնդիրները, որովհետեւ դիրքի բերմամբ նրան վիճակված է ամեն օր բախվել դրանց ու տենդագին լուծումներ փնտրել, այսինքն՝ ապահովել բյուջեի մուտքերը, վճարել աշխատավարձերն ու թոշակները, փորձել զսպել դրամի արժեզրկումն ու մոլեգնող գնաճը, նոր վարկեր ձեռքբերել, օտարերկրյա ներդրումներ գրավել, հաղթահարել բնական աղետները, դիմագրավել արտաքին ճնշումները, խուսանավել Ղարաբաղյան կարգավորման խութերում եւ այլն։ Մեզանից լավ գիտե նաեւ, որ միջազգային տնտեսության արդի կոնյունկտուրայի պայմաններում այդ վիճակը բարելավելու որեւէ հնարավորություն չկա, այլ ընդհակառակը, դրությունն ավելի է ծանրանալու, այսինքն՝ դրամն անխուսափելիորեն արժեզրկվելու է, գները շարունակելու են անշեղորեն աճել, աշխատավարձերը սառեցված են մնալու, բնակչության իրական եկամուտները էապես նվազելու են, գործազրկությունն ահագնանալու է, նոր վարկեր չեն տրամադրվելու, ներդրումների քանակը պակասելու է, կապիտալի արտահոսքն արագանալու է, արտագաղթն ավելի է սաստկանալու եւ այլն։ Ես ամենեւին չեմ չափազանցում. վստահ եղեք, որ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը, անկեղծության պահին, կարող են իրավիճակի սրանից շատ ավելի սոսկալի պատկեր ներկայացնել, որովհետեւ նրանք են տիրապետում իրական թվերին ու վիճակագրությանը։ Չպետք է ուշադրություն դարձնել իրականության հետ կապ չունեցող նրանց հրապարակային հայտարարություններին, նկատի ունենալով, որ որքան ավելի լավատեսական ու վարդագույն, նրանք այնքան ավելի են մատնում այդ իրականության անմխիթարականությունը։ Մի՛ կասկածեք. եթե երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ավելի բարվոք լիներ կամ այն բարվոքելու թեկուզ չնչին հեռանկար նշմարվեր, իշխանությունը համառորեն կշարունակեր անտեսել թե՛ Կոնգրեսի, թե՛ հասարակության պահանջները եւ ոչ մի զիջում չէր կատարի։ Այնպես որ, բարի կամքի դրսեւորման կամ իշխանությունների կողմից լուրջ բարեփոխումների իրականացման մտադրությունների վերաբերյալ խոսակցությունները բոլորովին անտեղի են, եւ այդ առթիվ պատրանքներ չպետք է փայփայել։ Զիջումները կատարվել են բացառապես սառը հաշվարկի եւ երկրի սոցիալ-տնտեսական աղետալի վիճակի անելանելիության գիտակցության հիման վրա, ինչը քաղաքական տեսակետից թերեւս ավելի նշանակալի է, քան բարի կամքի դրսեւորումը, որովհետեւ ավելի օբյեկտիվ լինելով, ցույց է տալիս, որ իշխանությունը, վերջին երեք տարվա մեջ առաջին անգամ որոշակի իրատեսություն է ցուցաբերել։ Այս քայլը պետք է գնահատել ըստ արժանվույն եւ հուսալ, որ իրատեսությունն այսուհետեւ եւս իշխանությանը չի լքի, մանավանդ նրա եւ Հայ Ազգային Կոնգրեսի միջեւ առաջիկայում ակնկալվող դժվարին երկխոսության ընթացքում։


* * *


Վերոշարադրյալի լույսի ներքո այս տարվա գարունը պետք է համարել Հայաստանի հետընտրական շրջանի ներքաղաքական կյանքի ամենանշանակալից եւ արդյունավետ հանգրվանը։ Արդյունավետ՝ առաջին հերթին հասարակության գերակտիվության, իշխանության վարքագծի կտրուկ փոփոխության եւ Հայ Ազգային Կոնգրեսի առաջ քաշած երեք կարեւորագույն պահանջների կատարման առումով։ Ի դեպ, բոլորովին աննկատ, իշխանությունն ընդառաջ է գնացել մեր տասնհինգկետանոց հայտարարության եւս մի կարեւոր պահանջի. Ազգային Ժողովի կողմից օրերս ընդունված «ՀՀ Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված է ստեղծել «Էթիկայի պետական հանձնաժողով», որի հիմնական գործառույթներից մեկն է լինելու բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց մերձավոր ազգականների գույքի ու եկամուտների ռեեստրի վարումը եւ հայտարարագրերի վերլուծությունն ու հրապարակումը։ Այս ամենը տեղի է ունեցել բացառապես վերը քննարկված հինգ կարեւորագույն գործոնների՝ համաժողովրդական նպատակասլաց պայքարի, արաբական աշխարհի իրադարձությունների հետեւանքով միջազգային հանրության մտայնության փոփոխության, Ղարաբաղյան հակամարտության զարգացումների, սոցիալական բողոքի հաճախակիացած ցույցերի, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի ծանրության գիտակցության, ինչպես նաեւ բազմաթիվ այլ երկրորդական դրդապատճառների զուգակցման արդյունքում։ Ուստի մութ գործարքների, ներքին պայմանավորվածությունների եւ միջազգային դավադրությունների մասին քաղքենիական մակարդակի ասեկոսեները ոչ միայն միանգամայն անտեղի, այլեւ քաղաքականության մասին տարրական պատկերացում չունեցող անպարկեշտ մարդկանց մտավարժանք կամ ուրիշներին իրենց արշինով չափելու անօգուտ փորձ պետք է համարել։ Ժամանակն է մեկանգամընդմիշտ գիտակցել, որ քաղաքականության մեջ միագործոն երեւույթներ կամ մեկքայլանի լուծումներ գոյություն չունեն, եւ այդ առումով այն թերեւս մարդկային գործունեության ամենաբարդ ոլորտներից մեկն է։

Առարկայական եւ հիմնավոր ապացույցներ չգտնելով, գործարքի մասին ճամարտակողները փորձում են դրա տարրերը որոնել իշխանության եւ Հայ Ազգային Կոնգրեսի դարձվածաբանության-ֆրազեոլոգիայի փոփոխության մեջ՝ նշելով, որ վերջին շրջանում նրանք զբաղված են սրտաճմլիկ հաճոյախոսությունների փոխանակմամբ։ Չեմ կարող ուրանալ, որ դարձվածաբանության որոշ փոփոխություն իսկապես առկա է։ Եւ դա միանգամայն բնական է, քանի որ ցանկացած բանակցությունից կամ երկխոսությունից առաջ հակամարտող կողմերի հռետորաբանությունն անխուսափելիորեն մեղմանում է։ Դրանով հանդերձ, երկխոսությունն ամենեւին սիրաբանություն, գրկախառնություն կամ միմյանց մասին ունեցած կարծիքների վերանայում չի նշանակում։ Իշխող վարչախումբն, ինչպես մինչ այժմ համարել, այսուհետեւ եւս համարելու է, որ մենք իշխանության բռնի յուրացման փորձ կատարած, ապակառուցողական, հակազգային, անհանդուրժող, գաղափարազուրկ, օրինազանց ընդդիմություն ենք, որի նպատակը ոչ թե ժողովրդի ու պետության շահն է, այլ անթաքույց իշխանամոլությունը։ Նույնկերպ մենք մշտապես համարել եւ այսուհետեւ եւս համարելու ենք, որ Հայաստանի իշխանական բուրգը ոչ-լեգիտիմ, ավազակապետական, քրեաօլիգարխիկ, թաթար-մոնղոլական համակարգ է, որն անհրաժեշտ է հիմնովին կազմաքանդել եւ արտահերթ ընտրությունների միջոցով վերականգնել երկրի սահմանադրական կարգը։ Երկխոսությունը մեզ համար ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանության եւ ընդդիմության փոխըմբռնման ճանապարհով երկրի աղետալի վիճակից դուրս գալու լավագույն հնարավորություն. ուրիշ ոչինչ։ Մնացյալը սեւ կատու է, որը ոմանք զուր փնտրում են մութ սենյակում։

Բացի հռետորաբանության երանգավորման վրա ուշադրություն հրավիրելուց, գործարքաբաններից ոմանք փորձում են լուրջ ծրագրային փոփոխություններ հայտնաբերել նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի վարած քաղաքականության մեջ։ Նման պնդումներից մեկը, որը բխում է Հանրապետական կուսակցության շրջանակներից, վերաբերում է այն բանին, թե իբր երկխոսելու պատրաստակամության արտահայտմամբ Կոնգրեսը վերջերս հրաժարվել է կոշտ առճակատման իր նախկին վարքագծից եւ որոշել մտնել «քաղաքական դաշտ» («Ժամանակ». 14.05.2011)։ Սա բացարձակ սուտ է, քանի որ երկխոսության մասին մենք ոչ թե նոր ենք արտահայտվում, այլ այդ գաղափարն ընկած է հենց Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման մասին 2008թ. օգոստոսի 1-ին ընդունված հռչակագրի հիմքում։ Ավելին, երկխոսության գնալու պատրաստակամության մասին ես հստակորեն արտահայտվել եմ նույնիսկ դրանից առաջ, նույն թվականի մարտի 5-ին Սահմանադրական դատարանում արած իմ հայտարարության մեջ։ Ի դեպ, եթե մենք սկզբնապես, որպես երկխոսության նախապայման, առաջարկում էինք միայն մեկ պահանջ, այն է՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, ապա հետագայում դրանց ավելացրինք նաեւ երկուսը՝ մարտի 1-ի ոճրագործության բացահայտման վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը եւ Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը։ Իսկ թե ինչու, պատրաստակամ լինելով հանդերձ, Կոնգրեսը մինչ այժմ հրաժարվել է իշխանության հետ երկխոսությունից, այդ հարցին, մեր փոխարեն ու գրեթե մեր բառերով, իր վերոհիշյալ ելույթում պատասխանել է ոչ այլ ոք, քան Բարաք Օբաման. «Առաջ շարժվելու միակ ճանապարհը իշխանության եւ ընդդիմության երկխոսությունն է, բայց չի կարող լինել իրական երկխոսություն, երբ խաղաղ ընդդիմության մի մասը բանտերում է»։ Չէի ուզի հիշեցնել, թե ինչպես էին արեւմտյան դիվանագետները մինչեւ վերջերս մեզ կշտամբում այսպիսի փաստարկ առաջ քաշելու համար։ Դե թող հիմա Օբամային կշտամբեն։ Ինչեւիցէ, եթե խոսվում է կոշտ առճակատման քաղաքականությունից հրաժարվելու եւ քաղաքական դաշտ վերադառնալու մասին, ապա դա վերաբերում է ոչ թե Կոնգրեսին, այլ իշխանությանը։ Եթե վերջինս չհապաղեր եւ ժամանակին արձագանքեր երկխոսության մեր առաջարկին, ապա երկիրն այս անհուսալի վիճակին չէր մատնվի, Հայաստանն արտագաղթի պատճառով չէր դատարկվի, եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացն էլ կզարգանար բոլորովին այլ, շատ ավելի բարենպաստ հունով։

Իսկ դաշնակցության ներկայացուցիչների շուրթերից հնչած հաջորդ նմանատիպ պնդման համաձայն՝ Կոնգրեսն, իբր, ի տարբերություն իրենց կուսակցության, միայն վերջերս է ադրբեջանական վտանգի նկատառումով Հայաստանի ներքին կայունությունը պահպանելու մտահոգություն արտահայտել («Ժամանակ». 27.04.2011)։ Սա արդեն ոչ միայն նույնքան բացարձակ, այլ նաեւ կրկնակի սուտ է, քանի որ նախ՝ Դաշնակցությունը երբեք այդպիսի մտահոգություն չի ունեցել եւ, ընդհակառակը, Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ տարիներին գրեթե ամենօրյա հանրահավաքների միջոցով ամեն ինչ արել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու եւ բանակի ոգին կոտրելու համար, եւ երկրորդ՝ Կոնգրեսն իր ձեւավորման առաջին իսկ օրերից հստակորեն արտահայտել է այդ մտահոգությունը։ Դա հիմնավորելու համար ավելորդ չեմ համարում մեջբերել Համաժողովրդական շարժման 2008թ. մայիսի 2-ին կայացած համաժողովում ունեցած իմ ելույթի հետեւյալ հատվածը. «Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միեւնույն է՝ Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը։ Իսկ այդ դիմադրության առաջին շարքերում, վստահաբար, կհայտնվեն այսօր բանտերում գտնվող մեր ընկերները։ Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքս կոչով կդիմեմ Համաժողովրդական շարժման մասնակիցներին, խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց քաղաքական գործողությունները եւ լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին»։

Գործարքին վերաբերող խոսակցությունների վրա այսքան երկար կանգ առնելու պատճառով կարող է տպավորություն ստեղծվել, թե ես վախենում եմ այդ բառից։ Ամենեւին ոչ. ինձ համար տաբուներ չկան, եւ ես երբեք չեմ խուսափել որեւէ հարցի քննարկումից։ Վերջին հաշվով, ցանկացած բանակցություն կամ երկխոսություն գործարք է, որը բխում է կա՛մ երկու կողմերի մասնավոր, կա՛մ էլ հասարակությունների ու պետությունների ընդհանրական շահերից։ Եթե երկխոսությունն ընթանում է պաշտոնների ու պատգամավորական մանդատների բաժանման կամ այլ գծուծ շահագրգռությունների շուրջ, ապա դա ստոր, անպարկեշտ եւ ամոթալի գործարք է, որի ականատեսն ենք եղել բազմիցս։ (Ի դեպ, Հայաստանի իրականության մեջ վերջին 13 տարիների ընթացքում կայացած այս տիպի գործարքների մեխանիզմը հմտորեն բացահայտել է ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը. «ՀԺ». 14.05.2011)։ Իսկ եթե խոսքը վերաբերում է երկխոսության միջոցով ժողովրդի, երկրի ու պետության կենսական շահերից բխող լուծումների որոնմանը, ապա այդպիսի գործարքը միայն պետք է ողջունել։ Եւ պատահական չէ, որ Եւրոմիությունը, ս.թ. մայիսի 12-ին ընդունած իր հատուկ հայտարարությամբ, արդեն իսկ ողջունել է «վերջին շրջանում Հայաստանում ընթացող դրական քաղաքական զարգացումները»։ Նույնաբովանդակ հայտարարությամբ մայիսի 26-ին հանդես են եկել նաեւ Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ալեքս Ֆիշերը։

Ես այսքան հանգամանորեն չէի անդրադառնա առաջիկա երկխոսության շուրջ պտտվող չարամիտ ասեկոսեներին ու դատարկաբանություններին, եթե նրանք այդ հեռանկարային գործընթացը վիժեցնելու եւ երկրի վիճակն է՛լ ավելի ծանրացնելու վտանգ չպարունակեին։ Ակնհայտ է, որ որոշ ուժեր, տարբեր պատճառներով, խիստ անհանգստացած են նշված հեռանկարից, որը կարող է հիմնովին փոխել երկրի թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ քաղաքական, եւ թե՛ հասարակական իրավիճակը։ Առավել անհանգստացած է Հայաստանի «ամենանյարդացած» ու խուճապահար անձը, որը մեզանից լավ գիտե, թե ինչ հիմքեր ունի անհանգստանալու ու խուճապի մատնվելու համար։ Անշուշտ, անհանգստացած ու նույնիսկ ահաբեկված են իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնց այդ անձը, սեփական կաշին փրկելու համար, իր վերջին հարցազրույցով, ինչպես ասում են, «փուռը» տվեց, մինչ ժամանակին նրանց հրապարակավ խոստացել էր, որ ոչ մի ոստիկան մարտի 1-ին կատարած ոճրագործությունների համար չի դատվելու։ Անհանգստության նշաններ են նկատվում նաեւ որոշ արտաքին ուժերի մոտ, որոնց ամենեւին ձեռնտու չէ Հայաստանի ներքաղաքական մթնոլորտի առողջացումը, քանի որ դրանով նրանք կզրկվեն վերջինիս քաղաքական վարքագծի վրա ազդելու մինչ այժմ ունեցած լծակներից։ Չափից ավելի անհանգստացած է դաշնակցությունը, որը բացահայտորեն ու տենդագին կերպով լծված է երկխոսության վարկաբեկման եւ խափանման գործին։ Անհանգստացած են նաեւ արեւի տակ տեղ որոնող որոշ մանրմունր քաղաքական խմբավորումներ, որոնք որեւէ գործ անելու անընդունակ լինելով, բառիս բուն իմաստով, զբաղված են ուրիշների գործը պղծելով, կամ ժողովրդական լեզվով ասած, «մունդռելով»։ Ավելորդ եմ համարում խոսել իբրեւ-թե երկխոսության առիթով Կոնգրեսի ներսում ծագած հակասություններին վերաբերող էժանագին հորինվածքների մասին, որոնք իրական հիմք չունենալով, միտված են այդ կարեւոր գործընթացը վիժեցնելու միեւնույն նպատակին։


* * *


Իսկ այժմ մի քանի խոսք Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա անելիքների մասին, սակայն նախքան այդ հարկ համարելով, թռուցիկ կերպով անդրադառնալ նրա որդեգրելիք մարտավարության առնչությամբ հասարակական տրամադրություններում արտահայտվող որոշ տարօրինակ մտայնությունների եւ անկեղծ մտահոգությունների, որոնք բավականին տարածված են։ Ինչպես քիչ առաջ նշեցի, ինձ համար տաբուներ չկան, եւ ես չեմ պատրաստվում շրջանցել մեր գործունեությանը վերաբերող որեւէ գնահատական, որքան էլ այն հանիրավի ու տհաճ լինի։ Եւ այսպես.

1. Կան մարդիկ, ովքեր դատում են հետեւյալ կերպ. եթե մի քանի բազմահազարանոց հանրահավաքների ու ցույցերի արդյունքում իշխանությունն ստիպված եղավ գնալ նման շոշափելի զիջումների, ապա ի՞նչ կարիք կա նրա հետ երկխոսություն վարելու։ Ավելի ճիշտ չէ՞, անցնելով շուրջօրյա հանրահավաքների ու նստացույցերի, մեծացնել ճնշումը եւ միանգամից լուծել իշխանափոխության խնդիրը, քանի որ ուրիշ այսպիսի առիթ կարող է չլինել։ Սա վերը նշված մեկքայլանի լուծումների գոյությանը հավատացողների մտայնության տիպիկ դրսեւորում է, որը խոտելի է մի քանի առումներով։ Նրանում հաշվի առնված չէ իշխանափոխության համար պահանջվող բազմաթիվ այլ գործոնների առկայության անհրաժեշտությունը։ Նախ՝ մենք խաղամոլ չենք, հետեւաբար հակում չունենք կատարելու որեւէ քայլ, որի ելքն անհայտ է, եւ որի պարունակած վտանգները հաշվարկված չեն։ Այնուհետեւ՝ իշխանափոխության իրականացման համար անհրաժեշտ քաղաքական ու քաղաքացիական ակտիվությունը Հայաստանում դեռեւս բավարար լիցք չի պարունակում կամ համապատասխան կոնդիցիայի չի հասել։ Եւ վերջապես, նման գործելակերպն ի բնե հակասում է Հայ Ազգային Կոնգրեսի դավանանքին, որը կտրականապես մերժում է պայքարի հեղափոխական ճանապարհը։ Ես չեմ հասկանում՝ ուրիշից հեղափոխություն պահանջելս ո՞րն է։ Ավելի անհեթեթ (աբսուրդ) եւ ծիծաղելի բան դժվար է պատկերացնել։ Հեղափոխություն պահանջողն ինքը պիտի իրականացնի այդ հեղափոխությունը։ Այնինչ պահանջողները շատ են, բայց հեղափոխություն անող այդպես էլ չկա ու չկա, եւ չի էլ լինելու։

2. Հասարակական տրամադրություններում առկա է նաեւ հակառակ մտայնությունը՝ այն է, եթե իշխանությունը, Կոնգրեսի հետ ձեռք-ձեռքի տված, գնում է լուրջ բարեփոխումների եւ արդյունավետ քայլեր ձեռնարկում երկրի ներքաղաքական մթնոլորտի առողջացման, արդարության վերականգնման եւ ժողովրդի սոցիալական վիճակի թեթեւացման ուղղությամբ, ապա ի՞նչ հարկ կա արտահերթ ընտրություններ պահանջել, մանավանդ որ հերթական ընտրություններն այնքան հեռու չեն։ Պետք է նկատի ունենալ, սակայն, որ նշված պահանջը պայմանավորված է ոչ թե քաղաքական հավակնոտությամբ կամ պարզ քմահաճույքով, այլ երկու լրջագույն նկատառումով։ Դրանցից մեկը օրինականության եւ սկզբունքի խնդիր է, որի իմաստը կայանում է նրանում, որ կեղծված ընտրությունների հետեւանքով առաջացած քաղաքական ճգնաժամը պետք է հաղթահարվի բացառապես արտահերթ ընտրությունների անցկացմամբ, որպեսզի հետագայում այլեւս որեւէ մեկի մտքով չանցնի բռնազավթել իշխանությունը։ Իսկ մյուսը, որը թերեւս տվյալ պահին ավելի կարեւոր է, ժամանակի գործոնն է. մինչեւ հերթական ընտրությունները Հայաստան երկրից կարող է բան մնացած չլինել, այսինքն որքան ընտրություններն ուշանան, այնքան մեր կորուստները կշատանան։

3. Խոսակցությունների մակարդակով տարածված մի այլ դատողության համաձայն՝ վճռական գործողությունների չդիմելու պարագայում ժողովուրդը կարող է վհատվել, հուսալքվել ու երես թեքել Հայ Ազգային Կոնգրեսից։ Այսպիսի խոսակցություններ, որոնք մասամբ ծնվում են անկեղծ մտահոգությունից, իսկ հաճախ էլ դիտավորյալ տարածվում հենց ժողովրդին վհատեցնելու, հուսալքելու եւ Կոնգրեսի նկատմամբ անվստահություն սերմանելու նպատակով, վերջին երեք տարիների ընթացքում մենք շատ ենք լսել։ Բայց զարմանալիորեն, այդ խոսակցություններին զուգընթաց, մեր հանրահավաքները ոչ թե նվազել, այլ ավելի ու ավելի բազմամարդ են դարձել, ինչը նշանակում է, որ ժողովրդի մեծամասնությունը տուրք չի տվել դրանց։ Չափազանց թանկ գնահատելով ժողովրդի վստահության պարագան, հարկ եմ համարում դրա հետ մեկտեղ նշել, որ հուսալքում, վհատություն եւ նման այլ հասկացությունները քաղաքական կատեգորիա չեն։ Դրանք անցողիկ, ժամանակավոր տրամադրություններ են, որոնց գնահատման միակ չափանիշը կարող են լինել ոչ թե զանազան խոսակցությունները, այլ ճշգրիտ սոցիոլոգիական հարցումները, բայց այդպիսիք, դժբախտաբար, Հայաստանում գոյություն չունեն։ Զանգվածները կարող են ժամանակավորապես վհատվել, հուսալքվել կամ, ընդհակառակը, ոգեւորվել ու խանդավառվել, բայց պատասխանատու քաղաքական ուժի համար, ինչպիսին Հայ Ազգային Կոնգրեսն է, ամենեւին դա չէ կարեւորը։ Կարեւորը ճիշտ հաշվարկներ ու քայլեր կատարելն է, որոնք, եթե ոչ անմիջապես, ապա ի վերջո չեն կարող չընկալվել ու ըստ արժանվույն չգնահատվել հասարակության կողմից։ Կոնգրեսն իր գործունեության մեջ մշտապես ձգտել է առաջնորդվել այս սկզբունքով եւ այսուհետեւ եւս մտադիր չէ հրաժարվել դրանից։

4. Եւ վերջապես, Հայ Ազգային Կոնգրեսի ընտրած մարտավարության առթիվ արտահայտվող հաջորդ մտահոգությունն այն է, որ երկխոսությունը իշխանությանը հնարավորություն կտա բանակցությունները ձգձգելու միջոցով ժամանակ շահել ու գործը հասցնել հերթական ընտրությունների՝ հուսալով, որ այդ ընթացքում Կոնգրեսը կկորցնի իր ընտրազանգվածը կամ նրան հակակշռող մի այլ ընդդիմադիր ուժ կձեւավորվի։ Եթե այդպես դատողները կարծում են, թե մենք այնքան միամիտ ենք, որ չենք գիտակցում այդ վտանգը, նրանք սխալվում են։ Ավելին, մենք գիտակցում ենք նաեւ, որ իշխանությունը ոչ միայն կփորձի ձգձգել երկխոսությունը, այլեւ իրեն ուժեղ զգալու պարագայում կարող է ընդհանրապես դադարեցնել այն։ Բայց մի բան է ցանկությունը, մի այլ բան՝ դրա իրականացումը։ Երկխոսությունը, բարեբախտաբար, ոչ թե միակողմանի, այլ երկուստեք խաղ է, եւ այդ խաղում մենք էլ ունենք մեր քայլերը։ Նախ՝ իշխանությունն ուժեղանալու որեւէ ռեսուրս չունի, քանի որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակն, ինչպես նշեցինք, ոչ թե բարելավվելու, այլ վատթարանալու է։ Եւ երկրորդ՝ ձգձգման կամ սաբոտաժի միտում նկատելու դեպքում մենք նույնպես ցանկացած պահի կարող ենք դադարեցնել երկխոսությունը եւ կիրառել ժողովրդի համախմբման միջոցով իշխանության վրա ճնշում բանեցնելու փորձված եւ արդեն իսկ հաջողություններ արձանագրած մեթոդը։ Արտահերթ ընտրությունների անցկացմանը հասնելու եւ ընդհանրապես իշխանությանը կառուցողականություն պարտադրելու միակ գրավականը ժողովրդի մշտական ճնշումն է։ Երկխոսության ողջ ընթացքում իշխանությունն իր թիկունքում պետք է զգա վերջինիս շնչառությունը։ Իսկ ջրբաժանի տարբերակը միշտ կա ու կա։

Այսպիսով, նկատի ունենալով Հայ Ազգային Կոնգրեսի առաջ քաշած երեք պահանջների կատարման հանգամանքը, մենք արդեն պատրաստ ենք իշխանության հետ ֆորմալ, այսինքն պատվիրակությունների մակարդակով երկխոսության։ Առաջիկա օրերին մենք կորոշենք մեր պատվիրակության կազմը, որը բաղկացած կլինի 3–5 հոգուց, եւ իշխանությանը կներկայացնենք երկխոսության մեր օրակարգը։ Բնականաբար, նույնը պետք է անի նաեւ իշխանությունը՝ թե՛ պատվիրակություն կազմավորելու, թե՛ սեփական օրակարգը ներկայացնելու առումով։ Կոնգրեսի օրակարգը հայտնի է՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է հաշվի առնենք նաեւ իշխանության ներկայացրած օրակարգն ու հակաառաջարկները, այլապես կխախտվի կողմերի իրավահավասարությունը։ Ավելին, երկխոսության ընթացքում մենք չենք կարող անտեսել նաեւ ս.թ. մարտի 1-ի տասնհինգկետանոց մեր հայտարարության մնացյալ պահանջները, որոնք վերաբերում են սոցիալական ոլորտի, մանր ու միջին գործարարության, գյուղացիության, օրինականության, կոռուպցիայի խնդիրներին, եւ որոնք ընդհանրապես, երկխոսության ընթացքին զուգահեռ, այսուհետեւ պետք է գտնվեն մեր մշտական ուշադրության կենտրոնում։ Հիշեցնեմ, որ, ինչպես արդեն նշվեց Լեւոն Զուրաբյանի ելույթում, իշխանության հետ բանակցությունների առաջնահերթ հարցերից մեկը պետք է լինի նաեւ քաղբանտարկյալներ Մուրադ Բոջոլյանի եւ Սարգիս Հացպանյանի ազատ արձակման, իսկ վերջինիս պարագայում միաժամանակ Հայաստանում կացության կարգավիճակ կամ քաղաքացիություն շնորհելու պահանջը։

Եթե փորձելու լինենք մեկ նախադասությամբ ձեւակերպել Հայաստանում ընթացող ներկա քաղաքական զարգացումները, ապա ակնհայտ է, որ մեզ մոտ, ըստ էության, տեղի է ունենում նույնը, ինչ արաբական աշխարհում, այն է՝ համաժողովրդական ճնշման միջոցով արտահերթ ընտրությունների պարտադրում եւ իշխանության փոփոխություն։ Սակայն, ի տարբերություն արաբական երկրների, մենք ձգտում ենք դրան հասնել ոչ թե ահավոր ցնցումներից, տակնուվրայություններից ու արյունահեղությունից հետո, այլ խաղաղ, սահմանադրական ճանապարհով։ Ես վստահ եմ, որ եթե արաբական ժողովուրդներն էլ ունենային այդ այլընտրանքը, նրանք կնախընտրեին վարվել նույն կերպ։ Իսկ թե որքանով է երաշխավորված մեր ընտրած ճանապարհի հաջողությունը, դա արդեն կախված է ոչ այնքան Կոնգրեսի, որքան ողջ ժողովրդի միահամուռ ջանքերից եւ գործընթացը հասարակության մշտական վերահսկողության տակ պահելու կարողությունից։ Իշխանության անդրդվելիության պարագայում, մեր կամքից անկախ, բացառված չէ նաեւ արաբական տարբերակը, որովհետեւ հուսահատության եզրին հասցված ժողովուրդների վարքը միշտ չէ, որ ենթարկվում է բանականության թելադրանքին։ Հուսանք, իշխանությունը բավարար իմաստություն կունենա հասկանալու համար այս պարզ ճշմարտությունը։

Գործընթացը վերահսկելու մեխանիզմը, բնականաբար, մեր պարբերական հանրահավաքներն են լինելու, որոնք տեղի կունենան ըստ անհրաժեշտության՝ երկխոսության ընթացքին ձեզ տեղյակ պահելու համար, կամ էլ սոցիալ-տնտեսական իրավիճակի սրման եւ որեւէ այլ արտակարգ իրադարձության պարագայում։ Ինչ վերաբերում է հաջորդ հանրահավաքին, ապա այն նախատեսված է անցկացնել հունիս ամսին, իսկ ճշգրիտ օրվա մասին ձեզ կտեղեկացնենք լրացուցիչ։ Հայաստանում ստեղծված է նոր քաղաքական իրավիճակ, որը հնարավորություն է տալիս թեկուզ ամենասուր խնդիրները լուծել օրինական ճանապարհով։ Մենք պատեհություն ունենք աշխարհին ապացուցելու, որ հիրավի պետականության դարավոր ավանդույթներ ունեցող քաղաքակիրթ ժողովուրդ ենք։ Եւ ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ հասարակությունը իրավունք չունի կորցնելու այդ պատեհությունը։ Բարի երթ եւ մինչ նոր հանդիպում, որը, վստահաբար, շատ չի ուշանա, քանի որ իրադարձությունները զարգանում են սրընթաց կերպով։


31 Մայիս 2011